Նրանք ինձ թողել էին վրանում մենակ։ Թողել էին մենակ ու քնած։ Իսկ ես այն մտքով էի քնել, որ ինձ պաշտպանողներ կան, որ նրանց ներկա լինելով օդը տաք էր լինելու, շշուկով խոսելու էին, որ ես գիտակցեի՝ նրանք իմ մոտ են ու հանգիստ քնեի, չվախենաի։

Բայց

Բայց նրանք ինձ թողել էին վրանում մենակ, ու ես քնած էի։ Լռություն էր։ Արթնացա։ Ոչ մեկ չկար։ Վախեցած էի։ Ցուրտ էր։ Մրսում էի։ Դողում էի, չգիտեմ՝ ցրտից, թե՝ վախից։

Դրսից, չնայած մթության մեջից եկող լույսին, վրանի գույնից կապված ծածկոցս լուսավորվել էր թույլ նարնջագույն երանգով։ Այնքան լուսավոր ու բարի երանգ էր, որ ես աչքերս փակ զգում էի տարածքը։ Բայց չէի զգում նրանց։ Քնած, լուռ ու աչքերս փակ, տարածքը զննելով` պատկերացնում էի ինձ վերևից։ Մեծ իմ համեմատ, բայց փոքր տարածքի համեմատ, եռանկյունաձև մոդելի մեջ ես էի` հպված գետնին, գլխով ու ոտքերով եռանկյունու մի անկյունից մյուսը ձգվելով ու ձեռքերիս տաքությունը դեմքիս վրա զգալով` ես էի։ Մտքերիս սահմաններում մենակ ես էի։ Նարնջագույն եռանկյունին, որի հենց կենտրոնի խավարում ես էի։ Ես էի` վախի դրոշակը ձեռքիս։

Արթնացա

Արթնանալուց կարծես աչքերս իմը չլինեին, իմը չէին` ուրիշինն էին։ Ուրիշինն էին, մինչև ես գիտակցեի, թե ով եմ ու ում եմ սպասում, որ տեսնեմ։ Ամեն ինչ նարնջագույն էր, ամեն, ամեն ինչ։ Երկար, բայց քիչ վայրկյաններ անգիտակից էի, բայց արթուն էի։ Արագ նստեցի, այնքան արագ, որ միանգամից մոռացա, որ մի քանի վայրկյան առաջ քնած էի։ Մրսում էի։ Վախեցած էի։ Միանգամից տարածքի մթությունից ու դատարկությունից աչքերս կլորացան, իսկ բիբերս մեծացան։ Սկսեցի դողալ։ Ոչ մեկ չկար։ Գնացել էին, ինձ թողել ու գնացել էին։ Օդի սառնությունն արդեն կոկորդումս զգալուց` վեր կացա։ Վեր կացա կանգնեցի։ Զգացի թե ոնց է ոտքերիս տակ գնալով դատարկվում։ Վախեցած էի։ Արագ ոտքերիս հպվելով ձեռքերս դրեցի հատակին ու զգացի, զգացի սառնությունը, զգացի ձյունը։ Վրանը ձյան վրա էր, իսկ ձյունը վրանի տակ չէր: Ձյունը հալվում էր։ Ես արդեն զգում էի, թե ոնց եմ վրանի հետ հավասար գնալով ընկնում։ Ձյունը քաշում ու տանում էր։ Վրանի արագությունից արդեն զգում եմ, որ հասնում եմ դատարկությանը։ Վրանի մեծության մեջ ինձ շատ փոքր զգալով` վազում եմ, վազում եմ ինչքան ուժ ունեմ։ Աչքերս էլ չէին թողնում, որ ինչ-որ բան տեսնեմ։ Լացում եմ։ Լացում եմ, որովհետև պատկերացնում եմ, որ իմ կանգի հետ հավասար, վրանը ինջնելու է դեպի դատարկությունը։ Պատկերացնում եմ, թե ոնց եմ զգալու ոտքերիս տակ եղած դատարկությունը, կամ մարմնիս թեթևությունը։ Վախեցած եմ։ Վախեցած եմ, որ վերջին միտքս կլինի երկնքի մթությունը։ Այս ամենը մտածելով վազում եմ, վազում եմ, որ դուրս պրծնեմ։ Եռանկյունուց դուրս պրծնելուն պես` վազում եմ, աչքերիս մեջ հավաքված արցունքները չեն թողնում տեսնեմ ճանապարհը, բայց վազում եմ։

Լսում եմ

Լսում եմ մթության մեջից իմ պահապանների ձայնը։ Շատ մեծ ուժով մտնում եմ արդեն սպիտակ ուղղանկյան մեջ ու սպիտակի մեջ լսում եմ երկու` իրարից տարբերվող ձայները, տեսնում եմ երկու ֆիգուրները։ Նրանք են։ Կանգնած են։ Կանգնած են ու խոսում են իրար հետ։ Ուղղանկյան մեջ արդեն երեքով ենք։ Լացում եմ։ Դեռ վախեցած եմ։

Զգում եմ

Զգում եմ օդի տաքությունը, զգում եմ, թե ոնց են ամեն մի ծիծաղից ավելի սպիտակեցնում սենյակը։ Դեռ խուճապի մեջ եմ։ Շրջվում եմ, վրանը չկա։ Շրջվում եմ, երկուսով ինձ են նայում, բայց դեռ չեն հասկացել ինձ։ Ուզում եմ պատմեմ, պատմեմ, թե ոնց եմ ատում նարնջագույը ու գոռամ ինձ մենակ թողնելու համար:

Բայց

Բայց նրանք ժպտում էին։ Նայում էին իրար ու ժպտում, ես ինձ թափանցիկ էի զգում։ Վախեցա։ Լսեցի ձայնը։ Հարցրեցին։ Բայց ես չէի խոսում, ես չկայի։ Նրանք ուրախ Էին, իսկ ես վախեցած:

Խոսեցի

Վախեցա որ էլ չեն ժպտա։ Սպիտակի մեջ երեքն էին։ Բայց երկուսի ջերմությունից` երրորդը չէր երևում։

Ես չկայի

Չէի երևում։ Ձեռքերով հպվում եմ ինձ, որ հասկանամ վերացել եմ արդյոք արդեն։ Շնչում եմ, դողացող ձեռքս դանդաղ բարձրացնելով` հպվում եմ կրծքիս, տաք եմ, դողում եմ։ Հասկանում եմ, որ վախեցած եմ։ Զգում եմ, թե ոնց է սիրտս փորձում կամաց-կամաց մարմնիցս ազատվել։ Հասկանում եմ, սրտումս ինչ մեծ ցանկություն կա վերջանալու, հանգստանալու, որովհետև արդեն հոգնել եմ իմ զգացմունքների տատանումներից։ Սրտումս ես բռնակալի դեր էի տանում, որովհետև տանջում էի անվերջ։ Բայց միթե՞ ես այդպիսին եմ, միթե՞ ես էլ չեմ զգում, որ ապրում եմ։ Ինքս ինձ հարց եմ տալիս` ո՞վ եմ ես։

Բայց

Բայց չեմ կարողանում պատասխան տալ ինքս ինձ, վախենում եմ ինձանից, վախենում եմ սխալ բառերից, վախենում եմ ատելուց, վախենում եմ ապրելուց, վախենում եմ, որ էլ ավելի տհաճ կլինեմ ինքս ինձ, վախենում եմ, որ սիրտս կանհետանա մարմնիցս, վախենում եմ։

Ձեռքս կրծքիս տակ` կանգնած եմ, երկուսով ինձ են նայում, բայց աչքերում դատարկ են, աչքերում ես չկայի։ Ինքս ինձ անըդհատ հարցնում եմ, ով եմ ես, բայց չեմ կարողանում պատասխանել։ Չեմ կարողանում ինքս ինձ հավատալ:

Վախեցած եմ։

Ես չկամ։

  • Hits: 3934

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: