Գնալ ու մնալ և մնալով բաժանվել

Գնալ ու մնալ և մնալով բաժանվել,
բաժանվել անհոգի և օտարի նման հեռանալ,
ջրահարսի քաղցր ձայնը լսել
ու չկարողանալ արմատներիցդ հեռանալ:
Մոմի պես այրվել և սպառվել,
մտքում աշտարակներ կառուցելով փափուկ ավազի վրա,
ընկնել երկնքից և տանջվել ցավից, ինչպես մի սատանա
և անգամ այդժամ երբեք չապաշխարել.
խոսել լուռ մենակության մեջ,
հավատի փոխարեն համբերություն խնդրել
և ժամանակավորը դարձնել հավերժություն:
Հավատալ կասկածներին և հերքել ճշմարտությունը,
դա այն է, ինչ աշխարհում կոչում են պակասություն,
հոգու մեջ հուր, իսկ կյանքում՝ դժոխք:

Քաղցր է անտարբերությունը, եթե դու ես ցավ պատճառում
Քաղցր է անտարբերությունը, եթե դու ես ցավ պատճառում,
բախտավոր եմ և քեզ դրա համար շնորհակալ եմ
ինչ արած, եթե քո խստությանն արժանի եմ,
քանզի միայն քո չարությամբ եմ բավարարվում:
Համառ հույսեր չեմ փայփայում
մեկից, ում ուրախությունն ինձ վիշտ է պատճառում,
եթե միայն իմանայիր, որ քեզ եմ նվիրում
հոգիս ու սերս, որոնք դաժանությամբ հետ ես վանում:
Գեթ մի փոքր եղիր բարի, չնայած ինձ կզրկես
քեզ համար տառապելուց, չէ՞ որ քո սիրուց կմեռնեմ,
եթե թափած արցունքներս դրա դիմաց խնդրես:
Ավելին, ինչպե՞ս ինձ կընծայես սպասածս բարությունը,
եթե ինձ չարամտություն անելով ես հազիվ ապրում,
ու ես երազում եմ անգամ քո վատությունը:

 

Սոնետ

Ընկճվել, հանդգնել, լինել կատաղի,
դաժան, մեղմ, ազատախոհ, վեհերոտ,
քաջարի, մահկանացու, վախճանված, կենդանի,
հավատարիմ, դավաճան, խիզախ և վախկոտ։
Չգտնել ոչ մի լավ տեղ կամ դադար,
ձևանալ ուրախ, տխուր, հեզ, հպարտ,
մոլեգին, խուսափող, չար,
գոհ, դժգոհ, կասկածամիտ։
Դարձնել դեմքը, որ չերևա հուսահատությունը,
ըմպել թույն հաճելի խմիչքի փոխարեն,
մոռանալ շահը, սիրել վնասը։
Կարծել դժոխքում է երկնքի տեղը,
կյանքն ու հոգին տալ խաբեությանը,
սա է սերը, ով փորձել է, գիտի համը։



Ձոն վարդին

XXXVII
Ի՜նչ եթերային վարպետությամբ ես արթնանում
այդ նուրբ զմրուխտյա քո շապիկից
օ՜, չքնաղ վարդ բուրումնավետ,
թագադրված արևելյան կաթիլներով։
Մեկ ոսկով ես հուրհրատում, մեկ՝ մարջանով,
մեկ էլ հանկարծ ալ կարմիր գույն ես ստանում,
բազմած այդ ծաղկակոթին երերուն,
որից հինգ անհամաչափ առէջներ են բողբոջում։
Օրհնյալ լինի աստվածային քո ստեղծողը, քանի որ
մտքերդ պտտվում են նրա արարչագործության շուրջը,
չնայած խորհում ես նաև մեր վաղանցիկ կյանքի մասին։
Այսպես, ջահել տարիներն է քշում տանում քամին,
ու այսպես, այն հույսերն են խաբուսիկ,
թե ամուր են արմատները կպած հողին…



Ո՞վ է ամենադաժան ձևով սպանում

Ո՞վ է ամենադաժան ձևով սպանում:
Սերը:
Ո՞վ է այդքան անքնություն բերում:
Խանդը:
Ո՞վ է իմ չարիքների պատճառը:
Քամահրանքը:
Ի՞նչ կլինի, եթե ամենը զուր է,
ապարդյուն հույս է,
քանզի նրանք են խլում կյանքս
սերը, խանդը և քամահրանքը:
Ինչի՞ կբերի հանդգնությունս:
Խոչընդոտի:
Իսկ ի՞նչը կբուժի կրածս վնասը:
Խաբեությունը:
Ո՞վ է հակառակվում սիրուս:
Վախը:
Հետո հարկադրված խստություն,
ապա խենթ համառություն,
չէ՞ որ վատ բաները գլուխ գլխի են հավաքվում
վախ, խաբեություն և հանդգություն:
Ի՞նչ է ինձ տվել սերը:
Զգուշություն:
Եվ ինչ եմ նրանից խնդրում:
Մոռացություն:
Ի՞նչ ունեմ այն լավից, որը ես տեսնում եմ:
Ցանկություն:
Եթե այպիսի խենթությամբ տարվեմ,
սեփական թշնամիս կլինեմ,
շուտով ինձ ընդմիշտ կլքեն
զգուշությունը, մոռացումն ու ցանկությունը:
Իմ վիշտը երբեք չեմ բարձրաձայնել:
Դժբախտ եմ եղել:
Ի՞նչն է նպաստել հավակնությանս:
Հանգամանքները:
Ո՞վ է սիրուս դիմադրում:
Բացակայությունը:
Ուրեմն, էլ որտե՞ղ համբերություն գտնեմ,
եթե անգամ մահ աղերսեմ,
երբ կյանքիս վերջ տալուց լինեն
դժբախտությունը, հանգամանքն ու բացակայությունը:

 


Իսպաներենից թարգմանեց Անի Գասպարյանը

  • Hits: 3176

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: