Սարգիս Քէհեաեան. Պարտագիտական բարոյագիտություն

Սարգիս Քէհեաեան

Գերմանաբնակ  բժիշկ, մշակութաբան Սարգիս Քէհեաեան /ծնվել է Հալեպում/ ուսանել է փիլիսոփայություն և աստվածաբանություն Գերմանիայի Բերգիյան համալսարանում։ 90-ական թվականներին Երևանի Մ․Հերացու անվան բժշկական համալսարանում, ինչպես նաև Երևանի Պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետներում  հանդես է եկել դասախոսություններով։

Ստորև ներկայացնում ենք հատվածներ Ս․ Քէհեաեանի «Բարոյագիտություն, փիլիսոփայական ակնարկ» ստվարածավալ հատորից։

Պարտագիտական բարոյագիտություն

Ի՞նչ է՝ պարտագիտական բարոյագիտությունը։

Պարտագիտականի բառակազմությունը ծագում է հայերեն պարտք եզրից, որոնցից պարտավորություն և պարտագիտություն /դիոնտոլոգիա/ բառակազմությունները որպես հասկացություններ ներկայացված են 9-րդ մասի մեջ։

Պարտավորությունը մարդկանց վրա տարածված բարոյական ներքին այն պահանջն է, որը հանդես է գալիս նաև անհատի որպես սկզբունք, այս իսկ պատճառով պարտագիտական –բարոյագիտական տեսությունը կոչվում է նաև սկզբունքային բարոյագիտություն։

Արևմտյան փիլիսոփայության մեջ բարոյագիտական այս տեսության գլխավոր դեմքը գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտն է, որը իր պարտագիտական բարոյագիտությունը համարում է նաև ձևական բարոյագիտություն։ Կանտի բարոյական սկզբունքը ձևական բնույթ ունի, որովհետև որոշակի կացության չի վերաբերում, այլ անկախ է որևէ կացությունից և զանազան հանգամանքներից, այն միշտ գործում է և միշտ ուժի մեջ է։

Կանտը բարոյագիտական իր տեսությունը հիմնում է անպայմանական հրամայականի վրա, հետևյալ բանաձևով․

«Վառվիր միայն այնպիսի անձնական կանոնով /մաքսիմ/, որով միաժամանակ կարողանաս ցանկանալ, որ այն ընդհանուր օրենքի ուժ ստանա»։

Այլ խոսքով, մարդու պարտավորությունը ներկայանում է գործնական բացարձակ հրամայականով, առանց որևէ նախապայմանի կամ բացառության։ Օրինակ, եթե ճշմարիտ խոսքը, որ ինձ համար անձնական  կանոն է և պետք է ընդհանուր բաոյական օրենքի ուժ ստանա, ուրեմն ըստ Կանտի, որևէ ստախոսություն՝ առանց բացառության պետք է համարվի արգելված։

Կանտի բարոյագիտությունը հիմնովին պարտագիտական է, այսինքն՝ ոչ թե մարդու հակումները, կարիքները, մղումները, զգացումներն ու հետաքրքրությունները պետք է որոշեն նրա  վարմունքն ու վարվելակերպը, այլ միմիայն  իր ներքին պարտավորությունը։ Կանտի համար ցանկացած վարմունքի պարտավորություն որքան էլ նշանակալից լինի, այնքան ավելի բարոյական կլինի։ Օրինակ՝ ըստ Կանտի, բարեգործությունը, որ ընկերության մեջ ցանկալի ու գնահատելի արարք է համարվում, բարոյապես ավելի արժեքավոր կլինի այն ժամանակ, երբ ենթական  միայն ներքին պարտավորությամբ առաջնորդվի՝ առանց որևէ հակումի կամ մեծամտության։

Կանտի բարոյական սկզբունքի նախապայմանը ենթակայի ինքնավարությունն ու գերիշխաությունն է՝ հիմնված նրա /ենթակայի/ կամքի ազատության  վրա։ Միայն ազատ ու բարի կամքի պատճառով է, որ իրագործվում է բարի վարմունքն ու բարի վարվելակերպը։ Այլ իմաստով՝ ազատ ու բարի կամքը գործում է ըստ բանական ներքին օրենքի կամ ինքնօրինությամբ և ոչ թե արտաքին օրենքով կամ այլօրինությամբ ։

Կարելի է հետևյալ երկու շոշափելի օրինակներով բացատրել պարտագիտական կամ սկզբունքային բարոյագիտությունը․

Ա․ Օրինակ՝ սպանությունը

Համաձայն պարտագիտական այս տեսության, ընդհանրապես սպանությունը արգելված է՝ նկատի ունենալով հիմնական բարոյական-պարտագիտական սկզբունքը։ Օրինակ, նույնսիկ բռնակալի սպանությունն է դատապարտելի և արգելված․․․ Որքան էլ որ այդ նպատակը ու հետևանքը բարի են, և մի ողջ ժողովուրդ կարող է ազատվել բռնակալի հետագա զանազան ճնշումներից։

Բ․ օրինակ՝ ստախոսությունը

Եթե անհատը ստի և ոճրագործին չհայտնի նրա «զոհի» թաքստոցը․ այստեղ, անհատի ստախոսության շարժառիթը թեև թվում է բարի է և չարությունից չի բխում, այլ նպատակ ունի մի անմեղ անձի կյանքը մահից փրկել, այսուհանդերձ ստախոսությունը ինքնին անբարոյական արարք է՝ պարտագիտական բարոյագիտության համար խիստ դատապարտելի ու արգելված։

Ուրեմն, պարտագիտական բարոյագիտության ոլորտում, վերոհիշյալ սպանությունն ու ստախոսությունը անբարոյական վարմունքներ կամ վարվելակերպեր են՝ առանց բացառության խիստ դատապարտելի և արգելված։

Որպես եզրակացություն, պարտագիտական բարոյագիտությունը կարելի է բնորոշել հետևյալ երեք պատճառաբանություններով․

1․ Պարտագիտական բարոյագիտության նպատակը բարոյագիտական ճշմարիտ ուղղության հետևելն է։

2․ Բարոյական բարին կախյալ է բարոյական ճշմարիտ սկզբունքից։

3․ Բարոյական ճշմարիտ սկզբունքը բոլորովին անկախ է նրա հետևանքներից։

Վերոհիշյալ երեք պատճառաբանությունների /հաստատումների/ մեջ ակներև է, որ պարտագիտական բարոյագիտությունը ինքնին հետևում է ճշմարիտ այնպիսի ուղղու, որը կախյալ է ինքնին ճշմարիտ ու բարի սկզբունքից․ այսինքն՝ վերոհիշյալ ա և բ օրինակների սպանությունն ու ստախոսությունը ինքնին ճշմարիտ, ինչպես նաև լավ ու բարի սկզբունքներ չլինելով, ընդհակառակն՝ դատապարտելի ու արգելված լինելով չի կարելի հետևել նրանց․․․ առանց որևէ բացառության, մանավանդ երբեք նկատի չառնելով նմանօրինակ վարվելակերպից առաջացած հետևանքը կամ հետևանքները։

Կանտի բարոյագիտության անպայմանական հրամայականը մանրամասնելուց առաջ, անհրաժեշտ է պարզաբանել նրա հետ անմիջական առնչություն ունեցող մի քանի հիմնական հասկացություններ, ինչպես բարի կամքը և ոսկյա կանոնը :

Արևմտահայերենից արևելահայերենի վերածեց Արթուր Անդրանիկեանը

  • Hits: 11542

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: