• cultural.am
  • Գրականություն
  • Գրախոսություն
  • «ԿՈԼԱԺԻ ԱՐԽԻՏՈԿՏՈՆԻԿԱՆ» ԱՇՈՏ ՀԱԿԱԶՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ

«ԿՈԼԱԺԻ ԱՐԽԻՏՈԿՏՈՆԻԿԱՆ» ԱՇՈՏ ՀԱԿԱԶՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՄԱՐԳԱՐԻՏԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ

 ՀՀ կառավարությանն առըթներ քաղաքաշինության պետական կոմիտեի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում հոկտեմբերի 27-ին բացվել է «Կոլաժի Արխիտոկտոնիկան» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, գրաֆիկ Աշոտ Հայկազուն Գրիգորյանի և բանասեր, արվեստի սիրահար և նվիրյալ Մարգարիտա Գևորգյանի 70-ից ավելի կոլաժային աշխատանքները:

 Աշխատանքները գունեղ են, խոսուն, թեմատիկ պատկերները՝ բազմազան: Նրանք դիտողին գիտակցաբար թե անգիտակցաբար ճանապարհորդել են ստիպում արվեստի ու գրականության անցյալի ու ներկայի տարածություններում: Հետաքրքիր է արվեստագետների մոտեցումը նյութին, և գնահատելի՝ տարաբնույթ ու անսպասելի համադրությունների արդյունքում արվեստի գործ ստանալու նրանց վարպետությունն ու տաղանդը:

 Արվեստագետների հիմնական աշխատանքային նյութերից են թուղթը՝ զանազան գունավորումներով, լուսանկարը, պաստառները, դեկորատիվ և հնամաշ իրերը, տարատեսակ կտորտանքները և այլն: Ի դեպ նման տեխնիկայով առաջին կոլաժային աշխատանքերը հանդիպում ենք եվրոպական արվեստում, մասնավորապես կուբիստների, ֆուտուրիստների և դադաիստների մոտ: Հայ կերպարվեստում կոլաժային արվեստի լավագույն ներկայացուցիչներից է համարվում կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովը:

 Մարգարիտա Գևորգյանը, մասնագիտությամբ բանասեր է, սակայն դեռ մանկուց մեծ հետաքրքրություն ու սեր է ցուցաբերել կոլաժային արվեստի հանդեպ: Առաջին փորձերը արվել են զանազան հին ամսագրերի էջերը կտրելով և կտրտված հատվածները մեկը մյուսի վրա դնելով ու սոսնձելով․ այդպես նա փորձել է ստեղծել իր պատկերացրած արվեստի աշխարհը: Այսօր Մ․ Գևորգյանն արվեստասեր հասարակությանն է ներկայացնում պարզ, բայց խորիմաստ գրաֆիկական խառը տեխնիկայով արված գործեր: Կոլաժների հերսները տարբեր են. հանդիպում ենք դիցաբանական, պատմական, երաժշտական, թատերական, վերացական հերոսների՝ ժանրաթեմատիկ տարբեր դրսևորումներով: Ցուցադրությունում որոշ աշխատանքեր զուգահեռվում են Փարաջանովի կոլաժային աշխատանքների հետ․ Մ. Գևորգյանը տպավորված է եղել վարպետի արվեստով։ Սա Գևորգյանի արդեն չորրորդ ցուցահանդեսն է: Հետագայում նախատեսում է ցուցադրութուններ ունենալ նաև արտասահմանում՝ իր աշխատանքներով ներկայանալով եվրոպական արվեստասերներին։

 Աշոտ Հայկազուն Գրիգորյանի աշխատանքերում հերոսները ճարտարապետական կոթողներն են, դասական և ժամանակակից կարպարվեստը՝ իր տարբեր դրսևորումներով, երաժշտությունը և այլն: Գրիգորյանի առաջին կոլաժները ստեղծվել են Փարիզում, երբ արվեստագետը շնչում էր ֆրանսիական դասական և ժամանակակից արվեստով: Վերադառնալով Երևան և խորանալով կոլաժային արվեստի և նրա տեխնկային մեջ՝ Ա. Գրիգորյանը ստեղծում է բազմաթիվ գործեր և ունենում իր առաջին անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների տանը: Առաջին առանձնահատկությունը, որ գրավում ու զարմացնում է դիտողին, Գրիգորյանի անսպառ ստեղծագործ միտքն է, ձևաոճային բազմազանությունը: Ցուցահանդեսը ներառում է վերջին տարիներին արված աշխատանքները: Այստեղ դիտողը հանդիպում է քաղաքային տեսարնների, հայական մոտիվների, դիզայնի և ճարտարապետության համադրությունների, երաժշտական, կենդանական և բուսական թեմաների համադրությունների և այլն: Աշոտ Հայկազուն Գրիգորյանի աշխատանքերը գնահատված են նաև արտերկում, ցուցադրվել են Կանադայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանի Դաշնությունում, Թուրքիայում և այլուր:

 Նրա աշխատանքերը տպավորիչ են, գունային համադրությունները հիմնականում մեղմ տոներում են: Կոլաժներում օգտագործված յուրաքանչյուր կտորտանք իր մեջ պարունակում և դիտողին է փոխանցում մի պատմություն, հիշողություն, հույզեր, երբեմն ափսոսանք և տագնապ, չավարտված մտքեր, դատարակ էջեր, որ դեռ պետք է գրվեն ու լրացվեն...

 Այս յուրահատուկ ցուցադրությանը կարող եք ծանոթանալ մինչև ս/թ նոյեմբերի 10-ը՝ Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում: Մուտքը՝ Հանրապետության փողոցից․ մուտքն ազատ է:


Անի Հայկազուն, արվեստաբան

0 0 0կոլլաժ

0 0 0կոլլաժ1

0 0 0կոլլաժ2

0 0 0կոլլաժ3

0 0 0կոլլաժ4

0 0 0կոլլաժ5

0 0 0կոլլաժ7
  • Created on .
  • Hits: 48052

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: