Ուրուագիծ Բեյրութի եւ բեյրութահայութեան դիմանկարի համար
Լիբանանահայությանը օրհասած վերջին ամիսների համապատկերումը ինձ և, վստահ եմ, համահայության լայն զանգվածների համար խորապես ընդվզելու աստիճան մտահոգող է՝ նրանց ճակատագիրը վերստին հարցականի դեմ հանդիման․․․ Եւ ինչու եմ սփյուռքյան գրականության համատեքստում ներառնում մտահոգություններիս զայրաճիչը, այն պարզ պատճառով, որ հայապահպանության ամենավստահելի խարիսխը Բեյրութն է, այլ խոսքով՝ Սփյուռքի մայրաքաղաքը, մեկ այլ խոսքով՝ կենսատու-կենսարար զարկերակը, այնտեղ, որտեղ գրականությունը, մշակույթն ընդհանրապես, կրթության ոլորտի լայն ընդգրկմամբ կենաց և մահու ճամփաբաժանին է։ Մանավանդ, Բեյրութն ու բեյրութահայությունը արդեն անցել են գեհենի ճանապարհով՝ քաղաքացիական պատերազմի տարիներին, և սպիացած վերքերից դեռ արյունը չի ցամաքել․․․
Բեյրութը․․․ Միջերկրականի հայացքի ներքո, հայախնամ, հայահամբավ, հայահոծ սփյուռքյան ամենակենսատու գաղթօջախը, որ չնայած աննահանջ արտագաղթումի, այսօր իր դիմանկարի պահպանման համար մակընթացությունների, տեղատվությունների մեջ է․ այդ մի պատառ Հայաստանը, որ առանց այդ էլ վերջին շուրջ տասը տարիներին տնտեսական խոր ու վտանգահարույց ճգնաժամի մեջ տվայտող մի կղզյակ է, եթե կուզեք, համայն հայության դիմանկարի ամենազգայնոտ ու միևնույն ժամանակ ամենահուսալի նրբերանգակիրը։
Տարբեր առիթներով բարձրաձայնել եմ․․․ չկա Բեյրութ, չկա Սփյուռք ընդհանրապես, իսկ վերջինիս չգոյությամբ․․․ չնայած Հայաստանը սահմանակից չէ Լիբանանին, բայց իր ոգեղեն սահմանների պաշտպանությամբ է մերձ-սահմանակից։ Հիշում եմ, 70-ական թվականներին` լիբանանյան պատերազմի օրերին, մեծանուն բանաստեղծ Մուշեղ Գալշոյանը նամակով դիմել էր ՀԿԿ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին՝ Հայաստանից զորամիավորում ստեղծելու և Բեյրութ մեր հայրենակիցներին օգնելու խնդրանքով․․․ Եւ իզուր չէր Մեծ եղեռնի ժառանգորդ գրողը այդ օրերին անհավանական իր մտահոգությունը հայտնել։
Այս սուրբ հողը հայադրոշմ պահելու համար «շատոնց» տոկացել են՝ Գարեգին Ա կաթղիկոսը, Գասպար Իփեքեանը, Կարօ Սասունին, Վահէ Սեթեանը, Մուշեղ Իշխանը, Սիմոն Վրացեանը, Լեւոն Շանթը, Նիկոլ Աղբալեանը, Բարսեղ Կանաչեանը, Շահան Պերպերեանը, Գէորգ Գանդահարեանը, Պօղոս Սնապեանը և էլի շատերը, որոնց միտք բանին Հայոց ոգեսնուցումն էր՝ գրականության, մշակույթի միջոցով ու նրանց սրբազնացած ոտնահետքերը ցայսօր Բեյրութի փողոցների, պուրակների մայթեզրերին են դրոշմված՝ այս հողը սրբատեղի դարձրած։
Իմ Բեյրութը, որ տարիներ առաջ Հալեպի հայակործան աղետի վերհուշների մեջ է․ հիմա նույն ճակատագրական օրերն է ապրում․․․ իմ պաշտելի Բեյրութը, որտեղ հայ գրականության և մշակույթի մեծաց ոգու ծլարձակման գոյավայրն է եղել, որոնց անունների հիշատակումը արդեն իսկ ոգեսնող է, ինչու՞է ժամանակ առ ժամանակ հայտնվում օտար քաղաքական միջամտությունների, երկպառակությունների թատերաբեմում։ Այն Բեյրութը, որ ինձ համար հոգևոր ծննդավայր է եղել, այդ իրավիճակի խորին թելադրանքն է ինձ մտովի անզորության իմ զայրույթը պոռթկալ «կամենում»․ ես բախտ չեմ ունեցել երբեմնի Բեյրութը տեսնել 150 000 հայապահպան բնակչությամբ, արտագաղթը իր ավերները աստիճանաբար կատարել է, բայց հայության մնացորդաց զանգվածը, հիրավի հերոսական ոգեկրությամբ է շարունակում ապրել, հատկապես շնորհիվ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի, Հայ Կաթողիկե, Հայ Ավետարանչական եկեղեցիների, և տարիներ ի վեր իրենց կենսունակությամբ անվեհեր ազգային-քաղաքական կուսակցությունների, բոլորն էլ գաղափարական նվիրվածությամբ «պատնեշին վրայ են»․․․
Հիմա մի պահ վերանում եմ, մտովի տեղափոխվում Համազգային միություն, մտնում «Վահէ Սեթեան» տպագրատուն, այնուհետև հիանում «Լիւսի Թիւթունճեան» պատկերասրահի գեղանկարներով, բարձրանում համասփյուքյան նշանակություն ունեցող «Ազդակ» օրաթերթի խմբագրատուն, որտեղ իմ վաղեմի բարեկամներն են՝ անձինք նվիրյալ, Լիբանանի խորհրդարանի անդամ Յակոբ Բագրատունին, պատմաբան Երուանդ Փամպուքեանը, «Ազդակ»ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարեանը, Տիգրան Ճիւմպաշեանը, Յակոբ Հաւաթեանը, և այլք՝ մշտաբար հայությամբ ապրող, հայաստանյան իրադարձությունների նկատմամբ ընդմիշտ լրջաբար տրամադրված և ջերմորեն բարևելուց հետո զորավիգ-հուսատու խոսքս ասում․
-Ձեզմէ հեռու կ՛ապրինք, բայց Ձեր տոկունութեամբ, ջերմեռանդ հաւատքով կը խորհինք որ հայութեան աս աստուածաընծայ երկրին մէջ նոյեմբեր 22-ի հրդեհը միշտ պիտի վառ ու անշիջելի մնայ, լիբանանահայութիւնը երթալիք տեղեր բնաւ չունի․ աս է իր հայրենիքը՝ արմաւենիներու շուքին տակ․․․
Արթուր Անդրանիկեան
- Hits: 11547