Ուրուագիծ դիմանկարի համար. Լեւոն Բաշալեան
(Կ․Պոլիս, 1868-1943, Վիշի (Ֆրանսա))
Ուսանել Կ․Պոլսի Պէրպէրեան վարժարանում, ստանալ գեղագիտական, պատմագիտական պատշաճ կրթութիւն․ այս բոլորը նախանշան է գրողի, գրական քննադատի, հրապարակագրի իմացական զարգացման՝ հետագայում ընդհանրապէս արեւմտահայ գրական կյանքում լուսավոր հետագիծ թողնելու համար։
Լեւոն Բաշալեանը նույնպես լինելով պէրպէրեանական, սկզբնապես «Մասիս» օրաթերթում /1886/ իբրեւ օգնական խմբագիր աշխատելու տարիներից, գրական, հրապարակագրական առաջին քայլերից գրավել է հանուրի ուշադրությունը։ Ինչպես նաև անդրադարձել ռուս գրողների ստեղծագործություններին,- Տոլստոյ, Տուրգենև։
Գրողը «իր գործին ճանաչումին մէջ» նաև ազգային, հանրային, մշակութային գործունեությամբ առավելս լայն ճանաչման հնարավորություն է ստանում։ Եւ այս հանգամանքը այդ օրերին առաջընթաց ապրող իրականությունը ըստ ամենայնի ներկայացնող գրողների, այդ թվում և իր մենաշնորհն էր․ «Իրապաշտ շարժումին ամենէն աւելի արժանապէս տիտղոսաւոր այս դէմքին,- իմա Լ․ Բաշալեանից,- համար գրականութեան պատմութիւնը պիտի սահմանէ․․․ գրած ըլլալով պատմուածք, նորավէպ, պատկեր, քննադատականներ, տպաւորապաշտ էջեր, քաղաքական տեսութիւններ, անիկա ծառայած է ազգային դատին, զգոն, խոհեմ ու խորահաւատ միտքի մը եւ հոգիի մը անդրանիկ եռանդովն ու աչալուրջ նուիրումովը» /Յակոբ Օշական/։
Ահավասիկ, համապարփակ դիմանկարը մի գրողի, որ գրող լինելուց զատ իմացական լայն կարողություններ ունեցող բանիբուն նվիրյալ մտավորական էր։
1895-1896 թ․թ․ Լեւոն Բաշալեանը արտասահման անցնելով, Լոնդոնում Արփիար Արփիարյանի խմբագրությամբ հրատարակվող «Նոր կեանք» պարբերականի օգնական-խմբագիրը լինելով, շարունակում է հրապարակագրական գործունեությունը, այնուհետև 1901 թ․ անցնում է Կովկաս, հաստատվում Բաքվում՝ ծառայում նավթարդյունաբերական ֆրանսիական ընկերությունում, ապա նշանակվում ընկերության տնօրեն։ Այդ ընթացքում «Մուրճ» հանդեսում տպագրվում են նրա բազմաթիվ պատմվածքները, գրական, գրադատական ստեղծագործությունները»։
Տարիներ շարունակ ապրելով Բաքվում, մինչև 1920 թցվականը,- զբաղվում է գրական-հասարակական գործունեությամբ, այնուհետև մեկնում է Կ․Պոլիս, հետագայում վերջնականապես հաստատվում Փարիզում և շարունակում է զբաղվել իրեն հոգեհարազատ զուտ գրական և հասարակական գործունեությամբ՝ միաժամանակ մասն կազմելով Հայ օգնության կոմիտեին /ՀՕԿ/ և Հայ Բարեգործական Ընդհանուր միությանը /ՀԲԸՄ/, վերջինիս հանձնարարությամբ, 1924թ․ որոշակի առաքելությամբ ժամանում է Խորհրդային Հայաստան։
Լեւոն Բաշալեանի կյանքի տարեգրության մեջ որոշապես առանձնանում են 1928-1934 թվականները, երբ Փարիզում խմբագրում էր «Լըֆուաե» պարբերականը՝ հայերեն և ֆրանսերեն բաժիններով։ Իսկ կյանքի վերջին տարիներին գրած իր հուշերը «Թրքահպատակի մը արկածները մեծ պատերազմի ատեն» խորագրով հրատարակվել է մամուլում/ /1939/։
Լեւոն Բաշալեանի կենսագրական փնտրտուքներում մեր ուշադրությունը ակամա գրավեց Արշակ Չոպանեանին հղած նամակը /1915թ․ Լոնդոն/ «Զարհուրելի մտածում մը ինծի հանգիստ չի տար կոր։ Երբ որ Վանին տիրացանք, կը յիե՞ս որ քեզի գրեցի սարսափս, մտածելով որ թուրքերը կրնային ետ առնել քաղաքը։ Այս գեշ նախազգացումս իրականացավ։ Այսօր Վան չի կայ։ Նույնիսկ ամերիկացիները, որոնք հարյուր հազար ոսկիներ ծախսելով դպրոց ու հիվանդանոց հիմնած են հոն, այսօր ալ հուսահատ են, որովհետև ամեն բան այրած, լմնցած է, ու Ամերիկա կը դառնան․․․»։
Լեւոն Բաշալեանի գրական ժառանգությանը այնքան էլ ծանոթ չէ Սփյուռքի և Հայաստանի ընթերցողը, և միայն 1943 թ․ Արշակ Չոպանեանի խմբագրութեամբ Փարիզում հետմահու հրատարակվում է նրա ստեղծագործությունների հատորը։ Հետագա տարիներին Սփյուռքում և Հայաստանում վերահրատարկվում են մի շարք երկեր /«Պատմվածքներ» , Հալէպ, 1945, «Ընտիր երկեր», Երևան, 1962։ Թերևս Հակոբ Օշականի ծավալուն վերլուծականը ցայսօր հրատարակված Լեւոն Բաշալեանի կյանքն ու գործը արժևորող միակ վկայություններից է։
Արթուր Անդրանիկեան
WhatsApp +374 91 423 159