Արամ Մամիկոնյան

ճայերը կտցում են մեր մարմինները

Antonie Josse(բանաստեղծություններ)
նկարը՝ Անտոնի Խոսեի

*
իմ չգրված ստիխ՝
էն, որ դեռ չեմ գրել,
էն, որ պիտի գրեմ,
արի իմ տուն,
նստի 35 համարի երթուղայինն ու արի իմ տուն,
էնքան մենակ եմ,
մանավանդ,
երբ բոլոր բաժակաները լցված են ջրով,
բոլոր անկողինները՝ սիրահարներով ու ոչ միայն,
ստամոքսս՝ քնաբերներով ու ալկոհոլով,
գրքերը՝ բառերով                                              

իմ չգրված ստիխ՝
էն, որ անպայման գրելու եմ,
չվախենաս երթուղայիններից,
էդտեղ շնից շատ մարդ կա,
էդտեղ մարմինցդ առավել հոգիդ է ճզմվում,
էդտեղ ամենաճիշտ վայրն է 
փոքրությունդ գիտակցելու…

արի սիրավեպի հեփի էնդի չափ սպասելի մի օր,
ներս մտի առանց հարցնելու,
իրար սիրենք, իրար հետ քնենք, իրար ուտենք,
իրար քծնենք
մի ամբողջ կյանք,
վերջում պառկենք հանգստի սղլիկ ու պսպղուն
մետաքսի մեջ դագաղի
ու ներծծվենք հողում,
ասես չենք էլ եղել
արի,
ես էնքան էլ վատ տղա չեմ,
բայց թե դուրդ չգամ 
ուղղակի սուրճ կխմենք, կզրուցնեք, կծխենք,
դու ծխո՞ւմ ես

իմ ստիխ 
լինեմ քեզ համար մաշված կոշիկ
ամենահարմարն ու ամենահարազատը,
քայլենք աշունների վրայով,
ճյուղերի պես ոտքիդ տակ ճտճտացող սերերիս վրայով,
խցանումների, էլեկտրալարելի, քաղաքների վրայով,
էնքան լիքը լինեմ, որ տամ ու չպրծնեմ,
որ տամ ու դառնամ ավելի սիրուն
ամենասիրունը,
թե չէ հիմա տեսքս մի բան չի,
կիստ-պռատ եմ առանց քեզ,
աչքերս կարմրած են, կոպերս՝ այտուցված,
որ տեսնես, կասես՝
էլի ամբողջ գիշեր չեմ քնել 
կամ սրտային անբավարարություն ունեմ

ամեն ինչ պատրաստ է՝
ապահարզանը նախկին օրերից,
հիմար ժպիտը դեմքիս վրա
ու էս նոր ստիխը, որ մի քիչ նման է քեզ
արի
 
 
*
նա սակարկել գիտի,
այնպես որ հերթական անգամ
կշոշափես գրպանիդ դատարկությունը…

ու քամիներդ խաղ կտան փեշերի հետ,
ազդրերով ի վեր բարձացող
քամիներդ…
…նա կհեռացնի ազդրերը,
կոնքերի մեջ կընդունի
ժանգոտվող տղամարդկությունդ…
… նա քեզ սակարկել գիտի…

դու կհանգցնես հեթական գլանակը,
կճմռես Ռեդ Բուլի դատարկ թիթեղյա տուփը,
կհանգցնես հաջորդ գլանակը
(գինին այլ համ ունի էս զիբիլից ու նրանից հետո)…
…կհանգցնես վերջին գլանակը…

կազատվես սենյակիդ ներկայությունից,
ու քաղաը կշնչի դեմքիդ
անցումի ծանր միզահոտը,
մյուս անցումի էլ ավելի ծանր միզահոտը,
քո,
արդեն փակվող սրճարանների
կիսդատարկությունը,
պոդիումային թեթևամիտների պես
երկար ու բարակ
ձգվող մայթերի անծայրությունը…
…քաղաքը կշնչի քեզ…

կեղծ,
ինչպես համբուրվելը սեքսից առաջ,
և անկեղծ,
ինպպես համբուրվելը սեքսից հետո…
… դու,
նա,
մարդիկ,
ու գեղեցիկ մարդիկ…
…դասարանի գերազանցիկ աշակերտուհու
անտանելի պարտաճանաչությամբ կրկնվող
գիշեր-ցերեկները
քո՝ փող չկա-ն,
նրա շրխկացող սենյակի դուռը…

նա քեզնով սակարկել գիտի
անվերջակետ,
անվերջակետ…

 
pater noster 

հայր մեր,
եթե դեռ երկնքում ես
ցույց տուր մարդկանցից գաղտնի
ոտնաթաթերի վրա
փախչող երջանկությունը,
մի ձեռք տուր,
որ տուն քաշ կտա մեզ
փաբերից,
մի քիչ պատճառ
առանց ալկոհոլ
դիմանալու համար
ու հարազատ ուս ՝
գլխներիս տակ
տխրության ժամին
 
ու եթե իրականում վիճակված չէ,
թող  գոնե սուրճի բաժակից
սպասվող երկար ճանապարհորդություն,
հարսնացուներ
ու փեսացուներ
դուրս գան,
թող մենք գտնենք մեր երկրորդ կեսը…
…ինքնասպանը՝
իր շարժասանդուղքն ու պարանը,
հարբեցողը՝
առավոտվա գլխացավը
 
հայր մեր,
եթե դեռ չես փոշմանել ու իջել ներքև
ինձ հետ
մի ամբողջ կյանք
մահվանը նախապատրաստվելու
ու վերջում, միևնույն է,
մեռնելու համար,
մի տուր ինձ հանապազօրյա հաց,
մի փրկիր ինձ չարից,
միայն թե նկատիր
գրպանիս թաց լուցկիները,
ծխելու վերջին կոտրված հույսը
քնելուց առաջ
 
քանզի հավիտյան քեզ եմ տվել
արքայությունը,
և զորությունը,
և փառքը
պատասխանատվությունից
խուսափելու համար
 
ամեն
 
 
*
ես չշտապեցի քեզ տեսնելու,
երբ անգամ վերջացավ
վերջին հատ սիգարեթը,
ու դեռ անքնության
մի ամբողջ վեց ժամ կար

խշշում էր ծովի հին ռադիոն,
ափը դատարկ էր,
ու քեզնից բացի ոչ ոք չկար,
ում կարելի էր
փնտրել,
սպանել
ու ներողություն խնդրել…

և այն, ինչ մնաց
երամներով հեռացող
երկու թև հագած օրերից հետո,
սենյակներն էին՝
բետոնե խորանարդները,
որ մեզ կուլ էին տալիս
անմիջապես դուռը փակելուց հետո,
պարանից ու այրունազեղումերից
շարած վզնոցները,
ու մենակությունը
երկու կաթլի պես
առաստաղից կախ դողացող մարմինների

սեղանին խշշում էր ռադիոն,
ճայերը կտցում էին մեր մարմինները,
մենք քարեր չէինք նետում նրանց վրա,
ու միս ու արյուն կար նրանց բերանում,
այնքան, որ կհերիքեր
մի ամբողջ բանաստեղծության
երակներ լցնել

արևածագին ափը խեղդվեց
շնչահեղձ խեցգետինների
աճապարանքի մեջ,
խեցգետինների,
որ մասնատում էին մեզ
կտոր առ կտոր,
տող առ տող
փրկելով ավազը
հնարավոր բանաստեղծությունից

հետո նրանց փոքրիկ կարմիր կմախքները
անհետացան ալիքներում՝
մեզ թողնելով սառնությունը
դիակիզարան սահող մարմինների,
ու գիշերը լուսացավ
առանց ծխախոտ,
առանց գլխացավ,
առանց քեզ

 
այստեղ երկուսով ավելի տաք է

եթե տեսնում ես ինձ,
նկատիր նաև իմ թաց վերարկուն
կախիչից կախված
և ցեխոտ կոշիկներս
միջանցքի անկյունում…
 
*
Վեր կենամ,
քայլեմ առավոտներով,
հորանջեմ
գեղեցիկ բառեր,
անիմաստ տողեր...
Սուրճը՝ անպայման,
սուրճի հետք սպիտակ
երեկ փոխած վերմակիս՝
ըստ ցանկության...
 
Վեր կենամ,
մարսեմ օրը,
հասած, լխճված կարալյոկը,
բոլոր խաչմերուկները,
հեքիաթները,
որոնցից դեռ մանկուց եմ վախեմում...
 
Վեր կենամ
ու ամեն ինչից
մի քիչ, մի քիչ
չհասցնեմ,
երեկոյան թառամեմ
քառասունն անցների
ձգված կախված,
ձգված կախված,
ձգված
ու մեկ է էլի կախված
մաշկի պես...
 
Վեր կենամ,
կախվեմ առավոտներից,
գտնեմ ու կորցնեմ
ինձ ու նմաններիս,
որ, օր, քեզ
ոռնուուուուուու՜մ ենք,
ոռնուուուուուու՜մ ենք...
 
Անարձագանք
մեռնում-փրկվում ենք,
բոլոր կայքերից ջնջվում,
մաքրում ենք
բոլորին… մեզնից...
 
Վեր կենամ
առավոտներից,
անպետք բառից...
...բառերից
վեր կենամ...
  • Hits: 5978

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: