«Գագիկ Հովունց. ստեղծագործական դիմանկարի ուրվագծեր»
Երաժշտագետ Շուշան Հյուսնունցի և կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի հեղինակությամբ օրերս լույս տեսավ «Գագիկ Հովունց. ստեղծագործական դիմանկարի ուրվագծեր - զրույցներ կոմպոզիտորի հետ» գիրքը: Գիրքը հրատարակել է Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը: Այստեղ ներկայացված են կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գագիկ Հովունցի կյանքը, երաժշտական ստեղծագործությունը, երաժշտական-տեսական և փիլիսոփայական հայացքները:
Գագիկ Հովունցի կոմպոզիտորական արվեստում մեկտեղվել են երաժիշտ-գիտնականի և երաժիշտ-պոետի շնորհները: Այսօր նա կանգնած է 20-րդ դարի` սեփական տեսական լադա-տոնայնական համակարգ ստեղծած նորարար կոմպոզիտորների կողքին` միևնույն ժամանակ մնալով ակադեմիական երաժշտության անկյունաքարային և ավանդական սկզբունքներին հավատարիմ ժառանգորդ:
Գ. Հովունցի մանկավարժական պրակտիկան իր մշակութային գործունեության ծանրակշիռ մասն է կազմում: Նա եղել է մեծագույն ուսուցիչներ Կարպ Դոմբաևի ու Գրիգոր Եղիազարյանի աշակերտը: Շուրջ 50 տարի Գագիկ Հովունցը Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում հարմոնիա է դասավանդում՝ սերնդեսերունդ փոխանցելով իր մասնագիտական փորձն ու գիտական հարուստ ձեռքբերումները:
«Գագիկ Հովունց. ստեղծագործական դիմանկարի ուրվագծեր - զրույցներ կոմպոզիտորի հետ» գիրքը բաղկացած է երկու գլխից և ենթաբաժիններից: Առաջին գլխում` «Ստեղծագործական դիմանկարի ուրվագծեր», ներկայացվում է կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին, որին զուգահեռ ժամանակագրական սկզբունքով քննվում են Հովունցի` 1960թ-ից մինչ օրս հեղինակած նշանակալից ստեղծագործությունները: Հեղինակների հակիրճ ու հավաստի վերլուծությունների հիմքում ընկած են կոմպոզիտորի չափազանց արժեքավոր դիտարկումները և դիպուկ մեջբերումները: Գրքի կառուցման նմանօրինակ տրամաբանությունը հնարավորություն է տալիս մոտենալ և բացահայտել կոմպոզիտորական հարմոնիկ համակարգի հիմունքները: Այսպիսի կառուցվածքի մեջ որոշիչ է դառնում յուրաքնաչյուր տարր, անգամ` կոմպոզիտորի ստեղծագործություններից առանձնացված նոտային օրինակները:
Երկրորդ գլուխը` Գագիկ Հովունցի հետ երկխոսության բաժինը, հագեցած է տեսական, փիլիսոփայական, գեղագիտական հարցերին վերաբերող մտորումներով: Հարմոնիայի, երաժշտության արդի հիմնախնդիրների, ժամանակակից երաժշտության մասին քննարկումներին զուգահեռ արտացոլվում են բնությանը, մարդկային հարաբերություններին, մահվանը, հավատքին վերաբերող հավերժական թեմաները: Զրույցներում շեշտվում են հատկապես երաժշտության առանձին արտահայտչամիջոցներին նվիրված պատմատեսական մեկնությունները, օրինակ` երաժշտության պրոբլեմը հարմոնիայի պրոբլեմն է, կամ ատոնալ դոդեկաֆոնիայում տոնայնականության բացակայության պատճառով տեմպերացիան բացարձականում է, և 12 հնչյունները ներկայացնում են լոկ իրենք իրենց: Սահմանափակը սահմանափակվում է սահմանափակի մեջ և ներկայանում է որպես սահմանափակ, արդյունքում` 12 քարացած հնչյուն: Տեմպերացիայից «խախտված» բնությունը շարունակում է մնալ խախտված…
Ահա մի մեջբերում. «Վիբրացիան տարածվում է դեպի անսահմանություն: Մեր հոգին կարծես արձագանք լինի, արձագանքը վիբրացվող նյութի: Նյութն ու հոգին միասնական են: Բաժանվելով՝ նրանք չեն անջատվում, անջատված հոգին կրկին կազմված է նյութից և հոգուց, իսկ առանձնացված, մահացած նյութը դառնում է հող՝ նոր կյանքի հող»:
Մեկ ուրիշ դեպքում նշում է, որ խորամանկությունը խելքի նշան է, բայց ոչ հեռատես խելքի:
«Մարդու հասանելիքն է համեստորեն զբաղվել որոշակիով, ավելի խորը բացահայտել իր առարկան, իսկ ամենախորինը, անսահմանը, թերևս, նա ստանում է Աստված-Բնությունից որպես պարգև, որպես փոխհատուցում ազնիվ աշխատանքի, գործի հանդեպ անշահախնդիր սիրո դիմաց»:
«Յուրաքանչյուր առարկայի բովանդակությունը հենց իր մեջ է, յուրաքանչյուր երևույթինը՝ հենց այդ երևույթի մեջ: Երաժշտության բովանդակությունը երաժշտության մեջ է»:
«Ոչինչ չարժե այն ամբողջականությունն ու ներդաշնակությունը, որի ներսում չկա ինքնուրույնություն և բազմազանություն: Եվ ոչինչ չարժե այն ինքնուրույնությունն ու բազմազանությունը, որոնք չեն ստեղծում միասնություն և ներդաշնակություն...»:
Գրքի վերջում տեղադրված հավելվածի շնորհիվ ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու Գ. Հովունցի բոլոր աշխատությունների ստեղծման ժամանակագրությանը, առաջին կատարումների, ձայնագրությունների և հրատարակումների պատմությանը:
Գրքի խմբագրական աշխատանքները կատարել է Աշխեն Մկրտչյանը: Տպագրությանը աջակցել է Արմեն Մանասյանը:
Շուշան Հյուսնունցի և Արսեն Բաբաջանյանի «Գագիկ Հովունց. ստեղծագործական դիմանկարի ուրվագծեր - զրույցներ կոմպոզիտորի հետ» գիրքը երկու ճանապարհ է մատնանշում` առաջին` մեծ արվեստագետի հետ շփումը կամրջում է տարբեր ժամանակներն ու սերունդներին, վերջիններիս երկխոսությունն էլ ենթադրում է նորի ծնունդ, երկրորդ` այսօրինակ մոտեցմամբ կարելի է անդրադառնալ նաև ժամանակակից մյուս կոմպոզիտորներին. սա է ժամանակի հրամայականը:
Էլեն Յոլչյան
Էլեն Յոլչյան
- Created on .
- Hits: 28267