ՈՒՈԼԹ ՈՒԻԹՄԵՆԸ՝ ՈՒԻԼՅԱՄ ՌՈՍԵՏՏԻԻՆ
Ուոլթ Ուիթմենի այս նամակն ուղղված է Ուիլյամ Ռոսետտիին[1]՝ «Խոտի տերևներ»-ի խմբագրին, ով ամեն կերպ աջակցել է Ուիթմենին և նպաստել Եվրոպայում նրա պոեզիայի տարածմանը:
Հունվարի 30, 1870թ.
Սիրելի պրն. Ռոսետտի,
Ձեզ եմ ուղարկում իմ վերջին ստեղծագործությունը (տպագրված մի ամսագրում, որ վերջերս է սկսել հրատարակվել Կանզասում) և առիթից օգտվելով՝ վերջապես գրում շատ ուշացրած նամակս: Ձեր՝ հուլիսի 9-ի և հոկտեմբերի 8-ի նամակները բարեհաջող հասել են, որից հետո այլևս ոչինչ չեմ ստացել: Ջոն Բըրոուզը վերադարձավ Անգլիայից փայլուն լուրերով, իր այցելությունից և զրույցներից ստացած ի սրտե բավարարվածությամբ: Ես նրան երկու օր առաջ տեսա: Լավ, ծաղկուն տեսք ուներ:
Դեռ կառավարության վարչությունում քարտուղար եմ (չեմ կարծում, որ տհաճ աշխատանք է), աշխատանքային ժամերը 9-ից 3-ն են, աշխատանքը ներկա պահին հեշտ է, աշխատավարձս տարեկան 1600 դոլար է:
Վաշինգտոնը լայնարձակ, հրաշալի վայր է՝ իր բնական առանձնահատկություններով` պողոտաներով, տարածություններով, տեսարաններով, շրջապատող բլուրներով, գետերով ևն – ամեն ինչ այնքան շատ, այնքան առատ - և հետո՝ հիանալի, դժվարին ու ընդարձակ ճանապարհներ (որոնք պատերազմի ժամանակ ռազմական ինժեներներն են կառուցել), որոնք տանում են քեզ հեռու-հեռավոր հովիտներով ու բլուներով, շատ ու շատ մղոններ հեռու: Լիալուսնի ժամանակ հաճախ սովորություն ունեմ մի քանի ընկերների հետ երկար զբոսանքի գնալ այդ ճանապարհներով` վեց ութ մղոն՝ դեպի Վիրջինիա կամ Մերիլենդ: Այդ տեսարանները հրաշալիորեն ոգեշնչող են իրենց նոր տեսքով: Մենք հրաշքներ ունենք այստեղ, գիշեր թե ցերեկ, աշխարհի ամենահիանալի եղանակներից ու մթնոլորտներից: Հատկապես գիշերները երբեմն մաքրության ու անաղարտության հրաշալիքներ են, օդը չոր է ու թարմացնող: Ի դեպ, գիշեր թե ցերեկ, ամբողջ տարածքը անսպառ հետազությունների, զբոսանքների հնարավորություն է ընձեռում - բաց երկնքի տակ անցկացրած մեղմ, ողջախոհ ժամեր: Սովորություններս դրանցով եմ հիմնականում կարգավորել: Ամուր առողջություն ունեմ, բախտավոր եմ, որ առավոտյան գրեթե միշտ արթնանում եմ թեթև սրտով ու լավ ախորժակով: Շատ քիչ եմ կարդում կամ մի բան ուսումնասիրում, ամեն օր երկու-երեք ժամ անց եմ կացնում փողոցներում կամ հասարակական վայրերում – բավարար չափով շփվում եմ ամեն տեսակի մարդու հետ - այսպես կոչված «հասարակության» մեջ ամենևին էլ չեմ մտնում, չնայած առաջին դասի որոշ կին ընկերների օրհնությունն եմ վայելում: Իմ կյանքն ընդհանուր առմամբ մեղմացել է, հոսում է հանգիստ ու խաղաղ, դեմոկրատական, էժան, հանրահայտ, հարմար, բավական հագեցած, մեծ հաճույք ստանալով, իհարկե, ծածկված նաև որոշ ամպերով ու ստվերներով: Մարմինս ու քաշս դեռ լավ վիճակում եմ պահում: Նկարները, որ Ձեզ ուղարկել էի նախորդ աշնանը, հավատարիմ են իմ իրական արտաքինին: (Ես դեռ պահում եմ Ձերը իմ առջև՝ գրասեղանիս դարակում՝ մի հատուկ խմբի մեջ):
Պոեզիաս, ըստ էության, դեռ բավարար ճանաչում չունի այստեղ՝ մի երկրում, որի համար գրվել է: Լավագույն ամսագրերն ու գրական հեղինակությունները (գրականության սրբազան հայրերը) լրիվ արհամարհում են ինձ և իմ պոեզիան: Այսօր ամերիկյան հրատարակիչ գտնելու ցանկացած փորձ ձախողման է դատապարտված (ինչպես, հավանաբար, գիտեք ինքս եմ տպագրել հաջորդ հրատարակությունները): Եվ թեպետ կան փոքրաթիվ հավանության արժանացնողներ և աշակերտողներ, ճնշող մեծամասնությունը շարունակում է ծաղրական վերաբերմունք, արհամարանք և պաշտոնական սառնություն դրսևորել: Այն, որ 1865 թվականին Ներքին գործերի քարտուղար պրն. Հարլանը իմ համեստ աշխատանքից ինձ հեռացրեց ակնհայտորեն միայն «Խոտի տերևներ»-ի հեղինակը լինելուս համար, խոսում է առկա բարձր պահպանողականության մասին: Ամսագրերը հաճախ մոլի ոխակալություն են դրսևորում:
Այստեղի ընդհանուր վիճակի մասին միայն այն կասեմ, որ երկիրը պատերազմից կարծես թե ամբողջովին վերականգնվել է: Բացի հարավային մի քանի նահանգներից՝ այստեղ ամեն ինչ առատ է ու աշխույժ, առավել քան երբևէ: Անսահման ու աննախադեպ արդյունավետություն, հարստություն, բնակչություն, բարելավում, նյութական գործունեություն, հաջողություններ, արդյունքներ, և հետո՝ տարածվել այդպիսի մի տարածքում՝ երեքից չորս միլիոն քառակուսի մղոն, իհարկե, նաև մեծ պարտքեր ու փոխհատուցումներ, բայց ի՜նչ հսկայական են օվկիանոսյան այս առատությունն ու ներքին հարմարավետության անսահմանությունը՝ ուտելիքի և խմելիքի համընդհանուր մատակարարումը, բնակելի տները, ֆերմաները, մեծաքանակ ճամփորդությունները, միգրացիոն սովորությունները, շատ փողը, նույնիսկ էքստրավագանտությունը: Ճիշտ է, ամեն ինչ արագ է կատարվել, սակայն ընդգրկուն հայացքով նայելիս դա ահռելի է և բավականին ռեալ: Այն ինձ երջանկություն ու հաճույք է պարգևում՝ այստեղի եռուզեռի ու ժխորի, ակտիվության ու նյութական հաջողության մեջ ապրելն ու շարժվելը, քանի որ ես ինքս բավականաչափ ծույլ ու ծանրաշարժ եմ դրան դեմ գնալու համար. չնայած կարևորը գործընթացի սկիզբն է և դրա կարևորությունը ապագայի համար (անշուշտ տեսնում եք իմ գրքում՝ ինչպես է այս միտքը գերիշխում ինձ մոտ):
…Ուրախ կլինեմ մեկ օրինակ ստանալ Ձեր «Ամերիկյան բանաստեղծների ժողովածու»-ից և միշտ սպասում եմ Ձեր նամակներին, իմ ընկեր (իհարկե հույս ունեմ` ինձ չեք պատժի իմ սեփական ձգձգումների համար), գրեք լիարժեք ու ազատ:
Ուոլթ Ուիթմեն
Հ.Գ. Ամսագիրը կուղարկեմ հաջորդ փոստով:
Ուոլթ Ուիթմենի նամակների ընտրանուց, Այովա Սիթի, Այովա Սիթիի համալսարանի հրատ., 1990:
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
_____________________________
1 Ուիլյամ Մայքլ Ռոսետտի, անգլիացի գրող, քննադատ:
- Hits: 7053