Ալիս Մունրո. Հատված Նոբելյան մրցանակի հարցազրույցից
Կանադացի արձակագիր Ալիս Մունրոն 2013-ին գրականության ոլորտում պարգևատրվեց Նոբելյան մրցանակով՝ որպես «ժամանակակից կարճ պատմվածքի վարպետ»: Նա վատառողջ էր և չկարողացավ մեկնել Ստոկհոլմ՝ հեղինակավոր մրցանակը ստանալու համար: Նոբելյան մրցանակի ստանալու հանդիսավոր արարողության ժամանակ կարդացվող ավանդական խոսքի փոխարեն շվեդական ակադեմիան նրա հետ հարցազրույց անցկացրեց իր իսկ տանը: Ավանդության համաձայն Նոբելյան մրցանակի դափնեկիրներն իրենց մրցանակը ստանալիս հանդես են գալիս ծավալուն դասախոսությամբ, որոնցից մի քանիսը դարձել են գրական ուղենիշներ, սակայն Ալիս Մունրոյի խոսքը եղավ 30 րոպեանոց հարցազրույցի ձևաչափով:
Մունրոն ասում է, որ որպես փոքրիկ աղջիկ, որն ապրում է հարավարևմտյան Օնտարիոյում, ինքը ոգեշնչվել է Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարս»-ից, երբ պատկերացրել է, որ իր սեփական պատմվածքն ավելի երջանիկ ավարտ կարող է ունենալ և սկսել է պատմվածքներ գրել:
Հատված հարցազրույցից
«Ես երկար քայլում էի դեպի դպրոց և այդ ընթացքում հիմնականում պատմվածքներ էի հորինում: Երբ մեծացա, պատմվածքները ավելի ու ավելի շատ դարձան իմ մասին. հերոսուհի այս կամ այն իրավիճակներում, և ինձ չէր անհանգստացնում, որ պատմվածքներս անմիջապես չէին հրատարակվում, և չգիտեմ՝ արդյոք մտածել եմ երբևէ մարդկանց մասին, որոնք գիտեն դրանց մասին կամ կարդացել են:
Իմ պատմությունն ինքը հենց մի պատմության մասին է, ընդհանրապես շատ բավարարող պատմություն իմ կարծիքով, որն ընդհանուր առմամբ փոքրիկ ջրահարսի քաջության մասին էր: Այն մասին, որ նա խելացի է և կարող է աշխարհն ավելի լավը դարձնել, որովհետև նա դուրս կցատկի աշխարհ և կունենա մոգական ուժ ու նման բաներ: Ես ցանկանում եմ, որ իմ պատմվածքները փոխեն մարդկանց. լինի տղամարդ, կին, թե երեխա: Ուզում եմ, որ պատմվածքներս լինեն կյանքի մասին, որ մարդիկ չասեն՝ օ, դա չէ ճշմարտությունը, բայց նաև գրածս ինչ-որ վարձատրություն լինի նրանց համար: Եվ դա չի նշանակում, թե այն պետք է երջանիկ ավարտ ունենա կամ այլ բան, դա նշանակում է, որ այն ամենն, ինչ պատմվածքում պատմվում է, փոխում է քեզ այնպես, որ ավարտելուց զգում ես, թե այլ մարդ ես: Երբ ես երիտասարդ էի, ինձ թվում էր, թե գրականությունն այնքան կարևոր բան է, որ գրեթե ամեն ինչ պետք է զոհաբերեմ նրան: Քանի որ այն աշխարհի մասին, որտեղ գրում էի (աշխարհ, որ ես ստեղծել էի), մտածում էի որպես ինչ-որ տեղ չափազանց կենդանի մի բանի, քան այն աշխարհը, որտեղ իրականում ապրում եմ: Ես ուզում եմ, որ մարդիկ իմ գործերում գտնեն ոչ այնքան ոգեշնչում, որքան մեծ հաճույք: Ահա, թե ինչ եմ ուզում: Ուզում եմ, որ մարդիկ վայելեն իմ գրքերը և մտածեն, որ դրանք իրենց կյանքի հետ ինչ-որ կերպ կապված են: Ես իմ մասին մտածում եմ ընդամենը որպես կնոջ և ոչ ավելի: …Երբ երիտասարդ աղջիկ եմ եղել, ստորադասության ոչ մի զգացում չեմ ունեցել կին լինելուս համար: Միգուցե պատճառն այն էր, որ ես ապրում էի Օնտարիոյի այն հատվածում, որտեղ… կանայք մեծամասամբ ընթերցանությամբ և պատմություններ պատմելով էին զբաղված, իսկ տղամարդիկ դրսում «կարևոր» գործերով և չէին մասնակցում պատմություններին: Այնպես որ, ես ինձ տանը հանգիստ էի զգում: Կարծում եմ, որ ցանկացած կյանք կարող է հետաքրքիր լինել, կարծում եմ՝ ցանկացած շրջապատ կարող է հետաքրքիր լինել: Չեմ կարծում, որ այսքան համարձակ կլինեի որպես գրող, եթե ապրեի ավելի մեծ քաղաքում և հաճախեի դպրոց այլ մարդկանց հետ, ովքեր հետաքրքրված էին նույն բանով, ինչով ես եմ հետաքրքրված: …Ես իմ իմացած միակ մարդն էի, որ պատմվածքներ էր գրում: …Ես, որքան գիտեի, միակն էի այս աշխարհում, որ կարողանում էր դա անել: Երբ դու գրող ես, դու երբեք նման չես այլ մարդկանց. դու մի աշխատանք ես կատարում, որի մասին ուրիշները չգիտեն, և չես կարող այդ մասին խոսել, դու միշտ գտնում ես քո ուղին գաղտնի աշխարհում, իսկ հետո «նորմալ» աշխարհում ինչ-որ այլ բան ես անում»:
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
- Hits: 7248