Ուրուագիծ դիմանկարի համար. Շաւարշ Նարդունի
(Ասքանազ Այվազեան), Արմաշ, 1898 – 1968, Փարիզ
Գրագէտը կը համարեմ ժողովուրդին,
իսկ ներկայութիւնը, ինքնութիւնը, այդ հոգին էր,
որ հայութիւը կարծեց, թէ կը խլեն իր մարմնից։
Շաւարշ Նարդունի
Հետեղեռնյա սերնդի դառնությունը տեսած գրողներից, թերևս ամենախորաթափանց, բանիբուն մտավորականի տիպար, «Փարիզի տղաք», հրաշալի հայության այն շրջանից էր Շաւարշ Նարդունին, երբ սերնդի ինքնեղ գոյությունը սփյուռքյան պայմաններում ի նպաստ հայապահպանման զորավոր ազդակներ էր արթնացնում։
Երևակայում էր աներևակայելին, իր առաքելությանը ոգի էր տալիս համառությամբ, օրեօր կենսավորում էր հայ կյանքը․ «Նարդունի անոնց մեջ չէ, որ կարտահայտեն զգայարանները՝ կորսվելու համար վերածական աշխարհի մեջ։ Անոնց մեջ է նաև, որ կուրանան վերացական գեղեցկությունները, կառչելու համար ցամաք իրականությանը, ան կ՛ապրի, վանականի պես, գրքերուն մեջ ու բնապաշտ կը մնա նաև»։ Նիկողոս Սարաֆեան։
Այս գորովալից տպավորությունը իր գրչեղբոր մասին է, բժիշկ, բանասեր, գրող Շաւարշ Նարդունու։ Այնքանով, որքանով Սարաֆյանը նրան ճանաչել, գնահատել է դեռևս 1918 թ․ Կ․ Պոլսի սպայական վարժարանում ուսանելու տարիներից։ Այնուհետև Շավարշ Նարդունին ընդունվում է բժշկական համալսարան և վտարվում է քաղաքական հայացքների պատճառով։ Հետագայում Փարիզում ուսանելու տարիներին, /1927 թ․/ Նարդունին ավարտում է Փարիզի բժշկական համալսարանը։
Միջանկյալ նշենք, որ Շավարշ Նարդունու գրականությունը սփյուռքյան ն գրական հանրային շրջանակներում այնքան էլ ծանոթ չէ։ Բնականաբար, նաև հայաստանյան գրական շրջանակներում ։
Նարդունու փարիզյան վերջին հրատարակությունները ավելի քան կեսդարյա վաղեմություն ունեն․ «Նարդյան բաժակ», /1968/, «Վարդամատյան», /1982/, «Հեքիաթներու ալբոմ» /1927/, «Մեղեդիներ» /1933/, «Երուսաղեմ, Երուսաղեմ» /1938/։ Իսկ Հայաստանում առայժմ առաջին անգամ հրատարակվել է իմ աշխատասիրությամբ «Անձրևին ձորը» /2011/։
1934 թ․ Փարիզում լույս տեսած «Էջեր գրականության և քննադատության» ժողովածույում անդրադառնալով Նարդունուն՝ Արշակ Չոպանյանը գրել է. «Նարդունիի գործը, որ գրական բարձր արժեք ներկայացնելեն անդին, նաև վավերաթուղթ մըն է՝ հայ կյանքի որոշ հանգրվաններ լուսաբանող»։
Շաւարշ Նարդունու գրողական շեշտ անհատականությունը չափազանց ինքնասույզ է ու ինքնատարած-ինքնարձակ։ Նարդունին մշտաբար ապրում էր արբեցումը այն զգայնության, որ ինքզինքը «պզտիկ անիվ մըն եմ։ Դիվային մղումով մը կը դառնամ, բայց փոկս կապված չէ իմ ժողովուրդիս։ Ախ, որքան կ՛ուզեի ժողովուրդ ունենալ, փոկով մը կապվիլ անոր, դարձնել, անխնա դարձնել․․․ Ինչո՞ւ չունիմ բազմություն, որպեսզի շարժում խաղամ ես ալ․․․»։
Իրականությունը, մանավանդ սփյուռքյան, իր կյանքի բոլոր տխրություններով հանդերձ գեղարվեստական իրականության է վերածվել, ինչի հանդեպ անտարբեր չէին նաև հատկապես «Մենք»ի սերունդի գրողները, այդ թվում և Շաւարշ Նարդունին, ում ստեղծագործությունը իրագործումն է մեծ Երազի՝ փոխակերպ ընդհանրացումներով, անցյալի ձայների համատարած շարժում կա՝ առանց վերապահությամբ լսելի-ներշնչող․ «․․․Հեյ, հեյ, արևոտ դաշտի մը մեջ, հին քաղաքի մը փլատակներու ձորի մը եզերքին վրա գորշ քար մը գիրով ու գիծով խոցոտված՝ մամուռեն ու հողեն․․․ Ահա պզտիկ մատուռ մը, որուն բոլորչի գմբեթը՝ գանկի մը նման ճաչած է․․․»։ Գրողը իր ստեղծագործություններում պարզում է նման երևույթներ․ իր օրերի սփյուռքյան կյանքը՝ փարիզյան բնապատկերը հատկապես մասն ունի անցյալում, անձնական զգայնությունները, տագնապները միշտ էլ մեզ լսելի են հեռավոր ղողանջով, «չըսելու համար»՝ տենդագին կարոտով։ Բայց նորից իմացական ճիգը սթափեցնում է գրողին․ ուրեմն, իր մշակած գրականությունը խորապես մշակված է մշակույթի համընդհանրական իմաստիվ ու խորքային արտահայտչականությամբ, կարևոր հանգամանք նաև իրականության տագնապները ընթերցած իր սերունդի ու նաև հետագա սերունդներու համար։
Արթուր Անդրանիկեան
WhatsApp +374 91 423 159