Արդեն 3-րդ անգամ անցկացվող «Սոսե» միջազգային կինոփառատոնն այս տարի կինոսերներին կհյուրընկալվի սեպտեմբերի 23-ից 30-ը:
«Զիս» մշակույթի կենտրոնի նախաձեռնած կինոփառատոնը Հայաստան կբերի խաղարկային, փաստագրական, վավերագրական, լիամետրաժ և կարճամետրաժ լավագույն ֆիլմերը, որոնց թեման կինն է։ Մրցութային ծրագրին մասնակցող ֆիլմերով հեղինակները խոսելու են կնոջ արժանիքների, խնդիրների, իրավունքների, նվաճումների, կարողությունների և առհասարակ ընտանիքում և հասարակության մեջ նրա դերակատարման մասին:
«Սոսե 2016»-ը, բացի հիմնական մրցութային ծրագրից, իրականացնում է ևս երկուսը՝ «Հատուկ» և «Ուսանողական», որոնց նպատակը տարածաշրջանում ֆիլմարտադրության զարգացումն է։
«Հատուկ»մրցութայինծրագիրնամենտարիբարձրացնումէ տվյալ պահին արդիական որևէթեմա: Այս ծրագրում կարևորվում է յուրաքանչյուր ստեղծագործողի անհատական մոտեցումը և արվեստի միջոցով այդ թեմայի մասին խոսելու ունակությունը: Այս տարի «Հատուկ» ծրագրի թեմաները երկուսն են՝ «Անկախություն»՝ նվիրված ՀՀ Անկախության 25-ամյակին, և «H2O»`նվիրված ջրին:
«Ուսանողական» մրցութային ծրագրում ներկայացվում են կինեմատոգրաֆիայում առաջին քայլերն անող ուսանող ստեղծագործողների ֆիլմերը: Որպես խրախուսական մրցանակ՝ փառատոնը կվճարի տվյալ մրցութային ծրագրում հաղթող ֆիլմի ուսանող - ռեժիսորի մեկ տարվա ուսման վարձը։
«Սոսե» կինոփառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ «Կիսվի՛ր մտահղացմամբ» ծրագիրն է: Կստեղծվի մի ցանց, որին կարող են միանալ ֆիլմարտադրության ոլորտի ներկայացուցիչներն ու համատեղ աշխատել: Ծրագիրն էքսպերիմենտալ բնույթ է կրում և իրականացվելու է ամբողջ տարվա ընթացքում:
Կինոփառատոնի օրերին, ֆիլմերի դիտումներին զուգահեռ, կազմակերպվելու են վարպետության դասեր, «ֆիլմ-ակումբ» ձևաչափով քննարկումներ՝ ժյուրիի անդամների և հյուրերի մասնակցությամբ: Քննարկումները բաց են նաև ֆիլմարտադրության ոլորտի մասնագետների և պարզապես կինոսերների համար:
- Hits: 2914