Թումանյանի «Մարոն» ՆՓԱԿ-ում

     Նոյեմբերի 9-ին ՆՓԱԿում «Մարո» ներկայացումն էր՝ ըստ Հովհաննես Թումանյանի նույնանուն պոեմի: Բեմադրման ռեժիսորը Նանոր Պետրոսյանն է, ում կարող եք ճանաչել «Բռնաբարություն»  ներկայացումից, որը հանդիսատեսին ներկայացվել է  անցյալ տարի:
    Երկու ներկայացումները ինձ թույլ են տալիս կարծել, որ ռեժիսորի աշխատանքային մեթոդն է խնդրականացնել թատրոնը` որպես միջոց, մակերես բերել այն, ինչ դասական թատրոնում գաղտնի է մնում: Այլ կերպ ասած` գաղտնազերծել կամ, ինչ-որ առումով կարելի է ասել նաև, ապամիֆականացնել թատրոն-միջոցը: Ինձ հավակնություն թույլ կտամ ասելու, որ քանի որ  արվեստի միջոցի խնդրականացումը մոդեռնիստական քայլ է, «Մարոն» էլ մոդեռնիստական բեմադրություն է, որ հաճախ չի հանդիպում հայ թատրոնում:
Ուրեմն ինչպե՞ս էր խնդրականացվում միջոցը:
       Մարոյի 12 դերասաններից երկուսն են միայն, որ թատերական կրթություն ունեն: ԴերԱՍԱՆ-ի ֆունկցիան կարծես փոխվում է այս ներկայացման մեջ: Նկատում ենք, որ այս բառն ինքնին իր մեջ ունի «ուրիշ մի դեր ասելու» իմաստը, իսկ ասելը ենթադրում է կոնկրետ բան ասել: Սակայն այս բեմում ամեն չդերասան ասում է իր սեփական դերը ու որոշակի ազատություն ունի սպոնտան ստեղծագործելու միջոցով կառուցել իր կերպարը: Հարկ է շեշտել, իհարկե, նախորդ նախադասության «որոշակին», որովհետև ամեն դեպքում ներկայացումից ռեժիսորը  հստակ կառուցվածք է ստացել:
«Դերասանական խաղը», որ հաճախ առօրյայում նույնիսկ որպես կեղծության, շինծու լինելու հոմանիշ է օգտագործվում, այստեղ հասցված է գրոտեսկի: Կերպարները բացել են խաղաքարտերն ու աչքդ են մտցնում, որ խաղում են ու բեմում կատարվածն ամենևին էլ ըստ քո պատկերացումների կյանքի մի կտոր չէ` բարձրացված վեր:
        Բեմում ոչինչ չի աշխատում, բացի չդերասանից: Համարյա ոչ մի դեկոր օգտագործված չէ, ձայները դուրս են գալիս ՄԻԱՅՆ դերասանների բերանից: Թատրոնի բնականության պատրանքը կոտրվում է, երբ, օրինակ, դերասանը առանց ավելի ավլում է հատակը և կողքից մեկը անթաքույց ավելի ձայն է հանում:
        Մինչև ներկայացումը շատերի մոտ տարակուսանք կար, թե  երեք էջանոց մի պոեմ, ուր խոսում է միայն հեղինակը, ինչպե՞ս է բեմադրվելու տասներկու հոգով` առանց Թումանյանից մի բառ այս կողմ-այն կողմի: Ռեժիսորն այստեղ օգտագործել էր Ջիբրիշ կոչվող թատերական լեզուն` առանց բառերի, քերականության, իմաստների, հիմնված զգացողությունների վրա և ավելի շատ ձայնարկությունների տպավորություն ստեղծող: Այս ամենը նշանակում է նաև լեզու` առանց տեղային կոնկրետ հիմք շեշտելու, ինչը անխուսափելի կլիներ ցանկացած այլ լեզվի դեպքում: Այս իմաստով ներկայացումը կարծես թափառաշրջիկ լիներ` առանց կոնկրետ տեղ նշելու կախվում էր յուրաքանչյուր համայնքի գլխին:
        Համայնքի  որոշիչ դերը յուրաքանչյուրի ճակատագրում: Սրա մասին էին պոեմում բամբասում տարբեր հերոսները` Մարոյի ընկերուհիները, բամբասկոտ կինը, ջադու պառավը, հովիվները, տիրացուն, խենթը:
                                                                                                                                 նարե սահակյան
                                                                                                                                                                                                        
  • Created on .
  • Hits: 6203

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: