Ուրվագիծ դիմանկարի համար Ահարոն Տատուրյան (1886-1965)

Ինձի համար գրականություն ըսված

պատուհասը կամ անեծքը վերջ գտավ

այլևս։ Եւ հավիտենապես․․․ ես իմ լումաս

ձգեցի հայ գրականության հիվանդանոցի

պնակին մեջ․․․ Կարգը ուրիշներուն է հիմա։

Ա․Տատուրյան, 1956

Գրողական ինքնաարտահայտ այն տարածքը, որ Ահարոն Տատուրյանի մտածումի և փորձառության արգասիքն է, սփյուռքյան /և ընդհանրապես հայ/ բանաստեղծության ընդհանրապատկերում էապեսորեն է ինքնեղ-տարորոշելի։ Լինելով մեհենական շարժման ակունքներում և տարեկից, դավանակից Դանիել Վարուժանին և այլոց, Ահարոնը հայտնվեց այն ճամփաբաժանին, որ հայ գրականության պատմության մեջ պետք է կոչվեր արևմտահայ-սփյուռքյան։ Եւ սա կարևորելի հանգամանք է հատկապես իր պարագային։ Նրա հրատարակած բանաստեղծությունների մի շարք ժողովածուներ՝ «մագաղաթներ» /1937, «Պոհեմականք», 1938, «Սոսյաց անտառ» /1948/, «Երկներ երկիր» /1957/ և այլ ժողովածուներ հրատարակվել են սփյուռքյան շրջանում․ հարաբերական անջրպետով երկփեղկվել էր մարդու, բանաստեղծի ճակատագիրը։ Սփյուռքյան բանաստեղծի՝ ոչ արևմտահայ, նրա սկզբնամուտքը շարունակելիորեն էր նշանակալի մնացած ողջ կյանքում։

Սփյուռքի խորհուրդը Ահարոնի համար օտարության տարածումներով չէր խնդրահարույց․ ապրե՞լ, չընդվզելով ինքնության կորուստ ապրողների միալար հանգերգի ներքո։ Օտարությամբ պատսպարվելը գուցեև բարեպատեհ փորձություն էր, որ սփյուռքյան իրականությունը խորատեսորեն  զգացող-վերապրողին անցյալ կորուսյալ երկրի հիշողությամբ էր «խոցում», նաև սրտապնդում, արթնորեն զինում սիրո անկրկնելիությունն ապավինողին։

Երկիրն ոտքերուս խուլ նվագարան,

Ես հին թափառիկ մարդն եմ սիրահար։

Չնայած կրկնակ շեշտադրությամբ է երկրի պատկերը ուրվագծվում․ ներկա և բացակա երկրի իմաստավորումներով․ ներկա՝ քանի որ հիշողությամբ է տրոփում «արցունքը խաչի վրա», բացակա՝ քանի որ այն, ինչ գտանելի չէ, փնտրելի հարատևորեն կյանքի իրական հավերժընթաց թևաբախումներով․

Կյանքն աչքեդ փախչող բոց մ՛էր անընդհատ։

Ահարոնի բանաստեղծությունը հայերեն լեզվով երբևէ ստեղծված ամենաանձնավորված բանաստեղծությունն է․ առկա երկփեղկվածությունը, երբևեռայնությունը՝ արևմտահայ-սփյուռքյան զուգաէության պարագային նախորոշված-ընդգծված է առ իրականություն ու մարդկային հոգին ունեցած հավատի շրջապտույտում իբրև նվազագույն ըղձանք հնչում է․

Մերկ ենք, մերկ ենք, շուրջառդ առ, Տեր, ձորձ տուր մեզ․․․

Սակայն ինքնասփոփ և հույժ ընտել վիճակի արթած թմրության միատարտամ ընթացքը արգելակվում է իրականության ճիչից․ անհրժեշտորեն սթափվելու պահ՝ գերիրապաշտ շեշտադիր մտազուգորդումներով։  Ահարոնի ստեղծագործությանը ընդհանրապես բնորոշ գերիրապաշտական /սյուրռեալիզմ/ արտահայտումները ինքնանպատակ չեն, այլ ոճային, բանաստեղծության կառուցիկության, բովանդակային, հոգեբանական նաև տրամաբանական դադարի և շարունակումի խնդիրներով են պայմանավոր։

Ահարոնի խոսքը թափանցում է, երբ սահմանազատ է միտքը՝ միշտ անդին, մինչ «բանաստեղծը կաստվածանա» կամ մինչ Աստված լինելը։ Քանի դեռ «ննջող քերթող հոգին» չի ապրել գիտակցումն ի գին ․․․ գիտակցման, որ «լույսն եղավ մայր զուգավորմամբ Բանին»։ Եւ կյանքի ոչ դյուրին ընթացքը, ոչ «ջուրին նինջը դյուրաթեք», ոչ հարակա քաոսը, որ տեսիլքի պես են երևացել և հետընթաց թեքվել դեպի կրկնակյանք, կամ կյանքի մեծ, խորտակելի կրկնում։ Ի մա՝ կյանքին ի տես ինչ երգեցիկ են զրնգում կշռաթասերի մեջ նետվող երեսուն արծաթները, և ինչ հեռատարած են այն ձեռքերը, որոնք  առաջին են տեսնում ընթացքը մտքի, գինու և մեղքի հոսումի ընդմեջ․

Նախ տեսավ իր սեփական ձևն իմաստուն,

Գիծ ու հիմն էր աշխարհանիստ կառուցման,

Զգաց ինքզինք ճարտարապետն աննման,

Որուն աչքին մեջ կյանքն արկած մ՛է փըթթուն։

«Երևակայությունը նրա առաջ ծնկածալ  սկզբնապես էր մեր կանխատեսման տեսողունակությունը սահմանափակված մեր իմացությամբ․․․ /Պոլ Վալերի/։ Այս տողերը կարծես թե վերաբերում են Ահարոնի գրողական անձնավորումին, գուցե անանձնավորումին՝ իրականաշունչ մտածումներով ապրած և շնչառու պատկերներով մեր միտքը ոգեղինացնող բանաստեղծին, որի ստեղծագործությանը ի ցավ սրտի գրեթե անծանոթ են Հայաստան և ի Սփյուռս։ Նա գուցե բանաստեղծողի այն հազվագյուտ տեսակն է ճակատագրակիրը, որ ոգեկոչում էր՝ «Խավարին դեմ ձեռքն արծաթ թաս ծարավի»։

Արթուր Անդրանիկեան

  • Hits: 16013

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: