Ուրուագիծ դիմանկարի համար. Հայկանուշ Մառք

Հայկանուշ Մարգարի Թոփուզեան (1885-1966, Կ․Պոլիս)

«Կրթական համակարգը պատրաստված է

տղամարդկանց տեսանկյունից, կանանց ներգրավումը

կրթական համակարգ խիստ անհրաժեշտ է հայության համար»։

Հայկանուշ Մառք

Վերջին տարիներին առանձնակի հետաքրքրություն է ստեղծվել ֆեմինիստական աշխարհայեցողության նկատմամբ․ ֆեմինիզմի գաղափարներին որոշապես հետամուտ կամ այդ շարժման արտաքին գրավչությամբ տարված կազմակերպություններ են ստեղծվել եւ ցավոք, թե անհատ, եւ թե կազմակերպությունները այնքան էլ ճշգրիտ պատկերացում չունեն 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբին արեւմտահայոց մեջ սկիզբ առած, հատկապես Ֆրանսիայից «ներմուծված» գաղափարաբանության մասին եւ թե ինչ ազդեցություն է թողել ժամանակի ազգային, հանրային գործիչների վրա, մանավանդ ինչպիսի ժառանգություն են նրանք թողել, որի շուրջ միայն պետք է ծավալել քննարժան բանավեճեր, գրել ուսումնասիրություններ։

Արեւմտահայ գրող, հրապարակագիր, մանկավարժ, հանրային գործիչ Հայկանուշ Մարքը 20-րդ դարասկզբի այն երեւելի մտավորականներից էր, որի անվան հետ ուղղակիորեն է առնչվում արեւմտահայոց կյանքում ֆեմինիստական գաղափարաբանության տարածումը։

Լինելով չափազանց հրապարակային խառնվածքի կին, իմացական կարողություններով եւ իր ժամանակի համար անսովոր հանդուգն պահվածքով օժտված, Հ․Մարքը, տակավին աղջնակ, ավարտելով Կ․Պոլսի նշանավոր Էսայան վարժարանը, այնուհետեւ մասնավոր դասեր առնելով գրաբարագետ Հակոբ Գուրգենից, անմիջապես նվիրվել է հրապարակագրությանը։

Այդ տարիներին /1905-19015/ Կ․ Պոլսում հրատարակվում էր գրական, մշակութային, մանկավարժական տարատեսակ թերթեր, հանդեսներ, որոնց նա աշխատակցում էր, նաեւ դասավանդում էր տարբեր վարժարաններում։

1905 թ․ ամուսնու՝ Վահան Թոշիկյանի հետ ձեռնամուխ է լինում հրատարակել «Ծաղիկ» հանդեսը․ երկու տարվա ընթացքում հանդեսը մեծ տարածում է գտնում արեւմտահայոց ամենատարբեր միջավայրերում, եւ այսօրվա հեռավորությունից երբ թերթում ենք «Ծաղիկ»ի էջերը, հատկապես կանանց վերաբերող՝ առօրյա, հոգեւոր, կենցաղային, ինչու ոչ՝ գաղափարական այնպիսի խնդիրների արծարծմանն ենք ականատես դառնում, որ ավելի քան զարմանալի է։ Այդ ժամանակաընթացքում հանդեսը իր շուրջ համախմբել էր գրական ձիրք ունեցող կարող, խոստումնալից ապագա ունեցող այնպիսի կանանց, նրանց թվում հայ գրականության մեծատարած փառքերից՝ Զապել Եսայանին, ով անվարան, կարելի է ասել ինչ-ինչ առումով ոչ թե գրական մկրտություն է ստացել հանդեսի էջերում հրապարակելով պատմվածքներ, հրապարակագրական ուշարժան էջեր, այլ լիովին թրծվել՝ ոգեղենացրել է իր գրական տաղանդը։

1905 թ․ տպագրվել է Հ․Մառքի «Աղջկան մը հոգին» վիպակը՝ հանուրի ուշադրությունը իր վրա բեւեռելով։ 1907 թ․ Հ․ Մառքը գործունեություն է ծավալել Զմյուռնիայում՝ աշխատակցել ժամանաակի նշանավոր «Արշալույս» եւ այլ թերթերի։ Իսկ 1909 թ․ վերադառնալով Կ․Պոլիս, շարունակել է ստեղծագործական բեղուն գործունեությունը։ Եղել է նշանավոր «Ազգանվեր հայուհիներ» ընկերության ատենադպիրը, բայց նրա ստեղծագործական սխրանքը կարելի է վստահաբար համարել «Հայ կին» կիսամյա հանդեսի հրատարակումը․ ավելի քան տասը տարի /1919-1932/ հանդեսը,- չնայած հետեղեռնյա ոչ այնքան բարվոք ժամանակներին,- ի դեմս արդեն փորձառու գրողի, հրապարակագրի, հաղթահարելով ժամանակի դժվարությունները, հայության կյանքում նպաստել է հատկապես կնոջ դերի եւ գիտակցականության բարձրացմանը։ Եվրոպական մշակույթ, հատկապես ֆրանսիական գրական, մշակութային բարքեր, նորամուծություններ է «ներբեռնել» արեւմտահայոց միջավայր․ սա պարզապես կարելի է առաջմղիչ-առաջադիմական գործունեություն համարել, որը, բնականաբար, քննադատվում էր հատկապես ժամանակի պահպանողական մամուլի կողմից․․․

1954 թ․ Կ․Պոլսում, Հ․Մառքի կենդանության օրոք տոնվել է արգասավոր մտավորականի գործունեության 50-ամյակը։ Հայկանուշ Մառքը այն դժվարին տարիներին չէր սահմանափակվում միայն իր խմբագրած հանդեսում հոդվածներ տպագրել, աշխատակցում էր նաեւ ամուսնու՝ Վ․Թոշիկյանի «Վերջին լուր», այնուհետեւ «Նոր լուր» օրաթերթերին, որոնք արեւմտահայ մամուլի պատմության մեջ զարմանալիորեն տեւական կյանքով ու տոկունությամբ անհամեմատելի են, անհավատալի։

1923 թվականից սկսյալ շուրջ երեսուն տարի ընթերցողը հնարավորություն է ունեցել արեւմտահայ հանրության «ժամադրավայր» այցելել՝ «Բյուրակն», «Հայաստանի կոչնակ», «Ժամանակ», եւ հատկապես «Երիտասարդ հայուհի» պարբերականներ․ այսօր էլ Հայկանուշ Մառքի բազմաթիվ հոդվածները վկայում են, որ գրական, մշակութային, հանրային այլազան հետաքրքրություններ հարուցող նրա հրապարակումները գերազանցապես մասնահատկում են հայ կյանքի մտահոգություններով ապրող մտավորական կնոջ անզուգական կերպարը, նրա գոյությունը հանիրավի մոռացված է, բայց լիահույս ենք, որ նրա ստեղծագործությունների ընտրանին մի լուսավոր օր կհրատարակվի․․․

Արթուր Անդրանիկեան

  • Hits: 17257

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: