Լուսինե Եղյան․ Ինքնահոսի
Օրերս լույս է տեսել Լուսինե Եղյանի «Ինքնահոսի» բանաստեղծությունների ժողովածուն։ Ներկայացված շարքը այդ գրքից է։
«քեզ» շարքից
_______
եւ ուր է կինը՝ ձյութի պես սեւ աչքերով,
որը քեզ նման երեխա ունեցավ
ու տեղավորեց աղբյուրի մեջ,
որ անընդհատ լինես ու երբեք չծերանաս,
ինչպես երկնքով աճապարող թռչունները,
որոնք այնքան են երազում հեւել շնչառությանդ հետ
թույլ տուր նրան շատանալ քո մեջ,
ինչպես ամենանուրբ ջուրը՝ մայրդ,
որը ստորջրյա քաղաքներ հնարեց քեզ համար,
որ հանկարծ չխեղդվես այս քամու հոտից,
ու հող լցրեց վրադ, որ կարծրանաս
ու ամուր լինես այն նավերի նման,
որոնք վառվում են բաց օվկիանում
ազատ լինեի անձրեւաջրի պես,
որն արբանքի մեջ խեղդում է ծաղկի նուրբ թերթերը
ու հենվելով անսահմանության ուսին՝
լցվում հողին փռված ծառի արմատներին,
որ միտքդ լորտուի պես չվազվզի խոտերում
եւ նեցուկ լինեի անդորրին,
որ խելագար չղջիկի պես այս կեսօրին նստել է ուսիդ
եւ ուզում է, որ ձերբազատվեմ այս դողից, հաբերից,
թաքուն պահվող սիգարետից, ուսապարկից՝
սարսափներով լցված, ու ընդառաջ գնալով վերափոխմանը՝
վերածվես ձյան, որի վրա մրջյուններ են քայլում
ես բաց եմ կլլելու համար իմաստությունը՝
սահմանագծած խատուտիկի սերմերով.
հագնել քո սիրելի սպիտակ պիջակը ու զգալ՝
ոնց է տիեզերքն ինձ ներգրավում իր ձգողականության մեջ՝
ներսս սրսկելով խաղաղության փոքր սերմեր
ամեն բան հոյակապ է.
շարունակում եմ ծոցագրպանումս մետրոյի ժետոն պահել,
ու ինձ խցկելով երթուղայիններում՝
նոր խորանարդներ գտնել՝ փնտրելով ճշմարտությունը՝
ծառին աճած սնկի մեջ թաքնված
ես տեսնում եմ մթնոլորտում կուտակված կսկիծը,
անսահման բարությունը բողբոջող ծառի,
ձյան վրա քայլող միջատների ոտնահետքերը եւ սերը՝
անպատեհ պահին իմ մեջ ներծծվող,
մինչ երեխայի շփոթվածությամբ
պատմում եմ այն քարերի մասին,
որոնք անհոգ պարում են երկնոլորտում
եւ կիսում եմ շարունակ մեծացող անհարմարությունը.
լինել ինչ-որ մեկի տղամարդը, աշխատակիցը, հարեւանը,
դրամապանակում ամրացված լուսանկարի
փոքրիկ աղջկա հայրը,
ու առավելապես դժվար է հետեւել շարժմանդ ուրիշ ուղեծրով,
երբ աններելիորեն սիրում եմ քեզ
ու բոլորովին էլ հեշտ չէ ապրել էս անհիմն ազատության հետ՝
փորձելով չնկատել փոթորկից հետո
մայթեզրերին հավաքված աղբն
ու պատերի ներսում ամբարված միջատների մարմինները,
մինչ փնտրում եմ լաբիրինթը, որտեղ լուսատուներ կցանեմ
ու ծովային թռչունների պես խաղաղ կսուզվեմ կապույտի մեջ
այս ընթացքը, խզումը, մարմինը,
վախը, անկումը իմն են. չեմ փախչում,
ես ապրելու հնար եմ փնտրում էս ահագնացող ձուլումից դուրս՝
զգույշ մնալով հավերժական թվացող տխրությունից,
որ ծամում է մեզ ու թքում
առավելությունը՝
երկու օրը մեկ ջրել ձյան վրա դրված կանաչ ծաղիկը
ու բարեհաճ լինել տառապանքին,
որն ուղղահայաց է
պարանին փռված ճնճղուկների թավշյա մարմիններին
ու նրբորեն հենված նրանց պարանոցների կորությանը
եւ սիրիր արթնությունը՝ մարմինդ գլխիվայր շուռ տվող,
ու անթեւությունդ՝ ճանապարհի մեջտեղում պառկելու
ու ճայերի թռիչքին ներգրավվելու համար
_______
կլլելով սերը քեզնից անջատված
ու իմ ներսը հմուտ լողորդի պես գրավող,
ու տրվելով խաբկանքին,
որ ծառերի վրա ապրող մարդկանց ոսկորները
կամաց-կամաց վերածվում են փթթող ճյուղերի,
ու սեփական մանկությունը գլորելով մաքուր առվակի մեջ՝
լացել կոկորդում արմատացած կսկիծից
ու ընկրկել խաղաղությանը
քամու վրա հավաքված փոշու հատիկների
ինչ-որ տեղ վիժել, բռնաբարել
ու միայնակ են թողել այս անիծյալ մարմինը,
ու չգտնելով համերաշխություն՝
վհատ կանգնում ես պատուհանի դիմաց՝
սպասելով ամռանը,
երբ աչքերիս մեջ լցված ջուրը կչորանա,
ու այնտեղ սավառնող ձկները վերջապես ազատ կտեսնեն
աղետից հետո ծաղկած քարերը
անդունդներ, որոնք փակ են նոր փախուստների համար,
ու ճանապարհներ, որտեղ հանգրվանած դողը թույլ կտա,
որ ներսիս թեքություններից հոսեն այն բոլոր վախերը,
որոնք լափում են հիշողությունը փոքրիկ աղջկա մասին,
որը սիրում էր դեղին մատիտով տանիքներ նկարել
ինչու այդքան արագ մաքրեցիր ինձ.
հիմա կարողանում եմ չթաքցնել այս նյարդային խզումը,
ու նորից լինելու անկումն այնքան ակնառու է,
որքան բացարձակ լռության մեջ լսելի է ձեռքերիս դողը
ես սարափելի հոգնած եմ ներելու համար,
բոլոր վիրավորած երեխաները լացում են իմ աչքերով.
փախչել ինչ-որ տեղ, ուր փոքրիկ առվակ կլինի,
իսկ ես մի ամբողջ կյանք թղթե նավակներ կպատրաստեմ
ու կհայհոյեմ քեզ
ու կսիրեմ քեզ ավելի
ում են պետք այս ունայնությունն ու թախիծը.
ջուրը կթափվի մազերիդ վրայից,
ու կհամբուրեմ տաք ասֆալտը,
որտեղ չհալված ձյուն է մնացել,
ես զոհողության համար կանգնած ժայռաբեկոր չեմ
ու այս ձմռանը փայտի պես շերտ առ շերտ կվառվեմ
փակվում եմ սենյակում
ու ծամում ձանձրույթը մինչեւ հիմալայներ ձգվող`
հակառակ քաղաքին, որ կառուցվում է ներսումս,
ու անիծյալ զգոնությանը
սառը բետոնին նստած տերեւի
ու սուզվելով անկման մեջ՝
բացահայտում եմ մեջս սերտաճող սերը,
որ տանելի է դարձել, ինչպես արնոտ մատներս,
որոնք սարսափելի ներհուն են սեփական թուլությանս նման
ու այնքան կիսատ,
որ քնելիս ուզում եմ հանել ու դնել պահարանում
ես չեմ ամաչում.
այս դողը, այս մարմինը, հիացումը, լացն առավոտյան,
դելֆինների վազքը մարմնիս վրայով
ու ջրի ընդգրկուն մենությունը
ինձ անխուսափելիորեն խոցելի ու թույլ են դարձնում,
եւ ես ամբողջապես պատրաստ եմ
ոտաբոբիկ հաղթահարել բոլոր չհանգած հրաբուխները
եւ դրսում ընկած մահամերձ շների շնչառության ռիթմը,
աղմուկը ներսս քերծող,
քեզ հենց այնպես կորցնելու ձախողումը
հնարավորություն են տալիս ներփակվել այս պատերի մեջ՝
մտածելով կշիռ չունեցող տերեւի ու մահվան մասին
դու այստեղ ես բոլոր սուզված նավերի հետագծով քայլելու,
խելագարվելու ու ապակե թեյնիկի գույնը որոշելու համար,
իսկ իմ հիացումը երեխայական խանդավառություն է.
քեզ նայում եմ առաջին անգամ արեւածագ տեսնելու պես
իսկ տիեզերքում մեռած ճագարներ կան,
ջրափոսում՝ հանգրվանած վտառներ
ու սարսափելի դանդաղ աճող ներում՝
կուլ տված հանգստացնողների պես թեթեւ, չլուծվող,
մինչ ես ոչ մի, ոչ մի կերպ չեմ հարմարվում լինելուն
ընդհատ, ինչպես լուսինը, փոքր, ինչպես մարմինը,
փոշու ու բաժանման երկխոսության պես կարճ
ես պատրաստ եմ կուլ տալ այս անքնությունն ու կսկիծը,
որ միաձույլ են քեզ,
ու խոր շնորհակալություն ասելով այս ընթացքի համար՝
քայլել առաջին հանդիպած ճանապարհով ինչ-որ տեղ,
պարզապես քայլել
հանուն նոր տարածության
«հանուն շնորհակալության» շարքից
_______
քեզ գտնելուց առաջ ջուրը գցված սերմ էի,
որը հողի մասին միայն
հեռուն սավառնող ճանապարհորդներից էր լսել
ողջերին մեռած քաղաքների մասին պատմող հին շաման էի,
երբեք չապրած ու չտեսած կործանումը
ծեսի ու անքնության արանքում սեղմված վիշապների,
որոնք աններելի գրավիչ են քսմսվում երկնաքարերին
հանգչող ժամանակ էի, որի թեւերը կծկվել էին,
սառել, դեֆորմացվել ու շարժման տձեւության հետ
սերտաճել այս անիծյալ մարմնում
կսկիծ էի ծաղկի ցողունում ապրող,
որը մի օր պիտի աճեր ու
ավելորդ ստվերի պես հետեւեր այս ընթացքին
նյարդային ցնցում էի,
պատին հենված հուսահատություն,
կտրտված երակներով անցորդ էի, բաց վերք,
որի վրայով վազում էր քաղաքը
տիեզերքում ընկած անսեռ փոշեհատիկ էի՝
խոր իմացությանն ու արբանքին
անհաղորդ լինելու ընդվզմամբ
վառված անտառ էի՝ չիմանալով,
որ ամենագեղեցիկ արեւածագը
մոլորակի այն հատվածում է,
որտեղ տեղակայված եմ,
ու հողագործիդ անհանգստությունը՝
իմ մեջ նոր ծառատունկ կազմակերպելու,
ինձ նորից չմեռնելու հնարավորություն է տալիս
քարանձավի պատերին
աստղային քարտեզներ նկարող արիացի էի,
որը հավաքում էր լեռների վրա աճող թփերը՝
իր ներսի լիճը ճահճի վերածելու համար
մեծ, շատ մեծ գերեզմանոց էի
էս մոլորակում ներփակված բոլոր ձկների,
գույների ու մեռելների համար
անձրեւից գունազրկված քար էի՝
երիտասարդ մեռնելու գայթակղությամբ, որ,
ապրելով դագաղում պառկածի տխրությունը,
պարտաճանաչ աշակերտի պես
խմում էր ամենօրյա դեղերը
անհեռատես ունկնդիր էի դեպի փամփուշտ վազող
ու սեփական ալարկոտության մեջ լողացող,
լողացող դեպի սահմանագիծը խոր վիրավորանքի՝
ծավալվելով հայրիկի նյարդային հայացքում
հողում սավառնող թռչունների անսահմանությունն էի՝
լիակատար հաճույքի ու ընդվզման սպասումով,
որ մի օր վերջապես կգտնեմ այն տունը,
ուր վերադառնալը խաղաղության սերմեր կցանի մեջս
իսկ քո ափին տեսա ճանապարհը՝
մեռած արագիլների փետուրներով լցված,
ու խիզախեցի այս հնամաշ լեռնաշխարհում ջուր լինել,
հետո՝ հող, որից նորից կծնվես բոլորովին ուրիշ դիմագծերով,
մարմնով ու ես նորից կվազեմ հետեւիցդ՝
փնտրելով սերը, որ առավելապես կրծքավանդակումս է
եւ չհեգնելով միասին եզերվող արշավանքի կարեւորությունը՝
ես ցանկանում եմ միայնակ քնել հատակին՝
վերապրելով փոքրիկ աղջկա հանդգնությունը
տնից փախչելու ու կրկնելու,
որ մայրիկը իր մեջ փոքր վտառ է տեղադրել,
ու ինքը պիտի շրջանցի լացը,
որ այնտեղ ապրող ձկները հանկարծ քարեր չդառնան
եւ չթաքցնելով անորոշությունը հայացքիս՝
քեզնից անջատ կառուցվող լեռների կորությունը կլլելու
ու հեռվում վառվող անտառների հոտից խեղդվելու.
ես ուզում եմ կանգնել բաց տիեզերքի առաջ՝
զգալով սկիզբն ու անկումը գոյի
որովհետեւ այս մահը, սերը, լամպը մեր ներսի
հասունության հետ վաղուց քայքայվել են,
իսկ ես քարի՝ ջուր լինելու ցանկությունն եմ,
եւ քո սֆերայում լինելը փոքրացնում է ազատությունս՝
լինելու ոչինչ
ներողություն
հետգրություն
վերապրելով ձանձրույթը
դեպի արեւմուտք սահող նավերի
ու նկուղում դրված թակարդների անասելի տխրությունը
ու ճահիճների երկայնքով աճող ծաղիկների հոտը,
մեջս թպրտացող սերը՝ աչքիցդ կախ,
ու ցամաքի մասին կարոտը՝
կարթի շուրջ խլրտացող ձկների,
տերեւների սոսափյունը թաց ասֆալտին՝
կեսօրվա պորտալարին գամված,
եւ հասունությունն ու շփոթը
պատուհանագոգին աճող մամռոտած քարերի
(հավերժորեն սիրահարված ու երիտասարդ,
բոլոր խորտակված ինքնաթիռների նման),
ու արեւածագին սպասող սերմերի
նուրբ գլխիկները վեր ձգվող,
ապստամբությունը հողի տակ դարանակալած փղերի
անսեռ ոսկորների,
խորությունը իրերի եւ գթությունը տերեւի՝
ի սեր տառապանքի հետ համերաշխության
եւ հիանալով կողք կողքի լողացող ծովախեցիների
խեղդվող մենակությամբ՝
ես հանդգնում եմ անհուն ու ընթացիկ լինել
եւ մամռակալել բառերի հետ,
ու հասու լինել թռիչքին ու անկմանը քեզնից անջատ,
եւ ներփակվել ջղաձգումից առաջ արարված աշխարհում
ներիր ավելորդ երջանկության ու լարման համար
_______
ապրելով այս անսովոր տառապանքը
ամենի մեջ ծնվելու, շատանալու, լիքը լինելու,
ինչպես ջրափոսը՝ տապ օրերին,
ու հոգնած տիեզերքում միայնակ լողացող երկնաքարի նման
եւ փորձելով սիրել այս ցնցումն ու դողը,
որ ավելանում են մեջս.
պատուհանագոգին փոշու մեջ ճմռթված ծաղիկներն
ինձ ներքաշում են էս աներեւույթ կսկիծի ու գեղեցկության մեջ
եթե կարողանայի չհերքել թուլությունը, վախը՝ բարձր քարերից,
կիսատությունն ու անօգտակարությունը թեւերիս
ու անխոհեմորեն դիրքավորված կարոտը,
որն ուտում է էս ահռելի ջանքը՝
լինելու հանգիստ ու խաղաղ ջրի վրա սայթաքող քարերի նման
ամենից շատ վախենում եմ վնասել քեզ.
աննկատ ու լուռ եմ պատը թացացնող թեյի բաժակի նման
չեմ շտապում, իմ մեջ բոլոր զգացողությունները դեղնել են.
ծառերը՝ դեպի ներս աճող,
ջուրը՝ արեւի ճառագայթների մեջ սուզվող,
հողի ներսում ապրող միջատների անսահման երջանկությունը
եւ երբ բառերն ասես մաշկիս չորացած մլակներ լինեն,
ու ցավի մասին հիշողությունը ծուլանում է ինձ վերցնել վրան,
ու թախիծը մեռած լռությունն է
օվկիանոսում քայքայվող օդանավի,
իսկ սերը՝ տուն տանող ճանապարհ դեպի ժայռը,
որի ճեղքերում թռչուններ են ապրում
ես տրվում եմ այս թռիչքին,
ինչպես մեռածն է ընդունում իմ անընդհատ կապտող մարմինը,
ու հնազանդորեն տրվում հողին,
որտեղից անընդհատ ծնվելու եմ այն անձրեւաջրի հետ,
որ թրջում է ծառի արմատները
շարունակ բեռնաթափվում եմ,
իմ գիտակցության մեջ կարմիր կոշիկներով երեխաները
սահում են ու քարերի վերածվում,
եւ մարմինը խոնավ է ու անուշահոտ,
իսկ նրանց հայրերը անընդհատ վազում են ու ընկնում,
ընկնում են ու վազում
ծովերի վրա քնած թռչունների տեսիլքը,
հրեշավոր կարոտը անդունդներով մեծացող դատարկության,
եւ գետնանցումում միզող տղամարդու կնճռոտ հայացքը
հանդարտ հպվում եմ գորգին,
վրայիս բորբոսահոտը տարածվում է սենյակով,
կինը անցնում է վրայովս, հետո՝ դու,
ապա փոքրիկ աղջիկը համբուրում է ականջիս բլթակը
ուզում եմ ճանաչել մանր անկումը ոչինչ չփոխող,
որեւէ տեղ չտանող, ես շատ ամուր եմ կանգնած հատակին,
միտքս ամբողջապես կենտրոնացած է.
մի ուրիշ դեպքում կհետեւեի,
թե ինչպես է մի ամբողջ կյանք դիմացի շենքում ապրող կինը
պարանին կախում իր ամուսնու շալվարները
եւ կիրքը՝ ներսիդ բոլոր խխունջներին թռչել սովորեցնող,
ու սնել խոստացած մառախուղը, եւ կառուցելու նավը,
որտեղ ներդաշնակորեն կհրկիզես մարմինդ՝
քամու կամ հողի վերածվելու ակնկալիքով
լցվել ալկոհոլի մեջ, փորել հողագունդը,
մի տուփ սիգարետ վերցնել ու հանգչել մի քանի հազարամյակ,
մինչ ձեռքերդ հանդարտ կքայքայվեն,
ու տղամարդը ամեն օր կսանրի մազերդ
հանուն այն վերադարձի, որի համար հեռացար մորիցդ,
որը ցավի փոքր բշտիկներ էր թողել վրադ,
որ հանկարծ ներքեւ չնայես, որ մահը չկարծրանա
ու լուծվի մեջդ,
ինչպես անընդհատ հոսող անօգտակարությունը՝
թեւերիցդ ու ինձնից կախ
հուսամ՝ ներսումդ բավարար անձրեւ կա
մինչեւ հաջորդ երաշտ դիմանալու համար
- Hits: 4290