Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» 7-րդ հանրապետական փառատոնը

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը Երևանում կանցկացվի «Արմմոնոպլյուս» 7-րդ հանրապետական փառատոնը:

«Արմմոնո»  փառատոնը անց է կացվում տարվա մեջ երկու անգամ: Առաջիկայում կայանալիք «Արմմոնոպլյուսը» փառատոնի հավելվածն է: Այն ընդգրկում է տեղական ներկայացումներ, որոնք հիմնականում լինում են առաջնախաղեր:

Փառատոնի մեկնարկը կտրվի նկարչուհի Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի կողմից Արցախից  (և ոչ միայն) եկած երեխաների համար հեքիաթներ պատմելով:

«Պատերազմի օրերին մենք այդ փորձն ունեցանք հեքիաթներ պատմելու: Դա այն մի ժամն էր, որ երեխաները վերադառնում էին մանկություն: Պարզվեց, որ դրա կարիքը ևս մի անգամ եղավ: Այնպես որ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 13:30-ին, կբացվի «Արմմոնոպլյուս» փառատոնը հեքիաթներով»,- մամուլի ասուլիսի ընթացքում նշեց «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանն անկեղծացավ՝ կյանքի ընթացքում չունենալով թատրոնի հետ որևէ կապ, մարդկանց հեքիաթներ պատմելու տարբեր առիթներ է ունեցել: Առաջին անգամ դա արել է երկրաշարժի տարիներին, իսկ այսօր պատերազմի միջով անցած երեխաների համար է դա անելու: «Հեքիաթներ պատմելու անհրաժեշտությունը մարդկանց միավորելու պահերին է լինում ու իսկապես միավորում է»,- ասաց նա:

Նույն օրը կլինի հուշ-երեկո՝ նվիրված Վահե Շահվերդյանի մահվան տարելիցին: Երեկոյի ընթացքում կցուցադրվի արտիստի բեմադրած վերջին  մոնոներկայացումը՝ «Համլետի երազները»՝ Արմեն Քուշկյանի կատարմամբ: Իսկ հոկտեմբերի 30-ից կլինեն առաջնախաղեր:

Փառատոնի հիմնական ծրագիրը ներկայացնելուց հետո Մարիաննա Մխիաթարյանը անդրադարձավ  նախորդ տարիների փորձին ու արդյունքներին՝ նշելով, որ մոնոներկայացումների (մեկ դերասանի միջոցով իրականացվող ներկայացում-խմբգ.)  հանդեպ հետաքրքրություն կա, որը գնալով աճում է:

««Արմմոնոն» կարծես ծնող լինի, որ մեծացնում է իր երեխաներին, հետո նրանք գնում են տարբեր ուղղություններով: Այս տարիների ընթացքում «Արմմոնոն» հնարավորություն տվեց երիտասարդներին ավելի արհեստավարժ դառնալու, զգալու՝ կարողանու՞մ են գրավել ու պահել դահլիճը, որովհետև մոնոներկայացնումներում դա կարևոր է: Իսկ ավելի փորձառուները հնարավորություն են ունենում ստեղծել իրենց կերպարները, որոնք չկարողացան կամ դեռ չեն խաղում իրենց հիմնական թատրոններում: Այնպես որ «մոնո» ժանրը կատարում է շատ լուրջ աշխատանք՝ իրականացնելով բեմադրիչների, դերասանների երազանքները»:

Բանախոսը նշեց, որ այս տարի ներկայացումներով մասնակցել են 8 միջազգային փառատոների՝ գրանցելով մեծ հաջողություններ:

«Մոնոներկայացումները  շատ ավելի բարդ են, քան խոսքը ասելը: Այն ինքնուրույն ժանր է, որը մի ամբողջ թիմի լուրջ վերաբերմունք է պահանջում: Շատ ավելի դժվար է «մոնո» ձևավորել, քան մի մեծ ներկայացում՝ մեծ բեմերում»,- նկատեց նկարչուհի Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը:

Ներկայացնում ենք փառատոնի ժամանակացույցը։

Armmono cragir

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 759

Հարակից նյութեր

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: