Ստվերախաղ

    Ստվեր-ուրվական-ոգի: Կախված կոնտեքստից` այս բառը ընթերցողի կամ ունկնդրի մոտ տարաբնույթ մտակառուցվածք/մտայնություն է առաջացնում: Ի՞նչ է ստվերն առհասարակ ու ըկալման ինչպիսի՞ տիրույթներ ունի այն:
    Դեռևս հին ժամանակներում ստվեր կոչվածը եղել է սարսափի պատճառ, շատերին խորհելու թեմա է տվել, շատերն են խաղացել դրա հետ: Ստվերը կա, երբ կա լույս ու մենք այն փակում ենք: Մենք կախված չենք մեր ստվերներից: Այդ ստվերն է կախված մեզնից, քանի որ եթե լույսն ու մենք  չկանք, չկա նաև ստվերը: Այն մեր մասին ոչինչ չի պատմում, մեզ չի ճանաչում, «կրկնօրինակում» է միայն մեր մարմնի ձևը: Սակայն այսպիսի պատկերացումներ չկային վաղ ժամանակներում:
    Սովորաբար մարդկային պատկերացումներում ստվերը վերագրվում է հիմնականում մահացածի հոգուն: Համարվում էր, որ միայն ընտրյալներն էին ազատվում որպես ստվեր ապրելու ճակատագրից: Ենթադրում էին, որ ստվերը ուրվականի հոգին է. Հին Հռոմում ուրվականը համարվում էր մահացածի ստվերը: Ստվերը կարող է վերաբերել առաջին՝ անգիտակցության հավերժականությանը՝ այն ամենը, ինչի հանդեպ մարդը ամբողջապես գիտակից չէ, երկրորդ՝ անձի անգիտակից մասին, որն անձի գիտակից եսն իր մասը չի համարում:
stverner -       Ստվեր կա նաև արվեստում… Հաճախ ստվերների առկայությունը նկարի ամենատպավորիչ մասն է կազմում: Այն կիրառում են, թե նկարիչները, թե լուսանկարիչները` ստանալով անհավանական պատրանքներ:
    Հասկանալի է, որ երևույթը  շատ խորը արմատներ ունի ու  բազմիմաստ է:
    Ի՞նչ է ստվերը որպես բնական երևույթ. այն լույսից է ծնվում, բայց լույս չէ: Որևէ «օբյեկտով»  արևի ճառագայթներից պաշտպանված, արևից զերծ մնացող տարածություն, որևէ մակերևույթի, առարկայի վրա ընկնող մթնագույն անդրադարձում, որ ստացվում է հակառակ կողմից լուսավորված առարկայից: Ստվերները պատկերների բծերն ու երանգներն են, որոնք մեխանիկորեն, անկախ իրենց կամքից, վերարտադրում են պատկերված առարկայի և տեղանքի նվազ լուսավորված մասերը:  Լույսի և մթության մեջ սուբյեկտի կամ օբյեկտի թույլ աղոտ գծագրություն, որը պատկերային ասելիք է ունենում: Ստվերը լույսի հետ բախման արդյունքում ստեղծվածն է: Բառացիորեն` ստվերը լույսը փակելու արդյունքում առաջացած պատկերն է:
    Հարց է առաջանում` ինչու ենք փորձում ստուգաբանել այս բառի խորքային իմաստը… գուցե նրա համար, որ փորձենք հասկանալ այդ երևույթի մաքրագործված ու տրանսֆորմացիայի ենթարկված արտացոլանքը Վահագն Ղուկասյանի ստեղծագործություններում:
v.Ghukasyan    Նոյեմբերի 12-ին Երևանի նորաբաց «Ականաթ» art gallery-ում տեղի ունեցավ գյումրեցի երիտասարդ արվեստագետ Վահագն Ղուկասյանի «Ստվերներ» խորագրով անհատական ցուցահանդեսը:
    Այսպիսին էր ցուցահանդեսի այցեքարտը՝ համադրող արվեստաբան Արման Գրիգորյանի շարադրմամբ. «Հայաստանի ժամանակակից արվեստով հետաքրքրվողները հնարավորություն ունեն հանդիպել ստվերի հետ անմիջականորեն կամ ուղիղ հարաբերման մեջ մտած արվեստագետի հետ»: Միտքս շարունակեմ համադրողի կոնցեպտի վերապատմամբ. Վ. Ղուկասյանն օգտագործում է հետաքրքիր մի մեթոդ. նա արևոտ օրերին կտավը դնում է գետնին` իր այգու ծառերի տակ, ու որքան հնարավոր է արագ, որովհետև երկրագունդը  մեծ արագությամբ պտտվում է ու լույսը շարժվում է, գծում է կտավի վրա ընկնող ստվերի կոնտուրները, այնուհետև յուղաներկով կենդանացնում ու տարածության մեջ ձուլում է ծառերի ու թփերի պատկերները` ստանալով բնանկարներ, որոնք կարելի է անվանել անգիտակցական հայացքով դիտված փսիխո-լանդշաֆտներ: 
stverner        Այսպիսի ստվերախաղի մեջ է մտել արվեստագետը: Բնության ստվերներ, որոնք իրենց պատկերային արտացոլմամբ «հպվել» են կտավի մակերևույթին, այնուհետև արվեստագետի ընկալողական հայացքի ու վրձնի մի քանի վարժ շարժումով ամրագրվել կտավին, դարձել աննյութ, մաքրագործված ստվերային պատկերներ:
    Որքան էլ ստվերը մեզ անկենդան է թվում ու չի ներկայացնում առարկան այնպիսին, ինչպիսին այն կա իրականում իր ձևի մեջ, այն դիտողին հնարավորություն է տալիս զգալ պատկերի մետամորֆի կամ նշանի վերածված ձևը պատկերից անդին` դեպի ստվերային աշխարհ:
    Վահագնի հետ զրույցի ընթացքում հասկացանք, որ նա նախկինում ստեղծագործական պրոցեսի մեջ գտնվելու ժամանակ շատ քիչ անգամներ է ուշադրությունը բևեռացրել ստվերի վրա ու մտածել դրա մասին: Միայն հետո է արվեստագետը նկատել է, որ իր տեսողական պրիզմայում ստվերները սկսել են մեծ առաջնայնություն ունենալ ու այդտեղից է սկսվել /2 տարի առաջ/ արվեստագետի ստվերով գրավվելու ու դրա հետ սերտ հարաբերման պահը: Արվեստագետի վերջին շրջանի գործերից դեռևս նկատելի է բնությունը՝ կոնկրետ սևեռումը ծառի մոտիվացիայի  զարգացման վրա: Մենք կարծում ենք, որ Վահագնի «Ստվերներ» շարքը սերում է այդ շրջանի գործերից: Գուցե նա իր այսօրվա արվեստով  ձգտում է հասնել մինիմալիզմի կամ, դեռ իր ստեղծագործական գերխնդրիը դա չհամարելով, չի էլ նկատում, որ քայլեր է անում այդ ուղղությամբ:
IMG 7602    Դիտելով Վահագնի եթերային ու մեթոդով նորարար ստեղծագործությունները` դիտողը զգում էր, թե ինչպես է Վահագնին գրավել ստվերն իր հարափոփոխ շարժման մեջ:
    «Ես նկատում էի, որ արևի ու լույսի առկայությամբ աշխատանքս զարմանալի արագությամբ առաջ էր գնում, հետո դրանց անհետացման հետ կանգնում էր` սպասելով հաջորդ օրվա ստվերային տարափին»,- ասում է ստվերներ պատկերող նկարիչը:
    Գործերում շնչող, բայց ստվերային-մետամորֆ բնությունն է: Տեղ-տեղ դրանք դիտողի հայացքի առաջ վազում են գունային ռեֆլեքսներով, հետո աշխույժ շարժուձևով կառավարվում նկարի տիրույթում, կոտրատվում, խաչվում, միաձուլվում, կտավի որոշ հատվածներում դառնում աղոտ: Նկատելի է, որ գործերի որոշ հատվածներում արևը ‹‹կերել» է ստվերներին, այնուհետև ստվերային խաղն է հաղթել ու գալով նկարի տիրույթ` դարձել անհավանական պատրանքային:
akanat-v-gukasyan    Գործերի ընկալման տեսանկյունից տրամադրող էր նաև ցուցասրահը: Այն, լինելով ապակեպատ, նրբանկատ դիտողին հնարավորություն էր տալիս նկատելու տարածքի ու իր սեփական ստվերը գործի մակերևույթին:
    Դա անբացատրելի ստվերախաղ էր…
    Վահագնը իր այս յուրօրինակ ու նորարար շարքով մեզ ստիպեց գալ այն համոզմունքին, որ բոլոր «գեղեցկությունները» ծածկված են ստվերով: Ստվեր կա կյանքի ամեն մի երևույթի վրա: Ստվեր կա հանճարի ճակատին, նույնիսկ աշխարհը ծածկված է ժամանակի փոփոխվող ստվերով…
 
Անդրադարձը` արվեստաբան  Լիլիթ Գալոյանի 
 
  • Created on .
  • Hits: 6642

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: