Զոյա Փիրզադ. Ձմեռ
Ձմեռ
Ձյուն է գալիս։ Նեղ ու երկար փողոցի երկու կողմերով շարված տներն ասես խտացել-հպվել են իրար, որ ջերմանան։
Պատուհանի հետևում մի կին հետ է քաշում վարագույրն ու նայում դուրս։ Մոխրագույն մի կատու ցատկում է պատուհանագոգին, և կնոջ ճերմակ մազերը միաձուլվում են շղարշե վարագույրի ճերմակին։ Փողոցից անդին՝ հանդիպակաց տների դիմաց, ձյան փաթիլների միջից երևում է շտապօգնության մի մեքենա։ Կատուն մարմինը դողացնելով հորանջում է։ Կնոջ ձեռքը ճանկում է վարագույրը, իսկ մյուս ձեռքը՝ կապույտ երակների հետ անհետանում շրջազգեստի սև գրպանում։
Հանդիպակաց տնից երկու տղամարդ երիտասարդ ու վտիտ կնոջ մարմին են հանում և դնում պատգարակը։ Ձյան փաթիլները թափվում են կնոջ ալեխառն մազերին։ Շտապօգնության հետևի դռները բացվում են։
Պատուհանի հետևում կատվի կանաչ աչքերը հետևում են ձյան փաթիլներին, կնոջ աչքերը բոլորող խորշոմներն ավելի են ընդգծվում։ Պատգարակի վրայի կինը պտտում է գլուխը՝ նայելով հանդիպակաց պատուհանին։ Պատուհանի հետևում կինը երկու ձեռքով փակում է կիսաբաց բերանը։ Երկու հայացք, ճեղքելով մանրամաղ ձյունը, հասնում են իրար ու դառնում մեկ։
****
Ձյուն է գալիս։ Նեղ ու երկար փողոցում երկու աղջնակներ են խաղում։ Մեկը երկար ու հարթ վարսերով է, իսկ մյուսի հյուսքին նարնջագույն ժապավեն է, ծայրին՝ թիթեռ։ Աղջնակները ծիծաղում են, վազվզում ու իրար վրա ձյուն շպրտում։
****
Ձյուն է գալիս։ Երիտասարդ երկու աղջիկ կանգնած են փողոցի մեջտեղում։ Աղջիկներից մեկը ձեռքն առաջ է պարզում։ Մի փաթիլ նստում է նրա ոսկե մատանու վրա և տեղում հալվում։ Մի ձնագնդի դիպում է մյուս աղջկա գլխին՝ խառնելով երկար ու հարթ վարսերը։ Աղջնակները ծիծաղելով հեռանում են։ Երիտասարդ աղջիկները ծիծաղում են։ Նրանցից մեկը կռանում է և ձյան վրայից նարնջագույն մի ժապավեն վերցնելով՝ փաթաթում մատին։
****
Ձյուն է գալիս։ Երիտասարդ երկու կին անցնում են փողոցով։ Նրանցից յուրաքանչյուրը բռնել է իր երեխայի ձեռքը։ Երեխաներից մեկը սայթաքում է և ընկնում գետնին։ Երիտասարդ աղջիկը նարնջագույն ժապավենը գցում է գետնին, կռանում՝ օգնելու երեխային վեր կենալ։ Մայրը, հյուսքը հետ տանելով, շնորհակալություն է հայտնում։ Երիտասարդ երկու աղջիկները ժպտալով հեռանում են։
****
Ձյուն է գալիս։ Ծանրաքաշ մարմիններով տարեց երկու կին դուրս են գալիս հանդիպակաց երկու տներից։ Հանգիստ ու մեղմիվ բանալիներն են պտտում կողպեքներում։ Զգուշավոր քայլերով անցնելով՝ փողոցի մեջտեղում հասնում են իրար։ Կանգնում են ու զրույց անում։ Կանանցից մեկը լայն վերարկուի գրպանից մի ծրար է հանում, ծրարի միջից էլ մի քանի լուսանկար։ Լուսանկարներից մեկն ընկնում է ձյան վրա։ Կինը, կռանալուց վախվորած, նայում է նկարին և ձեռնափը խփում այտին։ Նրա կողքով անցնող երիտասարդ մի կին թողնում է իր երեխայի ձեռքը, փութաջանորեն կռանում և լուսանկարը վերցնում։ Տարեց կինը շնորհակալություն է հայտնում՝ նկարի վրայից ձյան խոնավությունը մաքրելով։
****
Ձյունը կտրվելու միտք չունի։ Շտապօգնության մեքենայում մութը կլանում է կնոջ վտիտ մարմինը։ Հանդիպակաց տան պատուհանի դիմաց կանգնած կնոջ ոտքերը ծալվում են։ Սև շրջազգեստը փռվում է գետնին։ Կատուն հպվում է շրջազգեստին։ Բակում նարնջագույն մի ժապավեն կպել է ձյուներին, որ քամու հետ չկորչի անհետ։
Զոյա Փիրզադ
Թարգմանությունը պարսկերենից՝ Արեգ Բագրատյանի
- Hits: 5281