Այս ճառը Վոնեգութն ուղղել է Սաութհեմփթոն քոլեջի ավարտական դասարանին 1981 թվականին: Այն վերցված է «Եթե սա հրաշալի չէ, ապա ի՞նչ է. Ավարտական ճառեր և այլ խոսքեր ապրելու համար» ժողովածուից:
Այս ճառը համապատասխանում է դասավանդման մեթոդներին, որոնք խրախուսում է Միացյալ Նահանգների բանակի ձեռնարկը: Նախ մարդկանց ասում ես, թե ինչ ես ասելու: Հետո ասում ես ասելիքդ, իսկ վերջում ասում ես, թե ինչ ասացիր:
Ուրեմն՝ սկզբում մենք կխոսենք պատվարժան վարքի մասին, մասնավորապես՝ պատվարժան վարքի մասին խաղաղ ժամանակներում, հետո կմեկնաբանենք տեղեկատվական հեղափոխությունը՝ այն զարմանալի փաստը, որ մարդ արարածները հնարավորություն ունեն իսկապես իմանալու այն, ինչից խոսում են, դե եթե հանկարծ ուզենան փորձել: Ապա, ես կշարունակեմ թեման ու կառաջարկեմ աշխարհի ցանկացած կետում այս գարնանը համալսարանն ավարտողներին որպես իրենց հերոս ընտրել Իգնաց Զեմելվայսին:
Միգուցե հերոսի նման անունը ձեզ ծիծաղելի թվա, բայց խոստանում եմ, որ դուք շատ կհարգեք նրան, երբ պատմեմ ձեզ, թե ինչպես և ինչու է նա մահացել:
Իգնաց Զեմելվայսին մի քիչ նկարագրելուց հետո ես կհարցնեմ, թե արդյոք հնարավոր է, որ նա չդառնա այն մարդը, որ կներկայացնի մարդկային էվոլյուցիայի հաջորդ փուլը: Ու կեզրակացնեմ, որ լավ կլինի նա լինի այդ մարդը: Եթե նա չի ներկայացնելու մեզ ապագայում, ուրեմն մեր վերջը եկել է, խավարասերներինն ու խատուտիկներինը նույնպես:
Ես մի փոքր հուշում կտամ այս մարդու մասին: Նա փրկել է շատ կանանց ու երեխաների կյանքեր: Բայց եթե մենք շարունակենք շարժվել նույն ուղղությամբ, ավելի ու ավելի քիչ կլինեն նման դեպքերը: Լավ:
Հիմա անցնում ենք ճառի հիմնական հատվածին, որը առաջին մասի ընդլայնումն է: Տեսե՛ք՝ ինչ հեշտ է հիշվում: Իզուր չէ, որ մեր բանակը ամենալավն է աշխարհում: Պատիվ: Ես միշտ ուզել եմ պատվարժան լինել: Դուք բոլորդ նույնպես ուզում եք լինել պատվարժան՝ ես վստահ եմ:
Անցյալում պատվից խոսելիս հաճախ նկատի են ունեցել վարքը մարտի դաշտում: Պատվարժան մարդը բարձր է պահում իր երկրի դրոշը, անգամ եթե սուրբ Սեբաստիանոսի պես նետահարված է: Պատվարժան թմբկահար տղուկը զարկում ու զարկում ու զարկում է թմբուկը՝ ռատ-ա-տատ-տատ, ռատ-ա-տատ-տատ, այնքան մինչև նրա փոքրիկ գլուխը կթռցնեն:
Գեներալ Հեյգը պիտի այստեղ լիներ, որ պատմեր այդ տեսակի պատվից: Ես ընդամենը ենթասպա եմ եղել: Դե իհարկե, ժամանակակից զենքերն էլ այդ տեսակի պատիվը ավելի սարսափելի են դարձրել, քան նախկինում էր:
Հրթիռներն ու միջուկային մարտագլխիկները կառավարողը կարող է այն աստիճանի պատվարժան գտնվել, որ շուրջբոլորը կենդանի մարդ չմնա: Ամբողջ մոլորակը կարող է նմանվել այն խիզախ թմբկահար տղուկի գլխին, որ գլորվելով ընկնում է մոտակա փոսերից մեկը:
Այնպես որ, ես կսահմանափակվեմ խաղաղ ժամանակներում պատվարժան վարքի մասին խոսելով: Խաղաղ ժամանակներում պատվարժան արարք է ճշմարտությունն ասելը նրանց, ովքեր արժանի են այն լսելուն:
Մենք վստահեցնում ենք, որ ճիշտ ենք խոսում, երբ ասում ենք՝ ես պատվովս եմ երդվում, որ այսինչ բանը ճիշտ է: Ես երբեք գիտակցաբար չեմ ստել «պատվովս եմ երդվում» արտահայտությունն ասելուց հետո: Ուրեմն՝ հիմա ես պատվովս եմ երդվում, որ խիզախ ու պատվարժան, ու սիրուն է այն, ինչը դուք եք արել՝ համալսարանավարտներ դառնալու համար:
Ես պատվովս եմ երդվում, որ մենք սիրում ենք ձեզ և ունենք ձեր կարիքը: Մենք սիրում ենք ձեզ պարզապես նրա համար, որ դուք մեր՝ մարդկային ցեղից եք: Դուք ծնվել եք: Այդքանը հերիք է:
Մենք ունենք ձեր կարիքը, որովհետև հույս ունենք գոյատևելու իբրև ցեղ: Իսկ ձեր ձեռքերում է, կամ կարող է լինել, հավաստի տեղեկությունը, որը, ինչպես հարկն է հասկանալու և կիրառելու դեպքում, կարող է փրկել մեզ իբրև ցեղի:
Ես պատվովս եմ երդվում, որը «մեռնեմ, թե սուտ եմ ասում»-ի մեծահասակների տարբերակն է: Մենք գնալով մոտենում ենք Իգնաց Զեմելվայսին, եթե հանկարծ այս պահին մտածում էիք, թե վերջիվերջո այդ ի՞նչ է նրան եղել: Մի քիչ համբերեք: Ձեր մեծ մասը, եթե ոչ բոլորդ, այնպիսի զգացողություն ունի, որ բավական կրթված չէ: Սա շատ սովորական զգացողություն է մեր ցեղի ներկայացուցչի համար: Բոլոր ժամանակների ամենափայլուն մարդկանցից մեկը՝ Բերնարդ Շոուն, իր, կարծեմ, յոթանասունհինգերրորդ տարեդարձին ասել է, որ վերջապես այնքան բան գիտի, որ կարող է գրասենյակում միջակ կարողություններով տղայի աշխատանք անել: Ի դեպ՝ նա մահացել է հազար ինը հարյուր հիսուն թվին՝ շատերիդ ծնվելուց մոտ տասը տարի առաջ, երբ ես քսանութ տարեկան էի:
Նա հիմա կնախանձեր ձեզ: Նա հաստատ կնախանձեր ձեր երիտասարդությանը: Հավանաբար բոլորդ էլ գիտեք, թե ինչ է նա ասել երիտասարդության մասին. ամոթ է վատնել այն երիտասարդների վրա:
Բայց նա է՛լ ավելի ժլատ կգտնվեր այն հավաստի տեղեկության համար, որ դուք ունեք կամ կարող եք ձեռք բերել տիեզերքի էության, ժամանակի ու տարածության, մատերիայի, ձեր սեփական մարմնի ու ուղեղի, մեր մոլորակի պաշարների ու խոցելի կողմերի մասին, այն մասին, թե ինչպես են իրականում ամեն տեսակի մարդ արարածները խոսում, զգում ու ապրում:
Սա այն տեղեկատվական հեղափոխությունն է, որի մասին խոստացել էի պատմել ձեզ: Մինչ օրս մենք այն շատ վատ ենք տարել: Այնպիսի տպավորություն է, որ տեղեկությունն անընդհատ խանգարում է մեզ: Մարդ արարածները ստիպված են եղել գրեթե ամեն ինչի վերաբերյալ ենթադրություններ անել մոտ միլիոն տարի: Մեր ամենահոյակապ ու երբեմն սահմռկեցուցիչ ենթադրությունները մեր պատմության գրքերի միջի ականավոր կերպարներն են: Կուզե՞ք նշեմ նրանցից երկուսին: Արիստոտելը և Հիտլերը: Մի լավ ենթադրող ու մի վատ ենթադրող:
Եթե մինչև հիմա չեք լսել նրանց մասին, համալսարանն ավարտելն անիմաստ է: Այսպես՝ չունենալով հավաստի տեղեկություն՝ մարդկանց մեծ քանակություններ ուրիշ ընտրություն չեն ունեցել, քան հավատալը այս կամ այն ենթադրողին: Օրինակ՝ այն ռուսները, որոնք առանձնապես լուրջ չէին ընդունում Իվան Ահեղի ենթադրությունները, սեփական գլխարկները գլխներին մեխելու վտանգի առաջ էին կանգնում:
Բայց եկեք ընդունենք, որ համոզիչ ենթադրողները՝ նույնիսկ Իվան Ահեղը, որ հիմա հերոս է Սովետական Միությունում, մեզ քաջություն են տվել դիմանալու արտասովոր փորձություններին, որոնք հասկանալու ոչ մի տարբերակ չունեինք: Վատ բերքը, պատերազմները, ժանտախտի համաճարակները, հրաբուխների ժայթքումները, մեռած ծնվող երեխաները: Իսկ այս մարդիկ մեզ համար պատրանք են ստեղծել, որ հաջողությունն ու անհաջողությունը հնարավոր է հասկանալ և ինչ-որ կերպ ողջամտորեն ու արդյունավետ կարգավորել:
Առանց այդ պատրանքի մենք վաղուց հանձնված կլինեինք: Իրականում, ենթադրողները ավելի շատ բան չեն իմացել, քան սովորական մարդիկ, երբեմն էլ իմացել են ավելի քիչ: Կարևորն այն է, որ ինչ-որ մեկը մեզ համար պատրանք է ստեղծել, թե մենք ենք մեր ճակատագրի տերը:
Մինչ օրս մարդկային բոլոր փորձառություններում համոզիչ ենթադրումը այնքան երկար է եղել առաջնորդելու հիմքում, որ ընդհանրապես զարամանալի չէ, որ այս մոլորակի առաջնորդների մեծ մասը ուզում է, որ ենթադրումը շարունակվի՝ հաշվի չառնելով տեղեկությունների պաշարը, որ անսպասելիորեն մերն է դարձել:
Հիմա իրենց հերթն է, որ ենթադրեն ու ենթադրեն ու լինեն լսված: Մեր օրերի ամենահնչեղ, հպարտորեն տգետ ենթադրություններից որոշները աշխարհում արվում են Վաշինգտոնում: Մեր առաջնորդները զզված են այդ բոլոր հավաստի տեղեկություններից, որ հետազոտությունը, ուսումնագիտությունն ու հետաքննական լրագրությունը լցրել են մարդկության գլխին: Նրանք կարծում են, որ ամբողջ երկիրը զզված է այդ տեղեկություններից, ու, միգուցե, ճիշտ են: Նրանք չեն ուզում մեզ վերադարձնել ոսկու ստանդարտին. նրանք դրանից ավելի տարրական ինչ-որ բան են ուզում: Ուզում են, որ կրկին վերադառնանք օձի յուղի ստանդարտին:
Լիցքավորված ատրճանակները լավ են մարդկանց համար, եթե վերջիններս բանտերում կամ գժանոցներում չեն: Շա՛տ ճիշտ է: Առողջապահության վրա ծախսված միլիոնները բերում են գների բարձրացման: Շա՛տ ճիշտ է: Զենքերի վրա ծախսված միլիարդները կզսպեն գնաճը: Շա՛տ ճիշտ է: Աջական բռնապետությունները շատ ավելի մոտ են ամերիկյան իդեալներին, քան ձախական բռնապետությունները: Շա՛տ ճիշտ է: Որքան ավելի շատ ջրածնային ռումբով մարտագլխիկներ ունենանք, որ կարգի գցած են պայթելու ցանկցած պահի, այդքան ավելի ապահով կլինի մարդկությունը, այդքան ավելի լավ մոլորակ կժառանգեն մեր թոռները: Շա՛տ ճիշտ է:
Արդյունաբերական ու հատկապես ռադիոակտիվ թափոնները դժվար թե երբևէ ինչ-որ մեկին վնասած լինեն, ուրեմն՝ թող ոչ մեկը ծպտուն չհանի դրանց մասին: Շա՛տ ճիշտ է:
Արդյունաբերություններին պետք է թույլ տալ, որ անեն ինչ ուզում են: Կաշառքներ տան, ընդամենը մի թեթև կործանեն շրջակա միջավայրը, ֆիքսեն գները, քաշեն ապուշ գնորդներին, կանգնեցնեն մրցակցությունը ու սնանկանալու դեպքում թալանեն դրամահատարանը: Շա՛տ ճիշտ է: Ամեն ինչ հանուն ձեռնարկատիրության է արվում: Շա՛տ ճիշտ է:
Աղքատները ինչ-որ բան շատ սխալ են արել, հակառակ դեպքում աղքատ չէին լինի: Ուրեմն՝ նրանց երեխաները պիտի պատասխան տան հետևանքների համար: Շա՛տ ճիշտ է: Ամերիկայի Միացյալ Նահանգներից չի կարելի ակնկալել, որ այն հոգ կտանի իր ժողովրդի մասին: Շա՛տ ճիշտ է: Ազատ շուկան կանի դա: Շա՛տ ճիշտ է: Ազատ շուկան արդարադատության ավտոմատ համակարգ է: Շա՛տ ճիշտ է:
Ու եթե դուք իսկապես հիշում եք ձեր այստեղ սովորածի մեկ տասներորդը, ուրեմն՝ Վաշինգտոնում ձեզ լավ չեն ընդունի: Ես մի քանի փայլուն յոթերորդ դասարանցիների գիտեմ, որոնց Վաշինգտոնում լավ չէին ընդունի: Հիշու՞մ եք այն բժիշկներին, որ մի երկու ամիս առաջ համախմբվեցին ու հայտարարեցին․ պարզ ու հասարակ բժշկական փաստ է, որ մենք չենք կարողանա վերապրել ջրածնային ռումբի նույնիսկ մեղմ պայթյունը: Նրանց լավ չընդունեցին Վաշինգտոնում:
Նույնիսկ եթե մենք ջրածնային զենքի առաջին համազարկը արձակեինք, ու թշնամին պատասխան հարված չտար, արտազատված թունավոր նյութերը երևի ի վերջո կոչնչացնեին ամբողջ մոլորակը։ Ի՞նչ են ասում Վաշինգտոնում սրան ի պատասխան։ Նրանք այդպես չեն ենթադրում։ Այդ կատաղի ենթադրողները դեռ ղեկի մոտ են․ նրանք ատելով ատում են տեղեկությունը։ Ու նրանք համարյա բոլորը բավականին կրթված մարդիկ են, հապա մտածե՛ք այդ մասին։ Նրանք ստիպված են եղել մի կողմ շպրտել իրենց կրթությունը․ նույնիսկ Հարվարդինը կամ Եյլինը։
Հակառակ դեպքում՝ դժվար է պատկերացնել, որ նրանց անզուսպ ենթադրությունները նորից ու նորից ու նորից շարունակվեին։ Խնդրում եմ, դուք նման բան չանեք։ Հիմա ես տալիս եմ ձեզ մի բան, որից դուք կարող եք բռնվել, որովհետև եթե օգտվեք կրթված անձանց հասանելի գիտելիքի հսկայական պաշարից, ապա կլինեք անտանելի միայնակ։ Ենթադրողները ձեզ գերազանցում են, ու հիմա, ստիպված եմ ենթադրել տասին մեկ հարաբերությամբ։
Իրականում, այն, ինչից խորհուրդ եմ տալիս բռնվել, անհաջող բան է։
Չեղածից առանձնապես լավ չէ։ Ես արդեն տվել եմ այն ձեզ։ Այն է՝ իսկական ժամանակակից հերոսի գաղափարը, որն Իգնաց Զեմելվայսի կյանքի ողնասյունն է։ Իմ հերոսը Իգնաց Զեմելվայսն է։ Երևի մտածում եք, թե արդյոք պիտի ստիպեմ ձեզ բարձր կրկնել նրա անունը։ Չէ՛, չեմ ստիպելու։ Դուք լսեցիք այն վերջին անգամ։
Ծնվել է Բուդապեշտում 1818 թվին։ Նրա կյանքը համընկել է իմ պապի ու ձեր մեծ պապերի կյանքի հետ․սա կարող է ձեզ շատ վաղուց թվալ, բայց իրականում, նա ապրում էր ընդամենը վերջերս։
Նա դարձավ մանկաբարձ, ինչն արդեն իսկ հերիք է՝ ժամանակակից հերոս լինելու համար: Նվիրեց իր կյանքը փոքրիկների ու մայրերի առողջությանը: Կարելի էր ավելի շատ այսպիսի հերոսներ ունենալ: Գրո՛ղը տանի, այսօր մենք շատ քիչ ենք հոգ տանում մայրերի, փոքրիկների, ծերերի կամ ցանկացած մեկի մասին, ով ֆիզիկապես կամ տնտեսապես թույլ է, մինչ դառնում ենք ավելի արդյունաբերականացված ու ռազմականացված՝ իշխանության գլխին կանգնած ենթադրողների պատճառով :
Ես ասել եմ ձեզ, թե որքան նոր է այս ամբողջ տեղեկությունը: Այնքան նոր, որ այն միտքը, թե շատ հիվանդությունների պատճառը մանրէներն են, ընդամենը մոտ հարյուր քսան տարեկան է:
Այստեղ մոտակայքում իմ Սագապոնակի տունը երկու անգամ ավելի հին է: Չգիտեմ, թե ինչպես են հաջողացրել այնքան ապրել, որ կառուցել-վերջացրել են այն: Ոզում եմ ասել՝ մանրէների տեսությունը իրոք շատ նոր է: Երբ հայրս փոքր էր, Լուի Պաստյորը դեռ ողջ էր ու դեռ ահագին խնդրահարույց: Դեռ կային բազմաթիվ ազդեցիկ ենթադրողներ, որոնք կատաղում էին այն մարդկանց վրա, որոնք լսում էին Պաստյորին, ոչ թե իրենց: Հա, ու Իգնաց Զեմելվայսն էլ էր կարծում, որ մանրէները կարող են հիվանդություններ առաջացնել: Նա սարսափել էր, երբ գնացել էր Ավստրիա՝ աշխատելու Վիեննայի ծննդատներից մեկում ու պարզել, որ այնտեղ տասը մայրերից մեկը մահանում էր հետծննդյան տենդից:
Այս մարդիկ աղքատներն էին. հարուստները դեռ տանն էին ունենում իրենց երեխաներին: Զեմելվայսը ուսումնասիրեց հիվանդանոցային ռեժիմը և սկսեց կասկածել, որ բժիշկներն էին վարակում հիվանդներին: Նա նկատեց, որ հաճախ բժիշկները հերձարաններում դիերը հերձելուց հետո անմիջապես գնում էին ստուգելու մայրերին ծննդաբերական բաժանմունքում: Ապա առաջարկեց, որ որպես փորձարկություն՝ բժիշկները լվանային ձեռքերը մինչև մայրերին ստուգելը:
Սրանից ավելի վիրավորական բան կա՞: Ինչպե՞ս էր նա համարձակվել այդպիսի բան առաջարկել իրենից սոցիալապես ավելի բարձր կանգնածներին: Նա ոչ ոք էր ու այդքանը հասկանում էր: Նա քաղաքից չէր ու չուներ ոչ մի ընկեր ու հովանավոր ավստրիական ազնվականության շրջանում: Բայց մահվան դեպքերը անընդհատ շարունակվում էին, իսկ Զեմելվայսը, որը մեզնից շատ ավելի քիչ բան գիտեր մարդկանց հետ լավ հարաբերություններ պահելու մասին, շարունակում էր խնդրել իր գործընկերներին լվանալ ձեռքերը:
Կծու ծաղրով, ծանակով ու չարախնդությամբ բորբոքված՝ նրանք վերջապես համաձայնեցին լվանալ ձեռքերը: Երևի ինչքան են օճառել, տրորել ու շփել ձեռքերն ու լվացել եղունգների տակերը: Մահերը դադարեցին. հապա պատկերացրե՛ք: Մահերը դադարեցին: Նա փրկեց այդ մարդկանց կյանքերը:
Կարելի է ասել, որ դրանից հետո նա փրկել է միլիոնավոր կյանքեր՝ շատ հնարավոր է, որ նաև ձերը և իմը: Բայց ի՞նչ ստացավ Զեմելվայսը որպես շնորհակալություն Վիենայում իր ոլորտի առաջատար մասնագետներից, որոնք բոլորը ենթադրողներ էին: Նրան դուրս արեցին հիվանդանոցից ու առհասարակ Ավստրիայից՝ երկրից, որի ժողովրդին նա այդքան հմտորեն ծառայել էր: Նա ավարտեց իր կարիերան Հունգարիայի գավառական հիվանդանոցներից մեկում: Այնտեղ հույսը կտրեց մարդկությունից, որը մենք ենք, ու մեր գիտելիքներից, որ հիմա ձերն են, ու ինքն իրենից:
Մի օր հերձարանում Զեմելվայսը վերցրեց դանակը, որով դի էր հերձել, ու միտումնավոր խրեց այն իր ձեռքի ափի մեջ: Շատ չանցած, ինչպես և կանխատեսել էր, մահացավ:
Ենթադրողներինն էր եղել ամբողջ իշխանությունը: Նրանք նորից հաղթել էին: Իրոք որ մանրէներ են: Ենթադրողները մի բան էլ են բացահայտել իրենք իրենց մասին, ինչին մենք պիտի այսօր պատշաճ կերպով անդրադառնանք: Իրականում, նրանք հետաքրքրված չեն կյանքեր փրկելով: Նրանց համար միայն կարևոր է, որ իրենց լսեն, ինչքան էլ որ շարունակեն նորից ու նորից ու նորից տգիտորեն ենթադրել: Եթե աշխարհում կա ինչ-որ բան, որ նրանք ատում են, ապա դա խելամիտ տղան կամ խելամիտ աղջիկն է:
Համենայն դեպս՝ եղե՛ք այդպիսին: Փրկե՛ք մեր կյանքերը ու ձեր կյանքերը նույնպես: Եղե՛ք պատվարժան: Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար:
Թարգմանեց Հրանուշ Հակոբյանը
- Hits: 5324