Կոմպոզիտորը. Գրիշա Սարդարյան

№ 1  Ձեռքին երկու փայտիկ կար, դանակ-պատառաքաղ։ Մոտեցավ։ Նստեց։ Դանակը դրեց ափսեի աջ կողմում, պատառաքաղը՝ ձախ։ Քար լռություն տիրեց։ Նա քարը վերցրեց սեղանի կենտրոնից, դրեց ափսեի մեջ, այսպիսով ողջունեց հյուրերին, բարի գալուստ, ողջունում եմ ձեզ, ողջունում եմ ձեզ...

Հրավիրյալները հասկանում էին, որ գործ ունեն խելագարի հետ, ամեն ինչ կարելի էր սպասել, զգուշավոր, հեռավոր, չեզոք դիրքերից հետևում էին առատորեն սփռված «բարիքներին», տապակած, կտրատված, աղացած, շարված էին ջութակի կտորներ ու թավջութակի պատառներ, դաշնամուրի ոտք, թմբուկի կաշի, կլառնետախոտ, տրոմբոնաթթու, անճաշակելի ու անմարսելի, նայում էին միայն ու չէին հասկանում, մաեստրոյին չէին լսում, միայն աչքերն էին հոգնել, ծանրաբեռնվել, դատարկ ստամոքսով երաժշտություն չես լսի, թեկուզև դատարկ փորին ավելի երկար ունկնդրես, ուր է՝ հնչի, ատամների տակ, ինչպես ստեղների, խրթխրթա, կռթկռթա, ծամի, ծամածռի, շրխկա, թրխկա, ինչ-որ բան բխկա, կոմպոզիտորը փորն էր լցնում, հյուրերը ներկայացմա՞ն էին հաճախել, թե՞ կոնցերտի, սեփական նյարդերի հաշվին, անհամբերության, խայտառակ իրարանցման, տրորոցի, հրմշտոցի և փախուստի փորձերին ի պատասխան վերևից կուրացնող լույս ճառագեց, ու հնչեց մի ձայն, որ ասում էր՝ «Դա է իմ սիրելի Որդին, Դրան լսեցեք»։

№ 2  Կոմպոզիտորն ուշակորույս ընկած էր հյուրասենյակում։ Խառնաշփոթ։ Թափթփվածություն։ Իրերը տակնուվրա էին արել։ Բազկաթոռները շրջված էին հակառակ, պահարանները` քանդռտված, կանգնած էին՝ պարունակությունից զուրկ, ֆրակն ու սերթուկը՝ հատակին, պատերը խոնավ էին, բայց ներսում տաք էր, դրսում խոսում էին հրաշքի մասին, հաջողության, պատմության, նոր Մոցարտի, Հայդնի վերաբերյալ ասեկոսներն այնքան էին ցանկալի, որ նա հիմա չգիտի, իսկապես խոսո՞ւմ էին, սիրտը բաբախում էր հաճելի սպասումով, գարուն էր, թռչունները երևի ճլվլում էին ծառերին, հագուստը ներդաշնակում, լղոզվում էր բնապատկերին, կարմիր վզկապը դիմում էր սև ժիլետին, կրունկները գետնին, սավառնում էր հոգին, երջանկության և երանության զգացումով լի, ծիծաղեց, հա՜, հա՜, ծիծաղեց, բերանը բաց արած, ճակատն ու աչքերը ձիգ, զարմանքից փայտացավ, սեփական հռհռոցը չհասավ ականջին, ձեռքը չտարավ բռնակին, կարկամեց, կանգնեց, ինչպե՞ս հավատալ, ստուգելու համար ձեռնափայտը վեր ածեց ու թխկացրեց դռանը երեք անգամ, հրաշքի սպասումով, թըխկ, թըխկ, թըխկ, չհնչեց, չէ, դադար վերցրեց, նա նորից թակեց սեփական տան ու սենյակի դուռը երեք, չորս, անթիվ ու անհամար անգամներ, և երկրպագուները հրաշքով ներս ընկան փողոցից ու ձկան պես բերանները շարժելով` աղերսեցին հանդարտվել, հուսակտուր, կատաղի ու խուլ հայացքով ձեռնափայտը զարկեց, ջարդեց, վռնդեց բոլորին, էլ ի՜նչ կոմպոզիտոր, մռնչաց, ո՞ւմ էր պետք, տեսնում էր՝ ափերը, ծափերը, բայց չէր լսում, անաղմուկ, չարքաշ գոյություն, նկարիչն առանց գույների, տաղերգուն առանց տառերի, երգն առանց բառերի, Աստված իմ, Աստված իմ, ինչո՞ւ լքեցիր, ծնկաչոք, աղիողորմ լաց եմ լինում, պառկել եմ, ականջ դիր, Տե՛ր, եթե ինձ պես խուլ չես, ողորմած, գուցե լսողությունս վերադարձնես, ի պատասխան ճառագայթը դարձյալ շանթահարեց, ու մի ձայն կրկնեց. «Դա է իմ սիրելի Որդին, Դրան լսեցեք»։

№ 3 Բուժում էին։ Ապարդյուն անցավ։ Հերոսաբար դիմացավ։ Հարմարվել էր բախտին։ Իմ բախտն է, չեք հասկանա։ Այլ աշխարհի էր կապվել։ Աստծո խոսքը երբեմն խշշում էր ականջներում, բայց որ ամենակարևորն է, Աստված մեծահոգաբար Մոցարտ ու Հայդն էր միացնում, կոմպոզիտորը վայելում էր բավականությամբ, ուրիշ ոչ ոք, մարդիկ ապրում էին նորմալ աշխարհում, հին լսողությամբ, իսկ նրանց մաեստրոն նորոգվել, հայտնության ալիքներով պոկվել, սավառնում էր յոթերորդ երկնքով, Վիվալդի, Մոնտեվերդի, ականջակալներով կտրված էր հին աշխարհից, ոչ շշուկ, ոչ շրշյուն, իզուր չխանգարեն, դրսում 1801 թվականն էր, ըստ ամենայնի, աղոթքը ազդեց, գութը շարժեց, Աստված խղճաց կոմպոզիտորին և Իր ռադիոընդունիչի ձայնը բարձրացրեց, որպեսզի նրան էլ հասնի, ծածուկը բացահայտ դարձավ, հարյուրամյակ հետ, երկու դար առաջ, հաճախականությունը խախտվեց, ԱԼԵԳՐՈ, մի-բեմոլ մաժոր, ԷՎՐԻԿԱ՜, կոմպոզիտորը կռահեց, թե ինչ էր պետք անել, անծանոթ երաժշտությունը գրի առավ, նոտագրեց, ի՛ր երաժշտությունը, ցնծագին, տոնական, հրաշափառ, էլ ինչքան գիտեր՝ խրախոսական ճառ, շուրթերով կարդաց և ափերը, անիծյալ ծափերը թեպետ չլսեց, բայց ժպտաց ու իր բաժին ընծան պատվով ընդունեց, սենյակը քաշվեց նորից, մենությունը, տառապանքը, անբաժան ընկերներն եկան, սիրտը կծկվեց, ճառագայթը գտավ, չես փախչի ամենատես աչքից, ճառագայթը խոցեց նրան մինչև հոգու խորքը, և ավանդական խոսքը, որն արդեն չգիտես էլ ումն էր ուղղված... «Դա է իմ սիրելի Որդին, Դրան լսեցեք»։

№ 4  Երաժշտության մասին հնարավոր չէ գրել։ Գերադասում էր թուլանալ, մոռանալ։ Ցանկանում էր ընդվզել, և այն էլ երեխայաբար, ժամերով պառկում էր սեղանին, մահճակալը մերժում, դուրսը, աշխարհը մերժում, վաղամեռ հանճարի կերպարանքով, բարձը դնում էր գլխի տակ, և դեռ երաժշտությունն էլ մտովի անջատում, Աստված չէր հանդարտվում, պտտում էր ու պտտում, նույն ձայնասկավառակը, և՛ հրահանգ, և՛ ուղեցույց, այդպես դաշտն է կանչում հնձվորին, առուն՝ ջրվորին, արարվածն՝ արարողին, ո՞ւր պիտի փախչես, հարցնում է, նախապես պատասխանը գիտենալով, հռետորական հարցադրում, միատոն, անփոփոխ, ի շրջանս յուր, տանջանքին անձնատուր, նշույլ ոգևորություն անգամ չզգալով, կոմպոզիտորը նիրհով, թմրությամբ, դժվարությամբ էր բարկությունը զսպում, թոքերը ուռչում էին անշարժությունից, կրծքավանդակը, ոտքերը միս ու արյուն էին կուտակում, կրկնապատկվում, փչվում էր անգործությունից, ծույլ, անաշխատ փռվել էր, ձեռքը չէր գնում՝ գրիչ վերցներ և իր բաժին փոխհատուցումը սիրտ չէր ամոքում արդեն, այսօր, այս օրերին կցանկանար թռչունների երգեցողությամբ հիանալ, կառքերի վազքը, ձիերի վարգը, հերթականությամբ, փողոցի կյանքը՝ բոլոր բաղադրիչներով հանդերձ, ինչպեսև տրված է մարդուն, ո՛չ կոմպոզիտորին, ո՛չ ցնորվածին, ո՛չ էլ խուլերին, սովորական, մահկանացու այրերին է վիճակված վայելել, իսկ ինքը... ինքնաթիռռռը, ինքնաթիռի աղմուկը անճանաչելի դղրդյունով դատողությունը կտրեց... տառապում է այսպես, նեղվում, դաղվում է երկնային ցասումից, և ամաչում է խոստովանել, որ սատանայի մատը խառն է Աստծո գործերին, հաճախ է միջամտում, հաճախականությունը փոխում, փոթորիկ, սուլոց է առաջացնում, ճռռում, դռռում, փսսում, ֆսսում, իր գլուխը պայքարի մարտաբեմ է դարձել, Բարին ընդդեմ Չարի, պարապությունը կչարչարի, փետուրը ձեռքն առած, հետևեց հոգու թելադրանքին, աշխատեց մինչև առավոտ, չքնեց, Աստված էլ հանուն նրա աչք չէր կպցնում, երկուսով համաչափ, տքնել-ճգնելով արդյունք էին ստեղծում, իսկ քաղաքը հանգչում էր անտեղյակ, Վիեննան գոցվել էր խավարով, փեղկերը փակել, վարագույրը քաշել, մոռացել էր կոմպոզիտորին, Դանուբը լուծվել էր, կամացուկ շարժվեց, աղջամուղջը պարզվեց, հոսեց, հեռացավ ամենաերկար գիշերը, արևի ճառագայթը պարեց պատուհանին ու մի ձայն, այնքան սրտառուչ, այնքան քնքշորեն ասաց. «Դա է իմ սիրելի Որդին, Դրան լսեցեք»։

№ 5  Դուռն ուժգին բախեցին։ Բա-Բախ։ Քրտինք սրբելու ժամանակ չունենք։ Հյուրեր չենք ընդունում։ Մաեստրոն վատառողջ է։ Ուժեղ քամի է փչել։ Վերջ, հեռացեք։

Նորից բախեցին։

Նորից ու նորից...

Թվաց թե դադարել են բախել, հապաղել են բացել, բանալին են կորցրել...

Մի անհանգստացեք։ Վերևից հոգում են նրա մասին։ Ուտում են միասին, մրսում են միասին և լսում են ամեն ինչ միասին, անբաժան, ապրում են բացարձակ միասնության մեջ, աստվածային, հանճարեղ երգահան, Բարձրյալի հպումից ձգողությունը կորցրել էր, գետնից պոկվել էր ու հասե՜ք, բռնեցեք կրունկներից ու ներբաններից, կանգնեցրեք եթե կարող եք, անկշիռ, թևատարած, ճախրում էր, դռան ուղղությամբ գրոհները հետ մղելով, լսել էր արդեն պատերազմների ու աղետների մասին, որոնք դուք դեռ կլսեք, ականջները խցված էին ապագայի աղմուկներով, հազար տեսակ երանիներով, ցնծությամբ ու դափնիներով, վիճում էին Աստված ու Սատանա, թշնամին ճեղք էր ճարել, խցկվել դռան արանքից, կատաղի կռվում, պարտված, շպրտվում էր դուրս, կոմպոզիտորը կյանքն էր ընտրել, առայժմ չէր տեսել, մարմնով ու տեսողությամբ գտնվում էր անցյալում, բոլոր զգայարանքները հին էին, իսկ այն մեկը, կարևորագույնը, կամրջվեց ապագային, ու թեև պորտալարը պահում էր այստեղ, ինչպես շղթան կատաղած շանը կամ դիվահարին կպահեր, մարմինը ձգտում էր վերածնվել...

№ 6  Ճառագայթը քաշվեց ու երեխան կկոցեց աչքերը, ունքերը, ճակատը խառնեց, անսպասելիությունից խոցված, մերթ աջ, մերթ ձախ տեղափոխեց երկինքն ու ամպերը, մինչև  հարմարվեց, ստացավ վերջնական պատկերը։ Ծերանալու փոխարեն մանկացել էր, տնից փախել, վազել դաշտերը, կեղծամը գլխից պոկել, նետել էր ծառի կատարին, ճաղատ ու երջանիկ, խոտ ու ծաղիկ, քաղել էր, տրորել, խաղերից հոգնել, ի վերջո ծնկների ցավից ընկել էր մարգագետնին և արևի հարվածից գիտակցությունը գրեթե կորցրել, սողացել, թաքնվել էր թփերի մեջ։ Ճառագայթը ամբողջ հովտով նրան էր փնտրում։ Չորեքթաթ, գաղտագողի ելավ, կպավ արածող ոչխարների հոտին, մտավ մի գառան փորատակ, ճառագայթը ապարդյուն փնտրում էր չարաճճի մանկիկին, բզեզը բզզում էր ուրիշների համար, թռչունները, կովերը, ձիերը, շները, սոխակն ու գետակը, շուրջդ ամեն ինչ հնչում էր ուրիշների համար, քեզ հասնողը հեռուներից էր կանչում, Տերն էր քո հովիվը, կիկլոպը գլխապտույտ կատաղությամբ որոնում էր քեզ, բայց Տերն էր քո հովիվը, եթե նույնիսկ անցնեիր մահվան ստվերների միջով, չէիր վախենա, քանզի քեզ խլացնելուց հետո Նա թշնամուդ կուրացրեց, միակնանի կիկլոպին տապալեց ու ճանապարհդ կածաններով հարթեց դեպի տուն...

№ 7  Յոթ օր ու գիշեր, յոթ շաբաթ, յոթ ամիս, յոթ տարի, յոթնապատիկ անգամ յոթանասունյոթ քերովբեների ու սերովբեների նվագախումբը ենթարկվում էր կոմպոզիտորին։ Աստվածականջը լսում էր ու իր փայտիկներից մեկը խաղացնում, շտապում էր, քիչ էր մնացել, դանդաղում, կասեցնում էր, ցանկանալով մի փոքր էլ ապրել, ինքնատիրապետումը կորցնում էր, երբ Աստված կտրելով հաղորդիչի ձայնը՝ սկսում էր հեռախոսով զրուցել, երկարատև խոսակցություններ վարել, մինչդեռ կոմպոզիտորը հուսալքված, ամբիոնին թիկնած, ակամա մասնակիցն էր դառնում իրեն չվերաբերող քննարկումների, յոթերորդ սիմֆոնիան հատկապես սիրելի էր վերևներում, շատ երկար գրվեց, խաղացվեց անդիմադրելի, անբացատրելի, գլուխ արդուկելու չափ զազրելի դադարներով, ընդմիջումներով, հանդիսատեսը քնում էր կեսերից, կամ սուլում, կոմպոզիտորին անարգանքի սյունին գամած, լքում էր դահլիճը, ճառագայթը լիցք էր հավաքել, կայծակ էր շողում մայրաքաղաքի երկնքում, միայնակ, անձրևի տակ, թրջված, մահացու հիվանդություն վաստակելու գնով, ջրաշիթերին բազմած, փողոցներով ժամանեց, յոթ օր շարունակ անկողնում մնաց, դրսում մռայլ էր, և՛ խավար, և՛ մրրիկ, պատերից ներս, բժշկի հավաստմամբ, զառանցագին մահվան հոտ էր բռնել, ուշ էր արդեն, կոմպոզիտորը քարոզում էր ապագայի լեզուներով, արտահայտվում գոյություն չունեցող բառերով, հուսահատված, օգնություն էր աղերսում, Տիրոջն է դիմում, լսեցե՛ք, խռովքի, խլության, նզովքի պատճառով նույնիսկ լեզուն կորցրեց, կոպերը փակվեցին, բթամատը բերանը դրեց և բարուրվեց լեթարգիական քնի կապանքներով...

№8 Ոչ ոք չնկատեց ճառագայթման կարճատև ակնթարթը, մարմնական ուժը կորցրած, կաթվածահար, մաեստրոն հաջորդ կյանքի ռադիոհաղորդումներին հետևում էր աչքափակ, բերանկապ և բացատրվում էր նոտաներով...

Հեշտ չէր հասկանալ, թե ինչեր էր նա նկարագրում։ Դա դեռ պիտի վերծանեին ու վերլուծեին, նախադասությունների վերածեին, պարզեին անպարզելին, դասավանդեին անդասավանդելին, պատմական պահ էր, անուններ կային, որոնք դեռևս չկային, գործիքներ կային, որոնց պատկերը չկար, բայց հասցրել էին դառնալ ճանաչելի, փոփոխություններ էին կանխատեսվում, ապագան խառնակվել էր ներկային, գիտությունը պաշարել էր քրիստոնեությունը, հորդորում էր ինքնակամ հանձնվել, Վիեննայի կենտրոնը խցանված էր և աղտոտված, երթուղին անհրաժեշտ էր վերանայել, ամրագոտին՝ ամրացնել, Աստված գովազդներից չէր հոգնում, նոր օդորակիչ, զեղչված եռուցիչ, Դասական FM, Բեթհովենի վերջին սիմֆոնիան, Ձոն ուրախության, Բեռլինյան նվագախումբ, երաժշտական ղեկավար՝ Հերբերտ ֆոն Կարայան...

№ 9  Ավա՜ղ, գիտակցեց, որ ժամը հասել է։ Հիշում էր, թե ոնց վարվել, միտն էր այն օրը, հոգին երգում էր ուրախությունից, պատրաստվում էր թռչկոտել, չարաբաստիկ պահը, անիծյալ ծիծաղը, որ այդպես էլ չհնչեց, խստասիրտ կյանքի, անավարտ գրկախառնության, չտված սիրո, չստացած ջերմության, պառակտված միաբանության, իր բոլոր մեղքերի հանրագումարը իմաստավորվեց, քայլով մարշ, մեկ դար հետ, երկու հարյուրամյակ առաջ, փոփոխություններին ընդառաջ, կիսատ գործը հարկավոր էր ավարտել, հոգևարքի մեջ, մահիճը լքեց, ցատկ արեց դեպի դուռը, շունչ առավ, թոքերով ներծծեց թարմության օդը, մկանները թուլացան, պարանների պես պրկվեցին, նորից ուժեղացան, թունելի ծայրին լույս երևաց, թափ առավ, գլխապտույտ ոլորվեց, մոլորվեց, բռնակը շոշափեց մատների արանքում, կոմպոզիտորը վերածնվեց ու մոռացության գիրկն ընկավ մի նոր, դրախտային, լուսավոր աշխարհում, բազմաթիվ ձեռքեր ի հայտ եկան, ծոծրակից ու թևատակերից պահեցին, ցնծությամբ բարձրացրին, Աստված վերցրեց, հպեց մարմնին, արտասուքով լվաց, համբույրներով օծեց, գուրգուրեց իր զավակին, անխոս հասկացավ, կուրծքը մերկացրեց, կաթ տվեց և պարզ, լսելի ձայնով ասաց.

«Իմ որդին ես դու, այսօր ծնեցի քեզ»։

Երկու հազար չգիտեմ որ թվականն էր...

  • Hits: 2238

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: