Ուրուագիծ դիմանկարի համար. ԺԻՐԱՅՐ-ՎԱՀԷ ՄԱԼՃԵԱՆ
Մասնագիտությամբ ներքին հիվանդությունների մասնագետ բժիշկ էր Ժիրայր-Վահե Մալճյանը՝ լիբանանահայ բժշկության միության գործադիր վարչության նվիրյալ անդամներից․ 70-ական թվականներին Երևանի բժշկական ինստիտուտում կրթություն ստացած, հետագայում իր մասնագիտությունը կատարելագործած Բեյրութում, բայց հոգևին գրող էր իրականությունը հայի զգայնություններով մտապատկերող և տեղազննող․․․ Հիմա ի ցավ սրտի հետադարձ հայացքով եմ մտաբերում մեր առաջին և վերջին հանդիպումը՝ Բեյրութում, 2016թ․, երբ լսեցի քովիդի զոհ դարձած բարեկամիս մասին՝ միանգամից հիշեցի Ղուկաս Ավետարանիչի խոսքերը, որ հաճախ եմ տարբեր առիթներով վերհիշում ու նույնիսկ ինքնակրկնության պահեր ապրելով բարձրաձայնում․ «Բժիշկ բժշկեայ զանձն քո․․․»։ Բայց իմաստուն Ավետարանիչը այլ իմաստով էր իմաստախոսել, իմաստաբարբառել, ես՝ Ժիրայր-Վահեի պարագային այլ իմաստով եմ «մտահոգվում»։ Նա բժիշկ լինելով չկարողացավ ինքնապաշտպանվել այս չարաղետ-դարաղետ մոլեգնող չարիքից․․․ Քանզի սփսփալից էր ինձ պատճառած իրապես բարեկամիս կորուստը, որ տակավին անելիքներ ուներ, որոնց մի մասին ես տեղյակ էի։
Մեր հանդիպման ժամանակ ես նրան հորդորում էի շարունակել 2016թ․ իր «Անդրդուելին» վէպը, որի խմբագրի ու առաջաբանի հեղինակի պատիվն ունեի՝ լուսահոգի գրականագետ, մատենագետ Ժիրայր Դանիէլեանի խորհուրդով․ ինքն էր Ժիրայր-Վահեին առաջարկել, որ գրքի խմբագրումը ինձ վստահի։ Վեպ, որը արևելահայ և սփյուռքյան իրականության մեջ եզակի էր, հույժ զանազանելի վիպական միջավայրով, կերպարների ինքնեղությամբ ու նաև զարմանալի գրական ուրույն վարպետությամբ, մանավանդ որ գրված էր բժշկի կողմից «առաջին» քայլեր բնավ չհիշեցնող գեղարվեստական ոճը և ոգին որոշադրող «հորինվածքներով»։
Նախ, որպես բժիշկ Ժիրայր-Վահե Մալճյանը իր անձնուրացությունը դրսևորել է․ «Լիբանանյան պատերազմի թէժ օրերուն միշտ պատնէշին վրայ էր՝ խնամելով ու դարմանելով վիրաւորներն ու աղէտեալները․․․ յետագային աշխատեցաւ հայ մամուլին ու գրական հանդեսներուն, յատկապէս «Ազդակ» գրական, ապա «Կամար» պարբերաթերթերուն, նկարագրեց Սփիւռքին մէջ գոյատևելու արիւնալից գողգոթան՝ հպարտ հայու յորդ զեղումներով»։
Անկարող եմ չմեջբերել «Անդրդուելին» վեպի «Երբ մարդը սիրոյ խորհուրդին մէջ է» իմ առաջաբանից այս հատվածը՝ պատկերացում տալու համար վեպի գեղարվեստական արժեքի ու մանավանդ վեպում շոշափվող խնդրահարույց իրողությունների այն լայն ու խորհրդածությունների մղող շրջանակների մասին, որոնց հետևողականորեն տեղազննել է գրողը՝ հախուռն փորձառություն ձեռք բերելով զարմանալիորեն կարճ «միջոցի մը մէջ»․ «Տարբեր անձնաւորութիւններէ ստացած տպաւորութեանց ազդեցութեամբ վէպի հերոսը՝ Յովսէփը առաւել սթափ կ՛արժեւորէ ինքզինքը՝ իր գիտցածէ տարբեր իրականութեան մը մէջ, յատկապէս միջանձնային-միջավայրային բարքերու նկատմամբ անդրդուելիութիւն կը ցուցաբերէ․․․ Ժիրայր-Վահէ Մալճեան գրած է վէպ մը խանդաղատալից բնականութեամբ։ Անիկա սոսկական կարծիք-համոզում մը չէ բնաւ, այլ ճշմարտորոշ վկայութիւնը սոյն վէպի խմբագրին։ Եւ ճիշդ այս պահուն ինծի կը թուի, որ վէպին կառոյցը շարունակելիութիւն կը ենթադրէ։ Ժիրայր-Վահէ Մալճեան վստահ ենք խորհած է այս մասին։
«Խորհած է», բայց, ավաղ, անկատար է մնացել իր մտադրությունը՝ զուտ և միայն երկրորդ հատորը հրատարակելու իմաստով․․․ Չնայած ստույգ տվյալներով գրողը ընդառաջել է․․․ իմ հորդորին և գրել,- գուցեև անավարտ է թողել,- բայց վերստին ի ցավ սիրտ, «կը խոստովանիմ», որ տեղյակ լինելով վեպում արծարծված այն ժամանակվա խորհրդային կարգերում տիրող բարքերին, որոնք խորապես ազդել էին սփյուռքահայ ուսանողի հոգեաշխարհի վրա, նույնիսկ որոշապես խեղաթյուրել, բայց, այնուամենայնիվ ինձ հետաքրքրողը վիպային գործողությունների հետագա ծավալումներն են արդեն բոլորովին այլ սփյուռքյան իրականության մեջ․ Ի՞նչ հանգամանքներում էր իր գրողական կենսադիրքորոշումը «ծավալել» հետագա էջերում, եթե «օր մը օրանց» հրատարակվի վեպի երկրորդ հատորը, ապա ես այն կհամարեմ հարգանքի տուրք մի մարդու հիշատակին, ով ապրեց իր երիտասարդական և հետագա տարիները հայության ապագայի նկատմամբ խանդավառ հավատքով և մեզ փոխանցեց այս ինքնատիպ, ինքնապատում վեպը՝ անդրդվելիորեն, քանզի որքան շիտակ մարդ էր Ժիրայր-Վահե Մալճյանը, նույնքան սրտալից մտավորական գրող էր, որին ես բարեբախտություն եմ ունեցել ճանաչելու։
Արթուր Անդրանիկյան
- Hits: 4220