Հովիկ Աֆյան. Սուրճ եփողը

 

 

Քաղաքն այրվում էր: Ոստիկանությունը փնտրում էր Ներոնին: Ամեն դեպքում ոչ մեկը չէր հավատում, որ քաղաքում այնքան շոգ է եւ այնքան վաղուց սեր չի եղել, որ մարդն ուղղակի կարող է գիշերը խեղդամահ լինելուց փրկվելու հույսով՝ դուրս գալ ու ծխել: Ծխել ու քաղաքի ու իր կյանքի վրա թքած ունենալով՝ սիգարետի մնացորդը նետել որտեղ պատահի:

- Հաստատ դավադրություն է,- ասում էին հեռուստատեսությամբ:

- Որտեղի՞ց են լրագրողներն իմանում այն, ինչը միայն մենք գիտենք,- զայրանում էր ոստիկանապետը:

Ավտոբուսը կանգնել էր ու չէր շարժվում: Հրշեջներն աշխատում էին, ոստիկանները պարզում էին, շտապօգնության վարորդն էլ ծխում էր՝ սպասելով, թե երբ պետք է կրակից հանեն մարդկանց ու չիմանալով, որ ամեն օր կարելի է կրակից մարդկանց հանել՝ քաղաքներում, որոնք ամենեւին էլ չեն այրվում:

Արեւն ավտոբոսում էր ու կյանքում առաջին անգամ ուրախ էր, որ տանն իրեն սպասող չկա: Ծնողները վաղուց չկային, ամուսինն ուղիղ 3 տարի, 4 ամիս եւ 17 օր առաջ հեռացավ: Կյանքից չէ, ապրելու: Արեւի հետ հնարավոր չէր: Ասաց ու գնաց: Ոչ ձյուն էր գալիս, ոչ անձրեւ: Նույնիսկ մութ չէր, ու լուսինը չէր արծաթոտել երկինքը: Սովորական ցերեկ էր, ու հարեւանի տնից տապակած կարտոֆիլի հոտ էր գալիս:

Հենց կարտոֆիլով լի տոպրակով էլ Արեւը վերադառնում էր տուն՝ աշխատանքից, երբ ավտոբուսը կանգնեց՝ հրդեհի դիմաց: Շատերն իջան՝ կրակը մոտիկից տեսնելու: Արեւը մնաց նստած. ում լքել են, նրան կրակը մոտիկից չի հետաքրքրում: Նույնիսկ փակեց աչքերը, ավելի ճիշտ՝ իրենք իրենց փակվեցին: Այդպես լինում է, երբ 3 տարի, 4 ամիս եւ 17 օր չես քնում:

Հեռուստատեսությամբ հայտարարեցին, երբ ոստիկանները դեռ պատրաստվում էին մեկնաբանել տեղի ունեցածը: Պարզվեց հրդեհն իսկապես կարող է դավադրության հետեւանք լինել: Հրդեհը բռնկվել էր հզոր պայթյունից, իսկ պայթյունն առաջացել է նյութից, որն արտադրվում է քաղաքի խոշոր գործարաններից մեկում, որի ղեկավարը քաղաքական լուրջ եւ սուր տարաձայնություններ ուներ իշխանության հետ:

Արդեն տանը՝ հեռուստացույցով Արեւը լսեց նաեւ գործարանի անունը: Ինքն ամեն օր, օրական 4 անգամ սուրճ էր տալիս այդ գործարանի տնօրենին: Պայթյունը որոտացել էր երեկոյան 6-ին մոտ, ճիշտ 4-րդ սուրճից րոպեներ անց, երբ տնօրենի սենյակում անծանոթ մարդիկ կային, եւ Արեւը, բաժակը սեղանին դնելով, անմիջապես հեռացել էր:

Ու չնայած երեկոյան Արեւը ոչ թե տապակեց, այլ վառեց կարտոֆիլը, հաջորդ օրն առավոտյան, նա ժպտում էր՝ վանելով ավելորդ կասկածները: Երբ օրվա առաջին սուրճը տարավ տնօրենին ու տնօրենն անհամբերությամբ մի կում արեց դրանից, լսեց, թե ինչպես է հանձնարարում օգնականին՝ բարեգործական ծրագիր կազմել՝ օգնելու այրված շենքերում ապրող երեխաներին:

  • Hits: 209

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: