Վոլֆգանգ Բորխերտ․ Փայտ վաղվա համար
Իր ետևից ծածկեց բազմաբնակարան շենքի դուռը։ Նա այն ծածկեց կամաց և առանց ավելորդ հուզմունքի, եթե հաշվի առնենք, որ ուզում էր վերջ տալ կյանքին։ Կյանք, որն ինքը չէր հասկանում և իրեն չէին հասկանում։ Չհասկացված էր նրանց կողմից, ում սիրում էր։ Եվ մասնավորապես հենց այս հանգամաքն անտանելի էր, այդ օտարացումը նրանցից, ում սիրում ես։ Բայց մի այլ բան էլ կար, ինչը տվել անցել էր այդ ամենին և ոչ մի կերպ հնարավոր չէր որևէ լուծում տալ դրան։
Դա այն էր, որ նա չէր կարողանում գիշերներն հանգիստ արտասվել, այնպես, որ նրանք, ում սիրում էր, չլսեին իրեն։ Դա այն էր, որ նա տեսնում էր, որ իր մայրը, ում նա սիրում էր, ծերանում էր, և նա տեսնում էր դա։ Դա այն էր, որ նա մյուսների հետ նստում էր նույն սենյակում, ծիծաղում նրանց հետ և, միևնույն ժամանակ, իրեն այնքան մենակ զգում, ինչպես երբևէ։ Դա այն էր, որ նա կրակոցների ձայները լսում էր, մինչդեռ մյուսները չէին լսում։ Որ չլսելու էին տալիս։ Դա այդ օտարացումն էր նրանցից, ում նա սիրում էր, ինչն անտանելի էր։ Եվ ահա արդեն կանգնած էր աստիճանահարթակի վրա և ցանկանում էր ձեղնահարկ բարձրանալ ու ինքնասպան լինել։ Ամբողջ գիշեր մտածել էր, թե ինչպես անել դա և հանգել էր այն մտքին, որ ձեղնահարկում ամենհարմարն էր, քանի որ այնտեղ մենակ ես․ հաջորդ քայլերի համար դա կարևոր նախապայման է։ Կրակելու համար ատրճանակ էր հարկավար, իսկ թույն խմելն այնքան էլ հուսալի միջոց չէր։ Ամենաիրական խայտառակությունը կլիներ` ինչ-որ բժշկի օգնությամբ կյանքը փրկվեր, ու հետո ստիպված էր լինելու հանդուրժել մյուսների մեղադրական հայացքները՝ լի իր հանդեպ սիրով և վախով։ Ջրում խեղդվելը շատ սրտաճմլիկ կլիներ, պատուհանից ցատկելը` հուզումնալից։ Չէ, լավագույն տարբերակը ձեղնահարկն է։ Այնտեղ լրիվ մենակ ես։ Այնտեղ լռություն է տիրում։ Այնտեղ աչքից հեռու է և առանց ավելորդ այլևայլությունների։ Եվ, բացի այդ, ծածկի երկու իրար խաչվող հեծանները չպետք է մոռանալ։ Եվ լվացքի զամբյուղը` պարանով։ Երբ նա բազմաբնակարան շենքի դուռն իր ետևից ծածկեց, առանց վարանելու ձեռքը հպեց բազրիքին և սկսեց դանդաղ վեր բարձրանալ։ Աստիճանավանդակի վերևում կոնաձև ապակեպատ տանիքն էր` սարդոստայնի թելեր հիշեցնող նուրբ մետաղալարերով պատված։ Այն ի ցույց էր դնում սփրթնած երկինքը, որն այստեղ` վերևում, շատ ավելի լուսավոր էր։ Բաց շագանակագույն, մաքուր բազրիքից ամուր բռնված` լուռ և առանց ավելորդ հուզմունքի բարձրանում էր վեր։ Հանկարծ բազրիքի վրա նկատեց լայն, սպիտակին տվող մի գիծ․ նույնիսկ մի քիչ դեղնավուն։ Կանգնեց և մատով շոշափեց այն․ երեք անգամ, չորս անգամ։ Հետո ետ նայեց։ Գիծն անցնում էր ամբողջ բազրիքի երկայնքով։ Դրան հենվելով մի քիչ առաջ կախվեց։ Այո-այո, այստեղից կարելի էր տեսնել, որ այդ գիծը հասնում էր մինչև ամենաներքևի մութ հարկերը։ Այդ մասերում այն կրկին ավելի շականակագույնին էր տալիս, բայց, այդուհանդերձ, մի տոն ավելի բաց էր փայտի գույնից։ Մատները մի քանի անգամ գծի վրայով տարուբերելուց հետո, հանկարծ բացականչեց,- «Ամբողջովին մտքիցս թռել էր»,- նստեց աստիճանների վրա։ «Ու դեռ ցանկանում էի ինքնասպան լինել, քիչ էր մնացել, որ մոռանյի սա։ Մինչդեռ սա իմ ձեռքի գործն է։ Փոքրիկ խարտոցով․ Կառլհայնիցին էր։ Այն ձեռքիս մեջ պահած` ամբողջ ուժով աստիճաններով ներքև սլացա, իսկ ընթացքում խարտոցը հնարավորինս խորը սեղմում էի փափուկ փայտի մեջ։ Կորաթեք մասերում էլ ավելի ուժգին էի սեղմում ընթացքը դանդաղեցնելու համար։ Երբ ներքև հասա, ձեղնահարկից մինչև գետնահարկ բազրիքի վրա մի շատ խորը խազ էր ձգվում։ Իմ արածն էր։ Երեկոյան բոլոր երեխաները հարցաքննվեցին։ Մեր ներքևի հարկի երկու աղջիկները, Կառլհայնցը և ես։ Եվ մեր կողքի հարևանի տղան։ Վերակացուհին ասաց` սա ամենաքիչը 40 մարկ կարժենա։ Բայց դե մեր ծնողների համար պարզից էլ պարզ էր, որ դա մեզանից ոչ ոք չէր արել։ Դրա համար մի շատ սուր գործիք էր անհրաժեշտ, ինչը մեզանից և ոչ մեկը չուներ, դա նրանք շատ լավ գիտեին։ Բացի այդ, ոչ մի երեխա չէր փչացնի իրենց բազրիքը։ Մինչդեռ դա իմ ձեռքի գործն էր։ Փոքրիկ, սուր խարտոցով։ Քանի որ ոչ մեկը չցանկացավ վճարել 40 մարկ բազրիքի վերականգնման համար, վերակացուհին հաջորդ ամիս ամեն ընտանիքից հինգ մարկ ավել վարձավճար պահանջեց քարուքանդ եղած աստիճանվանդակի վերանորոգման համար։ Այդ գումարով նաև լինոելիումապատեցին ամբողջ աստիճանահարթակը։ Իսկ տիկին Դաուսը նոր ձեռնոցներ ստացավ, քանի որ հները խազված բազրիքին էին ընկել և պատռվել։ Մի վարպետ եկավ, հարթեցրեց ճեղքի եզրերը և վրայից մածուցիկ լուծույթ քսեց։ Գետնահարկից մինչ ձեղնահարկ․ իմ, դա իմ ձեռքի գործն էր։ Ու դեռ ուզում էի ինքնասպան լինել և քիչ էր մնացել` մոռանայի այս մասին»։
Նա նստեց աստիճանների վրա և մի թղթի կտոր վերցնելով՝ գրեց․ «Բազրիքի խազը ես եմ արել»։ Թղթի վերնամասում ավելացրեց․ «Վերակացուհուն` տիկին Քաուֆմանին»։ Պայուսակից հանելով իր մոտ եղած ամբողջ 22 մարկը, փաթաթեց թղթի կտորով և դրեց վերին ծոցագրպանում։ «Էստեղից հաստատ կգտնեն,-մտածեց նա,-էստեղից պետք է որ գտնեն»։ Բայց նա մոռանում էր, որ էլ ոչ ոք չէր էլ հիշի այդ մասին։ Նա մոռանում էր, որ այդ դեպքից 11 տարի էր անցել, նա դա մոռանում էր։ Երբ կանգնեց, աստիճանահարթակը մի քիչ ճռճռաց։ Արդեն ժամանակն էր ձեղնահարկ բարձրանալու։ Բազրիքի հարցը լուծված էր, հիմա կարելի էր հանգիստ վերև գնալ։ Այդ պահին ցանկություն առաջացավ ինքն իրեն ևս մեկ անգամ բարձրաձայն ասելու, որ այլևս ընդունակ չէ հանդուրժել այդ օտարացումը նրանցից, ում այդքան սիրում է, հետո կաներ դա։ Հետո կանի դա։
Ներքևում մի դուռ բացվեց։ Նա լսեց մոր ձայնը․ «Եվ հետո անպայման ասա նրան, թող լվացքի փոշին չմոռանա։ Հանկարծ չմոռանա։ Ասա նրան, որ տղան հատուկ մեքենայով գնաց, որ փայտ բերի, որպեսզի վաղվա լվացքը գլուխ գա։ Ասա նրան, որ հայրիկի ուսերից մեծ քար կընկնի, միայն այն պատճառով, որ ստիպված չի լինի այլևս փայտի մեքենան վարել ու որ տղան արդեն եկել է։ Տղան հատուկ դրա համար գնաց այսօր։ Հայրիկն ասում էր` նա դա հաստատ հաճույքով կանի, արդեն մի տարի կլինի, ինչ փայտի չի գնացել։ Հիմա կարող է անել դա մեզ համար։ Վաղվա լվացքի համար։ Ասա նրան՝ տղան հատուկ մեքենայով գնաց ու որ ինքը փոշին հանկարծ չմոռանա»։ Նա լսեց պատասխանող աղջնակի ձայնը և դռան չրխկոցը։ Հետո աղջիկն աստիճաններով ներքև վազեց։ Նա կարողացավ մինչև ներքև հետևել աղջկա փոքրիկ ձեռքին՝ բազրիքի վրա։ Հետո միայն ոտնաձայները լսեց։ Իսկ հետո լռություն տիրեց։ Միայն լռության ձայնն էր լսելի։
Դանդաղ իջավ աստճաններով, շատ դանդաղ` աստիճան առ աստիճան։ «Պետք է փայտի գնամ,- ասաց նա,- իհարկե, բոլորովին մտքից թռել էր։ Ախր պետք է փայտի գնամ վաղվա համար»։ Սկսեց ավելի արագ իջնել աստիճանները` ընթացքում ձեռքով հարվածելով բազրիքին։ «Փայտը,- ասաց նա,- ախր դեռ պետք է փայտ բերեմ։ Մեզ համար։ Վաղվա համար»։ Վերջին աստիճաներն արդեն մեծ քայլերով ետ-ետ էր իջնում։ Իսկ վերևում ընդարձակ ապակեպատ առաստաղը ի դերև էր հանում անգույն երկինքը։ Ներքևում պետք է լամպերը վառվեին։ Ամեն օր։ Բոլոր օրերին։
Գերմաներենից թարգմանեց Եսթեր Աղաջանյանը
- Hits: 3719