Լուրեր էին տարածվել, թե հրթիռները հարվածել են աշտարակի հետնամասին: Լուսադեմից օդում անծանոթ ինքնաթիռներ էին պտտվում: Հակաօդային պաշտպանության համակարգերը որոտում էին ու պատառոտում երկինքը: Ամեն րոպե հայտարարում էին, որ թշնամու օդանավերը սկսել են ռմբակոծել:  Ծնողներս, կրակի վրա հայտնված սարածաղկի[1] նման, հանգիստ չունեին: Հորեղբայր Մոհսենի ու մորաքույր Մարիամի տունն աշտարակի հետևում էր:   

Մայրս՝ դեմքը ճանկռոտած, գզգզված մազերով, մինչև պորտը պատռված վերնաշապիկով ու արցունքոտված դեմքով, ընկել էր գետնին ու ճոճանակի նման երերում էր. 

- Տեսա՞ր… տեսա՞ր՝ գլխներիս ինչ փորձանք եկավ: Տեսա՞ր, որ առանց քույր մնացի… Դատաստանի օրը կհանդիպենք, քույր… Դատաստանի օրը:  

Հայրս, գլուխը պատին ուժեղ խփելով, ասում էր.

- Եղբա՜յրս, եղբա՜յրս… Քեզ ինչքա՜ն ասացի՝ երեխեքիդ վերցրու, էդ անտերանոցից գնա, կնոջդ լսեցիր ու սրտիս մի վերք թողեցիր:  

- Ես գնամ էնտեղ, տեսնեմ, թե ինչ է եղել. շուտ կվերադառնամ,- ասացի ես:   

- Չէ՜,- ճչաց մայրս,- բալե՛ս, եթե գլխներիս մի փորձանք պիտի գա, թող որ միասին լինենք:  

- Նստիր տե՛ղդ. գնում ես դժոխքի բերա՞ն,- արձագանքեց հայրս:  

Զուգարան գնալու պատրվակով սենյակից դուրս եկա: Մեր զուգարանը բակի դռան մոտ էր…  Հանդարտ դուրս եկա ու սկսեցի վազել: Հասել էի փողոցի խորքը, երբ լսեցի հորս ձայնը.

- Հե՛տ արի, ա՛յ տղա… հե՛տ արի: Մի՞թե քեզ հետ չեմ:   

Առանց գլուխս թեքելու, նույն կերպ վազելով՝ գլխիս վերևից ձեռքով արեցի, թե շուտով կվերադառնամ:    

Կարճ ճանապարհով գնացի ու հասա բլրի գագաթը: Հրթիռները թղթի նման պատռել էին երկու մեծ ջրամբարներից մեկը, և ջուրը հեղեղվելով թաղամասի կողմն էր լցվել: Բլրից իջնելու ժամանակ մի քանի անգամ ընկա: Ծնկներս ու ձեռքերիս ափերը վնասվեցին… Սուգ ու շիվան, աղմուկ-աղաղակ, ծխահոտ, ավտոմեքենաների, հրշեջ ծառայության ու շտապօգնության մեքենաների շչակներ: Սև ծուխը երկինք էր ալիքվում:    

Տոթը տանջում էր. մի թեթև քամի էլ չկար: Օդը նման էր ծանր կապարի: Երկինքն ասես ներքև էր իջել և մարդկանց գլխին էր փլվում: Ճնճղուկներն ու աղավնիները թևաբախում էին երկնքում. իրենց բներն էին կորցրել:    

Հրթիռները երկու փողոց ամբողջությամբ հնձել էին: Հորեղբայր Մոհսենի ու մորաքույր Մարիամի տունը կորցրել էի: Պտտվում էի շուրջս, փնտրում փողոցների անունների ցուցատախտակը: Պատ չէր մնացել, որ ցուցատախտակ էլ ունենար: Մի քանի մոլորված օդապարուկ թաղամասի վերևում խաղ էին բռնել ծխի ալիքների հետ, և նրանց խճճված թելերը գալարվում էին օդում: Ասես վշտից էին իրենց շուրջը պտտվում:   

Մի ձեռք կպավ ուսիս: Հանկարծակիի եկած՝ շրջվեցի. հորեղբայր Մոհսենն էր:        

- Դու էստեղ ի՞նչ ես անում, ա՛յ հերոս:     

Ինձ հորեղբայր Մոհսենի գիրկը նետեցի ու սկսեցի լալ: Գլուխս բարձրացրի և արցունքների վարագույրի հետևից նայեցի հորեղբայր Մոհսենի դեմքին: Նա կռացավ, երեսս համբուրեց: Ձեռքով գլուխս շոյեց ու ասաց.       

- Մի՛ վախեցիր, տղամարդ, մի՛ վախեցիր. բոլորս ողջ-առողջ ենք:     

- Մորաքույրենք ո՞նց են…  բա Մարիամ մորաքույրե՞նք,- հարցրի հեծկլտալով:   

- Նրանք էլ, փառք Աստծո, ողջ-առողջ են: Տեսնեմ՝ ձեռքդ ինչ է եղել:  

Հորեղբայր Մոհսենը ձեռքն ուսիս գցեց ու ասաց.  

- Հերո՛ս ջան, վախեցել ես: Գնանք, մի հատ սառը ջուր խմես, ուշքի կգաս:    

Հորեղբայր Մոհսենի գրկից իջա ու ասացի.  

- Պիտի շուտ վերադառնամ, հորեղբա՛յր… հայրիկենք այնտեղ անհանգիստ են:

- Լավ: Գնա, սիրելիս, գնա՛… թարսի պես հեռախոսկապն էլ խաթարվել է:  

Հորեղբայր Մոհսենը երեսս համբուրեց ու խփեց թիկունքիս:    

- Բոլորին բարևներ:

Սկսեցի վազել: Բլրի գագաթը հասա: Կանգ առա ու շունչ քաշեցի: Այնտեղից կարող էի տեսնել մեր թաղը: Բարձրախոսից միանգամից կարմիր ազդանշան տարածվեց, իսկ հետո՝ հակաօդային պաշտպանական համակարգերի անխնա հռնդյունը: Նայեցի երկնքին: Մի քանի ինքանթիռ երկնքում շատ բարձր պտտվում էին: Կրակը նրանց չէր հասնում: Անհարմար տեղ էի կանգնել՝ ջարդուփշուր եղած ջրամբարի մոտ: Շուրջս լավ զննեցի: Ջրամբարի մոտ մի մեծ փոս կար: Ինձ փոսը նետեցի, պառկեցի ու մատներս խցկեցի ականջներս… Մի պահ ասես երկինքն ու երկիրը դողացին, և հակաօդային պաշտպանական համակարգերը խենթացած կրակ արձակեցին, հետո՝ ավտոմեքենաների, հրշեջ ծառայության ու շտապօգնության մեքենաների շչակներ, մարդկանց աղմուկ-աղաղակ:

Գլուխս կամաց վեր բարձրացրի, ոտքի կանգնեցի, նայեցի բլրի ներքևը. կրակի բոցեր, բարձր ալիքվող ծուխ, գլխապատառ վազող մարդիկ՝ նման բները հրդեհված մրջյունների: Հանկարծակիի եկա: Կրակի բոցերն ու ծխի ալիքները մեր թաղից էին երկինքը ճանկում: Չհասկացա՝ ինչպես բլուրն իջա: Ողջ մարմինս վերք էր, արյուն էր գալիս, բայց ոչ մի ցավ չէի զգում: Անհանգստությունը ցավը հետ էր մղում:          

Ոտքս վնասել եմ… Կարծես քաղաքի բոլոր մարդիկ հավաքվել են մեր տան բակում:

 

[1] Բույս է, որը հիմնականում չար աչքից պաշտպանելու նպատակով գցում են կրակի վրա, և այն ճարճատյունով այրվում է:

 

 

Պարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը

  • Hits: 2895

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: