Տատասկներ[1]

* * *

Վշտալի էր այն օրը,

Երբ թռավ, ընդմիշտ հեռացավ

հրեշտակն առաջին սիրո։

* * *

Ինչպե՞ս էիր ասում ընկերս,

թե սերը մի գե՞տ է։ Զարմանալի չէ։

Հարկավ մի գետ է, որ,

միախառնվելով անուշադրությանը,

թափվում է ծովն հուսախաբության։

* * *

Խեղճն ապրում էր չքավորության մեջ,

ոչ ոք չէր անսում նրա վշտի ձայնին,

երբ գնաց խնդրելու ողորմություն,

դուրս վռնդեցին տներից։

Ընչազուրկ մեռնելուց հետո

նրա արձանը կանգնեցրին,

Կեցցեն այն հանգուցյալները,

որ ո՛չ ստամոքս ունեն, ո՛չ էլ ծնոտ։ 

* * *

Իր բանաստեղծությունները պոետը լցրեց

ծովում եղած բոլոր մարգարիտներով,

հանքերում եղած ամբողջ ոսկով,

արևելյան ողջ փղոսկրով,

Գոլկոնդայի[2] ադամանդներով,

Բաղդադի գանձերով,

Նաբադի[3] սնդուկներից հանված

թանկարժեք զարդերով ու գոհարներով։

Սակայն, չունենալով հացի ոչ մի փշրանք,

որ բանաստեղծություններ գրի,

դրանք ավարտին հասցնելուն պես

մահացավ աղքատությունից։

* * *

Լալիս էր իմ գրկում՝ սև զգեստ հագած,

լսվում էր նրա սրտի բաբախյունը,

շագանակագույն գանգուրները քողարկել էին պարանոցը

և ամբողջ մարմնով դողում էր վախից ու սիրուց։

Ո՞վ էր մեղավորը։ Լուռ գիշերը։

Եկել էր հրաժեշտի պահը։ Երբ ասաց․«Հաջողությու՜ն»,

Հեկեկալով փարվեց իմ կրծքին

այն ծաղկած նշենու սաղարթի տակ։

Լուսինն էր խնդրել ամպերին արթուն մնալ ...

Եվ վերջում երկուսս էլ տխուր լաց եղանք։

* * *

Ինչու՞ ես լալիս։ Հասկանում եմ։

Ամեն ինչ ավարտված է։

Սակայն չեմ ուզում, հոգի՛ս,

քեզ տեսնել լաց լինելիս։

Մեր սերը, հավետ, հավետ է...

Մեր հարսանիքը...անհնարին։

Ո՞վ է այդ ավազակը,

որ եկել է գողանալու

քո ծաղկեպսակը

և քո հարսանեկան քողը։

Այլևս ոչինչ, ոչինչ մի ասա,

չեմ ուզում լսել։

Քո անունն Անմեղություն է,

իսկ նրա անունը՝ Սատանա։

Ծաղկունքիցդ դեպի վիհն է

հրում քեզ մի ձեռք,

դեսուդեն ես ընկնում,

իսկ այդ ընթացքում

պահապան հրեշտակդ քայլում է

մտամոլոր և տխուր լալիս։

Սակայն ինչու՞ ես այդքան

արցուն թափում...Ա՜հ,

Այո՛, ամեն ինչ հասկանում եմ...

Ոչինչ, այլևս ոչինչ մի ասա։

Տրտմություն

Եղբա՛յր, դու՛, որ լույս ունես, տու՛ր ինձ իմը։

Ասես կույր լինեմ։ Գալիս եմ մոլոր և խարխափելով։

Գալիս եմ մրրիկների ու փոթորիկների տակով,

ասես երազից կուրացած և ներդաշնակությամբ տարված։

Իմ անեծքն է։ Երազելը։ Պոեզիան

հազարավոր սայրերով պողպատյա զսպաշապիկ է,

որի մեջ փաթաթված է հոգիս։ Արյունոտ փշերից

թափվում են տրտմությանս կաթիլները։

Եվ այսպես՝ կույր ու խենթացած, քայլում եմ այս դառը աշխարհով,

երբեմն թվում է՝ ուղին շատ երկար է,

իսկ երբեմն՝ կարծես թե շատ կարճ...

Եվ այս ոգևորության ու օրհասի տատանման մեջ,

ցավերի մի բեռ եմ տանում, որի տակ հազիվ եմ դիմանում։

Չե՞ս լսում՝ ինչպես են տրտմությանս կաթիլները հոսում։

Աշնանը

Գիտեմ, որ մարդիկ ասում են. «ինչու՞ հիմա չի երգում»

նախորդ տարվա նույն խենթ ներդաշնակությամբ։

Նրանք չեն տեսնում մեկ ժամում արված գործի խորքը,

Մեկ րոպեում արարված և մեկ տարում կատարված հրաշքը։

Ես՝ խեղճ մի ծառ, արձակեցի զեփյուռի սիրուց,

երբ սկսեցի աճել, մի կամացուկ ու քաղցր ձայն։

Անցել են արդեն ջահել, ժպտերես ժամանակները.

թող որ փոթորիկն այժմ հուզի իմ սիրտը։ 

Հավատը

Տարակուսանքի անդունդի կենտրոնում,

լցված խավարով, ցնորքի ստվերներով,

մի աստղ կա, որից շողեր են ցայտում,

վեհ, սակայն լուռ և կամացուկ։

Նա պատսպարում է իր փայլով երկնային,

ոգևորում և ուղղորդում միտքը մարդկային,

երբ չարի ոգին իր կատաղությամբ դիվային

հարվածում է դաժան ձեռքով ահարկու։

Այս աստղը ծագե՞լ է  մաքուր ակունքից՝

մարդու արարած, թե՞ երկնքի տակից,

որ մութ ճակատագիրը լուսավորի։

Որ ծառա՞յի նրան, ով սփոփանքի կարիք ունի։

Չգիտեմ, միայն հայտնի է, որ այն, ինչը մեր հոգին է ջերմացնում,

Այո՛, գիտեք, արդեն գիտեք՝ այն «Հավատ» է կոչվում։

[1] «Abrojos»-այսպես էր վերնագրված Ռուբեն Դարիոյի՝ 1887 թ․ մարտին հրատարակած բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Գրողը պատկերավոր ձևով այս անվամբ է ներկայացնում իր ցավերն ու տառապանքները։

[2] Golconda- գտնվում է Հնդկաստանի Տելիգանա նահանգում։ Այժմ այն ավերված է, սակայն նախկինում հայտնի է եղել ադամանդի հանքարդյունաբերությամբ և վերամշակմամբ:

[3] Nabad, Nabab-Արևելյան Հնդկաստանի Մեծ մողոլների կայսրության որոշ նահանգների կառավարիչներին տրվող կոչում։

Թարգմանությունն իսպաներենից` Անի Գասպարյանի

  • Hits: 4980

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: