Արդեն քառորդ ժամ էր, ինչ կանգնած էր մայթին համերգից հետո, որը մեկ շիլինգ նստեց իր վրա։ Սովորաբար նրա մասնագիտության տեր կանայք արժանիքներ չեն ունենում, հատկապես եթե նրանք Մեյ Բելինսկու նման (ինչպես այժմ կոչում էր իրեն) գերմանուհիներ են, բայց այդ կինը, անկասկած, երաժշտական հոգի ուներ։ Հաճախ էր իրեն թույլ տալիս այդպիսի «երաժշտական լոգանք» ընդունել, երբ համերգներ, փառատոններ էին կազմակերպվում, ու հենց նոր վատնել էր ունեցած գումարի կեսը` Մոցարտի և Բեթհովենի սիմֆոնիաները մի փոքր լսելու համար։
Գրեթե երջանիկ էր՝ լի աստվածային հնչյուններով և լուսնի ամառային գեղեցիկ լույսով, որը համակել էր մթին քաղաքը։ «Որոշակի տիպի» կանայք, այնուամենայնիվ, զգացմունքներ ունեն․ ինչպիսի՜ սփոփանք իրենց իսկ համար։ Այնտեղ ուղղակի կանգնելը սովորություն էր դարձել։ Կարելի էր կարծել, թե ինչ-որ մեկին էր սպասում, ով պետք է դուրս գար համերգից, որը դեռ չէր ավարտվել․ իհա՛րկե, դա հենց այն էր, ինչ անում էր։ Կարիք չկար շարունակ ծածուկ հայացքներ նետելու և հետ ու առաջ անելու այն յուրահատուկ քայլվածքով, որը, չնայած որ գոհացնում էր ոստիկանությանն ու տիկին Գրանդիին, սակայն նրա մասնագիտության հետ կապված չպետք է լիովին մոլորության մեջ գցեր ուրիշներին։ Բավականին երկար ժամանակ էր, ինչ «դրա մեջ էր», որպեսզի ջղագրգիռ սարսափ զգար, բայց ոչ այնքան երկար ժամանակ, որպեսզի այդ սարսափը քարսրտության վերածվեր։ Որոշ կանանցից ավելի շատ ժամանակ է պահանջվում դրա համար, քան ուրիշներից։ Բայց նույնիսկ «որոշակի տիպի» կնոջ համար Մեյի դրությունը պատերազմի ժամանակ առանձնակիորեն նյարդայնացնող էր, քանի որ ուրիշի անվան տակ էր հանդես գալիս։ Իսկապես, ամբողջ Անգլիայում հազիվ թե հնարավոր լիներ գտնել ավելի թշվառ մարդ, քան այդ գիշերային գերմանուհին էր։
Մեյը, քթի տակ երգելով, կանգնել էր գրախանութի մոտ՝ ձևացնելով, թե լուսնի լույսի ներքո գրքերի վերնագրերն էր կարդում՝ մե՛րթ հանելով, մե՛րթ հագնելով կեղտոտ դեղին ձեռնոցներից մեկը։ Ժամանակ առ ժամանակ մոտենում էր դրսի կողմից կախված աֆիշաներին, ուշադիր ուսումնասիրում էր դրանք, ասես հետաքրքրված էր ապագայով, իսկ հետո հետ էր վերադառնում։ Իր հնամաշ ու համեստ մուգ զգեստով և փոքրիկ գլխարկով կասկածի նշույլ անգամ չէր հարուցի, եթե չլիներ էժանագին դիմափոշու շերտը, որը տեսանելի էր նույնիսկ լուսնի լույսի ներքո։
Քանի որ այդ երեկո լուսնի լույսը համարյա թանձր էր, թվում էր, թե դրա սառը և հանդարտ թրթիռը փոխարինում էր օդը․ պատերազմական շրջանի նախազգուշական միջոցները լույսի համեմատությամբ երևակայական էին թվում, ինչպես մոմերի ստվերները դեռևս ցերեկային լույսով լի սենյակում։ Վառված լույսերը խունացած ներկի կետագծերի և վրձնախազերի տպավորություն էին թողնում, որոնք երկնաթույր, թափանցիկ ֆոնի վրա նկարել էր նկարչի վրձինը։ Հնարավոր է՝ Մեյի աչքերում քաղաքի հեքիաթայնությունն ուժեղանում էր այն քողի պատճառով, որ կրում էր, և որը ցերեկային լույսի ներքո ամենևին էլ սպիտակ չէր։ Երբ երաժշտությունը լռեց, Մեյի ներսում խանդավառությունը նույնպես հանդարտվեց։ Ինչ-որ մեկն անցավ նրա կողքով՝ գերմաներեն խոսելով, և հայրենիքի կարոտը համակեց նրան։ Այդպիսի լուսնկա գիշերով Հռենոսի ափերին (որտեղից եկել էր Մեյը) պտղատու այգիները խնձորներով լի էին, ամենուր շրշյուն և քաղցր բույրեր էին, իսկ անտառի և կաթնագույն գետի վերևում վեր էր խոյանում հնագույն ամրոցը։ Ինչ-որ տեղ՝ հեռվում, լսվում էին երգերն ու հեռավոր շոգենավի պտուտակի աղմուկը․ հնարավոր էր նաև, որ կապույտ լույսի ներքո դեռևս լողում էր գերաններից շինված լաստանավը։ Ամենուր գերմանախոս ձայներ էին։ Հանկարծ Մեյի աչքերը լցվեցին, և արցունքները գլորվեցին նրա՝ դիմափոշով ծածկված այտերով։ Նա բարձրացրեց քողն ու դեմքը չորացրեց փոքրիկ և ոչ այնքան մաքուր թաշկինակով, որը սեղմել էր դեղին ձեռնոց հագած ձեռքում։ Բայց որքան շատ էր չորացնում, այնքան ավելի ուժեղ էին հոսում այդ դավաճան արցունքները։ Հետո նկատեց, որ խակի հագած մի բարձրահասակ երիտասարդ նույնպես կանգնած էր ցուցափեղկի մոտ, բայց ոչ թե գրքերի վերնագրերն էր նայում, այլ կասկածանքով լի հայացքներ էր նետում իր վրա։ Դեռատի ու շիտակ դեմք ուներ, իսկ կապույտ աչքերում բարի խանդավառություն էր առկայծում։ Մեյը մեքենաբար իջեցրեց թաց թարթիչները, շեղակի բարձրացրեց դրանք, նորից իջեցրեց և կամացուկ հեկեկաց․․․
Այդ երիտասարդը՝ մի զորագնդի կապիտանը, որը երեկոյան վեցին էր դուրս գրվել հոսպիտալից, յոթն անց երեսուն մտել էր «Քուինզ հոլ»[1]։ Վերքի պատճառով դեռևս թույլ և հիվանդ լինելով ՝ զգուշորեն տեղավորվել էր իր տեղում և ամբողջ համերգը հանդարտ ու կիսաքուն անցկացրել։ Երկարաժամկետ պասից հետո ճաշելու նման մի բան էր, այն զգացման նման, որ հավանաբար ունենում են բևեռախույզները, երբ լիարժեք ուտելիքին են վերադառնում։ Երիտասարդը կարծես Նոր բանակից էր, իսկ պատերազմից առաջ իսկապես հավատում էր երաժշտությանը, արվեստին և նմանատիպ բաներին։ Առջևում մեկամսյա արձակուրդն էր, և նա կարող էր թույլ տալ իրեն մտածել, որ կյանքը արտասովոր բերկրանքով լի էր, իսկ իր սեփական մտորումները՝ առանձնակի հիանալի․ լուսնի լույսին դուրս գալով՝ արեց այն, ինչ միայն կարելի էր նկարագրել որպես մեծ կում, որովհետև նա գեղեցիկի զգացում ունեցող երիտասարդ էր։ Երբ երկար ժամանակ խրամատում ես լինում, քսանչորս ժամ վիրավոր պառկած ես լինում ռմբափոսում և երեք ամիս՝ հոսպիտալում, գեղեցկությունը նորույթի այնպիսի սուր երանգ է ունենում, այնպիսի թունդ քաղցրություն, որ գրեթե ցավ է պատճառում։ Իսկ Լոնդոնը գիշերով չափազանց գեղեցիկ է։ Երիտասարդը դանդաղ քայլերով գնաց դեպի հրապարակ՝ դեռևս ներշնչելով լուսնի լույսը, գլխարկը մի փոքր թեք գցած և իրեն ազատ զգալով, ինչը բնորոշ չէր զինվորականին։ Ոչ ոքի չէր կարողանա բացատրել, թե ինչու էր կանգ առել գրախանութի ցուցափեղկի մոտ․ կա՛մ այն պատճառով, որ աղջկա կառուցվածքը որոշակի առումով գեղեցկության մի մասն էր, կա՛մ այն պատճառով, որ տեսել էր, որ աղջիկն արտասվում էր։
Այնուհետև ինչ-որ բան՝ գուցե դիմափոշու հոտը, գուցե դեղին ձեռնոցը կամ թարթիչների անուղղակի թրթիռը, հուշեց նրան, որ անում է մի բան, ինչը «ահագնացող սխալմունք» կկոչեր, քանի որ ընկերակցության մասին նույնիսկ չէր մտածել։ Բայց Մեյի հեկեկոցը հուզեց նրան, և նա ասաց․
-Ի՞նչ է պատահել։
Մեյը կրկին թափահարեց թարթիչներն ու կմկմաց․
-Ոչինչ։ Գեղեցիկ երեկո է, դրա համար։
Այն, որ «որոշակի տիպի» կինը զգում էր այն, ինչ ինքն էր զգում, խիստ զարմացրեց նրան, և երիտասարդն ասաց․
-Մի՛ վհատվիր։
Մեյը նորից արագ բարձրացրեց աչքերը․
-Մի՛ վհատվիր։ Դու ինձ նման միայնակ չես։
Նմանատիպ մարդու համար նա չափից ավելի անկեղծ էր․ նրա լացակումած դեմքը բավականին գրավիչ էր, և երիտասարդը փնթփնթաց․
-Այդ դեպքում արի՛ մի փոքր զբոսնենք և զրուցենք այդ մասին։
Անկյունից թեքվեցին և գնացին դեպի արևելք՝ աղոտ լուսավորված նարնջագույն լապտերներով դատարկ ու գեղեցիկ փողոցներով, որտեղ մերթընդմերթ կապույտ կամ մանուշակագույն լույսեր էին փայլատակում։ Երիտասարդի համար այդ ամենը տարօրինակ և բավականին հուզիչ էր․ երբեք նմանատիպ արկած չէր ունեցել։ Եվ անվճռականորեն հարցրեց․
-Ինչպե՞ս ես նման իրավիճակում հայտնվել։ Մի՞թե անհույս կյանքը սարսափելի չէ։
-Այո՛, այդպես է․․․, - նրա ձայնում տարօրինակ փափուկ առոգանություն հնչեց։ - Կաղում ես, քեզ վիրավորե՞լ են։
-Հենց այսօր եմ դուրս գրվել հոսպիտալից։
-Զարհուրելի պատերազմ․ բոլոր դժբախտությունները պատերազմի պատճառով են։ Ե՞րբ է այն վերջանալու։
Երիտասարդն ուշադիր նայեց նրան և ասաց․
-Կասե՞ս՝ ինչ ազգություն ունես։
-Ռուս եմ։
-Իրո՞ք։ Ռուս աղջկա երբեք չեմ հանդիպել։
Զգաց, որ Մեյն իրեն է նայում, հետո շատ արագ իջեցրեց հայացքը։ Հանկարծ ասաց․
-Մի՞թե ամեն ինչ այնքան վատ է, որքան ասում են։
Մեյը դեղին ձեռնոցով ձեռքով թևանցուկ արեց երիտասարդին։
-Ոչ այն ժամանակ, երբ կա քո նման հաճելի մեկը, երբեք քո նմանին չեմ ունեցել, - ժպտաց Մեյը, և նրա ժպիտը, ինչպես որ խոսքը, հանդարտ էր ու հավատ ընծայող։ - Դու կանգ առար, որովհետև տխուր էի, իսկ մյուսները կանգ են առնում, որովհետև ուրախ եմ։ Չեմ սիրում տղամարդկանց։ Երբ ճանաչում ես նրանց, չես կարողանում սիրել։
-Դե՜։ Հազիվ թե լավ կողմից ճանաչած լինես նրանց, այնպես չէ՞։ Ռազմաճակատում պետք է տեսնես նրանց։ Աստված վկա, նրանք բոլորն այնտեղ հրաշալի են՝ սպաները, զինվորները, յուրաքանչյուր ոք։ Նման բան երբեք չի եղել․ բոլորը մի մարդու նման պատրաստ են զոհելու իրենց, հրաշալի՜ է։
Կապտամոխրագույն աչքերն ուղղելով երիտասարդին՝ ասաց․
-Ենթադրում եմ՝ դու էլ նրանց մեջ վերջինը չես։ Կարծում եմ, որ նրանց այնպիսին ես տեսնում, ինչպիսին որ դու ես։
-Օ՜, ամենևին, սխալվում ես։ Հավատացնում եմ քեզ, երբ գրոհի անցանք, որի ընթացքում վիրավորվեցի, զորագնդում չկար մեկը, որ կատարյալ հերոս չլիներ։ Այն, թե ինչպես էին առաջ գնում՝ առանց իրենց մասին մտածելու, հիանալի էր։
Մեյը կծեց ներքևի շուրթը և տարօրինակ ձայնով պատասխանեց․
-Միգուցե թշնամին էլ էր այդպիսին։
-Օ՜, այո՛։ Ես այդ գիտեմ։
-Հը՜մ։ Դու չար մարդ չես։ Ատում եմ չար մարդկանց։
-Օ՜հ, իրականում նրանք չար չեն, ուղղակի չեն հասկանում։
-Օ՜, ուղղակի երեխա ես, բարի երեխա։
Երիտասարդին այնքան էլ դուր չէր գալիս, երբ իրեն երեխա էին կոչում, և մռայլվեց, բայց նրան հուզեց Մեյի՝ դիմափոշով ծածկված դեմքին հայտնված շփոթմունքը։ Որքա՜ն արագ նա վախեցավ։
Մեյը շողոքորթաբար կմկմաց․
-Բայց դրա համար էլ ինձ դ-դուր ես գալիս։ Ս-սիրալիր տղամարդու հանդիպելը հիանալի է։
Ասվածն ավելի վատ էր, և երիտասարդը կտրուկ ասաց․
-Ասացիր՝ միայնակ ես։ Մի՞թե ոչ մի ռուս ընկեր չունես։
-Ռո՜ւս։ Ո՛չ։ - Հետո արագ ավելացրեց, - Քաղաքն այնքա՜ն մեծ է։ Համե՞րգ էիր եկել։
-Այո՛։
-Ես նույնպես։ Երաժշտություն սիրում եմ։
-Կարծում եմ՝ բոլոր ռուսներն են սիրում։
Մեյը կրկին նայեց երիտասարդի դեմքին և կարծես պայքարում էր, որպեսզի լռություն պահպաներ․ հետո կամացուկ ասաց․
-Միշտ գնում եմ այնտեղ, երբ փող եմ ունենում։
-Ի՞նչ։ Մի՞թե դրությունն այդքան ծանր է։
- Այժմ միայն մեկ շիլինգ ունեմ, - ծիծաղեց Մեյը։
Այդ կամացուկ ծիծաղը վշտացրեց երիտասարդին․ ամեն անգամ, երբ խոսում էր, ստիպում էր խղճալ իրեն։
Արդեն հասել էին Գաուեր փողոցից արևելք գտնվող նեղլիկ հրապարակին։
-Այստեղ եմ ապրում, - ասաց Մեյը։ - Նե՛րս արի։
Մի երկար պահ երկմտեց, հետո տեղի տվեց Մեյի ձեռքի նուրբ շարժմանն ու հետևեց նրան։ Միջանցքը թույլ էր լուսավորված, և նրանք բարձրացան վերև՝ նախասենյակ, որտեղ վարագույրները փակ էին, իսկ գազը գրեթե չէր վառվում։ Պատուհանի դիմաց ուրիշ վարագույրներ էին, որոնք սահմանազատում էին սենյակի մյուս հատվածը։ Հենց որ դուռը փակվեց, Մեյը բարձրացրեց գլուխն ու համբուրեց նրան․ հավանաբար այդպես էր ընդունված։ Ա՜յ քեզ սենյակ։ Դրա կանաչ և ճակնդեղագույն գունավորումը և էժանագին թավիշի գերակշռությունը տհաճ ազդեցություն ունեցան երիտասարդի վրա։ Ամեն ինչն այնքան սառն էր դարձնում սենյակը, որ թվում էր՝ այն իր բնակիչներին ասում էր․ «Այսօր այստեղ ես, իսկ վաղը գնալու ես»։ Ամեն ինչ՝ բացի սովորական խեցամանի մեջ դրված թարմ և կանաչ փոքրիկ բույսից՝ Ադիանտում Վեներայի վարսից[2], որն այնպիսի տեսք ուներ, ասես վերջին մեկ ժամվա ընթացքում այն անընդմեջ ջրել էին․ սենյակում տիրում էր այն նույն անսպասելի սրտաշարժությունը, որը դուրս էր պրծնում աղջկա սառնասիրտ ցինիզմից։
Գլխարկը հանելով՝ Մեյը գնաց դեպի գազը, բայց երիտասարդն արագ ասաց․
-Ո՛չ, մի՛ միացրու այն։ Արի՛ պատուհանը բաց անենք և լուսնի՛ լույսը ներս թողնենք։
Հանկարծ երիտասարդը վախեցավ ամեն ինչ հստակ տեսնելուց․ բացի այդ՝ սենյակում տոթ էր, և վարագույրները մի կողմ տանելով՝ բացեց պատուհանը։ Աղջիկը հնազանդորեն հեռացավ բուխարուց, նստեց նրա դիմաց՝ հենվելով պատուհանագոգին և կզակը դնելով ձեռքին։ Լուսնի լույսն ընկավ նրա այտին, որի դիմափոշին հենց նոր էր թարմացրել, շեկ, գանգուր մազերին, թավիշե կահույքի և դրա խակի գույնի վրա՝ անիրականության երանգ տալով դրանց։
- Անունդ ի՞նչ է, - ասաց երիտասարդը։
-Մեյ։ Ես եմ ինձ այդպես կոչել։ Քոնը նույնիսկ չարժե հարցնել։
-Որքա՜ն կասկածամիտ ես, փոքրի՛կ։
-Չե՞ս կարծում, որ ես իմ պատճառներն ունեմ։
-Այո՛, կարծում եմ՝ մենք բոլորս անասուններ ենք քեզ համար։
-Դե, անընդհատ վախենալու շատ պատճառներ ունեմ։ Ահավոր նյարդային եմ և ոչ ոքի չեմ վստահում։ Ենթադրում եմ՝ շատ գերմանացիների՞ ես սպանել։
Երիտասարդը ծիծաղեց։
-Երբեք չես իմանա, մինչև բանը չհասնի ձեռնամարտի։ Ինձ հետ դեռևս նման բան չի եղել։
-Բայց շատ ուրախ կլինեիր, չէ՞, եթե սպանեիր նրանցից մեկին։
-Ուրա՞խ։ Չեմ կարծում։ Եթե այդպես նայենք, բոլորս նույն նավի վրա ենք։ Ուրախ չենք, որ սպանում ենք միմյանց։ Մեր աշխատանքն ենք անում, և վերջ։
-Օ՜, սարսափելի է։ Հավանաբար եղբայրներիս էլ են սպանել։
-Ոչ մի լուր չե՞ս ստացել։
-Լուրե՜ր։ Հայրենիքիցս ոչ մեկի մասին ոչ մի նորություն չունեմ։ Միգուցե հայրենիք էլ չունեմ, այն ամենը, ինչ ունեի, կորցրել եմ՝ հորս, մորս, քույրերիս, եղբայրներիս․ երևի այլևս երբեք չեմ տեսնի նրանց։ Պատերազմը․ քանդում ու քանդում է ամեն ինչ, սրտեր է կոտրում։ - Փոքրիկ ատամներով նորից կծեց ներքևի շուրթը՝ սիրունիկ մռնչանքի նման մի բան արձակելով։ - Գիտե՞ս՝ ինչի մասին էի մտածում, երբ մոտեցար։ Հայրենի քաղաքիս մասին էի մտածում և այնտեղի գետի՝ լուսնի լույսի ներքո։ Ուրախ կլինեի, եթե նորից տեսնեի այն։ Երբևէ կարոտե՞լ ես հայրենի տունդ։
-Այո՛։ Կարոտել եմ՝ խրամատներում։ Բայց բոլորն ամաչում են։
-Օ՜հ, այո՛, - ֆշշալով ասաց Մեյը։ - Այո՛։ Դուք բոլորդ այնտեղ ընկերներ եք։ Իսկ ի՞նչ ես կարծում, ես ինչպե՞ս եմ զգում ինձ այստեղ, որտեղ բոլորն ատում և արհամարհում են, կարող են բռնել և բանտ նստեցնել ինձ։
Երիտասարդը տեսնում էր՝ ինչպես էր արագ շնչառությունից, որը ցավալի էր լսել, վեր բարձրանում Մեյի կուրծքը։ Նա առաջ եկավ, ափով դիպավ Մեյի ծնկին և քթի տակ ասաց՝ կներե՛ս, կներե՛ս։
Մեյը խեղդված ձայնով ասաց․
-Դու առաջինն ես, ով այսքան երկար բարի է իմ հանդեպ։ Ճշմարտությունը կասեմ քեզ, ռուս չեմ, գերմանուհի եմ։
Լսելով այդ շնչահեղձ խոստովանությունը՝ երիտասարդը մտածեց․ «Մի՞թե նա իրոք կարծում է, որ մենք կանանց դեմ ենք պատերազմում»։ Հետո ասաց․
-Ի՞նչ նշանակություն ունի, սիրելի՛ս։
Մեյի աչքերն ասես ուղիղ նրան էին նայում։ Դանդաղ ասաց․
-Այդ ինձ արդեն ասել են։ Բայց այդ մարդու մտքում ուրիշ բաներ էին։ Դու շատ բարի տղա ես։ Այնքան ուրախ եմ, որ հանդիպել եմ քեզ։ Դու մարդկանց մեջ միայն լավն ես տեսնում։ Դա աշխարհի ամենակարևոր բանն է, որովհետև մարդկանց մեջ իսկապես քիչ լավ բան կա։
Երիտասարդը ժպտալով ասաց․
-Սարսափելի փոքրիկ ցինիկ ես։ - Հետո մտածեց․ «Իհա՛րկե, այդպիսինն է․ խե՜ղճ աղջիկ»։
-Ցինի՞կ։ Ըստ քեզ՝ որքա՞ն կգոյատևեմ, եթե ցինիկ չլինեմ։ Հենց հաջորդ օրը ջուրը կնետվեմ։ Գուցե լավ մարդիկ կան, բայց, ինչպես տեսնում ես, ես նրանց չեմ ճանաչում։
-Ես շատերին գիտեմ։
Մեյն անհամբեր առաջ եկավ։
-Դե՛, սիրո՛ւն տղա, երբևէ փորձանքի մեջ չես եղել, չէ՞։
-Իրական փորձանքի մեջ, կարծում եմ՝ ո՛չ։
-Ո՛չ, իհա՛րկե, ո՛չ, դեմքիցդ երևում է։ Դե, պատկերացնենք՝ դեռևս լավ աղջիկ եմ, ինչպիսին ժամանակին էի, և ինձ տանում ես ասածդ բարի մարդկանց մոտ և ասում․ «Փոքրիկ գերմանուհի է, որը ո՛չ աշխատանք ունի, ո՛չ փող, ո՛չ ընկերներ»։ Քո բարի մարդիկ կասեն․ «Օ՜, ի՜նչ տխուր է։ Գերմանուհի»։ Եվ կգնան ձեռքերը լվանալու։
Երիտասարդը լուռ էր։ Պատկերացրեց իր մորը, քույրերին, ուրիշներին՝ բոլոր բարի մարդկանց, կարող էր երդվել, որ պատկերացրեց։ Լսեց նրանց մաքուր և անկեղծ ձայները․ գերմանացիների մասին էին խոսում։ Եթե միայն գերմանուհի չլինե՜ր։
-Տեսնո՞ւմ ես։
Լսեց Մեյի ձայնը և կարողացավ միայն փնթփնթալ․
-Համոզված եմ՝ կան մարդիկ։
-Ո՛չ։ Նրանք գերմանուհու չեն ընդունի, նույնիսկ եթե նա լավն է։ Բացի դրանից՝ այլևս չեմ ուզում լավ աղջիկ լինել, ինքնախաբեությամբ չեմ զբաղվում, սովորել եմ վատը լինել։ Չե՞ս ուզում համբուրել ինձ, սիրո՛ւն տղա։
Նա դեմքը մոտեցրեց երիտասարդին։ Մեյի հայացքը սաստիկ հուզեց նրան, բայց հետ քաշվեց։ Կարծեց՝ Մեյը կնեղսրտի և կհամառի, սակայն ո՛չ մեկը տեղի ունեցավ, ո՛չ մյուսը․ ուղղակի հետաքրքրասեր, հարցական հայացքով ակնապիշ նրան էր նայում, և նա, խորապես հուզված, հենվեց պատուհանին։ Թվում էր՝ ողջ պարզ և հասարակ խանդավառությունը հանկարծակի մի կողմ էր նետվել․ ասես կյանքի հոյակապությունը, որը վերջերս զգում և տեսնում էր, ամպով էր պարուրվել։ Այնտեղ՝ ռազմաճակատում, այստեղ՝ հոսպիտալում, կյանքը, այսպես ասած, հերոսական էր թվում․ այնուամենայնիվ, այն իր մեջ այդպիսի մթին և մռայլ խորություններ էր քողարկում։ Երիտասարդի ականջներում շարունակում էին հնչել իր զինվորների, որոնց եղբայրների պես սիրել էր, կոպիտ քրթմնջացող ձայները՝ վտանգի ժամանակ ուրախ և ոչինչ չհասկացող, բժիշկների և բուժքույրերի կամացուկ ու հանդարտ ձայները, և նույնիսկ իր սեփական ձայնը՝ այդ ամենով համակված։ Ամեն ինչ՝ հրաշալի և հասարակ, և ոչ մի վատ բան՝ որևէ տեղ։ Եվ ահա հանկարծակի այդ ամենը և այն, ինչ դրա հետևում էր, նոր լույսի ներքո հայտնվեցին նրա առաջ․ այդ ահաբեկված աղջիկը, այդ ստոր, չար և չմտածված վերաբերմունքը, որով օգտագործում էին նրան։ Եվ նա մտածեց․ «Կարծում եմ՝ ընկերներս երկու անգամ չէին մտածի նախքան նրան տիրանալը։ Է՜հ։ Ես նույնիսկ ինքս ինձ չեմ վստահում, երբ նա պնդում է»։ Երիտասարդը թեքեց գլուխն ու հայացքը հառեց լուսնի լույսին։ Լսեց Մեյի ձայնը․
-Լուսավոր է, չէ՞։ Ինքնաթիռներ էլ չկան այս գիշեր։ Երբ այրվում էին դիրիժաբլները․ ինչպիսի՜ սարսափելի մահ։ Բոլորը ցնծում էին․ դե բնական է։ Շա՞տ ես մեզ ատում։
Երիտասարդը պտտվեց և կտրուկ ասաց․
-Ատո՞ւմ։ Չգիտեմ։
-Ես նույնիսկ անգլիացիներին չեմ ատում, ես նրանց արհամարհում եմ։ Մերոնց էլ եմ արհամարհում՝ գուցե շատ ավելի, որովհետև նրանք սկսեցին այս պատերազմը։ Օ՜, այո՛։ Ես գիտեմ այդ։ Բոլոր ազգերին էլ արհամարհում եմ։ Ինչո՞ւ են աշխարհն այսքան դժբախտ դարձրել, ինչո՞ւ են մեր կյանքերը խլում՝ տասնյակ, հարյուրավոր և հազարավոր կյանքեր, այն էլ հենց այնպես։ Նրանք են աշխարհը վատը դարձրել․ բոլորն ատում են միմյանց և ամենուր վատագույնը փնտրում։ Ես գիտեմ, նրանք են ինձ վատը դարձրել։ Այլևս ոչնչի չեմ հավատում։ Ինչի՞ն հավատամ։ Աստված կա՞։ Ո՛չ։ Ժամանակին անգլիացի երեխաներին աղոթքներ էի սովորեցնում, ծիծաղելի է, չէ՞։ Քրիստոսի և սիրո մասին էի կարդում նրանց համար։ Հավատում էի այդ ամենին։ Այժմ ընդհանրապես ոչնչի չեմ հավատում․ նա, ով ո՛չ հիմար է, ո՛չ խաբեբա, չի կարող հավատալ։ Կցանկանայի հոսպիտալում աշխատել, կցանկանայի գնալ և օգնել քո նման խեղճ տղաներին։ Միայն նրա համար, որ գերմանուհի եմ, հարյուր անգամ դուրս կանեին ինձ, նույնիսկ եթե լավը լինեի։ Նույնը նաև Գերմանիայում է, Ֆրանսիայում, Ռուսաստանում՝ ամենուր։ Մի՞թե կարծում ես՝ կհավատամ սիրուն, Քրիստոսին, Աստծուն և այդ ամենին․ ո՛չ։ Կարծում եմ՝ մենք գիշատիչներ ենք, և վերջ։ Օ՜, այո՛, մտածում ես՝ այս ամենն այն պատճառով է, որ կյանքը փչացրել է ինձ։ Բանն ամենևին դրանում չէ․ կյանքում ամենավատ բանը դա չէ։ Մյուս տղամարդիկ քեզ պես լավը չէին, բայց դա նրանց էությունն է, և (Մեյը ծիծաղեց) նրանց շնորհիվ է, որ ապրում եմ, իսկ դա արդեն իսկ ինչ-որ բան է։ Ո՛չ, մեղավորն այն մարդիկ են, որոնք իրենց փառահեղ և բարի են երևակայում, և իրենց ատելությամբ ու խոսքով են պատերազմում՝ մեզ բոլորիս սպանելով, բոլոր քեզ նման տղաներին սպանելով, աղքատներին բանտում պահելով և բոլորիս հորդորելով շարունակել ատել։ Մեղավոր են նաև բոլոր այն սառնարյուն ու սարսափելի մարդիկ, որոնք գրում են թերթերում․ ճիշտ նույն բանն իմ հայրենիքում է։ Հենց նրանց բոլորի պատճառով է, որ կարծում եմ՝ բոլորս գիշատիչներ ենք։
Երիտասարդը վեր կացավ՝ իրեն սարսափելի թշվառ զգալով։ Տեսնում էր, որ Մեյը հայացքով հետևում էր իրեն, և գիտեր, որ վախենում էր, որ կգնա։ Մեյը շողոքորթաբար ասաց․
-Ուշադրություն մի՛ դարձրու ասածներիս, սիրո՛ւն տղա։ Չգիտեմ՝ ում հետ խոսել։ Եթե քեզ դուր չի գալիս, կարող եմ մկան նման լուռ լինել։
Երիտասարդը փնթփթաց
-Օ՜, շարունակի՛ր խոսել։ Ես պարտավոր չեմ համաձայնել քեզ հետ և չեմ էլ համաձայնում։
Այժմ Մեյը կանգնած էր՝ պատին հենված․ լուսնի լույսը թեթևակի դիպչում էր նրա մուգ զգեստին և սպիտակ դեմքին։ Եվ նորից լսվեց նրա հանդարտ, փափուկ ու դառնացած ձայնը․
-Ի՛նքդ ասա, սիրո՛ւն տղա, ի՞նչ տեսակ աշխարհ է սա, որտեղ միլիոնավոր մադիկ տանջանքների են ենթարկվում՝ սարսափելի տանջանքների, ընդ որում՝ առանց որևէ մեղքի։ Հրաշալի աշխարհ է, հա՞։ Հիմարություն։ Անհեթեթ հիմարություն, ինչպես դուք՝ տղաներդ եք ասում։ Ասում ես՝ ռազմաճակատում բոլորն «ընկերներ են», քաջ են և իրենց մասին չեն մտածում։ Դե, ես էլ ինքս իմ մասին չեմ մտածում։ Ինձ համար միևնույնն է, ամեն դեպքում հիմա ես կործանված եմ․ բայց հայրենիքում մնացած հարազատներիս մասին եմ մտածում, ինչպես են նրանք տառապում և սգում։ Իրենց սիրելիներին կորցրած այնտեղի և այստեղի բոլոր աղքատ մարդկանց և խեղճ գերիների մասին եմ մտածում։ Ինչպե՞ս չմտածեմ նրանց մասին։ Եվ եթե մտածում եմ, ինչպե՞ս հավատամ, որ այս աշխարհը հիասքանչ է, սիրո՛ւն տղա։
Երիտասարդը լուռ կանգնած էր՝ շուրթերը կծոտելով։
-Լսի՛ր, ամենքիս մի կյանք է տրված, որը շատ արագ է անցնում։ Ու ես մտածում եմ, որ շատ էլ լավ է։
Երիտասարդն առարկեց․
-Ո՛չ, միայն դա չէ։
-Է՜հ, - հանդարտ շարունակեց Մեյը, - մտածում ես՝ պատերազմը հանուն ապագայի է, և ձեր կյանքերը զոհում եք ավելի լավ աշխարհի համար, այնպես չէ՞։
-Պետք է կռվենք, մինչև հաղթենք, - ատամները սեղմած՝ ասաց նա։
-Մինչև հաղթեք։ Մերոնք էլ են այդպես մտածում։ Բոլոր մարդիկ մտածում են՝ եթե հաղթեն, աշխարհն ավելի լավը կդառնա։ Բայց ինքդ էլ գիտես, որ այդպես չէ, բոլոր դեպքերում այն ավելի վատն է դառնալու։
Երիտասարդը շրջվեց և արագ վերցրեց գլխարկը, բայց Մեյի ձայնը հետևեց նրան․
-Միևնույնն է, թե ով կհաղթի, ես նրանց բոլորին արհամարհում եմ, գիշատիչնե՜ր, գիշատիչնե՜ր, գիշատիչնե՜ր։ Դե՜, սիրո՛ւն տղա, մի՛ գնա։ Էլ չեմ խոսի։
Երիտասարդը զինվորական բլուզի գրպանից մի քանի թղթադրամ հանեց, դրեց սեղանին և մոտեցավ Մեյին․
-Բարի գիշեր։
Մեյն աղեկտուր ասաց
-Իրոք գնո՞ւմ ես։ Մի՞թե քեզ դուր չեմ գալիս։
-Ո՛չ, դուր ես գալիս։
-Ուրեմն գնում ես, որովհետև գերմանուհի՞ եմ։
-Ո՛չ։
-Ուրեմն ինչո՞ւ չես մնում։
Երիտասարդն ուզում էր պատասխանել «որովհետև վշտացրիր ինձ», բայց ուղղակի ուսերը թոթվեց ։
-Եվս մեկ անգամ չե՞ս համբուրի ինձ։
Երիտասարդը կռացավ և շուրթերով դիպավ նրա ճակատին, բայց հենց ուզեց ուղղվել, Մեյը հետ թեքեց գլուխը, հպվեց նրա շուրթերին և փարվեց նրան։
Երիտասարդը հանկարծակի նստեց և ասաց․
-Պետք չէ։ Չեմ ուզում ինձ անասուն զգալ։
Մեյը ծիծաղեց․
-Զվարճալի տղա ես, բայց լավն ես։ Դե՛, մի փոքր էլ խոսիր ինձ հետ։ Ոչ ոք չի խոսում ինձ հետ։ Շատ եմ ուզում խոսել։ Ասա՛ ինձ, գերմանացի շա՞տ գերիներ ես տեսել։
Երիտասարդը շունչ քաշեց (թեթևացմա՞ն, թե՞ ափսոսանքի պատճառով)․
-Բավականին շատ։
-Հռենոսից որևէ մեկը կա՞ր։
-Կարծում եմ՝ այո՛։
-Շա՞տ տխուր էին։
-Ոմանք՝ այո՛, իսկ ոմանք էլ ուրախ էին, որ գերի էին ընկել։
-Երբևէ տեսե՞լ ես Հռենոսը։ Գեղեցիկ է, չէ՞։ Այս գիշեր այն հաստատ հիասքանչ է։ Լուսնի լույսն այնտեղ նույնն է, ինչ այստեղ, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ամենուրեք։ Ծառերն էլ են նույնը, և մարդիկ էլ նույն կերպ են հանդիպում ու սիրում միմյանց, ինչ այստեղ։ Օ՜, մի՞թե պատերազմը հիմարություն չէ, ասես ապրելը հրաշալի բան չէ։
Երիտասարդն ուզում էր ասել․ «Չես կարող ասել, թե որքան հրաշալի է ապրելը, քանի դեռ չես առերեսվել մահին, քանի որ մինչ այդ չես ապրել։ Եվ երբ բոլորն այդպես են մտածում, երբ պատրաստ են հանուն միմյանց զոհելու իրենց կյանքերը, այդ ամենը կյանքում ամեն ինչից թանկ է»։ Բայց նա չէր կարող այդ ամենը բացատրել աղջկան, որը ոչնչի չէր հավատում։
-Ո՞նց ես վիրավորվել, սիրո՛ւն տղա։
-Բաց գրոհի ժամանակ չորս փամփուշտ միանգամից դիպավ ինձ։
-Չվախեցա՞ր, երբ հրամայեցին գրոհել։
Ո՛չ, այդ ժամանակ ոչնչից չէր վախենում։ Երիտասարդը գլուխը թափահարեց և ծիծաղեց․
-Ընտիր էր։ Այդ առավոտ շատ ծիծաղեցինք։ Բայց շատ արագ ինձ վիրավորեցին, սրիկանե՛ր։
Մեյը ակնապիշ նայեց նրան։
-Ծիծաղեցի՞ք։
-Այո՛, ու ի՞նչ ես կարծում՝ հաջորդ առավոտ, երբ ուշքի եկա, ո՞ւմ տեսա առաջինը․ ծերուկ գնդապետիս, որը կռացել էր վրաս և կիտրոնի հյութ էր տալիս։ Եթե ճանաչեիր գնդապետիս, տարբեր բաների կհավատայիր։ Գիտե՞ս, այդ բոլոր չարիքների հետևում մի բան կա։ Վերջիվերջո մի անգամ ես մահանում, իսկ եթե հայրենիքի համար ես մահանում, ավելի լավ։
Լուսնի լույսը տարօրինակ և չնաշխարհիկ արտահայտություն էր հաղորդում Մեյի՝ հետաքրքրությամբ լի և մթին աչքերով դեմքին։ Նրա շուրթերը շարժվեցին․
-Ո՛չ։ Ես ոչնչի չեմ հավատում։ Սիրտս մահացած է։
-Դու այդպես ես մտածում, բայց այդպես չէ, հակառակ դեպքում արտասվելիս չէիր լինի, երբ հանդիպեցինք։
-Եթե մահացած չլիներ, կարծում ես՝ այս կյանքով կապրեի՞․ ամեն գիշեր շրջել փողոցներով՝ ձևացնելով, թե ինձ դուր են գալիս անծանոթ մարդիկ, երբեք գեթ մի բարի խոսք չլսել, լռել, որպեսզի չկռահեն, որ գերմանուհի եմ։ Շուտով կսկսեմ խմել և շատ արագ վերջս կգա։ Տեսնում ես, որ սթափ եմ դատում։ Այս գիշեր մի փոքր հուզված եմ․ մեղավորը լուսինն է։ Բայց հիմա ինձ համար եմ ապրում։ Թքած ունեմ բոլորի և ամեն ինչի վրա։
-Բայց, մեկ է, մի քիչ առաջ հայրենակիցներիդ ու գերիներին էիր խղճում, և նման բաներ։
-Այո՛, որովհետև նրանք տառապում են։ Նրանք, ովքեր տառապում են, ինձ նման են, այսինքն՝ ես ինքս ինձ եմ խղճում․ ես ձեր անգլիացի կանանց նման չեմ։ Գիտեմ՝ ինչ եմ անում։ Թույլ չեմ տալիս, որ ուղեղս բթանա միայն նրա համար, որ այլևս բարոյական կին չեմ։
-Ոչ էլ սիրտդ։
-Սիրո՛ւն տղա, շատ համառն ես։ Այն, ինչ կապված է սիրո հետ, դատարկ բան է։ Բոլորս միայն ինքներս մեզ ենք սիրում։
Նորից այդ ուժգին, փափուկ ու դառնացած ձայնը ստիպեց զգալ, որ խեղդվում էր, ոտքի կանգնեց՝ կռթնելով պատուհանին։ Հին օծանելիքի և փոշու հոտը դրսում չէր զգացվում։ Զգաց՝ ինչպես են Մեյի մատները դանդաղ դիպչում իր մատներին և անշարժանում։ Բայց եթե նա այդքան դաժան և ցինիկ է, ինչո՞ւ պետք է խղճա նրան։ Բայց, միևնույնն է, խղճում էր։ Մեյի ձեռքի հպումը վերջինիս պաշտպանելու բնազդ առաջացրեց։ Մեյն իր սիրտը բացեց նրա առաջ՝ բոլորովին անծանոթ մարդու։ Մի փոքր սեղմեց նրա ձեռքը և պատասխան շարժում զգաց։ Խե՜ղճ աղջիկ։ Վերջին տարիների ընթացքում հավանաբար ամենաընկերական պահն էր նրա կյանքում։ Վերջիվերջո ընկերությունն ամեն ինչից վեր էր։ Ընկերության զգացումն ամենաթափանց էր, ինչպես լուսնի լույսը, (որը, ինչպես Մեյն ասաց, Գերմանիայում էլ նույնն էր), ինչպես այդ սպիտակ անիրական կախարդանքը, որը պարուրել էր ծառերը՝ տարօրինակ և անպետք դարձնելով այն նեղլիկ հրապարակի նարնջագույն լույսերը, որտեղ լռությունն ու դատարկությունն էին տիրում։ Երիտասարդը հայացքն ուղղեց Մեյի դեմքին․ չնայած դիմափոշուն և շուրթերի թեթև կարմրությանը՝ տարօրինակ, պիղծ և սրտաշարժ գեղեցկություն ուներ։ Հանկարծ տարօրինակ զգացում ունեցավ, ասես նրանք երկուսը կանգնել էին այնտեղ՝ ապացուցելով, որ բարությունն ու մարդկային փոխհարաբերություններն ավելի ուժեղ են, քան տարփանքն ու ատելությունը, ապացուցելով այդ՝ հակառակ ստորության ու դաժանության և թերթավաճառների՝ հարևան փողոցներից մեկից լսվող հանկարծակի բղավոցների։ Նրանց խելահեղ և բուռն բղավոցները միաձուլվում էին միմյանց ու խեղդում բառերը․ ի՞նչ էին նրանք բղավում։ Երիտասարդը բարձրացրեց գլուխը՝ ականջ դնելով․ զգաց՝ ինչպես էր Մեյի ձեռքը լարվում իր ափի մեջ, նա էլ էր լսում։ Բղավոցներն ավելի մոտ, խռպոտ, բարձր ու սուր դարձան, թվում էր՝ լուսնի դատարկ լույսը քայլերով, ձայներով և հեռավոր կատաղի ճիչերով լցվեց։ «Հիանալի՜ հաղթանակ, փայլո՜ւն հաղթանակ։ Բրիտանացինե՛ր, պաշտոնական հայտարարությո՜ւն։ Հոների պարտությո՜ւն։ Հազարավոր գերիներ»։ Այդ ամենն արագ անցավ՝ հարբեցնելով ու աննկարագրելի ուրախություն պատճառելով երիտասարդին, պատուհանից կախվելով՝ խենթի նման գլխարկն էր թափահարում և բղավում, թվում էր, թե ամբողջ գիշերը դողում, թրթռում ու նրան էր պատասխանում։ Հետո շրջվեց, որպեսզի դուրս վազեր, ինչ-որ փափուկ բանի հարվածեց և հետ ցատկեց։ Աղջի՜կը։ Մեյը կանգնել էր՝ ձեռքերը սեղմած, ջղաձգությամբ այլանդակված դեմքով ու ծանր շնչելով, և նույնիսկ երջանկությունից խենթացած վիճակում երիտասարդը խղճում էր նրան։ Նման լուր լսել թշնամիների մեջ։ Ինչ-որ բան անելու ցանկությունից շփոթված՝ կռացավ, որպեսզի Մեյի ձեռքը բռներ, և սփռոցի փոշու հոտը նրա քթին խփեց։ Մեյը հետ քաշեց մատները, հավաքեց թղթադրամները, որ երիտասարդն էր դրել, և տվեց նրան։
-Վերցրո՛ւ, ինձ պետք չեն քո անգլիական փողերը, վերցրո՛ւ։
Հանկարծ երկու-երեք անգամ պատռեց դրանք, նետեց գետնին և շուռ եկավ։ Երիտասարդը կանգնած էր՝ նայելով նրան, թավիշով պատված սեղանին հենված, որից փոշու հոտ էր գալիս․ Մեյի կախ ընկած գլուխը, խավար սենյակում նրա մթին կազմվածքը, որի ուրվապատկերը լուսնի լույսը էլ ավելի էր ընդգծում․ երիտասարդը մի պահ վարանեց, հետո դեպի դուռն ուղղվեց․․․
Երբ նա հեռացավ, Մեյը դեռ կանգնած էր՝ կզակը կրծքին հենած (նա, ում ոչինչ չէր հետաքրքրում, և ով ոչնչի չէր հավատում), իսկ ականջներում ուրախ ճիչեր, շտապող քայլեր և ձայներ էին հնչում․ թղթադրամների պատառիկների մեջ էր կանգնած, նայում էր լուսնի լույսին՝ տեսնելով ոչ թե այդ ատելի սենյակն ու դրսի ատելի հրապարակը, այլ գերմանական պտղատու այգիները և իրեն՝ փոքրիկ աղջնակին, որը խնձորներ էր քաղում, և մեծ շանը իր կողքին և հարյուրավոր այլ պատկերներ, որոնք ծագում են խեղդվող մարդու գլխում։ Մեյի սիրտն արագ բաբախեց, գետնին ընկավ, ճակատով թաղվեց փոշոտ գորգի մեջ և ամբողջ մարմնով հպվեց դրան։
Նա, ով թքած ուներ ամեն ինչի վրա և ատում էր բոլոր ազգերին, նույնիսկ իր սեփական ազգին, ընկած տերևների նման թղթադրամների թափթփված պատառիկները փոշու հետ միասին մեքենաբար սկսեց մի կույտի մեջ հավաքել և մատներով փորփրել այն, մինչ արցունքները հոսում էին այտերով։ Իր հայրենիքի համար էր պատռել դրանք, իր հայրենիքը պարտվել էր։ Ինքը, ով թշնամիներով լի այս հսկա քաղաքում ընդամենը մեկ շիլինգ ուներ, ով ապրուստի միջոց էր վաստակում թշնամու գրկում։ Հանկարծ լուսնի լույսի ներքո նստեց և ամբողջ ուժով սկսեց երգել «Հռենոսի պարեկը»[3]։
[1] Queen's Hall՝ համերգասրահ, որը բացվել էր 1893 թվականին Լոնդոնի կենտրոնում, իսկ 1941 թվականին ավերվել ռմբակոծության հետևանքով։
[2] Ադիանտազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա, գեղազարդային բույս, որն ունի 35 սմ բարձրություն։
[3] Գերմ․ «Die Wacht am Rhein»՝ գերմանական հայրենասիրական երգ, որը ծագել է 19-րդ դարում՝ Ֆրանսիայի հետ ընդհարման ընթացքում (Ֆրանս-պրուսական պատերազմ) և լայն տարածում ստացել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Երգը հայտնի է եղել նաև նացիստների կառավարման ժամանակաշրջանում և Գերմանիայի փլուզման ու վերականգնման տարիներին (1933-1950թթ․)։
Անգլերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը
- Hits: 3979