ՓՈՔՐ ԿԱԹՍԱՆ ՄԵՐ ՏԱՆ

Փոքրացել է
Ճաշի կաթսան մեր տան,
Ու ապրում եմ մանուկներիս՝
Հորս ու մորս հետ,
Որոնց բնից ճյուղատարած
Շիվ առ շիվ, թոռ առ թոռ՝
Կարոտը խուլ՝
Երկրից երկիր
Արձագանքող,
Սիրտը նրանց
Քրքրել ու քարտեզել է:
Փոքրացել է
Ճաշի կաթսան մեր տան:
Հստակում է զարկերը իր
Լռության մեջ
Ծերացած, հին ժամացույցը:
Ճաշն եփելիս էլ շտապելու
Ոչինչ չկա,
Ոչ էլ շուտ է:
Լռությունը այնքան բութ է…
Կար ժամանակ՝
Երազանք էր
Պատերից ներս
Երեկոյան մենությունը,
Որ խռովքս փռեմ թղթին:
Հիմա տանը
Նույն աղմկող լռությունն է,
Ու… չի գրվում:
Փոքրացել է
Ճաշի կաթսան մեր տան:
Մեծ է միայն երանելի երկվորումս,
Որ մեր տանը
Թե՛ ծնող եմ, թե՛ երեխա:
Երեք օր է՝ իմ ապակուն
Զարկվում է նույն թռչունը.
Երկու լուրը ստացա արդեն,
Երրորդ լուրը ուշանում է.
Վախենում եմ՝
Ծերանում են մանուկներն իմ,
Ծերանում են…
Կաթսայի մեջ
Շահասպրամը դեռ բուրում է...

***
Հայրական տունս
Արագիլի բույն էր՝
Վաճառվեց։
Ես՝ արագիլի ձագս,
Ինքնուրույն թռիչքի
Խև ու խելառ
Համարձակություն հավաքած,
Թռա, չվեցի։
Մեծ տունը փոքրացավ,
Ու ծնողներս հասկացան՝
Ընդարձակության մեջ
Մարդկանց համար տեղ շա՜տ կա,
Հիշողություններն են,
Որ էլ չեն տեղավորվում։
Տաք ու երջանիկ էր տունը մեր,
Ուր ապրելու են նոր մարդիկ,
Ապրելու են ու երբե՛ք չեն զգալու,
Որ տունը
Համակ անցյալ է ու թանձր հիշողություն։
Իմ ծնողների նոր տանը
Կավարտվի հին կենսագրությունս,
Ու առաստաղից կախված նոր ջահը
Էլ չի ճոճվի երբեք իմ հին լաց ու ծիծաղից։


***
Թե կաթիլ ես ու պիտի անձրևես,
Զուր մի՛ վարանիր:
Թե հեղեղ ես ու պիտի հորդես,
Հիմա՛ վարարիր:
Թե լռությունից աղմուկ է ծնվում,
Խոսի՛ր, որ մեղմես:
Թե չարությունը բարով է սնվում,
Դու սրտիդ տերն ես:
Թե մոլորվել ես հույսերիդ վերջում,
Սերը չէ՞ որ կա:
Թե հավատն է դեռ կաղ Նեռը փորձում,
Խաչը հո չընկա՞վ:

***
Կես դրախտ ու կես դժոխք՝
Այս էր.
Միջնադուռը բաժանող
Կրնկաբաց, թարս էր:

Սիզիփոսի լռությամբ
Մարդը համբերանք էր,
Կույր նկարչի վրձնից կախ`
Բախտը անարգանք էր:

Ժանգակեր այն երկաթի
Անունն էլի նյութ է.
Ոչինչ չկա կարևոր,
Թողած հետքն անփույթ է:

Դեռ երազներն են ծամում,
Քրքիջ ու ծիծաղ է.
Ծամում են ու ծանակում,
Նոր հեթանոս խաղ է:

Չկա արարը վերջին,
Դառն է ու անվերջ է.
Կաթիլն է քարը ծակում,
Ի~նչ ջուր. հողը ստերջ է:

Կես դրախտ ու կես դժոխք`
Այս էր,
Ունկերը փակ ապրողին
Կյանքը խևի դաս էր:

 

ՓԵՐԵԶԱԿԸ

Օրահնար արթնության մեջ՝ մաքառում,
Գիշերասպան երազի մեջ՝ լույսի ճիչ,
Ժամանակն էլ իր ըղձանքով վաշխառու՝
Սուտ բուժակի խալաթ հագած ամոքիչ:

Հիշողության սարդոստայնի թելերով
Անիրական ցերեկները կարեցինք,
Օրը օրով կցմցելով, կապելով՝
Հույսի խոփը ամուլ խղճում մաշեցինք:

Ու որքան էլ բաց է ունկը գթության,
Ժամանակի պարտապանն ենք մնալու,
Մենք՝ երկնքին դեռ չդիպած մոգությամբ,
Ժամանակը՝ նույն փերեզակ վաշխառուն:

***
Նավերս՝
Հիշողություններով բարձած,
Թեև երկինք եմ ճանապարհել,
Լողում են,
Մերթընդմերթ
Իջնում, ննջում են
Լուսին-լուսին
Աշխարհի դեմ մերկ
Իմ ներկայի նավամատույցին:

Մի սիրտ ունեմ, այն խարիսխ է
Անհաշիվ, ծանրաբեռ նավերի,
Որոնք նավախելով
Խփվում են քունքիս՝
Խարսխվելու աղերսով,
Որ մնամ արթուն:

Այդ ո՞վ է փորձել փակել
Երկնի փեղկերը,
Կամ փեղկ ունի՞ երկինքն արդյոք:
Տիեզերքի անկշռությամբ
Դեռ իջնում են նավերս,
Ճակատագրի թրաձկներից ծակ երբեմն,
Իսկ ես դեռ գլուխս եմ դեմ տալիս՝
Խեղդվող նավերը փրկելու,
Հանուն թեթև վայրէջքի,
Այնինչ՝ ես ինքս խոռոչ եմ,
Ես՝ ասեղի աժդահա բացվածք,
Որով նավ չէ,
Երկիրը կարող է անցնել
Ու ազա՜տ շունչ քաշել,
Ինչպես կույրը,
Որ ասեղն է թելում
Վերջապես:

***
Ամեն ինչ կյանքում ինձ պռատ տրվեց,
Բոլորին թվաց՝ կյանքը չեմ սիրում,
Արցունքի միջից սիրտս ծիծաղեց,
Ես էլ, ի՞նչ արած, ցավից եմ սերում:

Շռայլ ափովս լույս բաժանեցի,
Ոմանք կարծեցին՝ ցնոր եմ, խելառ,
Ում պատահեցի, գիժ-գիժ ժպտացի,
Ես, ամենքից գոհ, թվացի անկար:

Ամեն ինչ կյանքում ինձ պռատ տրվեց,
Իմ լրումներով ժայռն ի վեր ելա,
Լեռան գագաթին լոկ սերս էր լրիվ,
Որ գետ կազմեցինք, խաղաղ իջանք վար:

Հիմա ես գետ եմ, վարար եմ, անչար,
Լեռը ելնելու քանի՜ ելք գիտեմ,
Ինձ համար վաղուց չկա վեր ու վար,
Բայց բարձրացողի համար կաղոթեմ:


ՔՈ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

-Ի՞նչ նվիրեցիր
Քո ամուսնու տարեդարձին,-
Կհարցնեն:
-Բանաստեղծությո'ւն...
-Եղա՞վ հագով,-
Կզարմանամ հնչած հարցից,
Բայց կլռեմ.
Կզարմանան,
Բայց կլռեն իրենց կարգով:

Մեր երջանկությունը
Դրանից չի պակասի, սեր իմ:
Վաղը` քո տարեդարձին,
Կփռենք բանաստեղծությունը
Սեղանին ու կխմենք, որպես գինի,
Կճաշակենք, որպես նշխար:

Մեր երկրային հոգսերից
Կժպտանք՝ հպարտ ու գոհ,
Ու կվառվի նորից սիրով
Առավոտը մեր ասնովոր:

Իսկ մեր երկրում
Ընդվզում է քաղաքական
Փոքր ու մեծ մեղքերի մեջ
Պայթող ական,
Կարմիր բողոք ու պահանջներ:

Ամեն ինչից մենք կխոսենք.
Պատերազմից,
Մեր հին ու նոր արքաներից,
Ամառային անժամանակ
Անձրևներից.
Տարեդարձիդ կխոստանանք
Հազար բաներ
Ու փոխադարձ կկատարենք,
Ու փոխադարձ չենք կատարի:
-Ի՞նչ նվիրեցիր
Քո ամուսնու տարեդարձին,-
կհարցնեն…

Երկրի համար
Օրհասական այս օրերում
Վարդի շուրթին
Դրսից եկած
Ընդվզումի խոսքն է բուրում.
Ես սպասում եմ տարեդարձիդ
Փոքր երկրի
Անլուծելի, բարդ հոգսերի
Դարեդարձին:


ՏԵՍՈՂՈւԹՅՈւՆ

Ցեղասպանված արմատներով իմ սեʹր,
Որ եկար պապիդ կտավների միջով,
Դժվար ու երկար եկար
Պատմելու համար,
Որ պապդ մեկ աչքով է տեսանել:

Իմ ցավի միջով
Դժվար ու երկար եկա
Պատմելու համար,
Որ մեր հողում ծիրանն է հասել՝
Կորած ծիրան աչքը պապիդ:

Եկա պատմեմ, որ սեր եմ,
Եկար պատմես, որ սեր ես,
Ու որ մորդ արթնությունը ամեն օրվա
Կտավների փոշին է հավաքում,
Հավաքում է ու ժպտում,
Որ կամ ես, որ կաս դու,
Որ Լեռան փեշին ծիրանն է հասել,
Որ սերն է հասել՝ ջարդից կես կույր,
Ջարդից կենտ-կենտ փրկվելու հրաշքի պես:

  • Hits: 5130

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: