ԺԱԿ ՍԱՅԼԱԲԱԼԵԱՆ. Առաջին սէր (հատուած)
ԺԱԿ ՍԱՅԼԱԲԱԼԵԱՆ (Փայլակ, 1880-1915)
Ժակ Սայլաբալեան /Փայլակ/ ստեղծագործությունը գրեթե անծանոթ է ընթերցողներին՝ Հայաստան և ի Սփյուռս։ Գրողի ազգային, հանրային գործչի գործունեությունը ժամանակին մեծ արձագանք է ստացել»։ Եղել է երեսփոխան՝ ծննդավայրից /Կոնիա/։ Իր ծավալած ազգօգուտ գործունեությունը նրան օժտել է իբրև գրողի հոգեբանական կենսադիրքորոշման ձևավորմանը։ Այնուամենայնիվ,Ժակ Սայլաբալեանը արևմտահայ գրականության մեջ ունի իր ուրույն ներդրումը, իր «Առաջին սէրը» վեպը արգասիք է գրողական դիտողունակ հայացքի, մանավանդ այնպիսի՝ մինչեղեռնյա ժամանակաշրջանում, երբ մարդկանց կաթուցաձևը, սովորույթները չափազանց ինքնօրինակ պատկերումներով ընդլայն ճանաչողական տեսադաշտ է բացում հիշյալ ժամանակի մասին, որոշապես պատկերացում տալիս իրականության և մարդկային բազմաշերտ ընկալումների առաջ, իսկ այդ ժամանակը Ադանայի /1908/ կոտորածներին նախորդած տարիներն էին, երբ հուսալքություն ապրող հայ զանգվածները կարծես թե թոթափել էին համիդյան մղձավանջային տարիները և լիահույս համբերատարությամբ սպասում էին ձևավորված իթթիհատական նոր կառավարության հայտարարած խոստումների իրագործմանը՝ որ հնչում էր ֆրանսիական հեղափոխության կարգախոսով․ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն»։
Ժակ Սայլաբալեանի արձակը չափազանց նկարչագեղ է՝ բնության պատկերները ներհյուսված մարդկանց հոգեբանությանը, մի տեսակ կարծես թե նրանց ներաշխարհից են բխում, և դրանով իսկ ստեղծում տպավորապաշտ մթնոլորտ՝ գրական մի այնպիսի տարածք, որ շնշնկում է իրականության իրավ զգայնություններով՝ ներկայացնելով ժամանակի հորձանուտում ներսուզված այն «ազնիվ հոգիներու» ոդիսականը, որոնք իրենց ներկան չեն պատկերացնում առանց իրենց ծվատող ներքին վերհուշների․ ահավասիկ, քույր և եղբայր Նվարդի ու Տիգրանի սպասումները / «Առաջին սէր», որոնք «առտվան անուշ քունեն արթնցած» կարծես թե ազդարարում են վեպի սկզբից իսկ, թե ինչպիսի իրադարձությունների ականատեսն են լինելու և ինչ փոթորկումների առջև են կանգնելու․ «Մեկ նայվածքով ոչ ոք պիտի վարաներ ըսել, թե քույր ու եղբայր են ասոնք, թեև երկրորդը – հազիվ քսանը անցած – միջահասակ ու թուխ էր, մինչ աղջիկը կապույտ աչվի և երկայնահասակ․․․ Երբ արևը լոգանքե մը ելավ, կույսի մը պես շիկնոտ ճաճանչներ կարձակեր հազիվ գրկաչափ մը բարձրացած լեռներուն վրայ․․․»։
Ժամանակի պոլսահայ մամուլում, հանդեսներում հրատարակված Ժակ Սայլաբալեանի գերմանացի, ֆրանսիացի գրողներից, բանաստեղծներից կատարած թարգմանությունները վկայությունն են գրողի չափազանց լայնածիր և խորաշերտ իմացականության մասին։ Լինելով Մեծ եղեռնի զոհերից՝ Ժակ Սայլաբալեանը չհասցրեց ամբողջացնել իր գրական ստեղծագործական մտահղացումները և մի առիթով խոստովանել է․ «Մտադիր եմ հրատարակել Հայնրիխ Հայնեի լավագույն էջերը», և մեր կարծիքով նաև իր արձակ երկերի ամբողջական ժողովածուն։
Արթուր Անդրանիկեան
Առաջին սէր
Հատուած
Ա.
Օգոստոսին, առտու մը կանուխ, քալելով Հալքիին շրջանը ընելու ելած էին Տիգրան ու Նուարդ, քոյր եղբայր։ Յունաց Աստուածաբանական վարժարանին դիմացի բլրակին վրայի փոքրիկ տուներուն մէկէն դուրս ելած էին, երբ դեռ արեւը լոգանքէն ելած կոյսի մը պէս, շիկնոտ ճաճանչներ կ’արձակէր, հազիւ գրկաչափ մը բարձրացած Եագաճըգի լեռներուն վրայէն։ Դէպի Աստուածաբանական վարժարանը մագլցեր էին նախ, փութկոտ քալուածքով մը, քով քովի, թարմ թարմ ամէն մէկ քայլափոխին շնչելով առտուան զով ու կեանքոտ օդը։ Յետոյ դէպ ի ծովեզերքը իջեր էին, կարելի եղածին չափ երկնցնելու համար իրենց ճամբան։
Մէկ նայուածքով ոչ ոք պիտի վարանէր ըսելու թէ քոյր եղբայր էին ասոնք։ Թէեւ, երիտասարդը — հազիւ քսանը անցած — միջահասակ ու թուխ էր, մինչ աղջիկը կապոյտ աչուի եւ երկայնահասակ, սակայն իրենց քալուածքին, նայուածքին ու խօսուածքին մէջ չես գիտեր ինչ մը կար որ կ’ըսէր թէ քոյր եղբայր էին ասոնք։ Երբ ճիշդ ծովափը հասան վայրկեան մը կանգ առին, գիտենալու չորս դին։ Ծովը դիմացի եզերքէն զարթումի, կեանքի անուշ ողջոյն մը կ’առնէր կը բերէր մեղմիկ ծփանքներով ու եզերքի կոպիճներուն կը զարնէր զայն կամացուկ մը, գիշերուան թմրութենէն արթնցնելու համար Հալքին, խնամոտ մօր մը պէս՝ որ առտուան անուշ քունէն մեղմութեամբ արթնցնել կ’ուզէ իր զաւակը։ Ծովեզերքին մի քանի ցանցառ եղեւինները իրենց միօրինակ խլրտուքին միսթիք խաղը կը բերէին խառնել այն առաւօտեան ժամերգութեան որ ամէն օր ինքնիրեն կ’երգուի բնութեան չքնաղ տաճարին անեզրութեան մէջ։
Անդին, Պօլսոյ կողմը, շղարշ—մէգ մը կը ծածանէր, արեւելքէն դէպ ի արեւմուտք երկարաձգուած, հեռուէն ամպիկէ նուրբ քօղին ներքեւ իր գեղեցկութեան ամբողջական ցուցադրումը զլացող գեղուհիի մը կերպարանքը տալով Մայրաքաղաքին։
— Քալե՛նք, ըսաւ Նուարդ քիչ մը ետքը, հիանալի տեղ մը գտած եմ. հոն պիտի տանիմ քեզի այսօր։ Այդ տեղը, հակառակ խենդենալու չափ սիրած ըլլալուս, շատ քիչ անգամ գացած եմ, որպէսզի քեզ հետ միասին ըմբոշխնենք անոր հրապոյրները։
— Ո՞ր կողմն է այդ տեղը։
— Անհամբեր մի՛ ըլլար, քալե՛նք, քիչ մը ետքը կը տեսնես։
Եւ խորտուբորտ ծովեզերքէն սկսան քալել։ Երբեմն ճամբան այնքան կը նեղնար որ կ’ստիպուէին քովէ քով չքալել։ Բնութեան քմահաճոյքին կը հետեւէին, անկապակից շրջաններ ընելով, մերթ փոքրիկ հրուանդանի ճիշտ քիթէն անցնիլ ուզելով, մերթ ծովախորշիկի մը առջեւ դարձեալ դէպ ի ներս կլոր պտոյտ մը ընել ստիպուելով։
— Պիտի յոգնիս Նուա՛րդ, ըսաւ երիտասարդը երբ ծովու բաղնիքներուն քովէն դարձեալ դէպ ի ծովեզերք կ’իջնային, ջուրին ճիշտ քովէն քալելու համար, վերէն շիտակ ճամբէն երթալու էինք։
— Չեմ յոգնիր քեզի հետ, ըսաւ Նուարդ եղբօրը թեւէն կախուելով կէս մը, փոքրիկ զառիվեր մը ելլելու համար։ Հասարակաց ճամբաները չե՛մ սիրած երբէք, ամենուն անցած ճամբէն ացնիլը հաճոյք մը չունի ամենեւին, տափակութիւն էատիկա։ Ի՞նչ կ’ըլլայ, կը յոգնինք քիչ մը, բայց պիտի տեսնես հիմա ինչպէս կուշտ ու կուռ պիտի վայելենք բնութիւնը եւ ինչ ախորժակով պիտի նախաճաշենք։
Քիչ մը անդին, ձկնորսներու լարած ուռկաններու մօտ, առեւտրական վարժարանին դիմացի ընդարձակ որմափակին քովէն վեր ելլել ստիպուեցան, որովհետեւ, հոն ալ ծովեզերքը գրեթէ անմատչելի է։ Անկոխ մարգագետնին վրայէն այդ վերելքը շատ դժուար էր. ամէն վայրկեան ոտքերնին սահելով ակամա երկրպագութիւն մը ընել կը ստիպուէին։ Եւ ամէն անգամ «հօ՜բ» կ’ըսէր Նուարդ ու կը խնդար. խնդուքը սիրուն ծալքեր կը գծագրէր իր կանոնաւոր դիմագծերուն վրայ. յետոյ մէկ ձեռքով, սեւ ու խիտ մազերուն ցնցումներէն ապստամբած սիրուն գանգուրները կ’ամփոփէր գլխարկին տակ։ Եւ երբեմն ալ.
— Կամա՛ց տղաս, չիյնա՜ս, կ’ըսէր սիրուն շեշտ մը դնելով «տղաս» բառին վրայ ու ինքն ալ խնդալով Տիգրանին ունեցած ունեցած մէկ տարուան տարիքի առաւելութեան մէջ սղմեցնելուն համար այդ բառը։
Ճամբան հասան վերջապէս ու սկսան քալել երկու կողմի խիտ եզերքներուն մէջէն՝ որոնք արեւին ճաճանչները դեռ չէին ձգեր գալ գիշերուան տամկութիւնը ջնջելու։ Ծառերուն ու գետնին կանանչութիւնը, դեռ նոր ներկուած կարծես, կը ժպտէր ամէն կողմէն։ Երբեմն երբեմն տերեւներուն մէկ բացուածքէն սպրդած ճառագայթներ, երկար ու նուրբ վէտվէտումով մը կ’ոստոստէի ճամբուն վրայ, թեթեւ հովին քմահաճոյքին համեմատ։
- Hits: 15373