Օրհան Փամուք. Երթևեկություն և կրոն
Մեքենայով անցնում էինք Թեհրանի հարավային ծայրամասի աղքատ թաղամասերով։ Պատուհանից երևում էր հեծանիվների ու ավտոմեքենաների վերանորոգման սրահների մի ամբողջ շարք։ Քանի որ ուրբաթ էր, բոլոր խանութները փակ էին։ Փողոցները, մայթերը, նույնիսկ սրճարանները ամայի էին։ Հենց այդ ժամանակ գնացինք մի դատարկ, հսկայական հրապարակ, որ կառուցված էր շրջանաձև տեսքով և երևում էր ամբողջ քաղաքից։ Ընդամենը մեզնից ձախ գտնվող փողոց մտնելու համար պետք է թեքվեինք աջ և անցնեինք ամբողջ շրջանով:
Հանկարծ զգացի, որ մեր վարորդը մտածում էր պարզապես թեքվել ձախ։ Նայում էր երկու կողմերը՝ տեսնելու, թե արդյոք որևէ այլ մեքենա մտնում է հրապարակ, թե ոչ․ պետք է ենթարկվի օրենքի՞ն, թե՞ ապավինի գլխին՝ ելքը գտնելու համար, ինչպես անում է ամեն անգամ, երբ կյանքը մի նոր մարտահրավեր է նետում նրա առաջ։
Հիշեցի, թե որքան հաճախ էի բախվել այդ նույն երկընտրանքին, երբ երիտասարդ հասակում վարում էի Ստամբուլի փողոցներում։ Ես օրինակելի վարորդ էի քաղաքի գլխավոր պողոտաներում (լրագրողներն այն սիրում էին բնութագրել որպես «երթևեկության անարխիա»), բայց հենց հորս մեքենայով անցա դատարկ սալաքարերով փողոցները, անտեսեցի կանոններն ու արեցի այնպես, ինչպես ուզում էի: Ենթարկվել «Ձախն արգելված է» նշանին, երբ տեսադաշտում այլ մեքենա չկար, գիշերվա կեսին հրապարակում համբերատար սպասել, որ լուսացույցը կանաչի, նույնն էր, ինչ խոնարհվել մի իշխանության առաջ, որը տեղ չի տալիս խելացի պրագմատիկին։ Այդ օրերին քիչ էր հարգանքը նրանց հանդեպ, ովքեր ենթարկվում էին օրենքի տառին․ մարդիկ դա միայն այն դեպքում էին անում, երբ չէր բավականացնում ուղեղը, երևակայությունը կամ բնավորությունը։ Եթե պատրաստ էիր դատարկ խաչմերուկում սպասել կարմիր լույսի տակ, հավանաբար այն մարդկանցից էիր, որոնք ատամի մածուկը ներքևից էին սեղմում կամ առանց դեղի բաղադրությունը կարդալու երբեք չէին խմում այն։ Կյանքի այսօրինակ մոտեցման հանդեպ մեր արհամարհանքը լավ երևում է արևմտյան ամսագրերից մեկում 1960-ականներին տեսածս մի ծաղրանկարում․ միայնակ վարորդը ամերիկյան անապատի մեջտեղում սպասում է կանաչ լույսի։
Երբ մտքով հետ եմ գնում 1950-1980-ականների Ստամբուլ, ինձ թվում է, թե արհամարհանքը ճանապարհային կանոնների նկատմամբ ավելին էր, քան անարխիայի պարզ տենչանք։ Ավելի շուտ, դա հակաարևմտյան ազգայնականության նուրբ ձև էր. երբ մենակ էինք լինում, և չկային օտարներ մեր մեջ, հին կարգերն արթնանում էին, և վերադառնում էինք մեր հին հնարքներին։ Վաթսունական ու յոթանասունական թվականներին տղամարդը կարող էր հպարտության ալիք զգալ` պարզապես հեռախոսն ամրացնելով պատի մեխից կամ գերմանական չաշխատող ռադիոն բռունցքի հարվածով հետ բերելով։ Նման հնարամտությունները ստիպեցին մեզ տարբերվել արևմուտքցիներից, որոնք այդքան հարգում էին տեխնոլոգիայի և մշակույթի կանոնները. նրանք հիշեցնում էին մեզ, թե որքան աշխարհիկ էինք մենք և որքան խորամանկ:
Սակայն Թեհրանի ծայրամասի հրապարակում հետևելով, թե վարորդն ինչպես էր տատանվում հնազանդության և պրագմատիզմի միջև, կարող էի ասել՝ այդ մարդը, որին մինչ այդ էլ բավական լավ էի ճանաչում, ամենևին էլ շահագրգռված չէր ազգայնականություն դրսևորելու։ Նրա խնդիրը շատ ավելի առօրեական էր․ քանի որ շտապում էինք, թվում էր, թե ժամանակի կորուստ է ամբողջ շրջանով անցնելը, բայց և անհանգիստ հայացք էր նետում դեպի այն տանող մյուս ճանապարհները, որովհետև գիտեր, որ եթե շտապի որոշում կայացնել, կարող էր մխրճվել մեկ այլ մեքենայի մեջ։
Նախորդ օրը, երբ փնթփնթում էինք երթևեկության անարխիայի մեջ՝ նայելով շարունակական ավտովթարները, այդ մարդը բողոքել էր, թե Թեհրանում որևէ մեկը չի ենթարկվում օրենքին։ Ճիշտ է, դա ասելիս նա ժպտում էր, սակայն ամբողջ օրը, նստած իրար քիթ մտած երթևեկության մեջ, նայում էինք տեղական Փեյքան մեքենաների փշրված կողերին, թե ինչպես էին վարորդները բղավում, վիրավորում իրար, իսկ մենք դառնորեն ծիծաղում էինք նրանց վրա, ասես ամբողջովին ժամանակակից մարդիկ էինք, որոնք անկեղծորեն հավատում էին մայրուղու կանոններին։ Այժմ, սակայն, որոշակի անհանգստություն էի զգում վարորդիս ժպիտի տակ, երբ փորձում էր որոշել, թե արդյոք պետք է անօրինական շրջադարձ կատարի։
Միտս եկավ, թե որքան անհանգիստ ու մենակ էի ինձ զգում, երբ երիտասարդ տարիքում պայքար էի մղում Ստամբուլի խցանումների մեջ։ Քանի որ վարորդը պատրաստվում էր հրաժարվել օրենքի գերակայության կողմից առաջարկվող առավելություններից և պաշտպանությունից՝ փոքր ինչ ժամանակ խնայելու համար, նա էլ էր հասկանում, որ ստիպված է լինելու միայնակ որոշում կայացնել: Հնարավորինս արագ պետք է օգտվեր բոլոր հնարավորություններից, անցներ իր առջև բացված բոլոր ուղիներով՝ քաջ գիտակցելով, որ իր ձեռքն է վերցնում իր և հավանաբար շրջապատողների կյանքը։
Կարելի է պնդել, որ մեր վարորդը, խախտելով կանոնները և ընտրելով ազատությունը, իր վրա էր վերցնում այդ միայնակությունը: Բայց եթե նույնիսկ նա ազատ ընտրություն չաներ էլ, այնքան լավ գիտեր քաղաքն ու նրա վարորդներին, որպեսզի գիտակցեր՝ դատապարտված է իրեն միայնակ զգալու այնքան ժանանակ, որքան որ վարում է Թեհրանում։ Որովհետև եթե անգամ որոշես ենթարկվել ժամանակակից երթևեկության օրենքնենրին, մյուսները՝ քեզ նման պրագմատիկ մարդիկ, ուշադրություն չեն դարձնի դրան։ Քաղաքի կենտրոնից դուրս թեհրանցի յուրաքանչյուր վարորդ պետք է մոտենա ամեն խաչմերուկի՝ ուշադրություն դարձնելով ոչ միայն լույսերին ու օրենքներին, այլև ցանկացած վարորդի, որը կարող է անտեսել դրանք: Արևմուտքում վարորդը կարող է փոխել իր գիծը՝ վստահ լինելով, որ իր շրջապատում բոլորը ենթարկվում են օրենքներին, կարող է երաժշտություն լսել՝ թողնելով՝ միտքը թափառի․ Թեհրանում վարորդը ուրիշ տեսակի ազատություն է զգում, և դա նրան հանգիստ չի տալիս։
Երբ Թեհրանում տեսա, թե ինչ քաոս ու ավերածություններ էին բերում իրենց գլխին այդ վարորդները, երբ մոլեգին սրամտությամբ պայքարում էին մայրուղու կանոնների դեմ՝ պահպանելու իրենց ինքնավարությունը, ինձ թվաց, թե անօրինական անհատականության նրանց փոքրիկ պոռթկումները տարօրինակ կերպով հակասում են պետության կողմից պարտադրված կրոնական օրենքներին, որոնք համակարգում են քաղաքի կյանքի մյուս բոլոր կողմերը: Ի վերջո, այնպիսի տպավորություն է, թե հասարակական կյանքում բոլորը և փողոցում քայլող ցանկացած մարդ կիսում են այն նույն միտքը, որը և իսլամական բռնապետությունը․ կինը պետք է ծածկված լինի, գրքերը գրաքննվեն, բանտերը լինեն լեփ-լեցուն, իսկ քաղաքի ամենաբարձր պատերը պետք է ծածկված լինեն այն հերոսների հսկայական պաստառներով, որոնք նահատակվել են հանուն իրենց երկրի ու կրոնի։ Տարօրինակ է, բայց երբ կռիվ ես տալիս խելագար երթևեկության մեջ, պայքարում դրա դեմ քաղաքի անօրինական վարորդների հետ միասին, ամենից շատն ես զգում կրոնի ներկայությունը։ Ահա պետությունը, որը հայտարարում է՝ բոլորը պետք է խոնարհվեն Սուրբ գրքում ամրագրված օրենքների առաջ, անխնա ենթարկվեն այդ օրենքներին հանուն ազգային միասնության և գիտակցեն, որ դրանք խախտելը նշանակում է հայտնվել բանտում, մինչդեռ քաղաքի վարորդները, իմանալով, որ պետությունը հետևում է, արհամարհում են երթևեկության կանոնները և ակնկալում, որ բոլորն էլ նույն կերպ վարվեն․ նրանք ճանապարհին նայում են որպես մի վայր, որտեղ կարող են ստուգել իրենց ազատության սահմանները, երևակայությունն ու հնարամտությունը: Այդ նույն հակասությունների արտահայտությունը տեսա իրանցի մտավորականների հետ իմ հանդիպումներում, որոնց ազատությունները խիստ սահմանափակված էին շարիաթի օրենքներով, օրենքներ, որ պարտադրվում էին փողոցներում, շուկաներում, քաղաքի մեծ պողոտաներում և հանրային այլ վայրերում։ Անկեղծորեն չեմ կարող չհիանալ, որ նրանք սկսեցին ապացուցել, որ չեն ապրում Հիտլերի Գերմանիայում կամ Ստալինի ԽՍՀՄ-ում՝ ցույց տալով, որ կարող են քննարկել այն, ինչ ուզում են, հագնել այն, ինչ ցանկանում են և խմել այնքան անօրինական ալկոհոլ, որքան տալիս է իրենց սիրտը, երբ իրենց տանն են։
«Լոլիտայի» վերջին էջերում, երբ Հումբերտը սպանում է Քուիլթիին և մեքենայով, որին ընթերցողը քաջածանոթ է, հեռանում հանցանքի վայրից, հանկարծ թեքվում է դեպի ձախ։ Վախենալով թյուրիմացությունից՝ Հումբերտը ընթերցողին արագորեն զգուշացնում է արարքը չդիտել որպես ապստամբության խորհրդանշական քայլ։ Արդեն գայթակղելով մի աղջկա, որը ոչ այլ ինչ է, քան երեխա, իսկ հետո սպանություն կատարելով՝ նա, ի վերջո, խախտել է մարդկության մեծագույն օրենքները։ Սա Հումբերտի պատմության և հենց վեպի հանճարեղությունն է․ առաջին իսկ էջից մենք կիսում ենք նրա միայնակության մեղքը:
Երբ Թեհրանի ծայրամասում իր անվճռականության կարճատև վարանումից հետո վարորդս գնաց հեշտ ճանապարհով (գնաց սխալ գոտի և շրջադարձ կատարեց առանց վթարի, ճիշտ այնպես, ինչպես շատ հաճախ արել էի ինքս երիտասարդ հասակում Ստամբուլում), երկուսս էլ զգացինք այն հաճույքը, որը կարող է առաջանալ միայն օրենք խախտելուց և դրանից դուրս գալուց երկուսս էլ փոխանակվեցինք ժպիտներով։ Ցավալի էր իմանալ, որ (ինչպես Հումբերտը, որն այնքան փայլուն էր քողարկում իր չարությունները լեզվով, և Թեհրանի բնակիչները, որոնք գտել են շարիաթի օրենքներըն իրենց տներում շրջանցնելու այդքան շատ ուղիներ) միակ դեպքը, որ հնարավոր էր հրապարակայնորեն օրենք խախտել, ավտոմեքենայի ղեկին էր, և մեր խախտած օրենքը կարգավորում էր երթևեկությունը, ուրիշ՝ ոչինչ։
Թարգմանությունը անգլերենից՝ Արեգ Բագրատյանի
- Hits: 4795