Ջոն Սթայնբեք. «Գրիր ազատ և որքան հնարավոր է արագ»
1975 թվականին «The Paris Review» հանդեսին տված իր հարցազրուցում Նոբելյան մրցանակակիր, ամերիկացի արձակագիր Ջոն Սթայնբեքը կիսվեց իր ստեղծագործական գաղտնիքներով, թե ինչպես պետք է գրել:
1. Մոռացի´ր այն մտքերը, որոնք երբևէ մտադիր ես եղել ավարտել: Մոռացի´ր 400 էջի մասին, որ պետք է գրես և գրի´ր պարզապես մեկ էջ յուրաքանչյուր օրվա համար, դա օգնում է: Հետո անակնկալի կգաս, երբ պարզես, որ ավարտել ես:
2. Գրի´ր ազատ և այնքան արագ, որքան հնարավոր է, ողջ եղածը շպրտի´ր թղթի վրա: Երբեք նորից մի՛ գրիր կամ ուղղումներ մի´ արա մինչ վերջակետ դնելը: Արտագրելու գործընթացը սովորաբար կարելի է համարել արդարացում չշարունակելու համար: Այն նաև արգելակում է հոսանքն ու ռիթմը, որը գալիս է միայն նյութի հետ՝ անգիտակցական ասոցացիաների ձևով:
3. Մոռացի´ր ընդհանրացված լսարանիդ մասին: Նախ անանուն, անդեմ լսարանը մահու չափ կվախեցնի Քեզ, և երկրորդ՝ ի տարբերություն թատրոնի, այստեղ այն գոյություն չունի: Գրականության մեջ քո լսարանը քո միակ ընթերցողն է: Ես եկա այն մտքին, որ երբեմն օգնում է մեկ անձի ընտրել՝ իրական մեկին, ում ճանաչում ես, կամ երևակայական մեկին, և գրել նրա համար:
4. Եթե տեսարանը կամ հատվածը քեզ մոտ չի ստացվում և կարծում ես, որ կարող ես ավելի լավ գրել, շրջանցի´ր և առա՛ջ անցիր: Երբ վերջացնես ամբողջը, կարող ես վերադառնալ դրան, և հնարավոր է՝ հետո պարզես, որ քեզ անհանգստացնող պատճառն այն էր, որ այդ հատվածը պարզապես իր տեղում չէր:
5. Զգուշացի´ր Քեզ չափազանց հարազատ տեսարանից, այն տեսարանից, որն ավելի հաճելի է, քան մնացած հատվածները: Սովորաբար նման տեսարանները դուրս են մնում շարադրանքից:
6. Եթե երկխոսություն ես ներկայացնում, բարձրաձայնի´ր այն գրելու ընթացքում: Միայն այդ ժամանակ այն կհնչի որպես հնչյունավորված խոսք:
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
- Hits: 7587