Կես ժամվա ճաշ. Շը Թիեշըն

Շը Թիեշընը (հունվարի 4, 1951 - դեկտեմբերի 31, 2010) չինացի գրող և էսսեիստ էր: Ծնվել է Պեկինում 1951թ.-ին: 1967թ.-ին ավարտել է Ցինխուա համալսարանին կից միջնակարգ դպրոցը և 1969թ.-ին միացել <<Դեպի լեռներ ու գյուղեր>> շարժմանը, մեկնել է Յանան գյուղում աշխատելու: Պեկին է վերադարձել 1972 թվականին ոտքերի հաշմանալու պատճառով։ 21 տարեկանից ի վեր կյանքն անց է կացրել անվասայլակին գամված։ Հետագայում խորացել է երիկամների հիվանդությունը, ստիպված է եղել շաբաթը երեք անգամ ապավինել դիալիզին ՝ իր կյանքը պահպանելու համար: Գրական գործունեության սկիզբը դրվել է 1979 թվականին։  Աշխատել է որպես Չինաստանի գրողների ասոցիացիայի ազգային կոմիտեի անդամ, Պեկինի գրողների ասոցիացիայի և Չինաստանի հաշմանդամների ֆեդերացիայի փոխնախագահ։ Պնդել է, որ իր մասնագիտությունը հիվանդությունն է, իսկ հոբբին` գրելը։ Մահացել է 2010թ.-ի դեկտեմբերի 31-ին, 59 տարեկանում: Կտակի համաձայն՝ թաղման արարողություն չի անցկացվել, մահից հետո իր օրգանները նվիրաբերել է բժշկական հետազոտություններին. մահից ժամեր անց իր լյարդը փոխպատվաստել են Թիենծինի հիվանդներից մեկին։

Կես ժամվա ճաշ

Կարի մեքենայի ձայնը հանկարծ դադարեց, և աշխարհի վրա հանգստություն իջավ։ Բարկ արևը ծուռ ու փոքր պատուհաններից ներս էր մտնում. ճառագայթների լույսի մեջ թռչում էին փոշու անթիվ-անհամար հատիկները։ Մարդիկ ձգվում էին, հորանջում ու նայում իրար. ծեր ու բթացած դեմքերը կարծես հալվում էին, մի թույլ ժպիտ էր հայտնվում նրանց բերաններում։ Կես ժամ տևող ճաշի, շունչ քաշելու, կատակելու ու ծիծաղելու ժամանակն էր, սովորական բան էր, ինչպես ապրիլի մեկն արևմուտքում։

Ամենաերջանիկ մարդիկ նրանք են, ովքեր վայելելու շնորհ ունեն։ «Ի՞նչ է երջանկությունը։ Եթե համարում եք, որ երջանկություն է, ուրեմն հենց այդ էլ երջանկությունն է»։ Այս տեսությունը հորինել է ծերունի Պայը, որը տոֆու[1] ուտելիս արդուկ էր անում։ Իսկ թե ով է տարածել, հայտնի չէ, ամեն դեպքում բոլորը հավատում են այս տեսությանը։ Թերևս այս տեսությունը նման է Ա Քյուի[2] հոգևոր հաղթանակի մտքին, բայց այս ութուկես մարդկանց մեջ (որոնցից մեկը հաշմանդամ երիտասարդ է, հետևաբար համարվում է կես մարդ) ոչ ոք չգիտի, թե ով է Ա Քյուն՝ չնայած նրան, որ ոմանք գիտեն, թե ով է Լու Սյունը[3]: Երեկ քննարկվում էր, թե արդյոք Լու Սյունն ապրել էր Ճոննանհայում[4]։ Թեև հաշմանդամ երիտասարդի կարծիքը տարբերվում էր մյուսների կարծիքներից, ի վերջո բոլորը համաձայնեցին ծերունի Պայի հետ․

— Էդքա՜ն հայտնի մարդ, հաստատ Ճոննանհայում ապրած կլինի։

Մեկ-երկու անգամ լսվեց էմալե բաժակների թխկթխկոցի ձայնը, ցածր առաստաղով հին տունը լցվեց ռեստորանին հատուկ սոխի սուր հոտով։

― Որքա՞ն միս եք դրել։

― Մի՞ս։ Ը՜, լեզու, լեզվի միսը։

Եվ այսպես աշխարհը նորից լռեց:

Պատուհանից դուրս լսվեց մեքենայի կտրուկ արգելակման ձայնը․ բոլորը դադարեցին ծամել, փոխարենը սրեցին ականջները:

— Կյանքիցդ ձե՞ռ ես քաշել։

 Հավանաբար վթար չէր եղել։ Երբ մեքենան հեռացավ, նորից լսվեց շարժիչի հռնդյունը: Եվ սրանով ներկայացումը սկսվեց։

— էրեկ գործից հետո, — մորաքույր Սիան կկոցեց իր փոքրիկ կլոր աչքերը, վիզը մի փոքր առաջ բերեց ու արագ կուլ տվեց բերանի մի կտոր նրբաբլիթը,— էրեկ գործից հետո (մեկ կում ջուր խմեց ու խորը շունչ քաշեց), էրեկ գործից հետո ընե՜նց վախեցա․քայլում էի, մեկ էլ հետևից ավտոյի բարձր ձեն էկավ:

— Աստվա՜ծ, լավ ա՝ քեզ տակը չի գցել։

Դիմացը նստողը, ում մականունն էր Տոտիկ, բանջարեղենային կարկանդակից մի կտոր կտրեց, գցեց բերանն ու ասաց․

— Ես էլ մտածեցի՝ ադամանդ կամ տենց մի բան ես գտել։

Դեմքին արհամարհանք հայտնվեց, շրջվեց ու աջ ոտքը գցեց ձախի վրա՝ թույլ տալով, որ իր չորսից հինգ դյույմանոց երիզակապված ոտքը[5] ճոճվի օդում:

Հաշմանդամ երիտասարդն ուտում էր ու հաշվարկներն անում.

— Սիա՛ մորաքույր, էս ամիս կես օրով գնացիր անձնական հարցերիդ համար ու մի կես օրով էլ գնացիր, որովհետև հիվանդ էիր․ քեզնից իննսուն կոպեկ եմ պահում։

— Հետ նայեցի, — շարունակեց Սիա մորաքույրը, — բուլվարը նեղ ա, մեքենան՝ լայն, ու՞ր պիտի թաքնվեի, վազում էի... եթե քո փոքր ոտքերը լինեին, անհույս էր, մեքենայի տակ կընկնեիր (պահը չկորցրեց Տոտիկին նեղացնելու համար): Դեպի բուլվարի մուտք էի վազում, մինչև ավտոն կանցներ։ Մի քանի դպրոցական էրեխեք ասին, որ «Հոնցի»[6] էր, իսկ ես մենակ լսել եմ էդ ավտոյի մասին, բայց ինչ իմանամ՝ ինչ տեսք ունի (երկու ձեռքերը խփեց ոտքերին՝ ասես զղջալով, որ չի կարողացել նայել «Հոնցի» մեքենային)։

Բոլորը, լսելով «Հոնցիի» մասին, դադարեցին ծիծաղելուց։ Ծերունի Պայը բացականչեց․

— Կյանքդ իսկապես անիմաստ ա, հա՜։ «Հոնցի՞»։ Մե՜ծ։ Սիրու՜ն։ Ապակիները փամփուշտներով անգամ չես ծակի, գերմանացիք են արտադրում։

Երբ նրա ու հաշմանդամ երիտասարդի հայացքները հանդիպեցին, ավելացրեց․

— Հիմա Չինաստանն էլ ա էս գործում հաջողության հասել։ Էդ մեքենան նստողները կառավարության հայտնի դեմքեր են: Շատ շուտ Մա Լիենլիանը․․․

Ծերունի Պայը շփոթվեց, երբ լսեց հաշմանդամ երիտասարդի ծիծաղը։

Տոտիկն իր ծիծաղը զսպել չէր կարողանում, որքան շատ էին նրան անվանում «խելագար պառավ», այնքան ավելի շատ էր ծիծաղում։

— Ավտո կանչե՛ք, ավտո, գիժ կա ստեղ, — լուրջ ձայնով ասաց ծերունի Պայը ու վազեց դեպի դուռը, — առավոտը որ տեսա, էրեսը հեչ էրեսի նման չէր…

— Պա՛յ քեռի, քեզնից պահում եմ ութսունհինգ կոպեկ՝ մի օր անձնական հարցերով ու էրկուսուկես օր հիվանդության պատճառով գործի չգալու համար, — հաշմանդամ երիտասարդը կրկին հաշվարկների մեջ էր։

— Պահի՛, պահի՛, գողերը թող չիմանան էդ փողի մասին, — ծերունի Պայը մնաց դռների արանքում․գոհ ու խորամանկ ժպիտը դեմքին՝ աչքերը հառել էր Տոտիկի փոքր ոտքերին։

Տոտիկն ի վերջո դադարեց ծիծաղելուց, փոխարենը սկսեց զկռտալ։

— Էդ պառավն ի՞նչ էր ասում իմ մասին, — մատնացույց անելով Սիա մորաքրոջը՝ ասաց Տոտիկը․— եթե <<Հոնցիի>> տակն ընկնեի, բախտավոր կլինեի։ Կպառկեի հանգիստ, էրկու հոգի էլ ինձ ուտելու համով բաներ կբերեին, հա՜։

— Էլ ի՞նչ կուզես, — ծերունի Պայն աչքերը կկոցեց՝ դեմքին հեգնական արտահայտություն տալով։

Տոտիկը մի հայացք գցեց ծերունի Պայի վրա ու լրջացավ․

— Հենց ժամանակը գա, մեկ էլ տեսար կարող ա պետք գաս ինձ։ Պա՛յ, էրկու տուփ չինական սիգարետ ա՛ռ։

— Հասկացա, — ծերունի Պայն անմիջապես բռնեց փոքր Տոտիկի ձեռքն ու սկսեց լրջորեն ստուգել նրա զարկերակը և հարցրեց․— արթու՞ն ես։

Տոտիկը հրեց նրան:

— Էդ կիսափտած ոսկորներովդ կարողանալու՞ ես պառկել։ Ինձ թվում ա՝ դիահերձարանում ավելի հանգիստ կպառկես, — ասաց ծերունի Պայը և լուցկու հատիկով սկսեց մաքրել դեղին ատամների արանքները։

Տոտիկը լայն բացեց աչքերն ու անխոս մնաց, վիրավորվել էր։

— Ես կմեռնեմ, բայց տղես կապրի, — հանկարծ նորից աշխուժացավ։

— Տղեն, որ մեռնի, թոռները կլինեն, սերունդներին վերջ չկա, եթե էս սարից մի քիչ փորենք, մի քիչ կպակասի, ի՞նչ կա որ։ Երեք անգամ յոթ կլինի քսանմեկ, երեքից թե որ հանենք երկու՝ մեկ, — հաշմանդամ երիտասարդը խոսում էր ինքն իրեն այնպես, ինչպես աղոթք կասեր, գլուխը չէր բարձրացնում, կարգի էր բերում հաշիվները՝ հացը ծամելով։

— Բա տղեդ ու՞ր ա, — հարցրեց ինչ-որ մեկը հետաքրքրությամբ։

— Տուն ա ման գալիս, որ ամուսնանա, երեսուներկու տարեկան ա, հարսնացուն էլ՝ քսանինը, — Տոտիկի աչքերը շողում էին, իսկ բանջարեղենով կարկանդակն ընկել էր գետնին, — էս անգամ բախտներս կբերի, ինձ չեն հետաքրքրում քանդված տները, ինձ պետք ա տուն՝ խոհանոցով ու բաղնիք-զուգարանով, տղես ու հարսս կունենան մի սենյակ, ես՝ մի։

— Մի՛ մոռացիր, որ մեքենան քեզ խփել ու սպանել ա։ Ես քո տեղն էդ սենյակում կապրեմ, հետո էլ թոռներիդ կտամ, — ասաց Ծերունի Պայը և թոթվեց ուսերը։ Թվում էր, թե նրա համար հեշտ է մի քանի արցունք թափել։

— Եթե լավ բախտ ունես, հաջորդ կյանքում մի լավ բան կծնվես, — ավելացրեց Ծերունի Պայը։

Ինչ-որ մեկը պատրաստվում էր ծիծաղել, բայց մեկ այլ ծեր կին խառնվեց զրույցին: Իրականում ծեր չէր, պարզապես որոշ ատամներ չկային, ու շնչառական խնդիրներ ուներ։ Ասաց․

— Ավտոն քեզ թե որ տակը գցի, ճակատագիր ա՝ լավ թե վատ։ Երկրաշարժի տարում ծերուկս կոտրեց ոտքերը, գյուղի տրակտորն էր, ու՞մ մեղադրես։ Քշողն էլ խեղճ էր․․․Անցած տարի մի աղջիկ ընկավ «Շանհայ» ավտոյի տակ ու մեռավ, արդյունքում ի՞նչ։ Հազար յուեն։ Հազար։ «Շանհայ» էր․․․

Բոլորի դեմքի մկանները ձգվել էին, բերանները՝ լայն բացվել: Կատակելու իմաստ չկար, բոլորը ծամում էին դանդաղ, կարծես ինչ-որ բանի մասին էին մտածում։ Սենյակը որոշ ժամանակ լուռ էր, նույնիսկ ծերունի Պայի դեմքի խորամանկ ժպիտն էր վերացել:

— Լու՛ո մորաքույր, երեք օր հիվանդ էիր, գործի չեկար, քեզնից երկու յուեն ու յոթանասունյոթ կոպեկ եմ հանում։

— Ես որ լինեի, — ասաց մորաքույր Լուոն, — չէի ուզի հազար յուեն, փողը կծախսվեր, կպրծներ։ Կխնդրեի, որ ինձ պետական աշխատանք տան: Կամ ուղղակի դայակ կաշխատեի «Հոնցի»-ում նստած մարդկանց տներում։ Մի հարևան ունեինք, դայակ էր մի հարստի տանը, տալիս էին նրան էն, ինչը կոտրված էր կամ իրենց պետք չէր, էն, ինչն իրենք չէին ուտում։

Բոլորի հոնքերի միջև եղած ուղղահայաց գծերն անհետացան։

— Ինչի՞ չասենք, որ հիմա ավելի լավ է, — ասաց Լու տատը, ով մասնագիտացած էր կոճակներ կարելու գործում, ընթերցանության համար դրած ակնոցի տակից բոլորին նայում էր մեկ աչքով (այո՛, նա ուներ միայն մեկ աչք), — ջահել վախտ ամուսինս սայլ էր քշում մի մարդու համար, որը դեղատուն ուներ։ Ձմռանը գնացի մոտը՝ մեծ աղջկաս գրկած, էրեխուս համար խոհանոցից տորթ բերեց։ Սրանով ուզում էր ցույց տալ, թե ինչ էին ուտում հարուստները։ Ուտու՜մ․․․

Նա պարզեց ձեռքերն օդում այնպես, կարծես մեջտեղում մի մեծ գունդ կամ ափսե լիներ: Երկար ժամանակ «ուտելուց» հետո նա դեռ ոչինչ «ուտել» չէր հասցրել։ Ակնոցի հետևում մի աչքը մի քանի անգամ թարթեց։

— Մի երկու օր ծերուկս խոսում էր... կանաչ կրիաներ ուտելու մասին, ասում էր նավատորմը կենդանի ռակ կբռնի, օդուժով կուղարկի...

— Մի բան խառնում ես, էդ Լին Պիաոյի մասին ես ասում, — ասաց հաշմանդամ տղան երկու ձեռքն այտերին․հասկանալի չէր՝ ժպտում էր, թե չէ:

Ծերունի Պայը քմծիծաղ տվեց, կանգնեց, հետո նորից նստեց աթոռին․

— Դու կլինի՞ քիթդ ամեն տեղ չմտցնես։ Լին Պիաոն նորից դեղատան աշխատող դարձավ, դու նորից կերար Լին Պիաոյի տորթը։ Ինչքան մեծանաս, էրեխեքիդ էս պատմությունը ոնց ուզես, կարող ես պատմել։

Ամբոխի ծիծաղի մեջ Լու տատը կամաց փակեց պարզած մատները, մի պահ ամոթխած ժպտաց ու լռեց։

Մարդիկ կրկին վերադարձան նախկին թեմային.

— Որ ես լինեի, կանեի ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի նրանք հորս վերադարձնեն Պեկին: Ասացին, որ ընդամենը երեք տարով կմնա՝ երրորդ ճակատին աջակցելու համար, բայց հիմա մեր փոքրիկ օգնականն արդեն տասներեք տարեկան է, — անկյունում նստածներից մեկը հոգոց հանեց:

Վառարանի մոտ ինչ-որ մեկը ծխախոտ վառեց. 

— Եթե ես լինեի, կխնդրեի, որ որդիս Յուննանից վերադառնար։

— Համ էլ պետական աշխատանքի նշանակվենք։ Երկու տարուց ավել ա՝ տղես էկել ա Ներքին Մոնղոլիայից, բայց մեկ ա անորոշության մեջ ենք։ Ի՞նչ կլինի, եթե «Հոնցին» գա, կանգնի դռների առաջ ու հրաման տա։ Գործարանի տնօրենը չի կարա դեմները չվազվել։ Շատ ափսոս...

— Օ՜ֆ, որ կնանիքի փողն էլ շատ տան, էլի լավ կլինի:

Ցածր առաստաղով հին տանը նորից լռություն տիրեց։ Ճիշտ չի լինի ասել, որ թմրություն էր լիարժեք սնվելուց հետո, քանի որ մի զույգ աչքեր շողում էին յուրահատուկ մի լույսով՝ հավատի՞, ուրախությա՞ն, թե՞ ցանկության: Դժվար է ասել։ Այսպիսով՝ հազվադեպ հանդիպող լույս էր ավելի քան հիսուն տարի ապրած աչքերում: Մարդիկ արձանների պես աչքերը հառել են ինչ-որ տեղի։ Բոլորը կարծես սպասում են մի լավ լուրի գալուն:

Ուշ աշնանային քամին իր հետ բերեց մի անվերջանալի կանչ, որը մոռացության միջից դուրս հանեց մարդկանց:

— Ա՜հ, ես չեմ ուզում ավտոյի տակ ընկնել։

Չգիտեմ, թե ով հանկարծ առաջինը հասկացավ: Ծառուղու խորքում պոռթկաց մի ծիծաղ՝ գռեհիկ հայհոյանքների հետ միախառնված։

Լսվեց կարի մեքենայի ձայնը, և աշխարհը նորից կնճռոտ դարձավ։

 1979

 Չինարենից թարգմանեց Քրիստինե Հովսեփյանը

 

[1] Մթերք՝ պատրաստված սոյայի կաթից

[2] Լու Սյունի «Ա Քյուի իրական պատմությունը» նովելի գլխավոր կերպար

[3] Չին գրող, հրապարակախոս, չինական ժամանակակից գրականության հիմնադիրը, 1881-1936 թթ.

[4] Գտնվում է Պեկինում, Կոմունիստական կուսակցության և Պետական խորհրդի նստավայր

[5] 10-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկիզբը Չինաստանում տարածված սովորույթ․ երիզակապում էին աղջիկների ոտքերը, որպեսզի չմեծանան, քանի որ փոքր ոտքերը համարվում էին գեղեցիկ

[6] Մեքենայի մակնիշ

  • Hits: 1236

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: