Ուրուագիծ դիմանկարի համար. Վասպուրականցի Ռոժե-Կարպիս Ջրբաշյանը
Այս բնորոշումով կարծես ամեն ինչ ասված է, և երբ այսօրվա հեռավորությունից հայացք ենք նետում նախասփյուռքյան իրականությանը՝ թեկուզև ուրվագծորեն, անկարող ենք անտես առնել նրանց, որոնց շնորհիվ գոյատևում է,- բառի ոչ ավանդական իմաստով,- այլ իրավ զարգացումներ ապահովող ու Հայաստան-հայրենիքին նեցուկ Սփյուռքն իբրև աշխարհատարած հայության վերահստատ ինքնության վկայություն: Հատկապես հայտարարված այս հիրավի Հայրենական պատերազմի օրերին: Եւ ինչ ոգևորությամբ, ուժերի աններելի չափով օգտավետ պետք է լինեին նրանցից շատերը, որոնք տասնամյակներ շարունակ նպաստել են ամենատարբեր ոլորտներում Հայաստանի հզորացմանը: Նրանցից՝ ազգային բարերար, Հայաստանում և Սփյուռքում լիարյուն մտավորական գործչի համբավ վայելած Ռոժե-Կարպիս Ջրբաշյանը, որը Փարիզում մահկանացուն կնքեց 94 տարեկան հասակում:
2019թ. հուլիսյան այդ օրը երբ լսեցի նրա մահվան լուրը, չէի կարող չվերապրել բացառիկ և վերապրելի այն օրերը, երբ հանդիպում էինք և մշտաբար մեր զրույցներում թիրախավորում Վան-Վասպորականի անցյալը և հատկապես հերոսամարտը, որին մասնակցել էր իր հայրը: Առաջին իսկ հանդիպման ժամանակ, երբ ես հպարտորեն և որոշ ինքնագոհությամբ ասացի մայրական կողմից վանեցական ծագմանս մասին, ինձ ընդհատեց. «Այսուհետ ասա վասպուրականցի, որն ավելի է պատշաճում մեր ծագմանը»: Մանավանդ խանդավառվեց, երբ իմացավ, որ մեծ մորս մայրը արևմտահայ բանաստեղծ, պատմաբան, գրականագետ, թարգմանիչ Ուսուցչապետ Եղիազար Մուրատյանի քույրն է՝ Սկյուտարի ճեմարանում Պետրոս Դուրյանի հայերենի և ֆրանսերենի ուսուցիչը: Մի պահ ինձ ընդհատելով ասաց. «Արևմտահայերենի նկատմամբ ունեցած պաշտամունքդ արդեն ինձ պարզ է. դու քո ծագմանը հավատարիմ ես: Հիշու՞մ ես, երբ ծանոթացանք՝ արևմտահայերեն էիր խոսում՝ բավականին վարժ: Սկզբում զարմացա, հետո Արփիկն ասաց, որ 90-ական թվականներին «Յառաջ»ում Իրազեկ ստորագրող հոդվածագիրն ես»:
Մինչ այդ Կարպիս Ջրբաշյանի մասին լսել էի, տեղյակ էի նրա գործունեությունից: Փարիզի «Յառաջ» թերթի հրապարակումները երբեք որևէ մեկի մոտ չէին կարող այն տպավորությունը ստեղծել, որ հրապարակագիրը եվրոպական և ասիական երկրներում հայտնի ու հաջողակ գործարար է, բայց իրեն համեստորեն վաճառական էր համարում և բնավ մտքով իսկ չէր անցնում հիշել իր բարերարությունների մասին: Եւ չեմ կարծում, որ որևէ մեկը ունակ լինի հիշելու, ինչպես մտերիմ բարեկամուհին՝ Արփիկ Միսաքյանն էր ասում. «Ռոժեն բնավ պետք չունի հիշեցումներու, թե ու՞ր, ե՞րբ, ու՞մ, ի՞նչ նվիրած է, չի հանդուրժեր»: Այնուամենայնիվ, որոշ հպանցիկ տեղեկություններ. Կարպիս Ջրբաշյանը 70-ական թվականներին Մատենադարանին նվիրել է յոթ չափազանց թանկարժեք ձեռագրեր, նաև ձեռագրերի պատառիկներ: Փարիզի Շարանտոն արվարձանի զբոսայգիներից մեկում՝ ի հիշատակ Մեծ եղեռնի զոհերի /1996թ./ վեր խոյացող խաչքարի և Ս.Էջմիածնի Մայր տաճարի զանգակների նվիրատուն է, խորհրդանշական այս նվիրատվությունը գրեթե Հայոց հազարամյա հողից աղոթքի ղողանջներ է ուղղում առ Աստված:
Կարպիս Ջրբաշյանը նվիրյալ բարեկամներից էր Հայ առաքելական եկեղեցու և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության: Այսպիսով չի սահմանափակվում նրա հանրային ազգաշահ գործունեության շրջանակները: Հայկական Բարեգործության Ընդհանուր միության /ՀԲՄԸ/ շրջանակներում տարիներ անընդմեջ նպաստել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ընդլայնմանը, իսկ Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի ատենապետությունը ամենևին պատահաբար չի վստահվել նրան: Այդ տարիներին եկեղեցի-ազգ հասկացությունը հայապահպանության խնդիրներից ամենաառաջնայինն էր, և առնչվում էր հայության կյանքի ամենատարբեր ոլորտներին. վարժարանների կառուցում /Արֆորվիլի Սուրբ Մեսրոպ վարժարան, 1975, գրահրատարակչական գործի հովանավորություն /իր համերկրացի Լեռ Կամսարի ժողովածուների հրատարակում/, հայ եկեղեցու բարենորոգում և հանրահռչակում /Փարիզի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու պատերի որմնաքանդակներ՝ Ս.Մաշտոց, Ավարայր, Մեծ եղեռն պատկերող/:
Այս հիշյալ բարեգործություններից զատ ապրում, ոգեշնչվում էր Վան-Վասպուրականով. նրա շուրթերին կարծես թրթռում էին Վանա հորովելներն ու խաղիկները, հայացքում Վանա ծովի ծփանքն ու ալեբախությունն էր; Երևանյան մեր հանդիպումներց մեկի ժամանակ անկախ ինձնից, գուցե ներքին ուժի դրդումով ասացի. «Երկրի կանանչ խոտեր կկոխկրտվին»: Վանա խաղիկներից այս տողը նրան տխրեցրեց, թե՞ սթափցրեց, մի պահ, միայն մի պահ: Լուռ էր, փորձեց ինչ որ բան ասել, երևի ուզում էր շարունակեի, ես անմիջապես ասացի. «Պարոն Ջրբաշյան, Ձեր «Ավետաբեր հայրենիք» գիրքը /Նաիրի մատենաշարով, 1965/ Անդրանիկ Ծառուկյանի հորդորո՞վ համաձայնեցիք հրատարակել»: Հարցս կարծես անտեղի էր. տեղյակ էի, չէր սիրում, նույնիսկ չէր հանդուրժում խոսել-լսել իր հոդվածների մասին: Միայն մեկ բառ արտաբերեց. «Անդրանիկը… »: Պարզորոշ էր եղբայրական սերը, որ ուներ Ծառուկյանի նկատմամբ: Ավելի ոգևորվեց, երբ ասացի, որ տարիներ առաջ /2000/ Բեյրութում հանդիպել եմ տիկին Սոնա Խըտշյան-Ծառուկյանին և ինձ գրողի արխիվից որոշ նյութեր է հանձնել, որտեղ նաև իր նամակները կան, որոնք պետք է հրատարակեմ Ստեփան Սրապյանին նվիրված հատորում: Հանկարծ մի պահ վերհուշների մեջ շուրթերի կիսաբաց շարժումով շշնջաց. «Ստեփանը… իր նվիրատվությունն է Մայր Աթոռի վեհարանի մարմարները. 1972 թվականին մահացավ, այսօրվա պես կհիշեմ»: Տարիներ անց՝ 2009թ. հրատարակեցի իտալահայ մեծանուն բարերար, ազգային երախտավոր Ստեփան Սրապյանի «Սիրելիդ իմ հայ» ժողովածուն իտալուհի կնոջ՝ Ջինա Սրապյանի մեկենասությամբ: Մեկ օրինակ դստեր՝ Անուշի միջոցով ուղարկեցի իրեն և այդ օրվանից ժամանակ առ ժամանակ հաղորդակցվում էինք հեռախոսով: Երբեմն, երբ վատառողջ էր լինում, կամ բացակայում էր Փարիզից, տիկին Ջրբաշյանն էր պատասխանում: Իսկ երբ իր հետ էի խոսում, առաջին հարցս էր. «Վստահ եմ, առողջ եք, երանի մի օր Կարպիս Ջրբաշյանի հոդվածները տպագրվեն»: Հետո կես կատակ-կես լուրջ ասում էի. «Ավետաբեր հայրենիքը» Ձեր զորակցությունը ունի, այս անգամ արդեն Ձեր գրի ոգու միջոցով»: Պատասխանում էր դույզն ինչ դժկամորեն. «Շատ-շատ են, ո՞վ պիտի ի մի բերի»: Իմ հարցումը ամենևին պատահական չէր. ափսոսանք կար իմ խոսքում, եթե որևէ մեկը ծանոթ լինի Կարպիս Ջրբաշյան-«վաճառականի» գործունեությանը՝ կզարմանա, կհիանա նրա հոդվածներում բարձրացրած խնդրահարույց հարցերից, հայերեն /արևմտահայերեն/ լեզվամտածողությունը այլ բան չեն հուշում, քան որ հեղինակը ուրույն ոճ ու հարցադրումների աշխարհ ունեցող հրապարակագիր է, և այս ամենը հեղինակվել են ազգային-հանրային կյանքի հոգսառատ պայմաններում՝ նվիրաբեր սիրով:
«Անհանգիստ մտքի տեր, զարմանալի մարդ մըն էր Կարպիս, կապրեր հայության անցյալով, ներկայով, ապագայով՝ նույն ատեն: Իր միտքը իրմե առաջ կքալեր, մեծ հոգվո տեր անձ մըն էր, կհիշեմ, կհուզվիմ»: Ֆրանսահայ գրող Մովսես Պճաքչյանի այս գրառումը՝ ի պատասխան իմ հարցումի, սովորական մի օր, նա Ջրբաշյանին ճանաչել է դեռևս 60-ական թվականներից:
Այս ամենով հանդերձ, Կարպիս Ջրբաշյանի թողած լուսավոր հետագիծը պետք է սերտելի դաս լինի նրանց համար, ովքեր ապրում են Երկիր-դրախտավայրի հիշողությամբ և գիտակցում համայն հայության միակամության մերօրյա հրամայականը: Եւ այն, ինչ ամփոփված է այս եզակի մտավորական գործչի հրապարակագրական ժառանգության մեջ, վստահ ենք, որ ամբողջությամբ կհրատարակվի իբրև երախտիքի տուրք արժանավոր հայորդու բեղմնավոր գործուներության:
Արթուր Անդրանիկեան
- Hits: 3027