Մի անգամ Ռ. ընտանիքին պատկանող բնակարանում հնչեց դռան զանգը, և փոքրիկ աղջիկը վազեց բացելու: Շեմին կանգնած էր մի երիտասարդ, որ լույսի տակ մի քիչ հիվանդ տեսք ուներ՝ բարակ, փայլուն վարդագույն մաշկով: Նա ասաց, որ եկել է սպառնացող վտանգի մասին տեղեկացնելու: Որ քաղաքում կարծես թե համաճարակ է, ինչ-որ վիրուսային հիվանդություն, որից երեք օրվա ընթացքում մահանում են, ընդ որում՝ այտուցվելով, և այլն: Ախտանիշը առանձին բշտիկների տեսքով է: Ողջ մնալու հնարավորթյուն կա միայն այն դեպքում, եթե մարդը խիստ հետևի անձնական հիգիենայի կանոններին: Հարկավոր է տանը մնալ, եթե այնտեղ մկներ չկան, քանի որ, ինչպես միշտ, մկներն են վարակի տարածման հիմնական աղբյուրը:

Երիտասարդին լսում էին տատիկ-պապիկը, փոքրիկ աղջիկը և նրա հայրը: Աղջկա մայրն այդ ժամանակ լոգարանում էր:

- Ինքս վարակված էի այս հիվանդությամբ,- ասաց երիտասարդը և հանեց գլխարկը, որի տակ ամբողջովին մերկ վարդագույն գանգն էր՝ ծածկված եռացող կաթի վրա հավաքված սերի պես բարակ մաշկով: - Ինձ հաջողվեց փրկվել, ես չեմ վախենում կրկին հիվանդանալուց և անցնում եմ տներով՝ հաց ու անհրաժեշտ պարագաներ բաժանելով, եթե կարիքը կա: Դուք որևէ բանի կարիք ունե՞ք: Գումար տվեք ես գնումներ կանեմ և եթե ունեք՝ մեծ պայուսակ տվեք՝ անիվներով: Խանութներում հիմա մեծ հերթեր են, բայց ես չեմ վախենում վարակվելուց:

- Շնորհակալություն,- ասաց պապիկը,- մենք ոչ մի բանի կարիք չունենք:

- Ընտանիքի բոլոր անդամների հիվանդության դեպքում դուռը բաց թողեք: Ես պատասխանատու եմ այնքան շենքի համար, որքան կարծեցի՝ ուժս կպատի՝ չորս հատ տասնվեց հարկանի: Ձեզնից ով կփրկվի, կարող է ինձ պես օգնել մարդկանց, իջեցնել դիակները և այլն:

- Ի՞նչ է նշանակում իջեցնել դիակները,- հարցրեց պապը:

- Ես դիակները հեռացնելու մեթոդ եմ մշակել՝ դրանք աղբատարը նետելով: Դրա համար մեծ պոլիէթիլենային տոպրակներ պետք կլինեն, միայն չգիտեմ՝ որտեղ կարող եմ գտնել դրանք: Արտադրության մեջ երկշերտանի պոլիէթիլենային ժապավեններ կան, դրանք կարելի է հարմարեցնել, բայց որտեղից գտնել գումար, փողի հարցն է: Այդ ժապավենը կարելի է տաք դանալով կտրել և ցանկացած չափի տոպրակ ստանալ: Տաք դանակ և երկշերտ ժապավեն:

- Ոչ, շնորհակալություն, մեզ պետք չի,- ասաց պապը:

Երիտասարդն անցավ առաջ՝ այլ դռներ թակելու, ինչպես մուրացկանն է փող խնդրում: Երբ նրա ետևից փակեցին դուռը, նա արդեն հարևան դռան մոտ էր, որտեղ շղթան անգամ հետ չտարան, այնպես, որ նա ստիպված էր կիսաբաց դռնից պատմել իր պատմությունը՝ աստիճանների վրա կանգած և գլխարկը հանած, մինչ նրան հետևում էին դռան արանքից: Լսվեց, որ նրան կարճ ինչ-որ բան պատասխանեցին և փակեցին դուռը, բայց նա չհեռացավ, ոչ մի քայլ չլսվեց: Այնուհետև դուռը նորից բացվեց, դարձյալ շղթան գցած, և մեկ ուրիշը ցանկացավ լսել պատմությունը: Պատմությունը կրկնվեց: Ի պատասխան հնչեց հարևանի ձայնը.

- Եթե փող ունես, տաս հատ կեսլիտրանոց բեր, գումարը կվերադարձնեմ:

Լսվեցին ոտնաձայներ ու լռություն տիրեց:

- Երբ վերադառնա, թող մեզ համար էլ հաց ու խտացրած կաթ բերի... և ձու: Նաև կաղամբ ու կարտոֆիլ է պետք:

- Շառլատանի մեկն է,- ասաց պապիկը,- թեպետ նման չէ այրվածի, դա ինչ-որ այլ բան է:

Վերջապես հայրը տեղից շարժվեց, բռնեց աղջկա ձեռքը և տարավ միջանցքից: Տարեցները ոչ թե նրա, այլ կնոջ ծնողներն էին, և ինքն առանձնապես համաձայն չէր նրանց հետ, անկախ նրանից՝ ինչ էին խոսում: Նրանք էլ փեսային չէին հարցնում: Վերջինիս կարծիքով ինչ-որ մի բան իսկապես սկսվել էր, չէր կարող չսկսվել, նա զգում էր ու սպասում դրան: Ինչ-որ տագնապ էր պատել նրան: Աղջկա ձեռքից բռնեց ու միջանցքից տարավ, որ նա այնտեղ չլիներ, երբ խորհրդավոր հյուրը հաջորդ դուռը թակեր. պիտի նրա հետ ինչպես հարկն է զրուցել, ինչպես տղամարդը տղամարդու. ինչպե՞ս է բուժվել, ի¬՞նչ պայմաններում:

Տատիկն ու պապիկը մնացին սակայն միջանցքում, քանի որ նրանք լսել էին, որ ոչ ոք չի կանչել վերելակը և, հետևաբար, այդ մարդը բարձրացել է վերևի հարկ: Ըստ երևույթին, նա գումարը և պայուսակները միանգամից է հավաքում, որպեսզի անընդհանտ չվազի խանութ: Կամ դեռ ոչ ոք փող կամ պայուսակ չէր տվել, այլապես նա վաղուց արդեն վերելակով ներքև իջած կլիներ, քանի որ պատվերները վեցերորդ հարկում պիտի որ արդեն հավաքված լինեին: Կամ նա իսկապես խաբեբա էր և հենց այնպես՝ իր համար գումար էր հավաքում, ինչպես իր մի անգամ տատիկն իր կյանքոմ արդեն հանդիպել էր նման մեկին. մի կին, որ այսպես դռան արանքից նրան ասել է, թե նա երկրորդ մուքից է, որտեղ մի կին է մահացել՝ վաթսունիննամյա Նյուրա մորաքույրը, և ինքը ցուցակով նրա թաղման համար գումար է հավաքում, ով որքան կտա, և ցույց էր տվել տատիկին ցուցակը, որտեղ ստորագրություններն ու գումարի չափն էին՝ երեսուն կոպեկ, մի ռուբլի, երկու ռուբլի: Տատիկը մի ռուբլի էր տվել, թեև Նյուրա մորաքրոջն այդպես էր չէր հիշել և շատ իզուր, որովհետև հինգ րոպե հետո դռան զանգը տվել էր լավ հարևանուհին և ասել, որ դա մի անհայտ խաբեբա է եղել, նրա հետ նաև երկու տղամարդ, որ երկորդ հարկում սպասում էին ու հենց նոր փողը վերցրած փախան, ցուցակն էլ դեն են նետել:

Տատիկն ու պապիկը դեռ միջանցքում կանգնած սպասում էին, հետո եկավ աղջկա հայրը՝ Նիկոլայը և նույնպես սկսեց ականջ դնել, վերջապես լոգարանից դուրս եկավ Ելենան՝ նրա կինը, և սկսեց բարձր ձայնով հարցուփորձ անել՝ ինչ է պատահել. նրանք լռեցրին: Դռան զանգերը շքամուտքում այլևս չէին լսվում, այսինքն՝ վերելակն իջնում-բարձրանում էր, անգամ մարդիկ իջան իրենց հարկում, բայց հետո պտտեցին բանալիները և փակեցին դռները, բայց այդ մարդկանից ոչ մեկը գլխարկով մարդը չէր:

Եթե նա լիներ, զանգը կտար, ոչ թե իր բանալիով կբացեր դուռը: Նիկոլայը միացրեց հեռուստացույցը, ընթրեց, ի դեպ, Նիկոլայը շատ կերավ, այդ թվում՝ նաև հաց, և պապիկը չդիմացավ ու նրան դիտողություն արեց, որ «ընթրիքը պետք է թշնամուն տալ», իսկ Ելենան պաշտպանեց ամուսնուն, իսկ աղջիկն ասաց. «Ինչ եք բղավում», և կյանքը շարունակեց ընթանալ իր հունով:

Գիշերը, դատելով ձայնից, ներքևում հսկայական ապակի կոտրվեց:

- Հացի խանութի ցուցափեղկն էր,- պատշգամբ դուրս գալով ասաց պապիկը:- Վազեք, Կոլյա, պաշար բերեք:

Սկսեցին պատրաստել Նիկոլային, մինչև նա հավաքվեց, մոտեցավ ոստիկանական մեքենան, ինչ-որ մեկին բռնեցին, հանձնեցին ոստիկանին, հեռացան: Նիկոլայը ներքև գնաց ուսապարկով և դանակով, այնտեղ պարզվեց մի խումբ մարդիկ են հավաքված: Ոստիկանին շրջապատվեցին, ոտնատակ տվեցին, մարդիկ սկսեցին կոտրված ցուցափեղկից ներս լցվել: Ինչ-որ մեկը կռվեց մի կնոջ հետ՝ նրանից խլելով հացով լի ճամպրուկը, բերանը փակեցին և քարշ տվեցին խանութ: Մարդիկ գնալով շատանում էին: Վերջապես եկավ Նիկոլայը լիքը ուսապարկով՝ երեսուն կիլոգրամ չոր բլիթ և տասը հատ հաց: Նիկոլայը հանվեց, շորերը նետեց աղբատար խողովակը, հետո էլ միջանցքում ոտքից գլուխ օդեկոլոնով մաքրեց իրեն, բաբմբակի կտորները նետեց պատուհանի մոտ դրված տոպրակի մեջ: Պապիկը, որ գոհ էր ամբողջ կատարվածից, նկատեց միայն, որ ստիպված են լինելու խնայել օծանելիքն ու դեղորայքը: Քնեցին: Առավոտյան Նիկոլայը նախաճաշին թեյի հետ միայնակ գրեթե կես կիլոգրամ չոր բլիթ կերավ հետո էլ կատակեց այս առիթով. «Նախաճաշն ինքդ կեր»: Պապիկը արհեստական ատամներով էր և տրտմում էր՝ բլիթները թեյի մեջ թրջելով: Տատիկը ներամփոփ էր, իսկ Ելենան անընդհատ աղջկան համոզում էր ավելի շատ բլիթ ուտել: Տատիկը վերջապես չդիմացավ և ասաց, որ պետք է չափ սահմանել, հո ամեն գիշեր թալանելու չեն գնա, մանավանդ հացի խանութն արդեն թալանել են: Հաշվեցին եղածը, բաժանեցին մասերի: Ելենան ճաշի իր բաժինը տվեց աղջկան: Նիկոլայը մռայլ էր, ինչպես ամպը, և միայն ճաշին կերավ մի ամբողջ սև հաց: Սնունդը պիտի որ մի շաբաթ բավականեցներ, իսկ հետո բանը բուրդ էր լինելու: Նիկոլայն ու Ելենան աշխատանքի վայր զանգահարեցին, բայց ոչ Նիկոլայի, ոչ Ելենայի զանգերին պատասխան չեղավ: Զանգեցին ծանոթներին, բոլորը տանը նստած էին: Բոլորը սպասում էին: Հեռուստացույցը դադարեց աշխատել, միջից միայն սուլոց էր լսվում: Հաջորդ օրը հեռախոսն էլ չաշխատեց: Ներքևում՝ փողոցով մարդիկ էին քայլում՝ ուսապարկերով, պայուսակներով, ինչ-որ մեկն էլ ոչ մեծ չափի սողացած ծառ էր քարշ տալիս: Հարց առաջացավ՝ ինչպես վարվել կատվի հետ, գազանիկն արդեն երկրորդ օրն էր՝ ուտելու ոչինչ չէր ստացել և սարսափելի մլավում էր պատշգամբում:

- Պիտի ներս թողնենք ու կերակրենք,- ասաց պապիկը: -Կատուն թանկ, թարմ, վիտամիններով հարուստ միս է: Նիկոլայը կատվին ներս բերեց, ապուր տվեց, ոչ այնքան շատ, որ երկար սոված մնալուց հետո միանգամից շատ չլինի: Աղջիկը կատվի մոտից չէր հեռանում. այն երկու օրերին, երբ կատուն պատշգամբում էր, աղջիկը անընդհատ փորձում էր գնալ նրա մոտ, իսկ հիմա վայելում էր նրան կերակրելու պահը: Մայրն անգամ դիտողություն արեց՝ «Դու նրան ես տալիս այն, ինչ ես իմ բերանից կտրում, քեզ եմ տալիս»:

Կատվին այդպիսով կերակրեցին, բայց հինգ օրվա պաշար էր մնում: Բոլորը սպասում էին, որ ինչ-որ բան կլինի, որ ինչ-որ մեկը կմոբոլիզացնի այս ամենը, բայց երրորդ գիշերը ոռնացին շարժիչները, ու բանակը լքեց քաղաքը:

- Սահմանը կանցնեն, կարանտինի մեջ կվերցնեն,- ասաց պապիկը:- Ոչ քաղաք գալ, ոչ քաղաքից գնալ: Սարսափելին այն էր, որ ամեն ինչ ճիշտ դուրս եկավ: Ստիպված ենք գնումների համար քաղաք գնալ:

Օդեկոլոն տվեք, գնամ,- ասաց Նիկոլայը,- իմը համարյա վերջանում է:

- Ամենը Ձերը կլինի,- ասաց պապիկը բազմանշանակ, բայց խուսափողաբար: Նա շատ էր նիհարել:

- Բախտներս բերել է, որ ջրատարն ու կոյուղին դեռ կան:

- Թու-թու, աչքով կտաս,- ասաց տատիկը:

Գիշերը Նիկոլայը գնաց մթերային խանութ՝ իր հետ վերցնելով ուսապարկեր, պայուսակներ, ինչպես նաև դանակ և լապտեր: Նա վերադարձավ, երբ դեռ մութ էր, աստիճանների վրա հանեց հագի շորերը, աղբատարը նետեց և մերկ մարմնին քսեց օծանելիքը: Ներբաններից մեկը սրբելով՝ մտավ բնակարան, հետո մաքրեց մյուսը, բամբակները թղթի մեջ դրեց, նետեց ներքև: Ուսապարկը դրեց ջրի բաքի մեջ եռալու, պայուսակները՝ նույնպես: Շատ բան չէր բերել. օճառ, լուցկի, աղ, գարու շիլայի կիսաֆաբրիկատներ, դոնդող և գարու սուրճ: Պապիկը շատ ուրախ էր, նա կատարյալ հրճվանքի մեջ էր: Դանակը Նիլոլայը ախտահանեց գազօջախի վրա:

- Արյունը վարակի ամենամեծ աղբյուրն է,- նկատեց պապիկը՝ լուսաբացին քնելու գնալիս:

Պաշարը, ինչպես հաշվարկեցին, պիտի որ հիմա 10 օրվա համար բավականեցներ, եթե ուտեին դոնդող, շիլա և ամեն բանից մի քիչ: Նիկոյալն ամեն գիշեր ելնում էր «որսի» և շորերի հետ կապված խնդիր առաջացավ: Նա սկսեց դրանք դեռ աստիճանների մոտ տեղավորել պոլիէթիլենային տոպրակի մեջ, դանակն էլ անընդհատ ախտահանում էր: Բայց նա առաջվա պես շատ էր ուտում, իհարկե հիմա պապիկի կողմից աննկատ մնալով: Կատուն օրեցօր նիհարում էր, կաշին ձգվել էր, ճաշը, ընթրիքն ու նախաճաշն անցնում էին տանջանքների մեջ, քանի որ աղջիկն անընդհատ փորձում էր որևէ բան գետնին նետել կատվի համար: Ելենան սկսեց պարզապես խփել նրա ձեռքերին: Բոլորը բղավում էին: Կատվին դուրս էին տանում, նա նետվում էր դեպի դուռը: Մի անգամ դա վերածվեց սարսափելի տեսարանի: Աղջիկը կատուն ձեռքին խոհաանոց մտավ, որտեղ այդ պահին տատիկն ու պապիկն էին: Աղջկա ու կատվի բերանին ինչ-որ բան կար քսված:

- Ահա,- ասաց աղջիկն ու համբուրեց, երևի ոչ առաջին անգամ, կատվի զզվելի մռութը:

- Ի՞նչ է եղել,- բացականչեց տատիկը:

- Նա մուկ է բռնել,- ասաց աղջիկը,- նա կերավ մկանը: Ու աղջիկը նորից համբուրեց կատվի դունչը:

- Ի՞նչ մուկ,- հարցրեց պապիկը, նրանք տատիկի հետ փայտացան:

- Այսպիսի մոխրագույն մուկ:

- Փքվա՞ծ, գե՞ր:

- Հա, գեր, մեծ:

Կատուն աղջկա ձեռքերի մեջ սկսեց հետ տալ:

- Ամուր բռնիր,- ասաց պապիկը: Գնա քո սենյակ, փոքրիկս, գնա: Գնա կատվի հետ: Ախ դու զզվանք, ախ սրիկա: Կատվի հետ է խաղում, կեղտի մեկը: Ե՞վ: Լա՞վ խաղացիր:

- Մի գոռա,- ասաց աղջիկն ու արագ վազեց իր սենյակ:

Նրա հետևից գնաց պապը ու բոլոր հետքերի վրա օդեկոլոն ցանեց: Հետո նա փակեց մանկական սենյակի դուռը, դիմացը աթոռ դրեց: Հետո կանչեց Նիկոլային, որ անքուն գիշերվանից հետո, քնել էր, նրա հետ քնել էր նաև Ելենան: Նրանք արթնացան: Ամեն ինչ քննարկվեց: Ելենան սկսեց լացել ու պոկել մազերը: Աղջկա սենյակից թակոց էր լսվում:

- Բաց թողեք, բացեք, ես զուգարան եմ ուզում,- լացելով գոռում էր նա:

- Լսիր՝ ինչ եմ ասում, գոռաց Նիկոլայը,- հերիք բղավես:

- Թող, թող, թող ասում եմ: Դու էլ մի գոռա: Բաց թողեք:

Նիկոլայն ու մյուսները գնացին խոհանոց: Ելենային ստիպված եղան բաղնիքում փակի տակ պահել: Նա նույնպես խփում էր դռանը:
Երեկոյան աղջիկը հանգստացավ: Նիկոլայը հարցրեց աղջկան՝ արդյոք նա զուգարան գնացել է: Աղջիկը դժվարությամբ պատասխանեց, որ հա, տակն է արել ու ջուր խնդրեց:

Աղջկա սենյակում մանկական օրորոցն էր, ծալովի մահճակալը, զգեստապահարանը՝ մեջը տան բոլոր անդամների իրերը՝ դուռը բանալիով փակած, գորգ և գրապահարան: Հարմարավետ մանկական սենյակ, որ հիմա հանգամանքների բերումով դարձավ կարանտինային մեկուսարան: Նիկոլայը դռան վրա անցք բացեց և հորդորեց աղջկան առաջին իսկ հնարավորթւյան դեպքում վերցնել շիշը, որն ինքը պարանով կիջեցնի, շշի մեջ ապուր է՝ հացի փշրանքներով: Հենց այդ շշի մեջ էլ աղջիկը պիտի միզեր և պատուհանից դուրս թափեր մեզը: Բայց պատուհանը փակված էր նաև վերևի փականով և աղջիկը դրան այդպես էլ չհասավ, բացի այդ շշի այդ գաղափարը բոլորովին լավը չէր: Իսկ արտաթորանքի հարցը պիտի լուծվեր շատ պարզ՝պատռել մեկ երկու թերթ գրքից, վրան դատարկվել և պատուհանից դուրս նետել: Նիկոլայը մալուխից պարսատիկ պատրաստեց և երեք անգամ փորձելուց հետո պատուհանի վրա բավական մեծ անցք բացեց:
Աղջիկն իսկապես ցույց տվեց իր դաստիարակության ողջ պտուղները և կղկղեց փնթիորեն, ոչ թղթի վրա. չհասցրեց ղեկավարել իր ցանկությունները: Ելենան նրան օրը քսան անգամ հարցնում էր՝ քա-քա չի ուզում, նա պատասխանում էր, որ չի ուզում, արդյունքում հայտնվեց կեղտի մեջ: Բացի այդ, ուտելու հարցը բարդ էր: Շշերի ու պարանների քանակը սահմանափակ էր: Պարանն ամեն անգամ կտրվում էր, և տասը շիշ էր այդ պահին արդեն թափված սենյակի հատակին, երբ աղջիկը դադարեց մոտենալ դռանը, վեր կենալ և պատասխանել հարցերին: Կատուն, ոնց երևում էր, աղջկա մարմնից վրայից վեր չէր կենում, թեև նա վաղուց արդեն տեսադաշտում չէր հայտնվում, այն պահից, երբ Նիկոլայը սկսեց պարսատիկով հետապնդել նրան, քանի որ աղջիկը շշով ստացածի գրեթե կեսը նրան էր տալիս՝ այն հատակին լցնելով: Աղջիկը հարցերին չէր պատասխանում, նրա մահճակալը դրված էր պատի մոտ և անցքից այն տեսնել հնարավոր չէր:

Նախորդ երեք օրերը, աղջկա կյանքը կազմակերպելու այդ պայքարը, բոլոր այդ նորամուծությունները, փորձերը՝ ինչ-որ կերպ նրան սովորեցնելու սրբել իրեն (մինչ այդ դա նրա փոխարեն միշտ Ելենան էր արել), ջրի փոխանցումը, որ նա գոնե ինչ-որ կերպ լվացվի, այդ բոլոր ջանքերը համոզելու, որ նա դռան մոտ գա շշի հետևից (մի անգամ Նիկոլայը ուզեց լողացնել նրան՝ վրան մի տարա տաք ջուր լցնելով, երբ նա մոտեցել էր ճաշը վերցնելու, այդ պահից սկսած նա վախենում էր մոտենալ դռանը), այս ամենն այնքան էր բառացիորեն սպառել տան բնակիչներին, որ երբ աղջիկը դադարեց արձագանքել, բոլորը պառկեցին և շատ երկար քնեցին:

Բայց հետո ամեն ինչ շատ արագ ավարտվեց: Արթնանալով՝ տատիկն ու պապիկը իրենց անկողնում հայտնաբերեցին կատվին՝ նույն արյունոտ դնչով, երևում է` կատուն կերել էր աղջկան ու դուրս եկել դռան անցքից, երևի ջուր փնտրելու: Վայ-վույ արեցին տատն ու պապը, գոռացին, հառաչեցին, ինչը լսելով՝ դռան մոտ հայտնվեց Նիկոլայը և նրանց ողբը լսելուց հետո պարզապես փակեց դուռը ու կողպեց այն հակառակ կողմից՝ աթոռով: Ոչ միայն դուռը այլևս չբացվեց, այլև Նիկոլայն անգամ օդանցք չբացեց, հետաձգեց այդ հարցը: Ելենան գոռում էր և ուզում էր աթոռը հեռացնել, բայց Նիկոլայը նրան նորից կողպեց լոգարանում:

Իսկ Նիկոլայը պառկեց մահճակալին և սկսվեց այտուցվել, այտուցվել, այտուցվել: Նախորդ գիշեր նա մի կնոջ էր սպանել, որ կարծես արդեն վարակված էր, այնպես, որ դանակը գազօջախի վրա ախտահանելը չէր օգնել, բացի այդ, Նիկոլայը հենց նույն պահին փողոցում, ուսապարկի վրա կերել էր գարու ապուրի կիսաֆաբրիկատը. ուզում էր փորձել, բայց ամբողջը կերավ:

Նիկոլայն անմիջապես հասկացավ՝ ինչ է, բայց եթե մարմինն սկսել էր այտուցվել, արդեն ուշ էր: Ամբողջ բնակարանը դղրդում էր դռան թակոցներից, կատուն մլավում էր, վերևի հարկում նույնպես բանը հասել էր թակոցներին, իսկ Նիկոլայը շարունակվում էր փքվել, աչքերից արյուն չհոսեց, բայց նա մեռավ՝ ոչ մի բանի մասին չմտածելով, միայն ավելի ու ավելի փքվելով և դրանից ազատվել կամենալով:

Եվ մուքտի դուռը ոչ մեկ չէր բացում, և շատ իզուր, որովհետև այնտեղ հաց բաժանելով՝ տնից տուն էր անցնում այն նույն երիտասարդը, իսկ Ռ. ընտանիքին պատկանող բնակարանում ձայները լռել էին, միայն Ելենան էր դեռ ջղաձգվում՝ աչքերից արնահոսելով, ոչինչ չտեսնելով, թեև ինչ պիտի տեսներ մութ լոգարանի հատակին պառկած:

Ինչու երիտասարդն այդքան ո՞ւշ եկավ: Դե որովհետև նրա ենթակայության տակ գտնվող շենքերը շատ էին, չորս հսկայական շենք: Երկրորդ անգամ նա այս մուքտում հայտնվեց միայն վեցերորդ օրվա երեկոյան, աղջկա լռելու պահից՝ երեք օր, Նիկոլայի վախճանից՝ մեկ օր, Ելենայի ծնողների վախճանից՝ 20 ժամ և Ելենայի մահից հինգ րոպե առաջ:

Միայն թե կատուն անըդհատ մլավում էր, ինչպես այն պատմվածքում, որտեղ ամուսինն սպանել էր կնոջը և դիակը աղյուսի պատի մեջ շարել, իսկ հետաքննությունը եկել էր և պատից եկող մլավոցի հետքերով հասկացել՝ ինչ է կատարվում, քանի որ դիակի հետ պատի հետևում մնացել էր նաև տիրուհու սիրելի կատուն և ապրել այնտեղ՝ սնվելով նրա մսով:

Կատուն մլավեց, և երիտասարդը, լսելով ամբողջ մուտքում, որտեղ այլևս լուռ էր, չկային ոչ թակոցներ, ոչ բղավոցներ, մի կենդանի ձայն, որոշեց պայքարել գոնե մի կյանքի համար, բերեց երկաթյա ձողը, որով պահակները ձմռանը սառույցն էին կոտրում և որը հիմա, արյան մեջ կորած, նետված էր բակում, և կոտրեց դուռը: Եվ ի՞նչ տեսավ նա: Սև ծանոթ սար լոգարանում, սև սար միջանցքում, երկու սև սար աթոռով փակված դռան հետում, որտեղից և դուրս թռավ կատուն: Կատուն ճարպկորեն թռավ օդանցքի մեջ՝ կոպտորեն բացված ևս մի դռան վրա, և այնտեղից լսվեց մարդկային ձայն: Երիտասարդը նաև այդ աթոռը հանեց և մտավ մի սենյակ՝ ծածկված ապակու կտորներով, աղբով, արտաթորանքով, գրքերից պատռված էջերով, առանց գլխի մկներով, շշերով ու պարաններով: Մահճակալի վրա պառկած էր աղջիկը՝ ճաղատ, բաց կարմիր գույնի գանգով, հենց այնպիսին, ինչպիսին երիտասարդինն էր, միայն թե ավելի կարմիր: Աղջիկը նայում երիտասարդին, իսկ նրա բարձին նստել էր կատուն և նույնպես սևեռուն նայում էր:

 

 Ռուսերենից թարգմանեց Աստղիկ Հակոբյանը

 

  • Hits: 4311

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: