Ճշմարտության հովտում. Աստղիկ Սիմոնյան
Մոնոդրամա
Առաջին Գործողություն
Պատկեր առաջին
Բեմում անկանոն ,,դասավորված,, են ուղղանկյունաձև` մարդու հասակին մոտ, ,,ստենդեր,,` անիվների վրա: Դրանցից երկուսը իրար մոտ են ու յուրօրինակ թաքստոց են ստեղծել հատակին նստած դերասանուհու համար: Դերասանուհին նստած է շատ հանգիստ, իր կողքին` հատակին դրված պայուսակի մեջ, ինչ-որ բան է փնտրում: Ի վերջո կգտնի և կհանի սիգարետն ու կրակայրիչը: Դրանք հանելուց հետո, նույն պայուսակից կհանի նաև տեքստը:
Ոտնաձայներ են լսվում ու տղամարդկանց քայլեր: Ետնամասում երևան նրանց քայլող ստվերները:
Ա տղամարդու ձայն- /բարձրաձայն/…բոլորը գնացին, չէ՞…
Բ տղամարդու ձայն-/ավելի բարձր/ ժողովո՞ւրդ…
Մի պահ լռություն, ասես տղամարդիկ արձագանքի են սպասում: Դերասանուհին այդ ընթացքում գտած սիգարետի տուփից ատամներով մեկը հանել, կենտրոնացած սպասում է` կրակայրիչը ձեռքին: Իրեն զբաղեցնելու ու ավելորդ ձայն չհանելու համար տեքստն է աչքի անցկացնում` թերթերը զգուշորեն թերթելով: Տղամարդկանց ձայնը շատ լավ էլ լսել է, հասկանում է ինչ է կատարվելու, բայց նաև հասկանալի է, որ դա նրան չի վախեցնում, ընդհակառակը` հույս ունի, որ իսկապե’ս կկատարվի այն, ինչին տանում են գործողությունները:
Բ տղամարդու ձայն-… գնացել են, մարդ լիներ` ձայն կհաներ: Տո’ւր, տո’ւր բանալին…
Հետնամասի լույսերն անջատվում են: Հեռացող ոտնաձայներ: Լսվում է փակվող կողպեքի ձայնը: Դերասանուհին հաղթական վառեց կրակայրիչը, կպցրեց սիգարետը, երանությամբ մի երկու ծուխ ներս քաշեց` նույնանման երանությամբ ֆիքսելով իր մենակ մնալը.
Դերասանուհի- /տեքստին նայելով/ … Տիեզերքն ունի իր էյդոսը` կուզեք` ձև ասեք, կուզեք` էություն և Արիստոտելն այն անվանում է Միտք, բանականություն, ձևերի ձև։ Ինչպես յուրաքանչյուր իրի էյդոս անբաժան է դրանից, այնպես էլ տիեզերական էյդոսն անբաժան է տիեզերքից։ Արիստոտելը տիեզերական էյդոսին վերագրում է երկու կարևոր հատկություն, առաջին` դա մտածողություն է` մտածողության մասին, և երկրորդ` տիեզերական էյդոսը սկզբնապատճառ է և առաջնաշարժիչ …և` որպես այդպիսին, նա Աստված է:
Հերթական ծուխը դուրս փչելուն զուգահեռ վեր կացավ տեղից` պայուսակն իր հին տեղում թողնելով: Տեքստը ձեռքին քայլեց բեմում` տիրոջ իրավունքով.
Դերասանուհի- /Խոսքի մեջ այնպիսի տոն պիտի լինի, որ հասկանանք` դեր է փորձում, ժամանակ առ ժամանակ տեքստերին է նայելու/…բեմի հիմքը շրջանն է եղել…մարդիկ գծել են շրջանը, մտել մեջը ու ապրել ՒԲՐ ԹԵ…/,,ստենդեր,,-ը ընթացքում կտեղաշարժի, կստանա կիսաշրջան, որի մեջ ինքը կմնա/…սկզբում դրանք սովորական ծեսեր են եղել…լավ որսի կամ անձրևի հույսով… հետո արդեն` ինքնության փնտրտուք…մարդը ստեղծեց աստվածներին…որպիսի նրանց վերագրի իր տարբեր կերպերը…
,,Ստենդերից,, առաջինը շրջեց` մյուս կողմում ամենասովորական հայելի է: Իրեն զննելով այդ հայելու մեջ.
Դերասանուհի -…օրինակ սիրո աստվածուհին պետք է օգներ պեղելու սիրո երանգները…այսպես սկիզբ առան երկխոսությունները… հարցերը… պատասխանները… նոր հարցեր… նոր պատասխաններ…/պաուզա, բայց այնպես, ասես մոռացել է տեքստը, նայեց/ …ես չհասցրեցի քեզ տալ իմ ամենակարևոր հարցը…ինչո՞ւ… /հայելու մեջ պատասխանը չգտավ: Հետ քաշվեց, նոր սիգարետ կպցրեց, ծխում է, ասես` հավաքվում, նայում տեքստը: Նայելով մոտենում է ստենդ-հայելուն, շրջում է, տեքստի առաջին թերթիկը ամրացնում է ստենդին/:
Հանդիսատեսն առայժմ չի կարող տեսնել թերթիկի վրա եղածը:
Դերասանուհի - …հորս վեց ու կես տարեկանում եմ տեսել… ավելի ճիշտ` հինգում, բայց դա միայն մի ժամ է եղել` ինչպես մայրս է ասում… ես այդ հանդիպումից միայն մի բան եմ հիշում` երկաթե վանդակաճաղերով կեղտոտ մի պատուհան, որի պատուհանագոգին կանգնած եմ ես ու նետվում եմ հորս բաց գրկի մեջ… առանց մտածելու, երեխայի պարզ անմիջականությամբ, վստա’հ, որ հայրս դեռ օդում կբռնի ինձ ու ես հատակին չեմ շրխկա… /պաուզա,տեքստ/ …հայրս թաղի նամուս թասիբով տղերքից էր… մայրս պատմում է, որ երբ ես ծնվել եմ, հայրս թաղի տղերքին աչքալուսանքի է տարել` պատիվ տալու… հայրս ուշ էր ամուսնացել ու երևի երջանիկ էր, որ վերջապես ընտանիք ունեցավ, երեխա ծնվեց… մայրս պատմում է, որ այն ժամանակ, երբ Մարգարյան հիվանդանոց տղամարդու ոտք չէր մտնում, հայրս մինչև մորս պալատ` երկրորդ հարկ, վազելով է հասել` բժշկին ու բուժքույրերին չգիտեմ ինչպես համոզելով… մտել է պալատ, տեսել է ինձ, համբուրել է մորս ճակատը, առաջ է եկել, որ ինձ էլ համբուրի, բայց վերջին պահին հետ է քաշվել, միայն լուռ նայել է ու հոտ քաշել…շա~տ երկար է հոտ քաշել…մայրս ասում է, որ հորս աչքին առաջին ու վերջին անգամ արցունքի կաթիլ ա’յդ ժամանակ է տեսել… հորս գնալուց մի ժամ հետո բուժքույրերից մեկը պալատ է բարձրացել ու մորս և պալատի մյուս բոլոր կանանց հորս ուղարկած ծաղիկներն է բաժանել…
…հետո, երբ ինձ արդեն տուն են բերել, հայրս թաղի տղերքին տարել է պատիվ տալու… խմել են, շնորհավորել… ընթացքում անծանոթ մեկը հորս թաղի տղերքից մեկին է մոտեցել, քաշքշել… հայրս միջամտել է, մի երկու ապտակ հասցրել եկվորին ու հետ է ուղարկել… բայց թաղի տղան նեղացել է` թե իմ գործնական հարաբերություններն էդ մարդու հետ քո պատճառով փչացան… հայրս նեղսրտել է, հայհոյել է սրա մարդ ասողին, մի ապտակ էլ սրա դեմքին է հասցրել ու տուն է եկել… …բայց թաղի տղու կինը վախեցել է, մտածել, որ հորս անունի տեր մարդը ու նրա ընկերները դժվար թե մի ապտակով բավարարվեն … դրա համար էլ վեր է կացել, գնացել միլիցիա ու հորս վրա բողոք գրել….
…Հորս տարան իմ քառասունքը չլրացած… հինգ տարին կնքեցին գործերի մեջ ու ուղարկեցին Միջին Ասիա… էդպես անցավ հինգ տարին` շաղախված մորս արցունքներով, անծանոթ տղամարդկանց հետևից իմ ,,պապա,, կանչերով ու էլի մի շարք հիշողություններով…
Մոտենալու է հաջորդ ստենդին` հերթական պարպված թերթիկը ամրացնելու:
Դերասանուհի - …Իմ հինգ տարին էր լրանում, իսկ հորս գալուն դեռ մի ամսից մի քիչ էլ ավել կար… չէր դիմացել, ուրիշ մեկի, ով իրեն ինչ-որ չափով նման էր եղել, անձնագիրը վերցրել, փախել էր… Օդանավակայանում, հենց որ ինքնաթիռը վայրէջք էր կատարել, հորս ձերբակալել էին… մի ամիս պահել էին Երևանում, հետո էլի մի տարով ուղարկել հին տեղը… այ հենց այդ մի ամսվա ընթացքում էլ մեր բազմաթիվ ծանոթ-բարեկամներն ամեն ինչ արեցին, որ ես ու մայրս գոնե մի անգամ տեսնենք հորս… վանդակաճաղով կեղտոտ պատուհանը այդ մի անգամվա հիշողությունն է…
…Մի տարի ու մի քանի ամիս հետո կայացավ իմ ու հորս առաջին հանդիպումը` արդեն ազատության մեջ… մայրս ինձ իմ ամենասիրուն շորն էր հագցրել, գլխիս մեծ, սպիտակ ժապավեն կապել: Հայրս կոկիկ մարդ էր` միշտ դասական տաբատ ու վերնաշապիկ… մայրս հորս հուշեց, որ ինձ այգի տանի` կարուսել, պաղպաղակ, քաղցր, գունավոր բամբակ… ինձ համար տարօրինակ էր անծանոթ տղամարդու հանկարծակի հայտնվելը մեր տանը, ում պապա պիտի ասեի… պապա, ում մասին էնքան երազել էի… ում ամենասիրածս լուսանկարն էնքան էի համբուրել, որ դեմքի հատվածն իմ թաց համբույրներից ամբողջովին պլոկվել էր` դեմքի տեղը անկանոն շրջան բացելով…
…Լուսանկարից, որն այդ օրը այգում արվեց` չհաշտված հայացքով մի աղջիկ է նայում` փայտե ձիու վրա նստած ու խեղճացած աչքերով ուժեղ մի տղամարդ` փայտե ձիուց քիչ հեռու` մոլորված կանգնած…
Շրջեց երկրորդ ստենդը, որի վրա քիչ առաջ թերթիկն էր ամրացրել: Հայելի է, սակայն մի~ փոքր ծուռ ու աղճատված է երևում իր պատկերը:
Զնգաց հեռախոսը: Դուրս եկավ վիճակից, վերադարձավ կյանք: Ձայնի ուղղությամբ հասկացավ, որ հեռախոսը պայուսակի մեջ է: Քայլեց այդ կողմ, վերցրեց պայուսակը, դանդաղ հետ վերադարձավ` ընթացքում հեռախոսը հանելով պայուսակից: Հանելուն զուգահեռ` զանգն անջատվեց: Նայեց էկրանին, էմոցիա չկա` բացարձակ չհասկացվի վերաբերմունքը: Հեռախոսը նույն կերպ գցեց պայուսակի մեջ, պայուսակը` մոտ տեղ` հատակին: Նորից սիգարետ կպցրեց:
Դերասանուհի - /Ծխելով նայում է տեքստը, շարունակում/…մեր տանն ու իմ կյանքում հորս գոյության հետ դեռ երկար չհաշտվեցի… ինձ համար օտար մարդ էր` իր երկաթյա օրենքներով, կարգ ու կանոնով, սառը տրամաբանությամբ… ինձ նման զգացմունքային երեխայի համար դա անընդունելի էր, անսիրտ ու չոր… իր զուսպ սերնդի իսկական զավակն էր հայրս` երեխա գրկել, սիրել չուներ… մորս պատմելով մեզ` ինձ ու եղբորս, համբուրում էր, երբ քնած էինք լինում, ինքն էլ` անպայման թեթև գինովցած… բայց դա գիշերները, իսկ ցերեկները սառը պատերազմն իմ ու հորս միջև շարունակվում էր… ինքը եկել ու իրենով էր լցրել իմ տունը, իմ տարածքը` այդպես էլ չբացատրելով, հետս հաշվի չնստելով, թե ո’ւր էր այն բոլոր տարիներին` ինձանից հեռու կամ էլ` հիմա’ ինչ իրավունքով էր եկել ու տեր կանգնել մեր տա’նը, մո’րս, ի’նձ…
Հեռախոսը նորից զնգաց: Ասես չի լսում` լրիվ ուրիշ տեղ է:
Դերասանուհի - /հայացքը տեքստից չկտրելով/… Ըստ Պլատոնի, էյդոսների աշխարհը ողջ գոյի օրենքների, սկզբունքների և կանոնների աշխարհն է, միաժամանակ գեղեցկության, բարու և ճշմարտության այն իդեալական աշխարհն է, որին պետք է ձգտի մարդը։ Յուրաքանչյուր կենդանի գոյացություն ձգտում է իրեն դրսևորել լիակատար ձևով, ամբողջությամբ արտահայտել իր էությունը, ձգտում է իր կեցության լրիվությանը։
Ստենդերով շրջանն ավելի սեղմվեց: Զանգն անջատվեց:
Դերասանուհի - …առաջին շրջանը շամաններն էին գծել…նրանք վստահ էին, որ այդ շրջանն իրենց պաշտպանելու է չար ուժերից` ովքեր միշտ խանգարել են մարդկանց ու աստվածների երկխոսությանը…ու այնտեղ` շրջանի ներսում, պաշտպանված ամեն տեսակ միջամտությունից, մարդը`փնտրտուքների մեջ, իր երկու ԵՍ-երի երկխոսությունն էր շարունակում` ես-երից մեկը կոչելով Մարդ, մյուսը` Աստված…/պաուզա, տեքստ/ …մեր տանն իմ ամենասիրելի տարածքը իմ սենյակն էր… այ այստեղ լիիրավ տերը ես էի` մինչ էն պահը, երբ մի քիչ մեծանալով, հորս ու մորս սենյակից իմ սենյակ տեղափոխվեց եղբայրս … տարածքս փոքրացավ ու ամփոփվեց վերմակիս տակ… էստեղ էր, որ պատսպարվելով սկսում էի ապրել ,,իսկական,, կյանքս… էստեղ էր, որ ինձ էր սպասում իմ թագավորությունն ու իմ արքայազնը…
Նորից հեռախոսի զանգը: Այս անգամ լսեց, դուրս եկավ շրջանից, վերցրեց, նայեց էկրանին, միացրեց: Ընթացքում խոսելով կմոտենա ստենդին, խոսակցության համարյա ավարտին հերթական թերթիկը կամրացնի ստենդին:
Տղամարդու ձայն - /մի քիչ ուրախ, մի քիչ նեղված/…բախտս բերեց` այս անգամ պատասխանեցիր…մտածում էի` այդպես էլ չներեցիր, որ ներկա չեղա պրեմիերայիդ…
Դերասանուհի - /հեռախոսով/…չէ’, ի՞նչ ես ասում, քո գործուղումն ավելի կարևոր էր, իսկ պրեմիերաներ…դեռ կլինեն
Տղամարդու ձայն - /ընդհատեց, անհանգիստ/…լավ, դու ավելի լավ է` ասա` ինչպե՞ս անցավ…
Դերասանուհի - /հեռախոսով/…հրաշալի… մի անգամ էլ` շնորհակալ եմ…առանց քո օգնության ես այս դերը չէի ստանա…
Տղամարդու ձայն - դե լավ, լավ….քո տաղանդին շնորհակալ եղիր…տա՞նն ես:
Դերասանուհի - /հեռախոսով/…չէ’…թատրոնում…
Տղամարդու ձայն - թատրոնո՞ւմ…
Դերասանուհի - /հեռախոսով,ընդհատեց/…հա’, սիրելիս, թատրոնում…մի քանի կտոր կա…մի խոսքով` կան բաներ, որ ավելի լավ կարող էի անել…հիմա փորձում եմ…ուզում եմ կատարյալ լինել…
Տղամարդու ձայն - /շփոթված/…բայց….
Դերասանուհի - /հեռախոսով/…գիտե’մ, գիտե’մ, որ արդեն ուշ է, որ դա կարելի էր նաև վաղն անել, բայց…սկսել եմ արդեն… ու էլ չեմ կարող կիսատ թողնել…/ավելի արագ/ …համբուրում եմ, ավարտեմ` կզանգեմ…/արագ անջատեց, որ ավելորդ ոչինչ չլսի/:
Մի պահ հեռախոսը սեղմած, կանգնած է: հետո ամրացրած թերթիկը ,,հրեց,,, որից ստենդը պտտվեց ու հայտնված հայելու մեջ երևաց դերասանուհու աղճատված դեմքը: Արագ հետ շրջեց հայելին, ասես վախենալով իր պատկերից:
Դերասանուհի - …առաջին անգամ սիրահարվեցի մանկապարտեզում …/հիշողությունը ժպիտ է բերում/…տղան հայ չէր…չեմ էլ կարող ասել, թե ո’վ էր ազգությամբ. նույնիսկ անունը չեմ հիշում, բայց շատ սիրուն էր` մանկական ներկելու գրքերից դուրս թռած իսկական արքայազն… օրվա ավարտին, երբ դաստիարակչուհիները բոլոր խմբերը միացնում էին իրար` սպասելով ուշացող ծնողներին, մենք համբուրվում էինք` մեր ու մյուս խմբի երեխաների ուրախ բացականչությունների ու ծափերի ներքո… համբուրվել կոչվածն էլ մանուկ շուրթերի վախվորած հպումներն էին, որոնք մի անգամ հայտնաբերվեցին հերթապահ դաստիարակչուհիների կողմից ու պատմվեցին մեր մայրերին…չեմ հիշում կոնկրետ որևէ պատիժ… գուցե եղել է, գուցե` ոչ, բայց համբույրները շուտով վերջացան… տղայի ընտանիքը տեղափոխվեց… հրաժեշտին շատ գեղեցիկ տորթ կերանք, որի դառնահամը զգացի հաջորդ օրը` երբ տղան այլևս չեկավ մանկապարտեզ…/իրոնիկ ժպիտ/:
Վերցրեց սիգարետի տուփը: Դատարկ է: Ձեռքով ճմրթելով կդնի սեղանին, պայուսակից մյուսը կհանի, նույնքան դանդաղ սիգարետը կկպցնի: Ընթացքում`տեքստերը.
Դերասանուհի - …հորս ծխելուց առաջին անգամ պապիս մահանալու գիշերը տեսա… հետո իմացա, որ ժամանակին թունդ ծխող էր եղել…մեր տունը փոքր էր…ու չնայած ես ու մայրս ննջարանում էինք, իսկ հայրս` միջանցք էր դուրս եկել, մի գիշերվա մեջ ծխված յոթ տուփ սիգարետի ծուխը ննջարան էլ էր հասել…
…Մենք եղբորս հետ հայրական պապ ու տատ չէինք տեսել`վաղուց մահացել էին…նույնիսկ մայրս չէր տեսել…ու հայրս` պահպանողական ու չոր այդ տղամարդը, մորական տատիս ու պապիս մայր ու հայր էր կանչում, սիրում իր ծնողի նման… հիշում եմ` ուտելիքից հրաժարվող տատիս իր ձեռքով էր կերակրում… տատս էլ, ամաչելով, որ փեսան նստել է դիմացն ու գդալ գդալ կերակրում է, սուս ու փուս, տանջվելով կուլ էր տալիս ուտելիքը, որից հրաժարվել էր ամուսնու մահից հետո…էդպես գդալ գդալ հայրս մեկ էլ ինձ կերակրեց, երբ մորս հիվանդանոց տարան…
…եղբայրս էր ծնվելու…մորաքույրս հետևիցս եկավ, ուզում էր իրենց տուն տանել, որ հայրս չտանջվի յոթ տարեկան երեխայի ձեռքը, բայց հայրս ինձ չտվեց…իր ձեռքով եփում էր ճաշը, իր ձեռքով կերակրում, լվանում ու արդուկում շորերս… եղբայրս գարնանը ծնվեց, բայց այդ օրը ձյուն էր եկել…հայրս ու ես հիվանդանոցի պատուհանի տակ ձնագնդիկներ էինք սարքում ու հայրս նետում էր բարձր`չորրորդ հարկ…որ մայրս մոտենար պատուհանին ու պատուհանի մոտ պահեր բարուրի մեջ փաթաթված եղբորս…/պաուզա/…հորս իմանալով, վստահ էի, որ եղբորս պիտի որ ինձանից շատ սիրեր…իր որդին…իր ծուխը շարունակողը…իր հոր անունը կրողը…իր հոր նման բոյով, բուսով, սիրուն աչք ունքով…իսկ ես նույնիսկ իր մոր անունը չէի կրում…քույրերի մոր անունն էր վրաս դրել…իր շնորհակալությունն էր իր երեք քույրերին, ում հետ նույն հորից, բայց տարբեր մայրերից էին…նրանց մայրը չորրորդ երեխայի ժամանակ արյան վարակից էր մահացել ու պապս ստիպված նորից էր ամուսնացել…մեծ հորաքույրս չորս, փոքրը մեկ տարեկան էր եղել…
…իմ տատը` Վարդանուշը, Վանի Այգեստանից էր…մեծ գերդաստանից ինքը, քույրն ու եղբայրն էին փրկվել միայն… պապիս յոթ երեխա նվիրեց, որոնցից ամենափոքրը հայրս էր ու միայն հայրս ողջ մնաց…բայց ես դա շատ հետո իմացա…մեջները խորթություն չկար, երևի դա էր պատճառը, որ դեռ երկար ժամանակ չէի հավատում այդ իրողությանը… ինչպես նաև նրան, որ հայրս բանտում էր եղել…դա էլ շատ հետո իմացա…ու մանավանդ` չէի ուզում հաշտվել, քանի որ պատճառը ես էի եղել…իմ ծնունդը…իմ ծննդյան պատվին կազմակերպված քեֆը…
Սիգարետի կոթուկներով լի մոխրամանը մի կողմ հրեց: Դարձյալ տեքստն է թերթում:
Դերասանուհի - …հիշում եմ`հայրս նոր էր եկել, գյուղ պիտի գնայինք`իրենց հայրական տունը հայրս ու հորաքույրներս դեռ չէին վաճառել…տեղ հասանք կեսօրին…մեծ հորաքույրս արդեն այնտեղ էր, գիտեր մեր գալու մասին, նույնիսկ ջուր էր տաքացրել, որ երկար ճանապարհից տեղ հասած եղբոր աղջկան տաշտի մեջ դնի, լողացնի…մայրս ինձ սուս ու փուս հորաքրոջս հանձնեց…շորերս հանեցին, տաշտի մեջ նստեցրին…հայրս նստած էր թախտին…հայրական տունն ու այգին էր վայելում, շնչում`աչքի տակով էլ ինձ էր նայում ու քթի տակ ժպտում համառ ջանքերիս վրա…երկու ձեռքով պինդ բռնել էի ներքնաշորս ու աչքերս հորս վրա ոլորած` չէի թողնում հանեն հագիցս…անզոր արցունքները հավաքվել էին աչքերիս անկյուններում, մինչդեռ հորաքույրս անկեղծ չէր հասկանում պայքարիս համառությունը ու շարունակում էր համոզել, որ լողանալիս բոլոր շորերն են հանում…ու թեև այդ կռվում հաղթողը ես եղա ու ներքնաշորս միայն վերջում`մարմնիս փաթաթված սրբիչի տակից համաձայնվեցի հանել, այնուամենայնիվ, հորս չներեցի…ու նույնիսկ քաղցր եգիպտացորենը, որ հայրս խորովեց թթի ծառի տակ, կոկորդիս կծիկը չքերեց, չտարավ…
Հերթական թերթիկը` հերթական ստենդին: Զգուշորեն շրջում է, հայելին, որտեղ իր պատկերն է’լ ավելի ծամածռված է լինելու:
Դերասանուհի - Եթե Պլատոնը այս աշխարհր համարում էր էյդոսների ստվերների աշխարհ, ապա Արիստոտելը դա համարում է իսկական կեցության աշխարհ։ Պլատոնը էյդոսները հակադրում էր զգայական– նյութական իրերին, մինչդեռ Արիստոտելը էյդոսները տեղավորում է իրերի մեջ` որպես դրանց էություններ։
Տեսավ իրեն, արագ շրջվում է, ասես իր պատկերն իրեն ցավեցնում է:
Դերասանուհի - …շամանների գծած շրջանում մարդը հաշտություն էր փնտրում ու սեր…դրա համար էլ ամեն կերպ հաճոյանում էր իր Աստծուն, առանց կասկածելու անգամ, որ նրանք այնքա~ն նման են իրեն…/պաուզա/…հայրս երբեք միայն մի գիրք չէր կարդում…ուներ առավոտվա` նախաճաշի ժամանակ ընթերցվելիք գիրքը, որը հիմնականում պոեզիա էր, և երեկոյան ընթերցանությունների գիրքը, որը կամ պատմական էր կամ էլ` փաստագրական…/լռեց,իրոնիկ ժպիտ ծնվեց/…ես անպայման ամենաքիչը չորս գիրք էի վերցնում…ու շարում` խոհանոցում, որտեղ հայրս սիրում էր առավոտները մի բաժակ մուգ թեյով ու մի կտոր պինդ շաքարով իր պոեզիան կարդալ, հյուրասենյակում, որը երեկոյան ընթերցանության նրա նախընտրելի վայրն էր, իմ սենյակում` մահճակալիս կողքին ու… պետքարանում… …Պետքարանում հայրս պահարանիկ էր սարքել: Մայրս այնտեղ այդ տարածքին համապատասխան ու անհրաժեշտ պարագաներն էր դնում…շաբաթը մեկ էլ իմ այնտեղ հավաքված գրքերն էր դուրս բերում...ու դա անելիս անպայման բարձրաձայն բողոքում էր` հույսով, որ հայրս կմիջամտի…բայց գրքերի հարցում հայրս ներողամիտ էր…քթի տակ ժպտալով իր գործերին էր գնում…/լրջացավ/…հայրս սիրում էր կարդացածս գրքերից հարցեր տալ, վիճել հետս…/տեքստը թերթեց,հերթական թերթիկը` ստենդին/…մի օր մեր տուն մի մարդ եկավ…հորս երեկոյան ընթերցանության ժամն էր…լուռ նայեցին իրար, գրկախառնվեցին… մարդը նայեց հորս ձեռքի գրքին, ժպտաց…հետո, սեղանի շուրջ իմացա, որ հորս հետ ինքն էլ էր եղել Միջին Ասիայի կալանավայրում… հորիցս մի տարի շուտ էր դուրս եկել ու ամենամոտ քաղաքում բնակություն էր հաստատել…հորս ինքն էր դիմավորել, մի գիշեր պահել իր տանը, հետո ճանապարհել Հայաստան… հայրս իր հետ երկու ճամպրուկ էր բերել այդ մարդու տուն…գրքեր էին…կալանավայրի իր գրքերը, որոնք թողել էր իրեն հյուրընկալողի տանը` ի նշան շնորհակալության...
Հեռախոսը նորից զնգաց: Նորից նայեց էկրանին, միացրեց:
Դերասանուհի - /հեռախոսով,հանգիստ/…այո’, սիրելիս…
Տղամարդու ձայն - /ձայնի մեջ ինտրիգ կա/…դեռ թատրոնո՞ւմ ես
Դերասանուհի - /հեռախոսով/ դեռ թատրոնում եմ…
Տղամարդու ձայն - ու…դեռ փորձո՞ւմ ես
Դերասանուհի - /հեռախոսով/…դեռ փորձում եմ…
Տղամարդու ձայն - /չդիմացավ/…դու ինձ ոչինչ չունե՞ս ասելու…ասենք օրինակ, որ այսօր…
Դերասանուհի - /ընդհատեց/…չէ’, սիրելիս, ես քեզ ոչինչ չունե’մ ասելու…
Տղամարդու ձայն - /հասկացավ` հիմա կանջատի/…մի րոպե’…չանջատե’ս…
Դերասանուհի - /հեռախոսով/…իզուր չզանգե’ս, կխոսենք վաղը… /արագ անջատեց/
Տեքստին նայելով` փորձում է արագ հավաքվել: Զնգաց հեռախոսը: Նույնիսկ չի նայելու դրա կողմը, հայացքը տեքստին է: Ի վերջո զանգն անջատվեց:
Դերասանուհի - …պատանեկան տարիների առաջին չկայացած ,,լուրջ,, սերս կապույտ աչքեր ուներ…բայց ես դա սկզբից չնկատեցի …դրսում էինք, ինքը արևային ակնոցով էր…ես էլ…պարապմունքի էի գնում…ժամանակից շուտ էի տեղ հասել ու աննպատակ պտտվում էի շենքի չորս կողմը` ժամանակ սպանում…ինձանից ամենաքիչը հինգ վեց տարով մեծ էր…չգիտեմ ինչու կանգնեց…ինչու մոտեցավ…ինչ խոսեցինք…բայց կարծես թե վատ չէր… նույնիսկ այնքան, որ հեռախոսի համար թողեցի…իսկ հետո` հրաժեշտ տալիս, հանեց ակնոցներն ու ես տեսա երկնքի պես թափանցիկ կապույտ աչքերը…երեկոյան, երբ զանգեց, ասացի, որ սխալ է զանգել`այս համարով այդպիսի մարդ չկա… հասկացավ`ճանաչել էր ձայնս… բայց էլ չզանգեց… չնայած`ձայնը զարմացած էր…ընդամենը չգիտեր, որ հորս աչքերն էլ էին կապույտ…
Լռեց: Ձեռքը նորից սիգարետին տարավ, բայց չկպցրեց: Հայացքը հեռու է: Հետո ասես ,,միացավ,,, արագ արագ տեքստը թերթեց, նայեց:
Դերասանուհի - …մայրս մի անգամ ասաց, որ կապույտ աչքեր չի սիրում…ու բացատրեց, որ մինչև ամուսնանալը չի նկատել…ավելին` ամուսնանալուց հետո էլ մի որոշ ժամանակ հետո է միայն հասկացել, որ իր ամուսնու աչքերը կապույտ են…չէի հավատում… չէի կարող հավատալ…ամեն անգամ նեղվում էր իմ չհավատալուց, ասում, որ ամաչել է ուշադիր նայել տղամարդու աչքերի մեջ…/ի վերջո կպցրեց:Մի երկու ծուխ քաշեց/ …ես առաջինը տղամարդու աչքերին եմ նայում ու …ձեռքերին… …Առաջին շրջան`աստվածների հետ հաղորդակցվելու, մարդիկ չէին մտնում…միջնորդը շամաններն էին…
Հայացքը կենտրոնացած է: Մի տեսակ մեխանիկորեն է անցնելու այս կտորը` մի պահ մոտենալու է ստենդին` հերթական թերթիկն ամրացնելու, հետո ասես հիշելու է հայելիների փաստն ու հետ է քաշվելու:
Դերասանուհի - … հայրս ընդամենը մի քանի ամիս էր, ինչ վերադարձել էր… միմյանց հետ շփվում էինք մորս միջոցով…մայրս հարևանի տանն էր: Գնացել էր մեր տոնական սփռոցը բերելու`հորս մոտ հյուրեր էին գալու: Պարտադրված հյուրեր էին, հայրս առանձնապես ուրախ չէր, բայց պիտի ընդուներ: Շաբաթ օր էր, կեսօր: Մորս օգնելու համար կարտոֆիլ էի մաքրում…հայրս գնում գալիս էր, անսպասելի մոտեցավ, նայեց ու հարցրեց` դասերդ սովորե՞լ ես: Բացասական պատասխան տվեցի`դիմացը կիրակի կար, ու հետո ես դասերս միշտ էլ հաճույքով…/պաուզա/… երկուշաբթի դասվարս մեր տուն եկավ` մտածել էր` հիվանդ եմ… մայրս հաստատեց սուտը… դասվարս հավատաց` վերմակիս տակն էի մտել ու նույնիսկ գլուխս դուրս չհանեցի…կմեռնեի, եթե այտիս վրա կարդար հորս երկար մատների հետքը…դպրոց գնացի միայն մի շաբաթից`հայրս ուժեղ ձեռք ուներ ու… թույլ սիրտ…մի ամբողջ շաբաթ քրոջ տանն էր մնացել`մեր տուն չեկավ…բայց գալուց հետո էլ աչքերիս մեջ չնայեց…ու ոչ մի բառ չասեց…
…առաջին շրջան` աստվածների հետ հաղորդակցվելու, մարդիկ համառորեն չէին մտնում…սկսել էին կասկածել աստվածների սիրուն…
Երկար պաուզա:
Դերասանուհի - …տարիներն անցնում էին…կասկածները համոզմունք էին դարձել…ու իզուր էր մայրս երդվում, որ մինչև իմ ծնվելը, մինչև հորս բանտ նստելը, նա այդպիսին չէր…իզուր էր պատմում իրենց ռոմանտիկ ընթրիքների, գիշերային քաղաքում ոտքով անվերջ զբոսանքների…բարձրացած լեռների…հյուսված պսակների մասին… /պաուզա/ …առաջին շրջանը փոքր էր…բայց հետո մեծացավ, որովհետև ծեսը դառնում էր թատրոն…
Արագ մոտենում է ստենդին, ասես քաջությունը հավաքած` ամրացնում է թերթիկը ստենդին ու շրջում հայելին: Իր մեջ հավաքվելով, փորձում է ուղիղ նայել իր աղճատված պատկերին`զննելով այն:
Դերասանուհի - ես երբևէ չեմ երազել դերասանուհի դառնալ…բայց չեմ էլ կարող հաշվել խաղացածս դերերը, որոնց լուռ վկան իմ սենյակի պատերն էին ու պատից կախված հայելին, որի մակերևույթին սկսել էի զննել դեմքիս ցանկացած արտահայտությունը, մկաններիս ամենաաննշան շարժն ու անգամ… լա’ցս… /պաուզա/ …ես այլևս իմ կյանքը չէի ապրում…իմ կերպերը ավելին էին, քան`ես… ես խճճվել էի ինքս իմ մեջ…
Ուղիղ հայելու մեջ նայելով:
Դերասանուհի - …շրջանի այն կետը, որը սկիզբն է, նաև ավարտն է…ու սկիզբն ու ավարտն իրար խառնվելով, անվերջ պտտվում էին` կրկնելով նույն շրջանը… իմ բոլոր սերերը հորս նման կապուտաչյա էին…սկսած` մանկապարտեզից, վերջացրած… նախավերջինով… նրանք բոլորն էլ մեծ, երկար մատներով ուժեղ ձեռքեր ունեին…
Անսպասելի սկսեց քրքջալ` հայելու մեջ իրեն նայելով: մեկեն պոկվեց տեղից,մոտեցավ մյուս հայելուն, մյուսին, մյուսին, մյուսին….լաց, ծիծաղ, ծամածռություն` աղճատված դեմքերին նայելով: Այս ամենը կվերաճի ինչ-որ խելահեղ պարի, որը մեկ ասես ծիսապար լինի, մեկ` ավանգարդ ինչ-որ բան` օգտագործելով հայելիները`, դրանց մեջ արտացոլվող իր աղճատված պատկերները:
Անսպասելի քարացավ, պաուզա:
Դերասանուհի - …մտածում էի` եթե հեռանամ, շրջանից դուրս կգամ… փակագծերը… սահմանները… բոլորը հօդս կցնդեն… այդպես մի օր կապեցի ճամպրուկս ու… հայրս ոչինչ չասեց… ոչ անիծեց, ոչ էլ` օրհնեց…լուռ բաց թողեց, գիտեր` ի’ր արյունն եմ` կանգնեցնել չի լինի… /այս տեքստն այնպես է ասում, ասես առաջին հերթին իրե’ն է ուզում համոզել/… իմ սիրելին սևահեր է, սև աչք ունքով: Մատները այնքան էլ երկար չեն…
Ստենդ-հայելիները, որոնք քիչ առաջ աջ ու ձախ էր հրել` խեղդվողի նման ազատվելով, հիմա նորից հավաքում է իր շուրջը, փակում իրեն` ասես և’ սաղմ լինի մոր արգանդում, և’ շաման` իր գծած շրջանի մեջ:
Դերասանուհի - …/տոնի շատ կտրուկ փոփոխություն/…շամանները ամբողջ ճշմարտությունը չէին ասում մարդկանց… այն մասին, որ արտաքին շրջանից բացի, կա նաև ներքին շրջան` մեր մեջ` մեր ներսում, նրանք լռում էին…Աստվածների հետ` ինչպես հավասարը հավասարի, կարող էին հարաբերվել միայն ա’յն մարդիկ, ովքեր իրենց ներսում կքանդեին այդ շրջանը…
Անսպասելի լռեց, նստեց հատակին: Մի պահ լուռ է: Սպասում կա մեջը: Ասես գալու է մեկը, ասես զգում է մեկին: Հայացքը մի պահ վերև կբարձրանա, հետո արագ կիջնի: Դժվար կսկսի
Դերասանուհի - …ես էստեղ եմ…էստե’ղ…գիտեմ`դո’ւ էլ ես էստեղ…գիտե’մ, լսել ես էն ամենը, ինչ ասել եմ…ինչ չեմ ասել…կռիվս, որ արել եմ…որ չեմ արել… ճի’չս… աղե’րսս… լա’ցս` տեսե’լ ես…դո’ւ, միայն դո’ւ գիտես, թե ինչքան սեր կա մեջս… կուտակված… չծախսված… չապրած… էստե’ղ, ներսո’ւմ` մաշկիս տակ… ի’նձ մնաց էդ բոլորը` չտվեցի’, չասեցի’, չապրեցի’…ու հիմա, երբ էլ ոչ մի վայրկյանով չեմ կարող հետ բերել քեզ` նույնիսկ եթե տամ աշխարհի բոլոր գանձերը և նույնիսկ` կյանքս… երբ գիտակցությունը ընդհանրապես հրաժարվում է հասկանալ կատարվածը, իսկ ենթագիտակցությունը ավտոպիլոտը միացրած անիմաստ շնչել է փորձում` շնչե’լ, արտաշնչե’լ…շնչե’լ` ապրե’լ… երբ միակ զգացածս դատարկ դատարկությունն է ու չսպառված խեղդող սերը, հանկա’րծ, միայն է’դ պահին եմ հասկացել` ինչքան եմ սիրել… ինչքան եմ ուզեցել ասել ու չեմ ասել… ու հիմա էդ չասված բառերը… դուրս են գալիս աչքերիցս` արցունքների տեսքով, քթիցս` մխի տեսքով, բռունցքներիս միջով` երբ ճեղքում եմ օդը… ու հիմա տալիս եմ հարցը` ինչո՞ւ… ե՞րբ…ինչպե՞ս…
Լռեց նույնքան անսպասելի, որքան սկսել էր, հետո դանդաղ վեր կկենա հատակից, նույնքան դանդաղ կմոտենա պայուսակին, իր սիգարետն ու կրակայրիչը մեջը կգցի, պայուսակը կվերցնի հատակից:
Դերասանուհի - … բայց ներսի շրջանի մասին Մարդն ի’նքը պիտի հասկանար… այդպիսին էր Աստվածների կամքը…
Նույն դանդաղությամբ կուլիսներից քաշելով կբերի զգեստների անիվներով կախիչը, որից բազմաթիվ հագուստներ կան կախված:
Դերասանուհի - /Բոլորովին այլ ձայնով/… որոշեցիր ու…գնացի’ր… նույնիսկ չսպասեցիր, որ հասնեմ քեզ…. մի վերջին անգամ տեսնեմ ինձ` աչքերիդ անսահման կապույտի մեջ…. /լռեց, ուրիշ ձայն/…ի՞նձ պատժեցիր, թե՞ քեզ… ո՞ւմ ազատեցիր` ումի’ց…
Իր հագուստն է հանում, գցում կախիչի վրա, որը պիտի հագնի: Նորից զնգաց հեռախոսը: Մի պահ ուզեց անտեսել, հետո միտքը փոխեց, մոտեցավ, միացրեց` առանց էկրանին նայելու:
Դերասանուհի - /ձայնը սառն է/…ասա’…
Տղամարդու ձայն - /ուրիշ տղամարդու ձայն, բայց որ միանգամից շատ չտարբերվի/: Ես ուզում էի…
Դերասանուհի - /ընդհատեց/…չէ’, սպասիր, ե’ս եմ ասելու…էլ չեմ կարող լռել…ու չե’մ ուզում…/մի պահ ասես հավաքվում է`բայց շատ արագ ու կշարունակի խոսել: Ընթացքում կմիացնի հեռախոսի բարձրախոսը, կդնի հատակին: Իր ամբողջ խոսքի ընթացքում կհագնի հագուստը, կոշիկները, ամենաառաջին, նորմալ հայելուն նայելով կհարդարվի` մեյք ափ, մազեր/…երբ դեռ փոքր էի, մտքումս ինձ համար սիրեկան էի ընտրում ու սկսում ապրել…մտքո’ւմս էի ընտրում…ե’ս էի ընտրում…Էն ժամանակ վտիտ էի, ոսկրոտ: Բայց ընտրելուց հետո փոխվեցի…շա~տ փոխվեցի:Երբեմն նույնիսկ ինձ չէի ճանաչում: Մտածում էի, որ երբեք էլ չեմ կարող այդպիսին լինել: Չեմ կարող կոտրատվել, որովհետև իմ բոլոր հոգսերը ինքս եմ հոգացել: Այնպե~ս էի ուզում, որ մեկը զբաղվեր ինձնով. սիրեկանս զբաղվում էր: Մտովի նրան փնտրելիս նվազ մի մարմնի էի հանդիպում, որը կնոջ մարմնից մի’ բանով էր տարբերվում. Դա տղամարդու մարմին էր…նա ուժեղ էր…նա երբեք ինձ չէր դավաճանում…տուն էր գալիս մշտապես ժամը ութին: Շատ էր աշխատում ու համարյա միշտ հոգնած էր լինում: Բայց տուն մտնելուն պես համբուրում էր այտս: Հետո մենք ընթրում էինք: Նրա սիրած ուտելիքներն իմ չսիրած ուտելիքներն էին, որ ես ամեն օր պատրաստում ու երեկոյան, արմունկներով սեղանին հենված, հետևում էի, թե ինչպես է հաճույքով ուտում: Հետո հեռուստացույց էինք նայում:Երբ ֆիլմում ինչ-որ բան ինձ հուզում էր, շրջվում էի` նրան այդ մասին ասելու ու զարմացած ժպտում. նա համարյա միշտ քնած էր լինում:Անջատում էի հեռուստացույցն ու ոտքերիս ծայրերի վրա մոտենում նրան`ուշադիր զննում էի դեմքը, ծնկի գալիս ու զգուշորեն համբուրում ճակատը:Հետո` քթի ծայրը, ծնոտը, ի վերջո` շուրթերը: Շատ էի սիրում համբուրել նրա ստորին շրթունքը:Նա արթնանում էր, զարմացած նայում ինձ ու ասում, որ քնել է ուզում: Մենք գնում էինք ննջարան, որտեղ նա արագ-արագ հանվում էր ու անկողին մտնում: Անկողնում նրա հետ շատ հաճելի էր` մանավանդ`ձմռանը: Նա փոքր ժամանակ ընկել ու ջարդել էր քիթը: Ու դրանից քնած ժամանակ ռունգերից ինչ-որ տարօրինակ սուլոց էր լսվում: Ես գլուխս դնում էի նրա կրծքին ու քնում` ձայներից թմրած: Առավոտյան նա վաղ էր արթնանում: Ամեն օր փորձում էր այնպես վեր կենալ, որ ինձ չարթնացնի: Բայց իզուր.մինչ նա ճմլկոտում էր, ես արդեն խոհանոցում նրա համար սուրճ էի եփում: Խմում էր արագ-արագ`բերանն այրելով:Հետո համբուրում էր շուրթերս ու վազում աշխատանքի: Շաբաթ-կիրակի չէր աշխատում: Ես շատ էի սիրում այդ օրերը: Մենք երբեմն գնում էինք զբոսնելու, երբեմն հյուրեր էինք ընդունում, մեկßմեկ էլ ինքներս էինք հյուր գնում: Բայց ես շատ էի սիրում ա’յն շաբաթ-կիրակիները, երբ մենք փակվում էինք տանը: Այդ օրերին նա ֆիլմը միշտ էլ մինչև վերջ էր նայում: Հետո ինքն էր անջատում հեռուստացույցն ու ինձ տանում ննջարան: Իսկ երբ արդեն անկողնում էինք լինում, ուշադիր զննում էր դեմքս ու երկա~ր, շա~տ երկար համբուրում շուրթերս: Հետո գրկում էր ինձ ու ասում, որ իրեն շատ է դուր գալիս իմ վերին շրթունքը, որ ինքն ուղղակի գժվում է այն բանից, որ ես համբուրվում եմ աչքերս բաց, որ թիկունքին շատ հաճելի խուտուտ է զգում իմ մատների պարից ու որ ընդհանրապես ինքն ինձ շատ է սիրում ու որ իրեն շատ լավ է զգում ինձ հետ: Երբեմն նա մեկ-երկու շաբաթով գործուղման էր մեկնում:Երկու շաբաթը հավասար է երեք հարյուր երեսունվեց ժամի: Այդ ընթացքում ես մեր ապագա երեխայի համար զգեստներ էի կարում, որոնք ժամանակավորապես տիկնիկներիս էի հագցնում…ապրում էինք…Մի անգամ էլ, երբ նա վերադարձավ հերթական գործուղումից, ես դուռը չբացեցի…ես շատ երկար նայեցի պատուհանից: Դրսում ուժեղ անձրև էր գալիս: Նա կանգնած էր` առանց անձրևանոցը բացելու և նայում էր մեր տան պատուհանին: Բայց ես դուռը չէի բացում: Իսկ հետո եկար դու: Ու ինձ նույնիսկ թվում էր, թե վերջապես բացել եմ դուռը…գիտե՞ս, դու շատ էիր փոխվել… ու ես սկսեցի մտածել, որ դու շփոթել ես դուռը: Միայն թե ես դա հետո հասկացա…
Տղամարդու ձայն - /լսվում է բարձրախոս միացրած հեռախոսի էֆեկտով/…մի րոպե լսե’ք ինձ, խնդրո’ւմ եմ…ես սխալ եմ զանգել…լսո՞ւմ եք`սխա’լ եմ զանգել…երևի ինչ-որ մի թիվ խառնել եմ`համարը հիշողությամբ եմ հավաքել…ալո’… ես հենց սկզբում էի ուզում ասել`երբ լսեցի ձեր ձայնը, բայց դուք սկսեցիք խոսել ու ես…ակամայից լռեցի’…ես սխալ եմ զանգել, լսո՞ւմ եք…
Դերասանուհի - լսում եմ…/արդեն պատրաստ է: Հայելու մեջ մի վերջին ստուգողական հայացք/…ես դա գլխի ընկա դեռ սկզբում:
Տղամարդու ձայն - ինչպե՞ս թե…հասկացաք, որ սխալվել եմ ու շարունակեցիք խոսե՞լ…
Դերասանուհի - ես չէի կարող լռել…/ձայնը հոգնած է/…ու հետո…/հավաքվեց, ինքնավստահ, հանգիստ/…դուք հավատում եք, որ որևէ կին, իրեն ճանաչող որևէ տղամարդու կասեր այն ամենը, ինչ ե’ս ասացի՞…/պայուսակն է հավաքում` մեջը լցնելով` գրիմը, սանրը/:
Տղամարդու ձայն - /մի պահ պաուզայից հետո/…ճիշտն ասած, ես էլ ութն անց կեսից շուտ տուն չեմ հասնում…Գործուղման էլ եմ գնում…մեկ-մեկ…/մանր ծիծաղ/…նախկին ընկերուհիս ամեն առավոտ մի տաս րոպե հետս չէր խոսում` քնած ժամանակ ֆսֆսացնում, խանգարում էի քնել, բայց ախր փոքր ժամանակ քիթս չեմ ջարդել` հաստատ գիտեմ…
Դերասանուհի - իսկ ի՞նչ ես սիրում ուտել…
Ընթացքում կուլիսներից դուրս կբերի փոքրիկ ճամպրուկը: Գլորելով կբերի, կթողնի բեմում: Ինչ-որ բան կուզի վերցնել պայուսակից, ձեռքը կընկնի գնացքի տոմսը:
Տղամարդու ձայն - հիմա արդեն չեմ էլ հիշում…/տխրեց/ կերել եմ`ինչ պատրաստել է ընկերուհիս…/քմծիծաղ/ հիմա էլ նույնը ինքս եմ պատրաստում…
Դերասանուհի - /հայացքը գնացքի տոմսին է/: Մի երկու ժամից լուսաբացն է… հենց այդ ժամանակ էլ իմ գնացքը դուրս կգա կայարանից /պաուզա, հետո` արագ/… դա էի ուզում ասել, երբ ընդհատեցիր:
Տղամարդու ձայն - սպասի’ր…/ձայնը լարվեց/…ես երկար վերարկու եմ հագնում`սև, նույն գույնի գլխարկ…գուցե ճանապարհե՞մ քեզ…վստահ եմ` մի կերպ կգտնենք իրար…
Դերասանուհի - դա արդեն ոչ մի նշանակություն չունի…կարևորն այն է, որ դու…որ դու վերջապես հայտնվեցիր…/արագ արագ վերցրեց վերարկուն/
Տղամարդու ձայն - …խնդրո’ւմ եմ…էլի մի րոպե…
Դերասանուհի - աչքերիդ գո’ւյնը…/մի պահ պիտի վախենա իր գուշակումից/ …կապույտ է, չէ՞….
Տղամարդու ձայն - /զարմացած/…հա’…կապույտ է…
Դերասանուհին անջատեց հեռախոսը, հետո որպես արդեն անպետք իր դրեց հատակին:
Դերասանուհի - /գնացքի տոմսերը դրեց ճամպրուկի վրա/…ձեռքերդ էլ վստահ եմ` ուժեղ են` երկա~ր մատներով…
Մոտեցավ ստենդ-հայելիներին:
Սկսեց զնգալ հատակին մնացած հեռախոսը: Բացարձակ չի նայում հեռախոսի կողմը: Հերթով մոտենում ու միացնում է ստենդերի վրայի լույսերը:
Զանգը մեկեն անջատվեց ու միացավ ինքնապատասխանիչը:
Հեռախոս-ինքնապատասխանիչ-/դերասանուհու ձայնով/…ես հիմա զբաղված եմ, խնդրում եմ, հաղորդագրություն թողեք` կարճ ազդանշանից հետո:
Լսվեց կարճ ազդանշանը:
Ստենդերի լույսերն արդեն միացված են: Տղամարդու խոսելու ընթացքում հերթով շրջելու է ստենդերը, հանդիսատեսը տեսնելու է հայելիները, որոնց վրա խոշորացված արտացոլվել են թերթիկների վրայի եղածը: Այնտեղ ոչ մի տեքստ էլ չկա: Դրանք գրչով արված գծանկարներ են` ըստ մոնոպիեսի նյութի` սկիզբ, կուլմինացիա, ավարտ: Ու քանի որ հայելիները ծուռ են ու աղճատված` նկարներն էլ հենց այդպիսին են: Սակայն դրանք անպայման պետք է հանճարե’ղ նկարներ լինեն: Հանդիսատեսը պիտի վստահ լինի, որ այս դերասանուհին տաղանդավոր է նաև նկարելու հարցում:
Տղամարդու ձայն - …ես գիտեմ, որ դու զբաղված չես ու գիտեմ, որ լավ էլ լսում ես այն, ինչ հիմա քեզ կասեմ…դու խելագա’ր ես…ամենաիսկակա’ն…ու դու ո’չ մի դեր էլ չես փորձում…դու տապալել ես պրեմիերան…դու խաղացել ես այնպես, ինչպես ինքդ ես ուզեցել` կերպարի քո~ մեկնաբանությամբ` թքած ունենալով և’ ռեժիսորի, և’ դերասանական կազմի վրա… և նույնիսկ պրեմիերայից հետո հրավիրված ժողովի ժամանակ, լսելու ու ներողություն խնդրելու փոխարեն, քեզ համար նկարել ես… տեսե~ք, տեսե~ք, ուրեմն դու ռեժիսորից ավելի լա’վ ես հասկանում, թե որտեղից էին գալիս կերպարի կոմպլեքսները… ու բնական է, որ այդքանից հետո թատրոնի տնօրինությունը քեզ պետք է դո’ւրս շպրտեր թատրոնից…դե միացրո’ւ հեռախոսդ, մենք պետք է խոսենք, լսո՞ւմ ես….ես…
Դերասանուհին վերջին նախադասության ժամանակ ճամպրուկի վրայից վերցնում է տոմսը, վերակուն ու ճամպրուկը գլորելով սկսում է իջնել բեմից` տղամարդու վերջին բառի վրա` ճամպրուկը հեռախոսի վրայով գլորելով:
Հեռախոսը լռեց:
Բեմի լուսերն անջատվում են` վառ լուսավորվում են ստենդ-հայելիների լույսերը` նկարների վերևում: դերասանուհին դահլիճով հեռանալու է ելքի կողմը:
Ընթացքում.
Դերասանուհու ձայնը - …Եվ եթե զգայելի աշխարհի իրերն առաջանում և ոչնչանում են, ապա մտահասանելի էությունները` էյդոսները, անմահ են և միշտ նույնական իրենք իրենց։ Դրանք գոյություն ունեն զգայելի իրերից առանձին և անկախ, տարածությունից և ժամանակից անդին՝ ինչ-որ տեղ` «ճշմարտության հովտում»։
ՎԱՐԱԳՈՒՅՐ
- Hits: 62027