Չարլզ Բուկովսկի

Բուկովսկին գրաքննության մասին

    1985 թվականին տեղացի մի ընթերցողի դժգոհության պատճառով Նայմեգենի (Նիդեռլանդներ) հանրային գրադարանի անձնակազմը որոշում է գրադարակներից հեռացնել Չարլզ Բուկովսկու «Պատմություն սովորական խելագարության մասին» ժողովածուն՝ այն համարելով սադիստական, երբեմն ֆաշիստական և որոշ խմբերի հանդեպ խտրականության դրսևորմամբ (ներառյալ միասեռականները): Մեկ-երկու շաբաթ անց Հանս վան դեն Բրոեք անունով մի տեղացի լրագրող գրում է Բուկովսկուն և նրա կարծիքը հարցնում դրա մասին: Բուկովսկու պատասխան նամակը չի ուշանում: Նրա փայլուն պատասխանը ներկայացված է ստորև: Նամակի ձեռագիրը ներկայումս կախված է Open Dicht Bus գրախանութում:

    Շնորհակալություն նամակիդ համար, որը պատմում է Նայմեգենի գրադարանից գրքերիցս մեկի հեռացման մասին: Այն մեղադրվում է սևերի, միասեռականների և կանանց հանդեպ դիսկրիմինացիայի մեջ: Եվ դա սադիզմ է սադիզմի պատճառով:
  Մի բան կասեմ, որ ես վախենում եմ դիսկրիմինացիայից, և դա թե՛ հումոր է, թե՛ ճշմարտություն:
   Եթե ես միասեռականների, սևերի և կանանց մասին վատ եմ գրում, միայն այն պատճառով, որ նրանց, ում հանդիպել եմ, այդպիսին են եղել: Կյանքում շատ են «վատերը»՝ վատ շները, վատ գրաքննությունը, նույնիսկ «վատ» սպիտակ տղամարդիկ շատ կան: Միայն թե «վատ» սպիտակ տղամարդկանց մասին երբ գրում ես, նրանք չեն բողոքում: Եվ ի՞նչ, ես պետք է գրեմ «լավ» սևերի, «լավ» միասեռականների և «լավ» կանա՞նց մասին:   
    Որպես գրող ես ընդամենը լուսանկարիչ եմ. ինչ տեսնում, գրում եմ: Եթե գրում եմ սադիզմի մասին, միայն այն պատճառով, որ դա գոյություն ունի, ես չեմ բացահայտել սադիզմը, եթե որոշ սարսափելի գործողություններ են տեղի ունենում իմ ստեղծագործություններում, ապա այն պատճառով, որ նման բաներ մեր կյանքում պատահում են: Ես չարիքի կողմից չեմ, եթե նման բաները որպես չար են վխտում: Իմ գործերում ես միշտ չէ, որ համաձայն եմ կատարվածի հետ, և ոչ էլ օգնելու համար ձգձգում եմ ցեխում մնալը: Բացի այդ, հետաքրքիր է, որ մարդիկ, ովքեր դեմ են իմ աշխատանքներին, կարծես անտեսում են հատվածները, որտեղ ուրախություն, սեր և հույս կա, իսկ այդպիսիք, անշուշտ, կան: Իմ օրերը, իմ տարիները, իմ կյանքը լի են եղել վերելքներով և վայրէջքներով, լույսով և խավարով: Եթե ես միայն լուսավորի մասին գրեի և երբեք մյուս կողմը չհիշատակեի, ապա, որպես գրող, ստախոսի մեկը կլինեի:
    Գրաքննությունը գործիք է նրանց համար, ովքեր կարիք ունեն թաքցնելու իրականությունն իրենցից և մյուսներից: Նրանց վախը իրականության հետ առերեսվելն է, իսկ ես նմանների դեմ ոչ մի չարություն չունեմ: Ես միայն ահավոր տխրում եմ: Ինչ-որ տեղ իրենց դաստիարակության մեջ նրանք պաշտպանված են եղել մեր գոյության ընդհանուր փաստերից: Նրանց սովորեցրել են նայել միայն մեկ ուղղությամբ, երբ շատ ուղղություններ գոյություն ունեն:
    Իրականում, ես չեմ վհատվել, որ գրքերիցս մեկը տեղական գրադարանի պահարաններից գտել ու հեռացրել են: Ինչ-որ իմաստով, ինձ համար մեծ պատիվ է, որ իմ գիրքը նրանց ձանձրալի հոգիներում ինչ-որ բան արթնացրել է: Բայց ես վիրավորվում եմ, այո, երբ ինչ-որ մեկ ուրիշի գիրքը գրաքննության են ենթարկում, քանի որ այդ գիրքը սովորաբար մեծ գործ է լինում, և դարերի ընթացքում հենց դրանք են վերածվում դասականների, և այն գրքերը, որ մի ժամանակ արտասովոր և անբարոյական էին համարվում, այսօր մեր համալսարաններից շատերի պարտադիր ընթերցանության ցանկում են:
    Ես չեմ ասում, որ իմ գիրքը դրանցից մեկն է, ուզում եմ ասել, որ մեր օրերում, հենց այս պահին, որը կարող է մեզանից շատերի համար վերջինը լինել, ահավոր զայրացնող և աներևակայելի տխուր է, որ մեր մեջ դեռ ճղճիմ, զզվելի մարդիկ կան, վհուկներ որսացողներ և իրականությունը ժխտող հռետորներ: Մինչդեռ նրանք էլ մեզ հետ ամբողջի մի մաս են, և եթե չեմ գրել նրանց մասին, միգուցե հիմա այստեղ պետք է անեմ: Այսքանը:
    Եվ կարող է բոլորս միասին ավելի լավը դառնանք:  
 
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը

Սկզբնաղբյուրը՝ Letters of note
  • Hits: 7768

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: