Հովիկ Աֆյան․Երջանիկ ապուշը

 

Ամեն ինչ սկսվեց Լուսինեի ծննդյան օրը: Մայրը ծանր հղիություն տարավ, բժիշկները վստահ էին, որ չի ապրելու, ընդ որում՝ նույնիսկ բժիշկները չգիտեին, թե` ով: Ու երբ գյուղի կանայք՝ վաստակավոր տատմեր Մարուսի գլխավորությամբ, «ա՜խ» կանչեցին, հասկանալով, որ մայրը նույնիսկ չլսեց Լուսինեի առաջին ճիչը, կապույտ աչքերով մի տղա, կանանց գոռոցի ձայնից մտավ կյանքի ու մահվան այդ սենյակն ու աչքը գցելով Լուսինեին, բարձր շշնջաց.

-Հա բայց ինչի՞ եք լացում, տեսեք՝ ինչ սիրուն էրեխա ա, իսկական Լուսին է...

Կապույտ աչքերով տղան Նարեկն էր՝ նորածին Լուսինեի հարազատ եղբայրը, խոպանում անհետ կորած հոր միակ որդին, քիչ առաջ գյուղում միակ ծովագույն աչքերը հավերժ փակած ծննդկանի հույսն ու հավատը: Ոչ դպրոցում էր գերազանցիկ, ոչ իրենից մեծերից էր իմաստնություն սովորել, ոչ երբեւէ սիրահարվել էր ...Միայն ամեն ամեն օր Լուսնին էր նայում քնելուց առաջ ու ասում «բարի գիշեր»: Հասկացավ, որ մայրն էլ չկա, բայց ասաց. «Հա բայց ինչի՞ եք լացում, տեսեք՝ ինչ սիրուն էրեխա ա...»:

Հետո, իհարկե, մոտեցավ մորը: Ու մինչ հավաքված կանայք գոռացին՝ «քոռանայինք՝ չտեսնեինք», ինքը պաչեց մոր սառը ճակատն ու ասաց.

-Բարի գիշեր:

Կանայք չթողեցին, որ սոցիալական աշխատողի ոտքը մտնի իրենց գյուղ: Հատուկ դիմում գրեցին գյուղապետարան, ապա մարզպետարան, թե բա. «Մենք էս էրեխեքին կպահենք», կանանցից մեկն առաջարկեց ավելացնել՝ «աչքի լույսի պես», բայց ավելի փորձառուներն առարկեցին՝ հայտնելով, որ ոչ գյուղապետն է սիրում երկար տեքստեր կարդալ, ոչ էլ՝ մարզպետը: Բոլորով էլ պահեցին, իսկապես աչքի լույսի պես, մանավանդ որ Նարեկն ու Լուսինեն գյուղի եզակի որդիներն էին. մյուսները օտար ու հայրենի քաղաքներ էին գնացել՝ սովորելու, աշխատելու, վերադառնալու՝ իբր: Չնայած՝ վերադարձողներ կային. գյուղի գերեզմանատունը արդեն գյուղից մեծ էր: Նույնիսկ սրա-նրա ծոցը մտնելով՝ էրեխեքին մեծացրած Սաթիկը «վերադարձավ» ու հոգեհացին քահանան ասաց, որ խեղճ կինը միշտ էր երազում ծննդավայր վերադառնալու մասին. «ես դա լավ գիտեմ»:

Առաջին անգամ գյուղը Նարեկին նզովեց, երբ գերեզմանատնից կարմիր թիթեղյա տանիք անհետացավ: Հանգուցյալը Զավենն էր՝ ռուսաց լեզվի ու գրականության, ինչպես նաեւ քիմիայի ու կենսաբանության ուսուցչուհի Վալյայի մարդը: Վալյան գերեզմանաշինության ժամանակ պահանջեց, որ մարդու գլխին կարմիր թիթեղյա տանիք դնեն. համ անձրեւից էր վախենում երջանկահիշատակը, համ էլ կարմիրն ամենասիրած գույնն էր՝ Վալյայի:

Ոչ մեկը ոչինչ չէր իմանա, եթե գողության հենց հաջորդ օրը՝ արդեն մեծ տղա Նարեկն իրենց տան տանիքին կարմիր թիթեղ խփելուց չլիներ.

-Որդի՛, էդ որտեղի՞ց,-ասաց քահանան, որ գնում էր եկեղեցին բացելու, որ գյուղացիները գան՝ գիշերը կուտակած մեղքերին թողություն տալու:

-Զավենի գերեզմանից,-անկեղծ ասաց Նարեկը:

Արդեն գյուղամիջում, որտեղ դպրոցի ու մանկապարտեզի փոքր աթոռները հանել-դրել էին, որ Նարեկի՝ ժողովրդական դատավարության մասնակիցները նստեն, ամբաստանյալի՝ ամենաբարձր աթոռին նստած Նարեկը վերջին խոսքի իրավունքով հայտարարեց.

-Զավենի ինչի՞ն ա պետք տանիքը. մեռել ա: Տանիքը ինձ ու քրոջս ա պետք. ապրում ենք:

Մատներով խեր-շառ-Աստված որոշող ալեհեր դատավորներից մեկը մի կերպ ոտքի կանգնեց ու հայտարարեց դատարանի որոշումը.

-Մեղք ա գործել, բայց մեղկ ա. որբ ա:

Նարեկին՝ սեռով ու տարիքով, ինչպես նաև զուտ բնավորությամբ պառավները նզովեցին, բայց դատարանը ներեց, որովհետեւ որբ էր:

Նարեկը չներեց:

Գերեզմանոցն ավելի արագ էր ընդարձակվում. խոպանին գումարվել էր պատերազմը: Նարեկը քիչ վերադարձածներից մեկն էր: Կարմիր թիթեղյա տանիքի տակ Լուսինեն կորցրել էր քունը, մինչև եղբայրն եկավ: Մորուքը ջհանդամը, մեջը սպիտակ մազեր կային, աչքերի տակն ուռած էր: Մտավ տուն ու քրոջը գրկելով ասաց.

-Էսօր քեֆ ենք անելու, տղերքին ասել եմ, որ գան:

Լուսինեն ճանաչում էր տղերքին, մեկը դհոլ էր նվագում, մեկը՝ զուռնա:

-Նարեկ, բայց էսքան մարդ...,-չավարտեց խոսքը, որովհետեւ Նարեկն ասաց.

-Էսքան մարդ ապրում ա:

Բայց տղերքը չեկան: Նարեկը չգիտեր, որ տղերքը պատերազմից էլ չէին եկել:

Ամբողջ գյուղը «թաղում էր» Նարեկին: Բայց ի տարբերություն ամենօրյա թաղումների, այդ թաղումն առանց «հանգուցյալի» էր: Նարեկը չկար: Գիշերը նայել էր Լուսնին ու տնից դուրս եկել: Նախ մտել էր գյուղապետի տուն, այգուց մի փունջ վարդ հավաքել, բակում կանգնած կանաչ Նիվայի բաց ապակուց մեքենայի դուռը բացել, ծաղիկները դրել մեջը, աննկատ քշել իրենց տուն, Լուսինեին քնից հանել, ու վարդերը նվիրելով քրոջը, նրան տարել գյուղից հեռու՝ քաղաք:

-Ո՞ւր ենք գնում, Նարեկ,-ասել էր Լուսինեն:

-Ապրելու,-ժպտացել էր Նարեկը:

Հետո վերադարձել էր գյուղ: Մեքենան էլի աննկատ կանգնեցրել նույն տեղում ու գնացել գերեզմանատուն: Քանդել այն ամենը, ինչը որ ճոխություն էր: Օրինակ իր դասարանցի՝ մթությունից վախեցող Վարդանի գերեզմանից քանդել էր լապտերն ու բերել Վարդանենց տան դռանն ամրացրել, որ պատերազմում զոհվածի բակը լուսավոր լինի: Իրենց՝ Հայոց պատմության ուսուցչուհու ամուսնու գերեզմանից աթոռները քանդել էր ու բերել ընկեր Առաքելյանենց բակ, որ աշակերտները գան՝ հայոց պատմության դասի, նստելու տեղ ունենան, ոչ թե գետնին նստեն...

Այս անգամ Նարեկին գյուղում չդատեցին. գյո՛ւղը դատի տվեց Նարեկին: Գյուղապետը պահանջում էր, որ ամբաստանյալը փոխհատուցի նաեւ ծախսած վառելիքի համար, ինչը, ակամայից պարզվեց, որ ձեռք է բերվում գյուղական բյուջեի սուղ միջոցներից, իսկ քահանան պահանջում էր, որ մեղադրանքին ավելանա նաեւ «սրբապղծություն» հոդվածը, չնայած դատախազը հայտնեց, որ այդպիսի հոդված Քրեական օրենսգրքում չկա:

Նարեկը հիշում էր՝ մայրն ասում էր, թե կապույտ աչքեր ունեցող տղամարդկանց բաց կապույտ վերնաշապիկը շատ է սազում ու «Հագուստ՝ չունեւոր բանտարկյալների համար» պահարանից ընտրեց բաց կապույտը՝ դատարան գնալու համար: Կարճ տեւեց: Ծեր դատավորի թոռնիկի ծնունդն էր ու մի ամբողջ գերդաստան քաղաքից դուրս սպասում էր պապիկին, որ սեղան նստեն:

-Դուք Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք,-ասաց դատավորը:

-Իսկ ի՞նչ եմ արել,-պատասխանեց Նարեկը:

-Չգիտե՞ք:

-Գիտեմ...կյանքի ու մահվան պատերազմում որոշել եմ ապրել, սգի եւ ուրախության պայքարում որոշել եմ ուրախանալ, ավելին, հասկանալով, որ չեմ կարող դադարեցնել մարդկանց սուգը, որոշել եմ բացատրել նրանց, որ մահվան եւ կյանքի միջեւ ճոխը պետք է կյանքը լինի: Միշտ: Եւ հարգելի՛ դատարան, ես երջանիկ եմ:

-Ապուշ,-շշնջաց դատավորը՝ մոռանալով, որ բարձրախոսը միացված է:

Ամեն ինչ ավարտվեց, երբ Լուսինեն մեծ քաղաքի անծանոթ տանը եղբորը սպասելուց հոգնած, միացրեց հեռուստացույցը եւ լուրերի հաղորդավարը հայտնեց. «Քիչ առաջ ավարտվեց սկանդալային դատավարությունը, որը պատմության մեջ կմնա «Երջանիկ ապուշի դատը վերնագրով»: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը հրապարակեց՝ ըստ էության աննախադեպ որոշում՝ ամբաստանյալը մեղավոր է: Բայց թե ինչի համար, դատավորը հարկ չհամարեց պարզաբանել, միայն շատ արագ դուրս եկավ դատարանի դահլիճից․ հավանաբար շտապում էր»:

Լուսինեի աչքերը ծովագույն էին:

  • Hits: 3696

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: