Իմպրեսիոնիզմ

Արվեստի մեջ յուրաքանչյուր դարաշրջան թելադրում է իր գաղափարախոսությունը և ձևավորում է յուրօրինակ մտածողություն, ուրվագծում է ոճը, կոնկրետացնում անհատների ձեռագիրը: Շատ քիչ են այնպիսի արվեստագետները, ովքեր կարողանում են զերծ մնալ որևէ ուղղությանը պատկանելու «պիտակից», չէ որ պատմաբաններն ու տեսաբաններն ամեն կերպ փորձում են այսինչ ստեղծագործողին տեղավորել այնինչ ուղղության մեջ:
Նման փորձ տեղի ունեցավ նոյեմբերի 20-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, որտեղ տեղի ունեցավ կամերային երաժշտության համերգ՝ «Իմպրեսիոնիզմ» խորագրի ներքո: Համերգի կազմակերպիչները երիտասարդ, բայց արդեն իսկ պրոֆեսիոնալ երաժիշտներ էին՝ դաշնակահարուհի Աիդա Եսայանը և ջութակահարուհի Լուսինե Հարությունյանը: Երկար տարիների համագործակցության արդյունքում ձեռք բերված փորձն ու հարուստ նվագացանկը ծնեցին այս համատեղ համերգի գաղափարը:

Գաբրեիլ Ֆորեն ֆրանսիական ուշ ռոմանտիզմի ավանդույթներով ձևավորված, իր ապրած ժամանակի պես փոփոխական և նորությունների սիրահար էր: Դրա մասին վկայում են իր մի շարք ստեղծագործությունները՝ Ռեքվիեմը, «Մադրիգալը», «Պելեաս և Մելիզանդե» սիմֆոնիկ սյուիտը, ինչպես նաև մի շարք ռոմանսներն ու դաշնամուրայի ստեղծագործությունները:
Կլոդ Դեբյուսին երաժշտության պատմության մեջ համարվում է երաժշտական իմպրեսիոնիզմի հիմնադիրը: Համերգին հնչած կոմպոզիտորներից նա, թերևս, ամենաիմպրեսիոնիստն էր, չնայած նրան, որ չէր ընդունում իմպրեսիոնիզմ հասկացությունը: Այնուամենայնիվ նա այդ գաղափարախոսության կրողն է, որի սկզբունքներով էլ գրված է խորապես իմպրեսիոնիստական սոնատը ջութակի և դաշնամուրի համար:

Հաջորդ կոմպոզիտորը՝ Մորիս Ռավելը, որպես ֆրանսիացի խոշոր արվեստագետ-կոմպոզիտոր դեռևս լիովին բացահայտված չէ: Նա թողել է բավական հարուստ և արժեքավոր ստեղծագործական ժառանգություն, որի ժանրային բազմազանությունը և երաժշտական լեզվի փոփոխականությունը դժվարեցնում է պատմաբանների գործը՝ որևէ կոնկրետ ուղղությանը դասելու առումով: Ելնելով տարբեր մշակույթների հետ շփումից և ազդեցությունից՝ ժամանակագրական առումով Ռավելի ստեղծագործական գործունեությունը կարելի է բաժանել մի քանի փուլերի: Ջութակի և դաշնամուրի համար տվյալ սոնատը գրվել է այն տարիներին, երբ կոմպոզիտորը Ամերիկայում էր, ուր ծաղկում էր ապրում ջազի արվեստը: Կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի հետ շփումը նրա մոտ մեծ սեր է առաջացնում ջազի հանդեպ և շուտով այս սերն ուղղորդում է Ռավելին սոնատը «համեմել» ջազային երաժշտությանը բնորոշ տարրերով և սոնատի մասերին տալ յուրօրինակ անվանումներ` 1.Allegro 2.Blues 3.Perpetuum mobile: Այս գունագեղ սոնատը դարձավ համերգի վերջին զարդը, որն այնքան դուր եկավ ունկնդրին, որ կատարողները ևս մեկ անգամ հնչեցրին սոնատի երկրորդ մասը:

Նման ձևաչափով համերգի նախաձեռնությունը ողջունելի է, քանի որ այն օգնեց դարաշրջան-ուղղություն-կոմպոզիտոր-կատարող կապին նոր իմաստավորումով մոտենալ:
Սոնա Հայկազուն Լուսանկարները՝ Արման Կարախանյանի
Սոնա Հայկազուն Լուսանկարները՝ Արման Կարախանյանի
- Created on .
- Hits: 10561