Ուզում եմ
ուրիշներից հարցնել՝
ով են,
որ ինքս հասկանամ՝
ով եմ,
և
ճակատագիրս որն է։

 

***
Երանի իմանայի
Երանի իմանայի
մի փոքր ջրից,
մի փոքր գիշերից,
բայց, ավա՜ղ,
ոչինչ էլ չգիտեմ։

 

***
Ինձ համար
ամրոց եմ սարքել
զեփյուռով,
ձյան փաթիլներով,
արևի ոսկով։
Ինձ համար ամրոց եմ սարքել
ավերվելու համար։

 

***
Երբ ասում ենք «սեր»,
սարսռում ենք,
քանզի սերը
կորցնել է,
ոչ թե՝
գտնել։

 

***
Ամսաթվերն իմանալը
մոտս չի ստացվում,
բայց, չգիտեմ ինչու,
բանաստեղծություններիս ներքևում
ամսաթվեր եմ գրում։

 

***
Անցյալ ժամանակը
ի¬¬՞նչ դերեր ունի․
Կախարդական դերեր։

 

***
Ի՜նչ փառահեղ ակնթարթ է լռությունը,
որ հավերժ է
թե ակնթարթի անսահմանության մեջ,
թե լռության անսահմանության մեջ։

 

***
Ծառը չի վախենում,
որովհետև երբեք իր տեղից
ուրիշ տեղ չի գնում,
բայց մենք վախեցած ենք,
պտտվում ենք մեր շուջը
և մի տեղից մյուսն շտապում,
բայց ծառն
իր ճշմարտությունը
փնտրում է իր մեջ։

 

***
Կատուներն
այնպիսի տեղերով են անցնում,
չենք կարողանում գնալ նրանց հետևից,
բայց կարողանում ենք զգալ՝
այնպիսի տեղերով են անցնում,
որ կախարդական իմաստ ունեն։

 

***
Մի թռչուն անցավ․
թևն արդյո՞ք սպիտակ էր,
և ո՞ր կողմ էր նայում։
Մի թռչուն անցավ,
որի անունը չգիտեմ
և գույնը չտեսա․
գուցե երջանկության թռչունն էր,
որ անցնում էր պատուհան-երկնքով։

 

***
Բաժակը կոտրվելիս
գուցե
ցավ է ապրում,
և պատը՝ քանդվելիս։
Գուցե մեր մարմինն էլ
տանջվում է մեռնելիս՝
արդեն առանց մեր իմանալու։

 

***
Իմ ու աշխարհի կռիվը
վերջացել է,
որովհետև մեր երկուսից
միայն աշխարհն է մնացել։

  

Պարսկերենից թարգմանեց Արեգ Բագրատյանը

  • Hits: 3914

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: