ՀՆԻ ՎԵՐԱՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄԸ ՊՈՍՏՄՈԴԵՌՆԻԶՄԻ ՇՆՉՈՎ
Գաֆեսճյան արվեստի կենտրոնում հոկտեմբերի 9-ին բացվեց «Շունչ» ցուցահանդեսը, որը դարձավ հայկական ժամանակակից արվեստի զարգացման ամենավառ նախանշաններից մեկը: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Արդեան» դիզայներական խմբի հեղինակ, արվեստագետ, ճարտարապետ Վազգեն Բրուտյանը, միավորելով հայ երիտասարդներին, ցույց է տվել այն հզոր ստեղծագործական երևակայության ներուժը, որը նստած է ժամանակակից հայ երիտասարդների մեջ: Մշակութային տեսանկյունից ցուցահանդեսը շատ հետաքրքիր է մի շարք պատճառներով:
Ցուցահանդեսի համար ուսումնասիրվել են հայկական մշակույթի տարբեր էլեմենտներ՝ խաչքարեր, փորագրություններ, ձեռագրեր, որոնք համադրելով և ներկայացնելով թվային տեխնոլոգիաների միջոցով՝ երիտասարդները ստացել են տարածքային կոմպոզիցիա, որը բնորոշ է ինստալյացիային: Ցուցահանդեսը բաղկացած է չորս կարևոր կոնցեպտուալ մասերից` «Երկրաշունչ և Երկնաշունչ», «Հոգենորոգ շունչ», «Նոր լույսի ներքո» և «Ոգեշնչում»: Տեքստերի հատվածները, որոնք վերցված են Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից, յուրովի պատկեր են ստեղծում, որը շատ բնորոշ է կոնցեպտուալ արվեստին: Կոնցեպտուալ արվեստը և ինստալյացիան պոստմոդեռն մշակույթի կարևոր ուղղություններից են: Հետաքրքիր է, որ տեքստը այստեղ կարևորվում է ավելի շատ տեսողական տեսանկյունից, այսինքն՝ այն դիտարկվում է ավելի շատ որպես սեմիոտիկ նշանների համակարգ՝ հատկանշելով պոստմոդեռնիզմի գլխավոր սահմանումներից մեկը` «Տեքստից դուրս ոչինչ գոյություն չունի»: Կարելի է տեսնել տեքստի դեկոնստրուկցիա, որը, լինելով պոստմոդեռնիզմի ևս մեկ հատկանիշներից մեկը, հնարավորություն է տալիս դիտողին կենտրոնանալ տեքստի առանձին մասերի վրա և ինքնուրույն գտնել իմաստը: Ցուցահանդեսի բոլոր աշխատանքները շեշտադրում են քրիստոնեությունը՝ որպես կարևոր արժեք: Իսկ եթե ուշադրություն դարձնենք ցուցահանդեսի գլխավոր խորագրին և նրա բաղկացուցիչ մասերին, ապա կարող ենք նկատել բառախաղ, որի հիմքում ընկած է Շունչ արմատը, ինչը նաև համընկնում է Աստվածաշունչ բառի հետ:
Այսպիսով՝ այս նախագիծը յուրահատուկ արժեք է ներկայացնում` մի կողմից կրելով պոստմոդեռնիզմի տարրերը, մյուս կողմից նշելով քրիստոնեության կարևորությունը հայկական մշակույթի մեջ: Ներկայացնելով անցյալի մշակույթը և լուսավորելով այն ժամանակակից արվեստում նոր երիտասարդության ստեղծարար ոգով՝ ցուցահանդեսը արդարացնում է իր գլխավոր խորագիրը` Շունչը…
Շուշան Խաչիկյան
- Created on .
- Hits: 57964