Ուրուագիծ դիմանկարի համար. Մառի Պէյլէրեան (Կ․Պոլիս, 1877-1915)

Մահուան 110-ամեակի առթիւ
«Մառի Պէյլէրեան որպէս գրագիտուհի կանանց շարժումի ռահվիրաններէն էր արեւմտահայ իրականութեան մէջ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան երդուեալ անդամներէն Մեծ Եղեռնին զոհ»։
Այսպիսի համարում ուներ 38-ամյա գրողը, հրապարակագիրը, մանկավարժը։ Դասավանդել է Կ․Պոլսի Էսայեան վարժարանում,- Պապը՝ Ալիի հռչակավար, ըստ ժամանակագիրների, խաղաղ ցույցի կազմակերպիչներից էր։ 1896թ․ ձերբակալությունից խուսափելու համար անցնում է ընդհատակ՝ ապաստանելով Եգիպտոսում։
1902-1903թ․թ․ պաշտոնավարում է Ալեքսանդրիայի հայկական վարժարանում, միաժամանակ խմբագրում «Արտէմիս» ընտանեկան, գրական ամսահանդէսը։
1908թ․ Օսմանյան սահմանադրության վերհաստատումից հետո վերադառնում է Թուրքիա՝ դասավանդում Իզմիրի Կեդրոնական, ապա Եվդոկիայի հայկական վարժարաններում։
Հայ կնոջ իրավահավասարության, հայրենիքի ազատության, կնոջ մտավոր, ֆիզիկական դաստիարակության և այլ խնդիրներին են նվիրված Մ․Պէյլէրեանի հոդվածները, որոնք ժամանակին պահպանողական, սահմանափակ մտայնությանց միջավայրում ոչ միայն հանդուգն վարքագծի տեր կին մտավորականի հակառակորդների դեմ են ուղղված, այլ նաև նրանց զայրույթին էին արժանանում հրապարակայնորեն։ Եւ տեղին է արձանագրել, որ քաջալերանքի, բնականաբար, չէին արժանանում նոյնիսկ առաջադեմ գաղափարակիր գրողների, մտավորականների կողմից․ մի տեսակ վերապահ վերաբերմունք։ Պատճառը՝ նրա համարձակ դատողականությամբ առաջնորդվելու – առաջնորդելու անթաքույց հանդգնությունն էր։
«Դէպի վեր» /1914թ/ խորագրյալ ժողովածուում ամփոփված հրապարակուները փաստացի վկայություններն են, որ արևմտահայ իրականության մեջ կնոջ դերի, ինքնագիտակցության բարձրացման, կենսունականացման համար կա մեկը՝ կորովալից և անհանդուրժող, որ բնավ չի խուսափում ոչ միայն սուլթանական-երիտթուրքական արգելանքների դեմ պայքարելուց, այլ նաև ձեռնոց է նետում հայ պահպանողական գաղափարաբանությանը․ սնոտի բարքերին, սովորույթներին։
Արձանագրենք միայն որոշ հոդվածների վերնագրեր, պարզորոշ հասկնալու համար մտածողության այն ելակետը, որով առաջնորդվում էր Մառի Պէյլէրեանը․ «Կնոջ ազդեցութիւնը, պատերազմը և կիները», «Դաստիարակուհիի մը խօսքերը», «Կինը կրթական գործին մէջ», «Կարծիքներ հայ յեղափոխութեան վրայ», «Իրապաշտ եւ իդէալիստ» և այլն։ Ուշադրության արժան և խնդրահարույց են ամենատարբեր գաղափարների արծարծումները, որոնց ելակետային, իմացական բնույթը, բնանյութը՝ կրթությունն է։ Հասարակության մեջ ձևավորված իրապաշտական և իդեալիստական հակումները, որոնք ձևավորում են հասարակության ընտրանին և այլն։ Այս ամենը կնոջ դերի «չստանձման» բացակայությունից է բխում և հրապարակագիրը դժգոհ, ավելին, հարկ է համարում հավելել, որ «կրթական գործին մէջ կնոջ դերը առարկայապէս է կարեւորելի»է ապագա սերունդների դաստիարակությանը առավելապես նպաստաբեր՝ հիմք ընդունելով հայրենապաշտությունը, այլ խոսքով հեղափոխականությունը, որ «Հանրային գործիչը հասարակութեան կարծիքին առջեւ» միշտ լինի անկեցվածք, ազնիվ, ի վերջո, իր արդարամտությամբ օժանդակող հասարակական այլևայլ զարգացումներին։ Արդյոք երևակայելի՞ է այսպիսի մտածողական կենսադիրքորոշում, եթե ոչ ընդվզում հիշյալ ժամանակներում՝ «Սուրի եւ սովի մղձաւանջի /Դ․Վարուժան/ ընդմէջ․․․
Անձամբ ինձ համար ուշարժան է նաև այն հանգամանքը, որ Մառի Պէյլէրեանը հասարակական գործունեությանը զուգահեռ,- մանավանդ հրապարակագրական,- գրել է տրամախոսական հոդվածներ, նորավեպեր՝ ջանալով գեղարվեստական խոսքի՝ մտերմություն ձևավորող միջոցով իր գաղափարները առավել կենսունակ դարձնել։ /«Վիրաւորը», «Խենթի մը վէպը», «Մի վախենար, դուք չէք հատնիր», «Զաւակը» և այլն/։
Իրապես, գեղարվեստական խոսքի, պատումի ներգործությունը ավելի անմիջականորեն է ազդեցություն թողնում ընթերցողին զերծ պահելով որոշակի պայմանականություններից, որոնք անմիջնորդ շփման հնարավորություն են ընձեռնում; Իհարկե, զանց ենք առնում բանաստեղծությունները և արձակ մենախոսական տեքստերը, դրանց գեղարվեստական չափազանց վիճելի մակարդակը նկատի ունենալով, որոնց նմանօրինակները այդ տարիներին հեղեղված էին արևմտահայ մամուլում։
Այնուամենայնիվ, մերօրյա ընթերցողին առավելս կհետաքրքրի Մառի Պէյլէրեանի հրապարակագրությունը, թեկուզև միայն այն առումով, որ նա ընդհանրապես հայ իրականության մեջ կնոջ իրավունքների արծարծման և պահպանման երեք սյուներից մեկն էր /Սրբուհի Տիւսաբ, Զապէլ Եսայեան/ միշտ առաջնային համարելով Հայրենիքի ազատագրության վեհագույն գաղափարը։
Արթուր Անդրանիկեան
+374 94 423 159
+374 91 423 159
- Hits: 2133