Ի՞նչ ասել է հեղաշրջում. ես գիտեմ. Պիեռ Պաոլո Պազոլինի
Պիեր Պաոլո Պազոլինին (1922, Բոլոնիա - 1975, Օստիա) գրող, կինոռեժիսոր, ուսուցիչ, լեզվաբան, դերասան, քաղաքական գործիչ, արձակագիր, նկարիչ, լրագրող, բանաստեղծ, դրամատուրգ է: Նրան 33 անգամ դատարան են հրավիրել իր արվեստի կամ արտահայտած կարծիքի պատճառով: Նա քննադատել է կրոնը, պետությունը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, սպառումը, հեռուստատեսությունը, գրաքննությունը, ոստիկանությունը, դատական համակարգը, իսկ նրան քննադատում էին` համասեռամոլ լինելու, «անպարկեշտ» ձևերով արտահայտվելու, նկատառումներում զգույշ և նուրբ չլինելու համար։
Չնայած Պազոլինիին հատուկ բոլոր հակասություններին՝ նա Իտալիայի մեծագույն մտավորականներից մեկն է, որի հետաքրքրասիրությունը երբեք չդադարեց ճյուղավորվել մշակութային, մտավոր, քաղաքական և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Նրա հարուստ, բազմազան ժառանգությունը 20-րդ դարի իտալական միջավայրի կարևոր և անբաժան մասն է կազմում: Նկարահանած աղմկահարույց ֆիլմերը անդրադառնում են կրոնին, քաղաքականությանը, սեռականությանը, կապիտալիզմին:
1974 թվականի նոյեմբերի 14-ին Պիեր Պաոլո Պազոլինին հրապարակեց «Ի՞նչ ասել է հեղաշրջում. ես գիտեմ» հոդվածը Corriere della Sera-ում՝ Իտալիայի առաջատար պարբերականում, որն էլ, հավանաբար, նրա սպանության պատճառներից մեկն էր հաջորդ տարի՝ 1975 թվին: 1976 թվականից սկսած բազմաթիվ սոցիոլոգներ ու պատմաբաններ անդրադարձան հետպատերազմյան Իտալիային: Ներկայացվող հոդվածում նա նշում է հետպատերազմյան Իտալիայում տեղի ունեցած հիմնական ահաբեկչական հարձակումները և ամերիկյան հետախուզական ծառայությունների դերը իտալական «լարվածության ռազմավարությունում». «Գիտեմ, բայց ապացույց չունեմ»: Իտալիայում շատ քաղաքացիներ, շատ մտավորականներ, շատ արվեստագետներ գիտեին, բայց դեռ ապացույց չունեին հոդվածում նշված հանցագործությունների մասին։ Միգուցե այդ պատճառով էլ նրանք կարող էին պատմել երկրի ոչ վաղ անցյալը միայն գեղարվեստական գրականության և թատերական ներկայացումների, ֆիլմերի միջոցով։
Corriere della sera, 14 նոյեմբեր, 1974
Ես գիտեմ:
Գիտեմ նրանց անունները, որոնք պատասխանատու են «հեղաշրջում» կոչվածի համար (և որն իրականում «հեղաշրջում»ների շարք է՝ հաստատված իշխանության պաշտպանման համար):
Գիտեմ 1969 թվականի դեկտեմբերի 12-ի Միլանի ահաբեկչության[1] պատասխանատուների անունները:
Գիտեմ 1974 թվականի առաջին ամիսներին Բրեշիայի և Բոլոնիայի ահաբեկչության[2] պատասխանատուների անունները:
Գիտեմ «վերևինների» անունները, որոնք մանևրեցին, հետևապես և «հեղաշրջման» այն ծեր ֆաշիստների ու նեո-ֆաշիստների անունները՝ առաջին զանգվածային սպանությունների նյութական աջակցությունն ապահովող հեղինակներին, և վերջապես, ավելի ուշ շրջանի զանգվածային սպանությունների նյութական աջակցությունն ապահովող «անհայտ» հեղինակներին:
Գիտեմ անուններ, որոնք կառավարեցին երկու տարբեր, իրապես հակառակ լարվածության փուլեր. առաջին՝ հակակոմունիստական փուլը (Միլան 1969) և երկրորդ՝ հակաֆաշիստական փուլը (Բրեշիա և Բոլոնիա 1974):
Գիտեմ այն ազդեցիկների անունները, որոնք Կենտրոնական հետախուզական վարչության օգնությամբ առաջինը ստեղծեցին (անհաջողության մատնվելով) մի հակակոմունիստական Խաչակրաց արշավանք 68-ի ընթացքում, իսկ հետո Կենտրոնական հետախուզական վարչության օգնությամբ և ոգեշնչմամբ վերստեղծեցին հակաֆաշիստական կուսությունը՝ թաքցնելու «հանրաքվեի» աղետը:
Գիտեմ նրանց անունները, որոնք մի պատարագից մյուսն ընկած ժամանակահատվածում, հրամայեցին ապահովել գեներալների, երիտասարդ նեո- ֆաշիստների, նաև նեո-նացիստների (հստակորեն ստեղծելու հակակոմունիստական լարվածություն) և վերջապես ընդհանուր հանցագործների քաղաքական պաշտպանությունը (պահեստազորում պահելու պետության պոտենցիալ հեղաշրջումը), առ այսօր, իսկ գուցե անգամ հավերժ` անանուն (կերտելու հետագա հակաֆաշիստական լարվածությունը): Գիտեմ շարքային ու կարևոր անձանց անուններ, որոնք կատակերգու կերպարների ետևում են, ինչպես Անտառային կորպուսի գեներալը, որը գործեց ինչ-որ առումով թեթևամտորեն Չիտա Դուկալեում (քանի վառվում էին Իտալիայի անտառները), կամ մոխրագույն և զուտ կազմակերպիչ կերպարներին, ինչպես գեներալ Միչելին:
Գիտեմ նշանակալի և կարևոր մարդկանց անուններ, որոնք այն ողբերգական պատանիների ու սովորական չարամիտների ետևում են՝ սիցիլիացի կամ ոչ, որոնք ընտրել են ֆաշիստական ինքնասպան չարագործությունները՝ նպատակ ունենալով դառնալ մարդասպաններ կամ վարձու մարդասպաններ:
Գիտեմ այդ բոլոր անունները և այն փաստերը (հարձակումներ ինստիտուտների նկատմամբ և զանգվածային սպանություններ), որոնցում նրանք մեղավոր էին:
Գիտեմ: Բայց ապացուցույց չունեմ: Չունեմ ոչ մի հանցանշան:
Գիտեմ, որովհետև մտավորական եմ, գրող, ով ձգտում է հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում, իմանալ այն ամենը, ինչ գրվում է, պատկերացնել այն ամենը, ինչ անհայտ է կամ լռում է, ինչը համադասում է նույնիսկ հեռավոր փաստերը, ինչն ի մի է բերում անկազմակերպ և հատվածական մասերը մեկ ամբողջական քաղաքական պատկերի մեջ, որ վերահաստատում են տրամաբանությունն այնտեղ, ուր թվում է` իշխում է բարձիթողությունը, խելագարությունը և գաղտնիքը:
Այս ամենն իմ արհեստի և բնազդի մի մասն է: Կարծում եմ՝ դժվար թե իմ «վեպի ծրագիրը» վրիպի, որը կապ չունի իրականության հետ, և որ նրա անդրադարձները իրական փաստերին ու մարդկանց հստակ չեն: Նաև գտնում եմ, որ մի շարք այլ մտավորականներ ու վիպասաններ գիտեն այն, ինչ ես՝ որպես մտավորական ու վիպասան: Որովհետև վեր հանել այն ճշմարտությունը, ինչ տեղի է ունեցել Իտալիայում 68 թվից հետո, այդքան էլ բարդ չէ:
Այդ ճշմարտությունը (կարող եք այն լսել բացարձակ ճշգրտությամբ) հիմքն է լրագրողական ու քաղաքական բնույթի մեծաքանակ ելույթների. այսինքն ոչ թե երևակայական կամ հորինվածքային հիմքով, ինչպես իմն է իր բնույթով: Վերջին օրինակը. ակնհայտ է՝ ճշմարտությունը հրատապ էր` իր բոլոր անուններով` տեղ գտած “Corriera della Serra”-ի նոյեմբերի 1-ի 1974 թվականի համարի խմբագրային հոդվածի ետևում:
Հավանաբար լրագրողները և քաղաքական գործիչները ունեն ապացույց կամ գոնե հանցանշաններ:
Այժմ խնդիրը հետևյալն է. լրագրողները, քաղաքական գործիչները կարող է ունենան ապացույցներ և, իհարկե, հանցանշաններ, բայց անուններ չեն նշում:
Ուրեմն ո՞վ է շահագրգիռ բարձրաձայնելու անունները: Ակնհայտորեն նա, ով ոչ միայն ունի անհրաժեշտ խիզախություն, այլև գործնականում փոխզիջման չի գնում իշխանության հետ, ինչպես նաև, ըստ էության, կորցնելու ոչինչ չունի, այսինքն՝ մտավորականը:
Ահա թե ինչու մտավորականը կարող էր շատ լավ, հանրայնորեն հնչեցնել այդ անունները, բայց նա չունի ո՛չ ապացույցներ, ո՛չ հանցանշաններ:
Իշխանությունը և աշխարհը, որը, չնայած իշխանություն չէ, ունի գործնական հարաբերություններ իշխանության հետ, բացառեց ազատ մտավորականներին` ելնելով այն ձևից, ինչպիսին որ է` ապացույցներ և հանցանշաններ ունենալու հնարավորությունից:
Բայց կարելի է առարկել, որ, օրինակ, ես` որպես մտավորական ու պատմության հորինող, կարող էի մտնել այդ պարզորեն քաղաքական աշխարհ (իշխանության կամ դրա շուրջ), վարկաբեկել ինձ նրանց հետ միասին ու այդպիսով, մեծ հավանականությամբ, մասնակիցը դառնալ ապացույցներ ու հանցանշաններ ունենալու գործին:
Սակայն նման առարկմանը կպատասխանեի, որ անհնար է, քանզի հենց քաղաքական աշխարհ մտնելու զզվանքը նույնականցվում է իմ մտավորական համարձակության հետ՝ ասել ճշմարտությունը, այսինքն՝ բարձրաձայնել անուններ:
Ճշմարտության մտավորական խիզախությունը և քաղաքական պրակտիկան երկու անընդունելի բաներ են Իտալիայում:
Մտավորականին, որը խորապես և սուր կերպով արհամարվում է իտալական բուրժուազիայի կողմից, տրվում է կեղծ վերամբարձ ու արժանի մանդատ` իրականում՝ կախյալ` քննարկելու բարոյական և գաղափարական խնդիրներ:
Եթե նրան տալիս են նման մանդատ, ապա համարում են իր դերի դավաճան. նույն վայրկյանին հնչում են աղաղակներ (կարծեք ուրիշ բան չէր էլ սպասում դրանից բացի) առ այն, որ «հոգևորականների դավաճանությունը» ալիբի է և բավականություն քաղաքական գործիչների ու իշխանության ծառաների համար:
Բայց կա ոչ միայն իշխանությունը. կա նաև ընդդիմություն: Իտալիայում այդ ընդդիմությունը այնքան մեծ ու ընդարձակ է, որ ինքնին ուժ է. նկատի ունեմ, իհարկե, Իտալիայի կոմունիստական կուսակցությունը:
Անխոս, տվյալ պահին նման մեծ ընդդիմության ներկայությունը, ինչպես Իտալիայի կոմունիստական կուսակցությունն է, Իտալիայի և իր թույլ ժողովրդավար ինստիտուտների փրկությունն է:
Իտալիայի կոմունիստական կուսակցությունը մի մաքուր երկիր է կեղտոտ երկրում, մի անզիվ երկիր՝ անազնիվ երկրում, մտավորական երկիր՝ հիմար երկրում, զավթած երկիր՝ կոպիտ երկրում, մարդասիրական երկիր՝ սպառողական երկրում: Վերջին տարիներին Իտալիայի կոմունիստական կուսակցության, իրապես միավորիչ իմաստով, որպես առաջնորդների, ստորին խավերի ու ընտրողների միատարր «ամբողջություն», և Իտալիայի մնացած մասի միջև նկատվեց փոխանակում, ինչի հետևանքով Իտալիայի կոմունիստական կուսակցությունը իրոք դարձավ «զատված երկիր», մի կղզի: Եվ հենց այս պատճառով է, որ այն այսօր կարող է ունենալ, ինչպես երբեք սերտ հարաբերություններ կաշառված, անփույթ, դեգրադացված իշխանության հետ. բայց սրանք դիվանագիտական հարաբերություններ են, ինչպես ազգն ազգի հետ: Իրականում, երկու բարոյականություններն անչափելի են, ընկալելի իրենց կոնկրետության, ամբողջականության մեջ: Հնարավոր է` հենց դրա հիման վրա կարելի է ներկայացնել այդ իրական «փոխզիջումը», որը, գուցե, փրկի Իտալիան լիակատար կործանումից. «փոխզիջում», որը, իրականում, կլինի «միացում» երկու հարևան կամ համակցված երկրների միջև:
Բայց հենց այն ամբողջ դրականը, ինչ ասացի Իտալիայի կոմունիստական կուսակցության մասին, նաև դրա հարաբերականորեն բացասական կողմն է:
Երկրի բաժանումը երկու մասի, որից մեկն ամբողջովին ընկղմված է հետընթացի և այլասերվածության մեջ, իսկ մյուսը՝ ամբողջապես և անզիջում, չի կարող լինել խաղաղության կամ կառուցվածքայնության պատճառ:
Ավելին, մտահաղացումն այնպես, ինչպես ուրվագծեցի այստեղ, կարծում եմ օբյեկտիվ է, այսինքն ինչպես պետությունը պետությունում, ընդդիմությունը ինքն իրեն նույնականացնում է իրեն մեկ այլ իշխանության հետ, որը, այնուհանդեձ, միշտ իշխանություն է:
Հետևաբար` այդ ընդդիմության քաղաքական գործիչները չեն կարող վարվել ինչպես իշխանության ներկայացուցիչները:
Տվյալ դեպքում, ինչն այս պահին մեզ հուզում է, նրանք էլ փոխանցեցին իրենց կողմից սահմանված մանդատը մտավորականին: Եվ եթե մտավորականը գլուխ չհանի այդ մանդատից զուտ բարոյական ու գաղափարական տեսանկյունից, ահա թե ով, ի ուրախություն բոլորի, կարող է համարվել դավաճան:
Ուստի ինչո՞ւ ընդդիմության քաղաքական գործիչներից ոչ մեկը, եթե ունեն (պետք է որ ունենան) ապացույցներ կամ գոնե հանցանշաններ, չեն հրապարակում քաղաքական գործիչների, հեղաշրջման կատակերգուների և վերջին տարիների սարսափելի ջարդերի իրական պատասխանատուների անունները: Պատճառը շատ պարզ է՝ դա չեն անում այն չափով, ինչ չափով որ տարբերում են քաղաքական ճշմարտությունը քաղաքական պրակտիկայից` ի տարբերություն մտավորականի: Այդ իսկ պատճառով հասանելի չեն դարձնում ապացույցներն ու հանցանշանները ոչ պաշտոնական թևը ներկայացնող մտավորականներին. նույնիսկ չեն էլ երազում դրա մասին, ինչը նորմալ է իրավիճակի փաստացի օբյեկտիվության դեպքում:
Մտավորականը պետք է շարունակի համաձայնել իրեն վերագրվող պարտականության հետ, կրկնել միջամտության կոդավորման սեփական ձևը:
Հրաշալի հասկանում եմ՝ հարմար առիթ չէ Իտալիայի պատմության տվյալ պահին հանրայնորեն անվստահության միջնորդություն ներկայացնել ամբողջ քաղաքական դասին: Դիվանագիտորեն չէ, պատշաճ չէ: Բայց սրանք քաղաքականության կատեգորիաներ են, այլ ոչ թե քաղաքական ճշմարտության, որին երբ ու ինչպես կարող է, անզոր մտավորականը պարտավոր է ծառայել:
Ու քանի որ չեմ կարող տալ պետական հեղաշրջման փորձ կատարող պատասխանատուների և զանգվածային սպանությունների հեղինակների անուններ (ու ոչ թե դրա փոխարեն), հետևապես ի զորու չեմ հնչեցնել իմ թույլ և կատարյալ մեղադրանքը` ընդդեմ ողջ իտալական քաղաքական դասի:
Եվ ես դա անում եմ, որովհետև հավատում եմ քաղաքականությանը, հավատում ժողովրդավարության «ֆորմալ» սկզբունքներին, վստահում եմ կառավարությանն ու կուսակցություններին, իհարկե, իմ տեսանկյունից, որը կոմունիստական է:
Պատրաստ եմ ետ կանչել անվստահության միջնորդությունս (դա էլ միայն ակնկալում եմ), միայն երբ մի քաղաքական գործիչ, ոչ թե պատեհությունից ելնելով, այսինքն ոչ թե որովհետև պահը եկավ, այլ ավելի շուտ նման պահ ստեղծելու հնարավորությունից ելնելով, կորոշի ասել պետական հեղաշրջման կամ ջարդերի մեղավոր պատասխանատուների անունները, որոնց նա, ինչպես և ես, անշուշտ, գիտի. նրանք չեն կարող չունենալ ապացույցներ կամ գոնե հանցանշաններ:
Միգուցե, եթե ամերիկյան իշխանությունը համաձայնի, երևի որոշի «դիվանագիտորեն» արտոնել մեկ այլ ժողովրդավարություն այն մեկին, որն ինքը զիջեց իր իսկ նկատմամբ` ի դեմս Նիքսոնի. այդ անունները վաղ թե ուշ կհնչեցվեն: Բայց դրանք կհնչեցնեն նրանց հետ իշխանություն կիսողները, ինչպես փոքրաթիվ պատասխանատվություն կրողները մեծաթվի նկատմամբ (և պարտադիր չէ, որ նրանք լինեն, ինչպես ամերիկյանի դեպքում, լավագույնները): Վերջին հաշվով հենց դա կլինի իսկական Պետական Հեղաշրջում:
Պիեռ Պաոլո Պազոլինի, Corriere della Sera, 14 նոյեմբեր, 1974
Իտալերենից թարգմանեց Հռիփսիմե Դայանը
[1] Միլանի Պիացցա Ֆոնտանա հրապարակի պայթյունը (Strage di Piazza Fontana), որը համարվում է ահաբեկչություն, տեղի է ունեցել 1969 թվականի դեկտեմբերի 12-ին, Banca Nazionale dell'Agricoltura (Ազգային գյուղատնտեսական բանկի) կենտրոնակայանում: Զոհվեց 17 մարդ, վիրավորվեց՝ 88-ը: Նույն օրը կեսօրին Հռոմում և Միլանում պայթեցվել է ևս երեք ռումբ, ևս մեկը՝ չպայթած: Հարձակումն իրականացվել է ծայրահեղ աջ, նեոֆաշիստական «Օրդին Նուովո» պարագլխային ահաբեկչական խմբավորման և, հնարավոր է, որոշ անորոշ կոլաբորիացինիստների կողմից (թարգմ.):
[2] Բրեշիաի Պիացցա դելլա Լոջիայի պայթյունը տեղի է ունեցել 1974 թվականի մայիսի 28-ի առավոտյան՝ հակաֆաշիստական բողոքի ցույցի ժամանակ։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ 102-ը։ Ռումբը տեղադրված է եղել հրապարակի արևելյան ծայրամասում գտնվող աղբարկղում։ 2015-ին Միլանի վերաքննիչ դատարանը վերջնական ցմահ ազատազրկման դատապարտեց Ordine Nuovo-ի անդամներ Կառլո Մարիա Մաջիին և Մաուրիցիո Տրամոնտեին` ռմբակոծությունը պատվիրելու համար՝ փակելով 1960-1980-ական թվերին Իտալիայում ահաբեկչության շուրջ տարվող ամենաերկարատև գործերից մեկը:
1974 թվականի օգոստոսի 4-ի վաղ առավոտյան Բոլոնիայից մոտ 35 կմ հեռավորության վրա գտնվող Սան Բենեդետտո Վալ դի Սամբրո բնակավայրում տեղի ունեցած Իտալիայի հանրային երկաթուղային ցանցի գնացքի (Italicus Express) պայթունի հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 48-ը։ Պատասխանատվությունը ստանձնել է նեոֆաշիստական «Օրդինե Ներո» ահաբեկչական կազմակերպությունը (թարգմ.)։
- Hits: 79129