1874 թվականին վարարած գորշ գետի ծանր ալիքները դուրս էին եկել ափերից, փլուզել ագարակները միացնող կամուրջը։ Հեղեղը ներս էր թափանցել անասնագոմ ու ներքնահարկ, ցեխաջուրը ողողել էր մշակված հողատարածքները՝ վերածելով փոքրիկ լճակների։ Խուճապահար գյուղացիները ավազով լի պարկերով պատնեշներ էին կառուցում, որպեսզի փրկեն պարենի վերջին պաշարները:
Ես և Մարթան, պատուհաններն անթափանց վարագույրներով ծածկած, խուսափում էինք հանդիպել սարսափած ու բարկությամբ լի գյուղացիների հայացքներին։ Ամեն անգամ երկաթուղի ճանապարհվելուց առաջ սկսվում էր հարդարման ծեսը. Մարթան հագնում էր մինչև ծնկները հասնող սարաֆանը, կապում էր ծոփքավոր գոտին: Հետո կանչում էր ինձ, որ հյուսեմ մազերը: Ես ընտրում էի փոքրիկ մազափնջերը, կարմիր ժապավենի հետ միմյանց հյուսում, փաթաթում ականջների վերևում`ստանալով խոյանման սանրվածք: Նա գեղեցիկ կին է, փղոսկրյա մաշկ ունի, ասել էր տղամարդը Մարթայի մասին, նախքան հեղեղը։
Իսկ Մարթան շշնջաց ինձ՝ ուշանում ենք։
Դուրս հանեցի կիսադատարկ ճամպրուկները ու թրմփացի ջրափոսի մեջ, ուզում էի հարցնել՝ ով է հատուցելու հեղեղի վնասները։ Շուրջս ոչ ոք չկար, բացի Մարթայից. նա ուղղում էր քամուց խառնված վարսերը։ Բարձրացա վնասված տանիքի վրա ու ձեռքով արեցի հարևաններին, տղամարդը չարախնդաց ու կախեց գլուխը, տան տիկինը կտրուկ շարժումով ներս տարավ երեխաներին, որպեսզի չնայեն ձայնի ուղղությամբ։ Ջրհեղեղից հետո ինչ-որ բան է փոխվել, տարօրինակ իրադարձություններ են տեղի ունենում ագարակում, որոնք պտտվում են մեր շուրջը ու դեռ չեն պայթել օդում։ Մեկուսի կանանց նման մասնակից չենք դառնում իրադարձություններին, ապրում ենք մոռացված և պղծված հողի վրա։
Երկաթուղու կայարանը գտնվում էր ագարակից յոթ մղոն հեռավորության վրա։ Նախքան պաշարումը շինարարների բազմամարդ խմբերը ջոկատ-ջոկատ փորել էին հողը ու տեղադրել ռելսերը։ Գնացքը սովորաբար անցնում էր կիրճերի վրա կառուցված կամուրջների վրայով, լեռների մեջ փորված թունելների միջով: Գնացքը մեկ գալիս էր մեկ գնում, գնացքավարը երբեք չէր արգելակում, նույնիսկ եթե պառկում էին ռելսերին: Ոչ ոք չէր լսել գնացքի շչակի ձայնը։ Այս կողմերում աշխույժ ագարակատերերը շոգեքարշ չէին նստում, նախընտրում էին ոտքով անցնել ճանապարհը՝ իրենց հետ վերցնելով սերնդեսերունդ փոխանցվող հրացանը, գուցե որսը հարձակվի ու մի կրակոցից հետո դառնա որսորդի մուշտակը։
- Գնացքը գնացել է,- ասաց կայարանի հսկիչը և ի պաշտոնե ուղղեց փոշոտ համազգեստը։
Ես հարցրի հսկիչին՝ կարող ենք վստահել իրեն։
Որևէ մեկին հնարավոր չէ վստահել, պատասխանեց նա։ Գուցե վաճառեք տան իրերը և նախօրոք տոմս գնեք:
Սակայն հսկիչը հաշվի չէր առել, որ պաշարված ագարակ ոչ ոք ոտք չի դնում, չեն զբաղվում հողագործությամբ ու անասնապահությամբ, սակայն այստեղ ապրում է ագարակատերը։
Ես ամեն անգամ վեր եմ թռչում հարևան ագարակից լսվող մեռնող գիշատիչների ձայներից։ Կենդանիները դառնում են տղամարդկանց որսը։ Ողբերգական ձայները նախազգուշացնում են գալիք սերունդներին՝ ինչպես է ավարտվում գիշատչի կյանքը, երբ նա արկածախնդիր բնազդով հարձակվում է մարդու վրա։ Կյանքն ավարտվում է հանկարծակի սայթաքումով՝ ընկնելով դեղին տերևներով ծածկած թակարդը։ Լիալուսնի գիշերը ագարակատերը մոտենում է գիշատչին, ոռնոցով ձայնակցում` ծաղրելով նրա անժամանակ վախճանը:
Հարևան ագարակից ներխուժող կենդանիների հարձակումը կանխելու համար, որոշեցի թակարդ պատրաստել։ Եթե հայտնվեն թակարդում, հրացանով կկրակեմ, ինչպես վայել է յուրաքանչյուր ագարակատիրոջ։ Կկրակեմ այնպես, որ մորթին չվնասվի։ Նոր կարված մուշտակով կարելի է տոմս գնել և ընդմիշտ հեռանալ ագարակից. միևնույն է` գետը վերջնականապես հեղեղելու, տակնուվրա է անելու տունը՝ չթողնելով փրկության որևէ հույս։ Ոտնաթաթերի վրա մտա Մարթայի ննջասենյակ, սակայն նա անկողնում չէր։ Դուրս վազեցի պատշգամբ, նայեցի շուրջս. հողը տրորված չէր, Մարթայի ոտնահետքերն անհետացել էին։ Գուցե նա լքել է ինձ, տղամարդու հետ ճեղքել պաշարումը ու ընդմիշտ հեռացե˚լ։ Աղեկտուր ձայն լսվեց: Ձայնն ընկել էր իմ պատրաստած թակարդը։ Լավ է, շուտով մուշտակ կկարեմ՝ մտածեցի ես։ Հագա ոտնամաններս, վերցրի պապենական հրացանը ու դուրս ելա տնից՝ կրակելու անզուսպ ցանկությամբ։ Հրացանի փողը ուղղել էի թակարդին, քայլ առ քայլ մոտենում էի։ Թիկունքից լսվեց՝ ինձ ես փնտրում։ Շրջվեցի։ Մարթայի ձայնն էր։ Տանջված տեսք ուներ, բայց կարողացավ ծաղրել՝ դու այնքան էլ լավ թակարդ չես պատրաստել։ Ես կարողացա դուրս գալ, նրանք էլ դուրս կգան։
Ես ու Մարթան գրկախառնվեցինք: Վերադարձանք հին ընկերների նման։ Նա ընկել էր իմ ուսերին և ես տուն էի տանում նրա մարմնի ծանրությունը: Մարթան առաջինը նկատեց կոտրված ապակիները՝ քարերը նետել էին պարսատիկով, մեր բացակայության ընթացքում խրամատներ էին փորել, շուտով կգան մեր ետևից։ Մենք բացահայտված ենք։
Հաճախ էինք զրուցում նրանց մասին։ Պարապ էինք ու քաղցած, ինչպես ընդունված է պաշարումների ժամանակ։ Հյուծվել էինք, անճանաչելիորեն փոխվել։ Ինքս ինձ հարց էի տալիս՝ եթե նրանք գան, ուտելիք կբերեն մեզ համար։ Ճամպրուկները նախկինից ավելի ծանր են թվում, այլևս ուժ չկա հասնել կայարան։ Ստուգում եմ պատնեշի մեջ առաջացած ճեղքերը, ամեն ինչ նախկինի նման է։ Հավանաբար դեռ չեն պատրաստվում անակնկալ հարձակման անցնել։ Անասնագոմի դուռը փակ է։ Հողի մեջ նոր ոտնահետքեր կան, դժվար է կռահել տղամարդու, թե՝ կնոջ: Վերադառնում եմ տուն, Մարթան ննջասենյակում քնած է։
Մի՛ քնիր, Մարթա՛, ես չեմ կարող միայնակ դիմակայել նրանց։ Մենք պետք է միասին դուրս գանք պաշարումից։ Մարթան ի պատասխան մրմնջաց՝ հանիր ծլած կարտոֆիլները, ինձ տեղավորիր պարկի մեջ և թաքցրու մառանում։ Նրանք ինձ չեն գտնի։
Կգտնեն։ Ես նրանց կասեմ քո տեղը։ Հարկավոր է, որ դու լինես իմ կողքին։ Պարզապես ասա՝ համաձայն չեմ, դա է քո վերջին խոսքը։ Ասա, որ չես ցանկանում լքել ինձ։ Ամբողջ կյանքում իմ կողքին ես լինելու։
Չեմ կարող վստահ լինել, հիմա քնել եմ ուզում։ Մի անհանգստացիր, ոչինչ չի պատահի։ Ընդմիշտ միասին լինելու համար քայլիր Մասուրի կածանով այնքան, մինչև ավարտվեն քո ոտնահետքերը և մենք կրկին կհանդիպենք։
Դռան մեղմ թակոցով թիկնոցի մեջ փաթաթված տղամարդը, ձեռքում պահած թղթի գալարակը, մտավ ներս` ես եկել եմ Մարթայի ետևից: Թուղթը մեկնեց ինձ, որպեսզի ստորագրեմ։ Փետուրը թաթախեցի թանաքի մեջ ու մինչ կստորագրեի վերջին հայացք գցեցի Մարթայի վրա։ Տղամարդը բռնեց ձեռքս՝ գուցե չարժե հապճեպ որոշում կայացնել, պետք է մի փոքր էլ մտածել հետո գործել։
Նա խոր քնած է։ Մարթան ոչինչ չի իմանա, ոչինչ չի զգա, պատասխանեցի ես։ Այս ագարակում լրտեսներ չկան։ Ոչ ոք չի նկատի Մարթայի բացակայությունը։ Ամեն ինչ կարգին է, կարող եք ինքներդ համոզվել։
Տղամարդը մի կողմ գցեց ծածկոցը, ու նայեց գիշերանոցի մեջ ծածկված Մարթային։ Ծրարը հանձնեց ինձ և ես հուզված, շուտափույթ դրեցի վերնազգեստիս գրպանը։ Դրսում մանրամաղ անձրև էր գալիս, թրջված Մարթան փակ աչքերով կդողա օտար տղամարդու գրկում։ Վերնազգեստս գցեցի վրան, որպեսզի ճանապարհին չմրսի։ Տղամարդը գրկեց Մարթային անաղմուկ չքացավ մթության մեջ։
Մարթայի հեռանալուց հետո դատարկություն եմ զգում, նրանից բացի ոչ ոք իմ կարիքը չունի։ Մենք երջանիկ էինք նախքան գետի վարարումը։ Մահն ինձ ավելի մոտ է թվում, չեմ հասցնի հեռանալ ագարակից, հանկարծամահ կլինեմ ճանապարհին։ Պաշարումից դուրս գալը առավել քան երբևէ մոտ է, որովհետև տոմսն ինձ մոտ է: Խմում եմ թեյի վերջին կումերը, ներսս լցվում է քաղցրահամ հեղուկով ու ծածկում դատարկությունը։ Հարևան ագարակի տղամարդիկ բռունցքներով հարվածում են դռանը։ Նրանք բարկացած են ու զինված մահակներով։ Մարթա՛, բացի՛ր դուռը։ Մենք գիտենք, որ տանն ես։ Հիմա նստած ես սեղանի մոտ, թեյի բաժակը մոտեցրել ես շուրթերիդ։ Բանալու անցքից նայելով՝ գոռում էր համագյուղացիներից մեկը։ Երեկ գիշերը ի˚նչ էր անում հարևան ագարակատերը քո տանը։ Մենք տեսել ենք ձեզ ննջասենյակում։ Դուք մոռացել էիք իջեցնել վարագույրը։ Բացի՛ր, դուռը, և պատասխան տուր։
Վերջին ժամանակներս Մարթան ավելի ինքնամփոփ էր դարձել։ Քայլում էր գլուխը կախ, չէր պատասխանում հարևանների ողջույններին։ Խոսում էր ինքն իր հետ։ Բարձրանում էր տան տանիքին, ձեռքը թափահարելով, անհասկանալի բաներ էր գոչում։
Տղամարդկանց համբերությունը սպառվել էր, աղմուկը` սաստկացել։ Շրջվեցի դռան կողմը՝ Մարթան տանը չէ, գնացել է աշխատանքի, պատասխանեցի ես։ Արագորեն սենյակը տակնուվրա արեցի. փնտրում էի ծրարի մեջ դրված տոմսը, չգտա. թողել էի Մարթային ծածկող վերնազգեստիս գրպանում։ Նայեցի պատից կախված հրացանին. կարիք չկա։ 1874 թվականին գետը կրկին վարարելու է ու լցվի տուն։ Միևնույնն է տղամարդիկ երկար չեն կարող դիմակայել, եթե փորձեն աղեկտուր ձայնով փախչել, ձայնը կընկնի թակարդը։ Դուրս եմ գալիս ետնադռնից Մարթային փնտրելու, կճանաչի՞ նա ինձ։
Իրիկնային խուլ մթության մեջ սուրում է չարախինդ գնացքը ու տանում իր ուղևորին:
Լիլիթ Կարապետյան
Մարտ 2020
- Hits: 3968