Քնած մարդիկ․ Լինն Էմանուել
Կա այսպիսի ամերիկուհի պոետ՝ Լինն Էմանուել: Նա ծնվել է 1949 թվականի մարտի 14-ին Նյու Յորքում: Նրա բանաստեղծությունները տեղ են գտել գրական հանդեսներում, անթոլոգիաներում: Թողարկել է մի քանի պոետական ժողովածու: Պիտսբուրգի պետական համալսարանանում դասավանդում է անգլերեն: Ամուսնացած է մարդաբան Ջեֆրի Շվարցի հետ, բնակվում է Պիտսբուրգ քաղաքում:
ՔՆԱԾ ՄԱՐԴԻԿ
Ես պարզապես պատկերացրել եմ այս ամենը.
1940 թվականին իմ սիրահարված ծնողները
Ապրում էին Ուեսթ 10-ի ձեղնահարկում՝
Մարկ Ռոթկոյի բնակարանի վերևը:
Ամուսնության օրը ծնողներիս ննջասենյակի պատերին Ռոթկոն նկարել էր
բազմաթերթ վարդեր:
Ես կարող եմ կռահել, թե ինչու:
Մորս մազերը դեղին խնձորի գույնն ունեին,
Իսկ քնելուց առաջ հագել էր գիշերազգեստն ու թավշյա գլխարկ դրել:
Ես դեռ չէի ծնվել: Ես հեռու էի աստղի լույսի պես:
Ինձ համար դժվար է պատկերացնել,
թե ինչպես էին ծնողներս սիրում իրար վարդերով լի սենյակում,
Չէ՞ որ ես այնտեղ չէի:
Իսկ հիմա ես կամ: Մայրս հուզմունքից շիկնում է:
Երևի հենց սա է արվեստի հրաշքը:
Այն կարող է կենդանացնել մեռածին և արթնացնել քնածին,
Որ, հնարավոր է, պատահել է այն գիշեր,
Երբ հայրս ու մայրս սիրում էին իրար վերևի հարկում Ռոթկոյի,
Որ պառկել էր մթության մեջ՝ մտքում միայն վարդեր, վարդեր, վարդեր:
Թարգմանությունը անգլերենից՝ Քրիստինե Դադյանի և Իշխան Դադյանի
- Hits: 61485