ՀԱՄ. Արմինե Գաբրիելյան
Աշխարհը, ինչպես և մարդիկ, չեն կարող վատը լինել, որովհետև Աստծո սքանչելի ստեղծագործությունն են։ Այս համոզմանն էր Էմման մինչև օգոստոսի այն օրը, երբ դատարկ որովայնով ու առանց բարուրի ծննդատնից ուղիղ հայրական տուն գնաց։ Իսկ երբ ամուսինը եկավ նրան տեսության ու հայտարարեց, որ մաման կարծում է՝ լավ կլինի, եթե Էմման իր համար կենա, մայր ու տղա՝ իրենց, Էմման յոթ օր անկողնուց վեր չելավ։ Մենակ լացեց ու անիծեց Աստծո ստեղծած, բայց սատանայի քանդած-վերաշինած աշխարհը։ Քսանչորսամյա կինը դառնությամբ մտածեց, որ աշխարհին տալու, աշխարհից վերցնելու բան էլ չունի։ Էմման մեռնել էր ուզում։
Աշուն եկավ։ Բակի միակ ծիրանենին դեղնակարմիր փափուկ տերևներ լցրեց փայտե պատշգամբին, որտեղ ինքն ու մայրը նստում էին տաք կեսօրին, և մայրը պատմում էր գյուղ եկող-գնացող տուրիստների, ամուսնացող-հետ եկողների մասին, գյուղի միակ վարսավիրանոցում լսածները։ Էմման լսում էր ու թափանցիկ ափսեների մեջ սիրուն դասավորում ողջ ամառ արև կերած չրերը, որ խաչմերուկի վաճառասեղանիկին պիտի դնեին։
Հետո ձմեռ եղավ։ Թաց ու խոշոր ձյունը ծանր նստեց տների ու գոմերի տանիքներին, փակեց դեպի գյուղ գնացող նեղլիկ ճանապարհը։ Էմման պատուհանից նայում էր սպիտակ երկնքին, հիշում չծնված երեխային, ու սիրտը մղկտում էր։
Գարնանը հողը ագահաբար ծծեց օդի խոնավությունը, ու Էմմայի սիրտն էլ հողի նման ուզեց փափկել ու կուլ տալ նոր կյանքի ուրախությունը, բայց նորից հիշեց չծնված երեխային, այդ պատճառով իրեն լքած ամուսնուն, որի հետ կարճատև երջանիկ պահեր ունեցել է, նորից ընկավ դառնահամ մելամաղձության գիրկը։
Ամռանը նոր տուրիստներ եկան գյուղ։ Նրանցից մեկը՝ լիբանանահայ Շիրազը, չիր առնելիս ուղիղ նայեց Էմմայի տխուր աչքերի մեջ ու ժպտաց։ Երբ Շիրազը նայեց Էմմայի տխուր աչքերին ու ժպտաց, Էմմայի սրտում մի փոքրիկ լույս վառվեց։ Բայց հիշելով կորցրած երեխային՝ ամաչեց, որ երջանիկ լինելու մասին է անամոթաբար մտածում։
Շիրազը մի երկու անգամ էլ գնաց-եկավ Էմմայի գյուղ, նվեր ու ծաղիկ բերեց։ Խոսեց քաղցր ու շքեղ, բոլորից տարբերվող լեզվով։ Էմմային ասաց, որ Երևանում տուն ունի, և էնտեղ պիտի ապրի ամուսնանալուն պես։ Երևա՜ն։ Ե-րե-վա՛ն։ Լուսին, էլի։ Էմման մտածեց ու հավատաց, թե Շիրազն ուրիշ է, Շիրազի աշխարհն ուրիշ է։ Շիրազի աշխարհում իր սկեսուրից չկա, որ ամուսնացած տղայի համար կողուկշտից աղջիկ ման գա, որ ամբողջ ցերեկները հարսից աջուձախ բամբասի ու երեկոյան վատացած ձևանա՝ ստիպելով միակ որդուն ոտքերի մոտ կուչ եկած քնել, որպեսզի հսկի իրեն, հետն էլ իբրև թե պահպանի հարսի վտանգված հղիությունը։
Էմման բակն էր ավլում և ինքն իրեն մտածում, որ առաջվա չափ էլ չծնված երեխայի համար չի տանջվում։
Գեղեցիկ խնջույք կազմակերպեց Շիրազն իր տանը։ Բեյրույթից թռան-եկան քույրերը, քրոջ զավակները, Շիրազը կիթառ նվագեց և երգեց <<Այսօր ես իմ յարին տեսա>>-ն։ Սեղանին շողշողացին քույրերի պատրաստած ֆալաֆելն ու մանթին՝ հայաստանցիներիս քիմքին անծանոթ համեմունքներով։ Էմման, եթե իմանար, որ Բեյրութն անվանում են Մերձավոր Արևելքի Փարիզ, իրեն փարիզուհի կզգար, և մոր փեշին կպած ամուսնու վրեժը լուծված կհամարեր։
Գիշերը Էմման անհամբերությամբ սպասեց ծեսի ավարտին և մեկ ամիս հետոյի բաղձալի լուրին։
Բարեկամները հերթով հեռացան, մնաց միայն օրիորդ Մաքրուհին՝ Շիրազի ավագ քույրը, որպեսզի իր ձեռքով երիտասարդներին վերուդիր սովորեցնի, Էմման դառնորեն մտածեց, որ Մաքրուհին նախկին սկեսրոջից բան պակաս չէ, և որ ատամներով պիտի պահի իր նորագյուտ ընտանիքն ու երջանկությունը։ Իսկ երջանիկ ուզի-չուզի պիտի լինի։
Բայց Մաքրուհին վատ բան հո չէր անում։ Սիրուն-սիրուն, միահավասար մանթիները արևաձև դասավորում էր ափսեի մեջ ու բարձրաձայն մտորում․
— Ամենայն մարդ աս կյանքեն իր համը պիտի քաղի։ Կյանք ըսածդ քիմքն է։ Քիմքիդ հաճոյացնես՝ կյանքիդ համը տեղը կուգա։ Հայաստանցիներուդ համար ճաշ ըսվածը սրբություն չէ։ Դուք դյուրին պատրաստված կերակուրներ կսիրեք։ Այնինչ շունչ ու հոգի պիտ դնես ամեն կերակուրին մեջ։ Ժամ-պատարագ պիտ ըլլա, ընտանիքիդ պիտ ժամ-պատարագով ժողովես քով քովի ու հյուրասիրես շունչդ ու հոգիդ մեջը լեցուն մութաբալն ու թաբուլեն, ֆալաֆելն ու ֆաթուշը, փախլավան ու անուշապուրը։ Համեղ ճաշին քով զրույցն ալ համեղ կըլլա։
Մի ուրիշ անգամ․
—Դուք՝ հայաստանցի կիներդ, ձեռարվեստին բնավ բանի տեղ չեք դներ։ Կնոջ ձեռներեն վարդ պիտ կաթի, ոսկի պիտ ինկնի։ Մենիկ պահերուդ կնստիս, ձեռքդ կառնիս դերձանն ու ասեղը, և մատներուդ տակ ծաղիկն ու թիթեռը մարմին կառնին, կկենդանանան։ Կյանքին համը ձեռագործին մեջ է, իրավ։
Օրիորդ Մաքրուհին ինքն իր համար խոսում էր, բայց Էմման իրեն ուղղված հանդիմանություն էր զգում Մաքրուհիի խրատների մեջ, ու սիրտը նեղվում էր։
Մաքրուհին հետ գնալու մտադրություն իսկի չունի։
—Հայաստանին հողը ոտքս բռներ է,- հեռաձայնով քույրերին ասել էր Մաքրուհին,- լման կյանքս կուզեմ էստեղ ապրիլ։
Մանր ծաղիկներ էին դուրս գալիս նրա բարակ մատների տակից, թռչնատառեր, լայնեզր գլխարկով աղջիկներ, գույն-գույն թիթեռներ․․․ Նայողին թվում էր՝գեղադիտակը կոտրել ու գույները շաղ են տվել էս կնոջ սպիտակ թաշկինակների վրա։ Աշխարհը ինչքան մեծ ու գեղեցիկ էր Մաքրուհիի, Շիրազի, Շիրազի մյուս քույրերի ու ընկերուհիների համար։ Միայն Էմման էր անտարբեր էդ շքեղ ձեռագործների ու բազմազան կերակուրների բաղադրատոմսերի գաղտնիքների փոխանակման ասուխոսից։ Շիրազի հետ ամուսնությունն էլ չօգնեց գտնել կյանքի կորսված համը։
Շիրազի ու Մաքրուհիի երևանյան ձանձրալի տանը մի գարուն, ամառ ու աշուն էլ անցավ, ու ձմռանը՝ տոնական մաքրություն անելիս, Էմման հյուրասենյակի գրքերն էր հատիկ-հատիկ վերցնում, սրբում ու տեղը դասավորում, երբ ձեռքը թավիշ բանի դեմ առավ։ Տուփ էր։ Էմման գողտուկ վերցրեց տուփը, վախվխելով բաց արեց։ Կարմիր քարերով շողշողուն մի զույգ ականջօղ էր։ Ակը կլոր էր, շուրջբոլորը նուրբ նախշեր էին։ Ճիշտ Մաքրուհիի ասեղնագործածի նման նուրբ։ Ուրախությունից էր, թե զարդի գեղեցկությունից՝ սիրտը սկսեց թռվռալ։ Նայեց օղերին, նայեց գլուխը ձեռագործի վրա հակած տալոջը, առաջին անգամ ժպտաց նրան ու նույնությամբ դրեց տեղը, գրքերը շարեց առաջը։
Գիշերը մեջքանց գրկեց ամուսնուն։ Ինչքան լավն է Շիրազը։ Ամանորին նվեր է գնել իր համար, անակնկալ նվեր։ Նոր տարվա գիշերը անպայման կնվիրի։ Մաքրուհին գիշեր-ցերեկ եփում է, մաքրում ու գործում։ Բա ինչքա՜ն գեղեցիկ են խոսում, ինչքան հետաքրքիր են խոսում։ Իսկ ինքը անշնորհակալի պես չի գնահատում իր ունեցածը։ Իսկի կհամեմատե՞ս էն բռիների հետ։ Առավոտյան երկուսին էլ կժպտա, Մաքրուհուն կօգնի տան մաքրության ու եփութափի մեջ, իսկ Շիրազին կհամբուրի ճանապարհելիս։
Հաջորդ օրը ամանորյա եփութուխի մեջ Էմմայի սիրտը խառնեց տարատեսակ անուշեղենների ու թունդ համեմունքների հոտից։
—Կաղանդի օրով անհանգի՞ստ պիտ ըլլաս։ Պաղ ջրով ցնցուղ ընդունիր ու մեկ երկվայրկյանում անցյալ կըլլա,- կարգադրեց օրիորդ Մաքրուհին։
Բայց սառը ցնցուղի բան չէր։ Մի անգամ հղիության համը տեսած Էմման հո գիտեր, որ սա ուրիշ բան է։ Եվ երանությամբ մտածեց, որ երկու օրվա մեջ երկրորդ հրաշալի նվերն է ստանում Շիրազից։ Ամբողջ սրտով շնորհակալ եղավ իր Աստծուց։
Տոները պառկած անցկացրեց Էմման։ Անընդհատ հետ էր տալիս ու գլխապտույտ ուներ։ Երբ քիչ թե շատ լավ էր արդեն, գնաց ուղիղ հյուրասենյակ, ձեռքը տարավ գրքերի հետևը։ Տուփը չկար։ Քանդրտեց գրքերը։ Տուփը չկար։ Երևի Մաքրուհին կարծել է,թե իրենն է, եղբայրն իր համար է գնած եղել, վերցրել է։ Ինչ կա որ։
Տուփը չկար, բայց կյանքի համը հո իր ներսում էր։
Ճիշտ է ասում օրիորդ Մաքրուհին՝ ամեն մեկը կյանքի համը պիտի գտնի, համը կորավ՝ մահն է գալիս։ Իսկ համն ու մահը մեկմեկի հակառակ են։ Չե՞ք հավատում՝ բառերի՛ն նայեք։
- Hits: 53921