Ուրուագիծ դիմանկարի համար․ Պետրոս Հաճեան (1933-2012)

Գրող, հրապարակագիր, մանկավարժ Պետրոս Հաճեանի հետ ծանոթացել եմ 2009թ․ Երևանում։ Այդ տարիներին նա տնօրենն էր Բուենոս Այրեսի Ա․Գ․Լ․ Կրթական հաստատության և «Վահէ Չընոզեան» հայկական ուսուցչանոցի։ Մինչ այդ կարդացել էի նրա «Հարաւը Սփիւռքի մէջ» /Հալէպ, 2008/ չափազանց ուշարժան ստվարածավալ հատորը և տպավորված էի հրապարակագրի «Սփիւռքակեդրոն եւ հայաստանակեդրոն տեսութիւններով»։ Ընդհանրապես, Հայրենիքի տեսլականը նրա փիլիսոփայութեամբ՝ «Հայաստանի ճամբաները Սփիւռքի մէջէն կ՛անցնին» ընդհանրացված եզրահանգմամբ:
Պ․ Հաճեանի մտածումները տարբերվում էին սփյուռքյան այլ հրապարակագիրների արծարծած տեսակետներից․ «քաղաքականորեն հարկատու և ռազմականորեն ջարդակոտոր մեր հայրենիքը պէտք ուներ անկախութեան մը, որ քարակերտ բերդերու փլուզումէն ետք, հայկական արիւնի յեղումէն ետք՝ մնար մեր ժողովուրդին անձեռնմխելի, անհպելի հարստութիւնն ու հզօրութիւնը»; /«Մեր անկողոպտելի անկախութիւնը»/։
Ոգի, գաղափար, դիմադրողականություն և հավատք․․․ Իրապես ժամանակահունչ են Պ․Հաճեանի հորդորները։ Եւ ինչպես ընդունված է ասել․ «Ոճը՝ մարդն է»։ Անհատականությունը իր աշխարհայացքով է դրսևորում իր տեսակետները ազգի, հայրենիքի հետ առնչվող։ Եւ միայն այս հատորի հարցադրումներում չէ որ հրապարակագիրը առաջարկում է լուծումների մի ամբողջական «շղթա» կամ շղթայաձև զարգացման ընթացք:
Այսպիսով, պարզ ու տեսանելի է, թե Սփյուռքում ապրող մտավորականի, և այն էլ մանկավարժի համար որքան կարևոր է Հայրենիք հասկացության գաղափարը՝ համահայկական նշանակությամբ և նշանառությամբ։
Դեռևս Հալեպի Հայկազյան վարժարանում և Քարէն Եփէ ճեմարանում, որպես տնօրեն և մանկավարժական գործունեություն ծավալած տարիներից, իսկ Պ․ Հաճեանը ուրույն գաղափարակրի համբավ է ձեռք բերել սփյուռքյան գրական, մշակութային, հանրային շրջանակներում՝ հրատարակելով հոդվածներ, հանդես է եկել բանախոսություններով։ Եւ մեր զրույցների ժամանակ ես այնպիսի տպավորություն ստացա, որ Բուենոս Այրեսի «Արմենիա» օրաթերթի խմբագրությունը ստանձնած տարիներից /1971-1986/ միշտ վայելել է համակրանք ու վստահություն, և իրոք․ «Գաղութի մէջ իր աշակերտներէն եւ ոչ միայն աշակերտներէն կը յիշէին գրող, խմբագիր, ուսուցիչ, ճառախօս Պետրոս Հաճեանը, աւելի քան 40 տարուան վաստակով։ Արժանթինի մէջ եւ մօտ քսան տարուան վաստակով Սուրիոյ մէջ արժանի էր եւ արժանի է տեղ մը գրաւելու սփիւռքահայ իրականութեան մէջ՝ ոչ միայն տարիներու աշխատանքով, այլ բերած որակով» /Վարդան Մատթեոսեան/։ Իսկ այդ վաստակն արժևորված էր ոչ պատահականորեն, այլ ի դիմաց գնահատանքի։
Բավական է «մատենագիտօրէն» ներկայացնել Պ․Հաճեանի որոշ աշխատություններ, որպեսզի դույզն ինչ պարզորոշ դառնա նրա ստեղծագործական շրջածիրի համապատկերը․ «Պարզ քերականութիւն» /1987, 3 հատոր/, «Հայ մտքի մշակներ» /1987-1990, 2 հատոր, հայերեն և իսպաներեն, թարգմ․ Վ․Մատթէոսեան/, «Հրամմեցէք, պարոններ» /պատմուածքներ, 1995/, «Լռեցուած խօսքը» 2003, «Կար ու չկար», պատմուածքներ, 2003 և այլն։
Պետրոս Հաճեանը Սփյուռքի այն անձինք նվիրյալ փառավոր փաղանգից է, որը ոչ միայն ազգային, հրապարակագրական գործունեություն էր ծավալել, այլև մանկավարժական գիտակից դիրքորոշմամբ կարևորում էր ընդհանրապես Սփյուռքի ապագան․ մերօրյա պայմաններում կարելի է առանց երկմտելու խոստովանել՝ վտանգված ապագան․ ի նկատի ունենալով հայախոսության նահանջը, որ ուղղակի հետևանք է սփյուռքյան վարժարանների «գոցման», իսկ Հայաստան-Սփյուռք ներդաշն գոյությունը Պ․Հաճեանի համար եղել է․ «Սփիւռքը պէտք ունի ուժերու կեցուածքներու եւ գոյակերպի վերադասաւորումի մը, ազգային եւ քաղաքական մտածողութեան նոր բարենորոգումի մը՝ հաչս մեր կեանքին մէջ յաջորդած պատմական մեծ շրջափոխութեան․․․»։
Բնականաբար, նվիրյալ մտավորականը նկատի է ունեցել Հայաստանի պետականության վերստեղծումը, և ըստ այդմ «հույս է տածում» որ հայ քաղաքական և ազգային մտածողությունը անհրաժեշտաբար պետք է բարեփոխվի՝ համաձայն նոր ժամանակների հրամայականի, միշտ ամենաառաջնայինը համարելով Հայի ոգու տոկունությունը։
Արթուր Անդրանիկեան
+374 94 423 159
+374 91 423 159
- Hits: 546