Համերգը նվիրված էր ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին

  Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության հովանու ներքո սեպտեմբերի 20-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ներկայացրեց համերգ՝ նվիրված ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին:

    Համերգը կայացավ մենակատարներ Սուրեն Բագրատունու (թավջութակ, ԱՄՆ), Պոլինա Լեշչենկոյի (դաշնամուր, Բելգիա), Բորիս Բրովցինի (ջութակ, Մեծ Բրիտանիա), դիրիժորներ՝ Էդուարդ Թոփչյանի, Վահան Մարտիրոսյանի (Ֆրանսիա), ինչպես նաև Հայաստանի «Սպեղանի» երիտասարդական երգչախմբի (ղեկավար` Սարինա Ավթանդիլյան) մասնակցությամբ:

    Առաջին բաժնում հնչեց Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտ» սյուիտը, որն աչքի ընկավ նվագախմբի զսպվածությամբ, թեթևությամբ և թափանցիկությամբ: Այն ղեկավարեց Վահան Մարտիրոսյանը: Այս ստեղծագործությանը հաջորդեց մենակատար Պոլինա Լեշչենկոյի զգացմունքային կատարումը Լիստ՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 1:

    Այլ գունապնակի մեջ էր երկրորդ բաժինը: Համերգի ընթացքում տեղի ունեցավ Վաչե Շարաֆյանի «Լակրիմոսա» ստեղծագործության հայաստանյան պրեմիերան թավջութակի, երգչախմբի, սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար:

    Նախքան համերգը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Վ. Շարաֆյանը նշեց, որ ստեղծագործությունը գրվել է Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմի համար, որը պատմում է կոմպոզիտորի և նվագախմբի մասին: Նա նշեց նաև, որ պահը շատ հուզիչ է իր համար, քանի որ այն առաջին անգամ է կատարվելու հայ հանդիսատեսի համար:

    Ստեղծագործության մենակատարներն էին թավջութակահար Սուրեն Բագրատունին և սոպրանո Արծվիկ Դեմուրչյանը :

    Այնուհետև հաջորդեց Շոստակովիչի Թավջութակի թիվ 1 կոնցերտը` կրկին Սուրեն Բագրատունու մենակատարությամբ, ղեկավար` Էդուարդ Թոփչյան: Համերգի վերջում հնչեց Գլազունով՝ Ջութակի կոնցերտ, մենակատար` Բորիս Բրովցին: Հիշենք, որ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-ը: Արդեն տեղի է ունեցել երեք համերգ՝ հռչակավոր շեփորահար Սերգեյ Նակարյակովի, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի և Բորոդինի անվան լարային քառյակի մասնակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը և հայտնի թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը:
                                                                                                                                    Էլեն Յոլչյան

  • Created on .
  • Hits: 4169

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: