Ամեն տարի ամռանը Գերմանիայում անցկացվում է աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակաբաշխություններից մեկը: Այն նաեւ ամենաթանկ ու ամենահին մրցանակաբաշխություններից մեկն է Եվրոպայում: Խոսքը Ինգեբորգ Բախմանի անվան գրական մրցանակի մասին է: Նախապես ընտրված հարյուրավոր հայտերից ժյուրին իրենց աշխատանքները ներկայացնելու հնարավորություն է տալիս 14 մասնակցի: Երեք օր տեւող ընթերցանության օրերի շրջանակում նրանք կարդում են իրենց տեքստերը եւ վերջում ընտրվում է հաղթող հեղինակը, որն ստանում է գիրքը հրատարակելու հնարավորություն ու 25 հազար եվրո դրամական պարգեւ:
«Երեւի Եսթեր»: Այսպես է վերնագրված ուկրաինացի գրող Կատյա Պետրովսկայայի գիրքը եւ ֆրագմենտը, որով նա 2013 թվականին ներկայացրել էր «Ինգեբորգ Բախման» գրական մրցանակին եւ շահել այն։ Գրողը փորձել է վերականգնել իր ընտանիքի պատմությունը, որտեղ գլխավոր հերոսուհին նրա հրեական ծագմամբ նախատատն է՝ երեւի Եսթերը, երեւի, որովհետեւ ընտանիքի անդամներից որեւէ մեկը այդպես էլ չի իմացել, թե ինչ է նրա անունն իրականում: Հրատարակության առաջին ամսում գիրքը դարձավ բեսթսելլեր. վաճառվեց ավելի քան 20 հազար օրինակ: Ստորեւ ներկայացնում ենք վերը նշված ֆրագմենտի թարգմանությունը։
Աստված տա՝ դու այնքան իմանաս, որքան որ ես չգիտեմ, ասում էր Բաբուշկան ամեն անգամ: Նա կրկնում էր այս խոսքերը մի փոքր նեղացած, բայց հպարտությամբ: Նրա թոռ Մարիկը՝ իմ հայրը, անսովոր կարդացած էր: Իր կյանքի մինչեւ իններորդ տարին նա հարյուրավոր գրքեր էր կարդացել եւ մեծահասակներին տալիս էր իր կարծիքով պարզ, էլէմենտար հարցեր: Բաբուշկան դրանց պատասխանն հիմնականում չուներ: Անգամ Սոկրատեսի «Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»-ը նրան հայտնի չէր: Երեւի Բաբուշկան ինքն իրեն մխիթարել էր ուզում կամ իր խելացի թոռանը տեղը դնել, երբ պնդում էր իր կարգախոսը, որ անտիկ աֆորիզմի պես էր հնչում՝ «Աստված տա՝ դու այնքան իմանաս, որքան որ ես չգիտեմ»: Այս ասացվածքից բացի, իմ նախատատից՝ հայրիկիս տատիկից, եւս երկու բան է մնացել. մի լուսանկար եւ մի պատմություն: Երբ ընտանիքը 1941 թվականին գերմանական զորքի գալուց առաջ Կիեւից փախավ եւ իմ նախապապ Սիմեոնը ստիպված եղավ մեկնել ֆրոնտ, Բաբուշկան մնաց Էնգելշթղասեի իրենց տանը մենակ, փողոց, որը ուղիղ դեպի Կրեսչատիկ զբոսայգի էր տանում: Բաբուշկային չտարան: Նա հազիվ էր տեղաշարժվում եւ պատերազմական ամբողջ ամռան ընթացքում այդպես էլ չկարողացավ աաստիճաններն իջնել ու փողոց դուրս գալ: Նրան տանելը բացառվում էր․ ճանապարհին չէր դիմանա:
Տարհանումը ամառանոց գնալ էր հիշեցնում եւ Բաբուշկան մնում է՝ այն մտքով, որ բոլորը կրկին կհավաքվեն մեկ վայրում, երբ ամառը հետեւում մնա: Հուլիսը փոփոխություններ էր պահանջում եւ բոլոր մարդիկ փողոցում ճամպրուկներ ու փաթեթներ ունեին, ինչպես ամռանը միշտ լինում է, միայն շտապողականությունն ու այն, որ այս ամենը չափից շատ էր, մատնում էին, որ կատարվողը, հակառակ տարվա համապատասխան եղանակին եւ ներսում մնացած տնային պարագաներին, ոչ մի, բոլորովին ոչ մի կապ չունի ամառանոց գնալու հետ:
- Ոնց որ անունը Եսթեր էր, ասում էր հայրս: Հա, երեւի Եսթեր: Ես երկու տատիկ ունեի եւ նրանցից մեկի անունը Եսթեր է, այո:
-Ինչպես թե երեւի, -հարցնում էի ես վրդովված: Դու չգիտե՞ս ինչ էր նրա անունը:
-Ես երբեք նրան անունով չեմ դիմել,- պատասխանում էր հայրս: Ես ասում էի Բաբուշկա, իսկ ծնողներս՝ մայրիկ:
Երեւեի Եսթերը Կիեւում մնաց: Հանկարծակի դատարկված բնակարանում նա մի կերպ էր տեղաշարժբում, ուտելիքը բերում էին հարեւանները:
-Մենք մտածում էինք,- ավելացրեց հայրս,- շուտով կգանք, բայց վերադարձանք յոթ տարի անց միայն:
Սկզբում քաղաքում առանձնապես շատ բան չի փոխվում: Գերմանացիներն էին եկել պարզապես: Բաբուշկան եւս, ստանալով լուրն այն մասին, որ Կիեւի բոլոր հրեաները պետք է հավաքվեն մի տեղում եւ այլն, սկսում է պատրաստվել: Հարեւանները փորձում են նրան հետ պահել այդ մտքից: Դուք մի գնացեք: Ախր Դուք հազիվ եք քայլում: Ստուգումը ոչ մեկին չի շրջանցում: Պարետը հոգում է այն մասին, որ ցուցակում բոլոր հասցեներն ու բնակիչները լինեն: Եվ որպեսզի ռուսերեն ասած բոլորը, իսկ գերմաներեն՝ անխտիր բոլորը գնան, դպրոցները, հիվանդանոցները, մանկատներն ու ծերանոցները խուզարկվում են: Ստուգումը վերահսկում են գերմանական եւ ուկրաինական պարետները: Սակայն Էնգելշթղասեի համար 11 տանը պարետը պատրաստ էր այդ ծեր կնոջը չգրանցել, նրան ուշադրությունից բաց թողնել, ոչ թե որ նրան մահից փրկեր, ոչ, մահվան մասին մարդ չէր էլ մտածում, կամ ավելի ճիշտ՝ մարդ մինչեւ մահը ոչինչ չէր մտածում: Ապա մի ինքներդ մտածեք՝ ինչու պիտի մի ծեր կին ճամփա ընկնի, անգամ եթե Ավետյաց երկիր է այցելել, եթե նա քայլել չի կարողանում: Մի գնացեք, ասում էին հարեւանները: Բաբուշկան մնում էր անդրդվելի:
Քաղաքի կենտրոնը մի քանի օր է, ինչ վառվում էր: Այն վախի մեջ պահող պայթյունները չէին դադարում: Տները ինչ-որ ճակատագրական հերթականությամբ հօդս էին ցնդում: Սկզբում Օկուպացիայի վարչության մարդաշատ շենքը, հետո կինոն, որտեղ այդ պահին ֆիլմ էր ցուցադրվում, մի զինվորական ակումբ ու զինվորական ճամբարը: Վերջը չէր երեւում: Հեռացող սովետական բանակը մինապատում էր տները եւ պայթեցնում դրանք ռադիոկապով: Մի քանի օր անց Կրեսչատիկը փլատակ էր, կենտրոնը՝ կրակի մեջ:
Գերմանացիները, որ սկզբում խաղաղ տեղավորվել էին քաղաքում, նախ շփոթվեցին, հետո խուճապի մատնվեցին այն ժամանակ դեռ ոչ այնքան հայտնի պարտիզանական շարժման պատճառով: Երեւում էր, որ կոչը՝ ուղղված բոլորին եւ անխտիր բոլորին, տրամաբանական հետեւանքն էր, վրեժխնդրության ակցիա այսպես կոչված մեղավորների դեմ, ասես նրանք դեռ էն գլխից մեղավոր չէին ու վաղուց արդեն դատապարտված, ասես այս քայլը հանկարծակի էր արվել, ասես ամենը դեռ վաղուց մտածված հերթականությամբ գործի չպիտի դրվեր:
Եվ այս ամենի մասին, ինչպես նաեւ այն մասին, թե ինչ էր տեղի ունեցել քաղաքում՝ իր տնից ամենաշատը կես կիլոմետր հեռավորության վրա, Երեւի Եսթերը, ըստ երեւույթին, ոչինչ չգիտեր: Անգամ Էնգելշթղասեի անկյունի հացի խանութը եւ Մերինգովսկայան, ինչպես նրան տեղեկացնում էին հարեւանները, միշտ բաց էր: Միայն երեք աստիճան ներքեւ էր տեղափոխվել: Պայթունները չէ՞ր լսել: Վառվածի հոտը չէ՞ր զգացել: Կրակը չէ՞ր տեսել: Եթե բոլորը, ապա բոլորը, ասում էր ինքն իրեն: Դա կարծես պատվի հարց էր: Եվ նա իջավ ներքեւ:
Ամեն բան լուռ էր: Պատմությունը լռում է այն մասին, թե հատկապես ինչպես նա ներքեւ իջավ. հարեւանները պետք է որ նրան օգնած լինեն, այլ կերպ չի կարող լինել: Ներքեւի խաչմերուկում ճանապարհները բաժանվում էին եւ հեռվում կլորանում ու այստեղ զգացվում էր, որ երկրագունդը ամեն դեպքում պտտվում է: Նա փողոցում մենակ էր: Բացառությամբ մի պարետի, այդ պահին որեւէ մեկը չկար տարածքում: Երեւի բոլորն արդեն գնացել էին: Երկու շիկահեր, ամրակազմ, համարյա էլեգանտ տղամարդիկ կատարում էին իրենց պարտքը՝ անշտապ հետուառաջ քայլելով խաչմերուկին: Փողոցը լուսավոր ու ամայի, էր ինչպես երազում է լինում: Եսթերը գնում է նրանց մոտ եւ տեսնում, որ սրանք գերմանացիներ են: Թե որքան ուկրաինացի ոստիկաններ էին գործողությունների առաջին օրը Կիեւի փողոցներում բոլորի գալը վերահսկում, որեւէ մեկը չի հաշվել: Անգամ պատմաբանները հստակ չգիտեն: Շատ ուկրաինացիներ կային, բայց հավանաբար կամ հաստատ Բաբուշկան նախընտրեց գերմանացիներին մոտենալ, որովհետեւ ուկրաինացիներին չէր վստահում: Հարց է՝ արդյոք ուներ նա այլ ընտրություն:
Բաբուշկան գնաց նրանց մոտ, բայց որքան տեւեց այս գնալը: Այստեղ ամեն մեկն իր շնչառությանն է հետում: Նրա գնալը ոնց որ էպիկ մի երեւույթ լիներ, ոչ միայն նրա համար, որ Երեւի Եսթերը Զենոնի ապորիայի Կրեայի պես էր շարժվում՝ քայլ առ քայլ, դանդաղ, բայց վստահ, նա այնքան դանդաղ էր գնում, որ որեւէ մեկը նրան հասնել չէր կարող եւ որքան դանդաղ էր նա գնում, այնքան անհնաար էր դառնում նրան հասնելը, նրան պահելը, նրան հետ բերելը, բայց նախեւառաջ՝ նրան հասնելը: Անգամ արագավազ Աքիլլեսին դա չէր հաջողվի: Նա մի քանի մետր իջավ Էնգելշթղասեով, մի փողոց, որ առաջ Լյութերանսկայա էր կոչվում եւ այսօր նորից այդպես է կոչվում, այո, Մարտին Լյութերի պատվին, մի փողոց, որի վրա ամենասիրուն ծառերն էին աճում, որտեղ հարյուրամյակից ավելի հաստատվել էին գերմանացի առեւտրականները եւ որտեղ մեկը ամենավերեւում իսկ մյուսը Բանկովայա փողոցի անկյունում, դեռ նախավերջին հարյուրամյակում երկու գերմանական եկեղեցի էր կառուցվել, որոնցից մեկը գտնվում էր ուղիղ իմ դպրոցի դիմաց: Այս հայտնի օրվաից 14 տարի հետո ես ամեն օր անցնում էի այդ եկեղեցու կողքով: Սկզբում փողոցի անունը Լյութերանսկայա էր, հետո Էնգելշթղասե, Հրեշտակների փողոց: Նրանք, ովքեր չգիտեին՝ որտեղ է այս փողոցը, կարող էին կարծել, որ այն հրեշտակներին է նվիրված: Անունը շատ էլ սազում այս փողոցինն, որ այնքան անհավանական թեք ու զառիթափ էր, որ ներքեւ իջնողին թեւ էր տալիս: Ես սովետական երեխա էի, գիտեի Ֆրիդրիխ Էնգելսին եւ հողեղենացնում էի իմ քայլը: Հնարավոր է՝ Երեւի Եսթերի այս ձգված ընթացքի մեջ մի լեզվական սխալ էլ կա արտացոլված: Կիեւի հին հրեաների համար եբրայերենը դեռ մայրենի լեզու էր անկախ այն բանից՝ կրոնապաշտ էին նրանք, հետեւոմ էին ազգային 6 ավանդույթներին, թե դաստիարակում էին իրենց երեխաներին՝ հայացքը դեպի սովետական լուսավոր ապագա:
Շարունակելի...
Գերմաներեից թարգմանեց Աստղիկ Հակոբյանը
Լուսանկարը՝ imago/Star-Media-յի
- Hits: 3882