ՆԱՄԱԿՆԵՐ ՎԵՐԱՅԻՆ
Վլադիմիր Նաբոկովի նամականուց մի հատված՝ ուղղված կնոջը՝ Վերային։
Սիրելի՜ս, իմ սեր, իմ սեր, իմ սեր, դու գիտես, որ ողջ աշխարհի երջանկությունը, հարստությունը, իշխանությունն ու արկածները, կրոնների ողջ խոստումները, բնության ողջ կախարդանքը և նույնիսկ մարդկային համբավը չարժեն քո երկու նամակները։ Սարսափելի գիշեր էր, սոսկալի տառապանք զգացի, երբ պատկերացրի, որ չառաքված նամակդ կարող է թաղված լինել ինչ-որ անանուն փոստային գրասենյակում, հիվանդ անտեր փոքրիկ շան նման ոչնչացված․․․
Բայց այսօր այն տեղ հասավ, և այժմ ինձ թվում է, որ նամակների արկղում, որտեղ այն ընկել էր, տոպրակում, որտեղ թափահարվում էր, մյուս բոլոր նամակները կորել էին պարզապես քո մեկ հպումից, քո յուրահատուկ գրավչությունից, և այդ օրը բոլոր գերմանացիները ստացան հիանալի տարօրինակ նամակներ, նամակներ, որոնք խելագարեցրին, քանի որ դրանք դիպչել էին քո ձեռագրին։ Այն միտքը, որ գոյություն ունես, ինքնին աստվածային երանություն է, և ծիծաղելի է անգամ խոսել բաժանման ամենօրյա տխրության մասին․ մեկ շաբաթով, տասը օրով, ի՞նչ կապ ունի՝ քանի օրով, քանզի իմ ողջ կյանքը պատկանում է քեզ։ Գիշերն արթնացա և գիտեմ, որ ինձ հետ ես, քո քնքուշ երկար ոտքերն եմ զգում, մազերով ծածկված պարանոցդ, դողացող թարթիչներդ․ հետո այնպիսի երջանկություն, այնպիսի բլբլթացող երանություն հաջորդեց իմ երազներում, որ ես ուղղակի շնչահեղձ եմ լինում․․․
Սիրում եմ, սիրում եմ, այլևս չեմ կարող դիմանալ, երևակայությունը չի փոխարինի քեզ, արի։ Ես լիովին առողջ եմ, զարմանալիորեն ինձ լավ եմ զգում, արի և միասին կլողանք, ալիքներն այստեղ տան նման են։ Մենք պլանավորում ենք վերադառնալ կիրակի, բայց այս վերջին օրերը պետք է անցկացնեմ քեզ հետ, լսում ե՞ս։ Կարծում եմ՝ մենք ճիշտ նույն հիվանդությունն էինք ունեցել։ Նույնիսկ իմ հեռանալու նախորդ օրը ողջ ներսս վնասել էի ինչ-որ սուր եզրով, նույնիսկ ծիծաղելուս էր խանգարել, դրանից հետո այստեղ ջերմությունս բարձրացավ։ Այժմ ինձ հրաշալի եմ զգում։ Վախենամ, թե այստեղ՝ հյուրանոցում, նրանք կարծել են, որ պարզապես խմիչքին եմ ինձ տվել։ Եղանակը պաղ է, բայց անձրև չկա։ Շուրան շատ չի լողում, այսօր կգրեմ Ս․Ա․ ին։ Իսկապես չգիտեմ՝ ինչ անել հետո։ Գնամ Բավարիա՞, թե՞ ոչ։
Կգա՞ս, իմ սեր։ Չես թռչի՞ վաղը չէ մյուս օրը (21-ին)։ Մենք երկու կամ երեք օր կանցկացնենք այստեղ։ Ուղևորությունը 12 մարքս արժի, սենյակը՝ 11/2 մարքս, (կարող ես ինձ մոտ տեղափոխվել), լանչերը և ընթրիքները՝ հազիվ թե ինչ-որ բան կազմեն։
Իմ փոքրիկ փիսիկ, իմ երջանկություն, այնպիսի ուրախությամբ եմ քեզ այսօր սիրում․․․ Համբուրում եմ քեզ, բայց չեմ ասի, թե որտեղ, դրա համար բառեր չկան։
Անգլերենից թարգմանեց Անի Հակոբյանը
- Hits: 6586