Ֆըն Ծիցայ. Բեռնակիրը

Ֆըն Ծիցայը (ծնվ. 1942 թ., Թիենծին) չին ժամանակակից գրող, նկարիչ և հասարակական գործիչ է։ Ներկայումս համարվում է Չինաստանի գրականության և արվեստի ասոցիացիայի պատվավոր անդամ, Չինաստանի ժողովրդական գրականության ու արվեստի ասոցիացիայի նախագահ, Թիենծինի համալսարանի Ֆըն Ծիցայի գրականության և արվեստի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ Որպես նկարիչ` անհատական ցուցահանդեսներ է ունեցել Չինաստանի խոշոր քաղաքներում, ինչպես նաև Ավստրիայում, Սինգապուրում, Ճապոնիայում և Միացյալ Նահանգներում։ Սկսել է հրատարակել իր աշխատանքները 1977 թվականից, 1979 թվականին միացել է Չինաստանի գրողների ասոցիացիային։ Ֆըն Ծիցայը «Վերքերի գրականության» (գրականություն Մշակութային հեղափոխության թողած «վերքերի» մասին) ներկայացուցիչ է, նրա՝ մշակույթն արտացոլող աշխատանքները մեծ ազդեցություն են թողել չինական ժամանակակից գրականության վրա։
«Բեռնակիրը» գրվել է 1981 թվականին։ 1983 թվականից ի վեր ստեղծագործությունը ներառվել է ավագ, միջնակարգ ու տարրական դպրոցների չինարենի դասագրքերում։ Ամեն տարի այն կարդում են 10-20 միլիոն աշակերտներ, 2022 թվականի դրությամբ ընթերցողների ընդհանուր թիվը գերազանցել է 600 միլիոնը։
I
Երբևէ տեսե՞լ եք Թայ լեռան[1] բեռնակիրներին։ Յուրօրինակ են այս մարդիկ։
Չգիտեմ, թե այլ վայրերում ինչպես են անվանում այն բանվորներին, որոնք ապրանքը բարձրացնում են լեռ, այստեղ սովորաբար նրանց անվանում են թիաոշանկոն։ Միայն թիաոշան (բեռն ուսին կրած լեռ բարձրանալ) արտահայտությունից պարզ է, թե որքան դժվար է այս աշխատանքը։ Ո՞վ կհամարձակվի 100 կիլոգրամից ավելի քաշ ունեցող բեռն ուսերին դրած բարձրանալ լեռան ստորոտից մինչև գագաթ՝ լողացող ամպերի մեջ, որտեղ նույնիսկ թռչունները հազիվ են կարողանում թռչել։ Ավելին՝ բարձրանալ Թայ լեռը, որը համարվում է «Չինաստանի հինգ սուրբ լեռներից»[2] առաջինը, ու որի վեհությունն ու ուժն անհնար է հաղթահարել։ Լեռան ստորոտից մինչև գագաթ ամբողջ ճանապարհը քարե բարձր աստիճաններ են, դեպի երկինք ձգվող աստիճաններ։ Երկնքի հարավային դարպասներ[3] տանող Տասնութ ոլորապտույտ ճանապարհներին[4] զբոսարշավի եկած ձիգ տղամարդիկ անգամ շնչակտուր են լինում, մարդիկ` ուժասպառ եղած, բռնվելով կողքի երկաթե ճաղաշարերից, մարմինները մի կերպ քաշում են վեր։ Երբ ամեն տասն աստիճան բարձրանալուց հետո պետք է կանգ առնել ու հանգստանալ, մեկ էլ հանդիպում ես լեռը բարձրացող բեռնակրին․ նրա մեջքը ճկվել է ծանր բեռից, շորերն ամբողջությամբ քրտինքի մեջ են, ոտքերի մկաններն ու ջլերն ակնհայտորեն դուրս են ցցվել, բայց նա ձայն չի հանում, քայլ առ քայլ, ուժերը լարելով, համառորեն անցնում է քո կողքով ու բարձրանում։ Սա տեսնելուց հետո միայն կարող ես համարել, որ մի քիչ հասկանում ես, թե ինչ ծանր աշխատանք է բեռը լեռ բարձրացնելը։
Բեռը լեռ բարձրացնող բեռնակիրները, հավանաբար, հնագույն ժամանակներից են եղել։ Լեռան գագաթին գտնվող հազարամյա տաճարների շինանյութը բարձրացվել է լեռան ստորոտից։ Նայում ես այս վեհաշուք հին կառույցների հսկա հենասյուների հիմնաքարերին, պղնձե ու երկաթե ծանր տանիքածածկերին, ապա գլուխդ իջեցնում, հայացքդ գցում ես մշուշոտ ձորում ոլորվելով կորչող բարակ պարանի նման մոխրասպիտակ լեռնային ճանապարհին։ Եվ միանգամից հասկանում ես, թե այն ժամանակ բեռնակիրներն ինչպիսի ծանր ու ապշեցուցիչ աշխատանք են կատարել այս տաճարները կառուցելու, այս հիասքանչ գեղեցկությունը կերտելու համար։
Երբ փոքր ժամանակ գալիս էի Թայ լեռ, լեռան գլխին դեռ երեսուն-քառասուն ընտանիքներ կային, որոնց տղամարդկանց մեծ մասը բեռնակիրներ էին, որոնք ապրուստ էին վաստակում՝ պետական հյուրանոցներ սնունդ ու այլ ապրանքներ տանելով։ Լուսաբացին նրանք վերցնում էին ուսափայտերն ու պարանները, վաղորդյան զեփյուռի և ցողի հետ իջնում լեռան ստորոտ, երեկոյան՝ մայրամուտի ու ամպերի ուղեկցությամբ, նրանք կրկին բեռներն ուսերին բարձրանում էին լեռը։ Երբ աստղերը փայլում էին երկնքում, ամեն տուն գիշերակացով ընդունում էր այն զբոսաշրջիկներին, որոնք ցանկանում էին գիշերել լեռան գագաթին և հաջորդ առավոտ շուտ արթնանալ՝ տեսնելու արևածագը։ Վարձը, սակայն, պետական հյուրանոցից էժան էր։ Նրանց տները պատրաստված էին քարից։ Լեռան գագաթին քամոտ էր, տները տեղակայված էին լեռան արահետի երկու կողմերում գտնվող խորշերում, որոնց տանիքները հավասար էին ճանապարհի մակերեսին։ Տների ներսն այնքան խղճուկ էր, որ գրեթե ոչինչ չկար։ Զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար միայն կեղտոտ ծածկոց ու տաք ջուր ունեին։ Որպեսզի գրավեին հաճախորդներին յուրաքանչյուր տան դռան առջև կախում էին փոքրիկ ցուցանակ, որի վրա գրված էր «հյուրանոցի» անվանումը։ Մեկը կոչվում էր «Պանչուեյ»․ փայտե ցուցանակի երկու կողմերում կախված էին երկու փոքրիկ փայտիկներ: Մյուսը կոչվում էր «Շաոար»․ ցուցանակից կախում էին սև երկաթե գդալների զույգ, որոնք քամու հետ շարժվելով՝ թեթև զնգում էին, ներքևում կապում էին կարմիր թելեր: Սակայն այս հյուրանոցներում լավ քնելն անհնարին բան էր: Ամբողջ օրը հոգնած բեռնակիրները և հյուրերը քնում էին նույն մահճակալի վրա: Նրանք ամբողջ գիշեր խռմփացնում էին սոճու անտառների սոսափի պես…
Այս փոքրիկ քարե տների մեջտեղում կանգնած էր մի շատ հազվագյուտ առարկա։ Հեռվից նայելիս մարդահասակից ավել էր, սևացած, կլոր և հաստ, այն գրկելու համար անհրաժեշտ էին երկու մարդ։ Ծածկված էր լույսի խիտ, մանր կետերով, որոնք պայծառ փայլում էին։ Այն նման էր ավենտուրինի հսկայական կտորի։ Ավելի մոտիկից նայելիս պարզ էր, որ այն հսկայական ջրաման էր՝ ճաքերով լի մարմնով։ Այդ լույսի կետերը իրականում բազմաթիվ գամեր էին, որոնք օգտագործվել էին ճաքերը կարկատելու համար, հավանաբար մեկ կամ երկու հազարն էին։ Զարմանալի բան է։ Ես հարցրի լեռան բնակիչներին, իմացա, որ գագաթին աղբյուրներ չլինելու և ջուր չունենալու պատճառով այդ ամաններն օգտագործում էին անձրևաջուրը պահելու համար։ Ինչո՞ւ էին այդքան շատ գամեր մեխված։ Ասում են, որ ավելի քան երեք հարյուր տարի առաջ լեռան վրա ապրում էր ավելի քան հարյուր ընտանիք։ Ամեն օր նրանք ստիպված էին լեռան մեջտեղ հասնել ջուր բերելու համար, ինչը դժվար էր։ Մի տարի այս ընտանիքներում մեծացած ութ լայնաթիկունք ու մկանուտ երիտասարդներ Թայանում՝ լեռան ստորոտում գտնվող քաղաքում, միասին որոշում են գնել այս մեծ ջրամանը։ Այս ութ երիտասարդներից 49 օր է պահանջվում տարան լեռան գագաթ բարձրացնելու համար։ Դրանից հետո լեռան վրա ապրող մարդկանց թիվը գնալով նվազում է, և նրանք այլևս չեն կարողանում հավաքել ութ ուժեղ տղամարդկանց՝ նոր ջրաման բերելու։ Երբ տարան ճաքում էր, նրանք լեռան ստորոտից կանչում էին վերանորոգողի։ Ժամանակի ընթացքում տարան այս տեսքն էր ընդունել։
Այս պատմությունը լսելուց հետո չպետք է բողոքես լեռան գագաթի սննդի բարձր գներից։ Լեռան վրա եփելու համար օգտագործվող ածուխը նույնպես մաս-մաս է տեղափոխվում վեր։
II
Թայ լեռան վրա ամենուր կարելի է տեսնել լեռ բարձրացող բեռնակիրներին։ Նրանք իրենց ուսերին կրում են հարթ փայտե ձող, որի երկու ծայրերից ծանր բեռներով պարաններ են կախված։ Լեռը բարձրանալիս նրանք մի ձեռքը դնում են փայտե ձողին, մյուսը՝ ազատ թողնում, և քայլերին համընթաց ետուառաջ շարժում՝ պահպանելով մարմնի հավասարակշռությունը։ Նրանց ճանապարհը զիգզագաձև է․ ճանապարհ են ընկնում՝ սկսելով աստիճանների ձախ կողմից, անկյունագծով շարժվում վերև, բարձրանում յոթ-ութ աստիճան և հասնում աջակողմյան հատվածին, շրջվում, հակառակ ուղղությամբ կրկին թեք բարձրանում` հասնելով ձախակողմյան հատվածին, կրկին շրջվում, յուրաքանչյուր շրջվելու պահին փայտե ձողը տեղափոխում են մյուս ուսին։ Այսպես զիգզագաձև բարձրանալով թույլ չեն տալիս, որ փայտե ձողի առջևում կախված իրերը բախվեն աստիճաններին, այսպես նաև կարողանում են քիչ թե շատ ուժ խնայել։ Ծանր բեռը, եթե տանեն լեռը բարձրացող-իջնող սովորական մարդկանց պես՝ ուղիղ վեր ու վար, նրանց ծնկները չեն դիմանա։ Բայց ճանապարհի զիգզագացումը երկարացնում է ճանապարհը։ Լեռ բարձրացող բեռնակիրների անցած ճանապարհը զբոսաշրջիկների անցածից մոտ երկու անգամ ավելի է։
Գալիս ես լեռները բարձրանալու, ճանապարհին հիանում լեռնային արահետների երկու կողմերի վսեմ գագաթներով ու զառիթափ ժայռերով, բարձր հին ծառերով, մառախուղի մեջ հոսող աղբյուրներով։ Ուրախ ես, և քայլերդ լի են հուզմունքով։ Բայց երբ անցնում ես ծանր բեռներ տեղափոխող բեռնակիրների կողքով, չես կարողանում նրանց կարեկցող հայացքով չնայել։ Թեթևություն ես զգում, քանի որ ազատ ես ծանրությունից, բայց, մյուս կողմից, ցավում ես նրանց քրտնաջան աշխատանքի և հոգնության համար, սրտումդ խղճի խայթի նման մի զգացում է ծնվում… Իսկ նրա՞նք։ Լուռ են, հանգիստ, երբեք զբոսաշրջիկների հետ զրույցի մեջ չեն մտնում, բացառությամբ ժամ հարցնելը։ Նրանք քայլում են իրենց ճանապարհով՝ քայլ առ քայլ, դանդաղ։ Անկախ նրանից, թե որքան բարձր ես բացականչում, նրանք չեն շրջվում դեպի քեզ։ Այնուամենայնիվ, միշտ բարձրանում են դանդաղ և հաստատուն արագությամբ՝ ոչ հաճախ կանգ առնելով։ Նրանց ոտքերի ներբանները քարե աստիճանների վրա արձակում են ազդու ձայն։ Նրանց անցած տեղերում հաճախ թափված քրտինքի հետքեր են…
Ուշագրավ է, որ բեռնակիրների արագությունն ընդհանրապես չի զիջում զբոսաշրջիկների արագությանը, սակայն, երբ հեշտությամբ անցնում ես նրանց կողքով, կարծում ես, թե նրանք մնացել են հեռվում։ Մինչ հիանում ես լեռնային հոյակապ տեսարաններով, կամ ճանապարհին բարձրաձայն կարդում ես ժայռին փորագրված հին գրությունները, կամ աղմկոտ գետակի մոտ լվանում ես դեմքդ ու ոտքերդ, նրանք լուռ ու աննկատ անցնում են քեզանից առաջ։ Նրանց նկատելիս ցնցվում ես՝ կարծելով, թե երկնային էակների պես ամպերով սավառնելով են քեզ հասել։
Մի անգամ, երբ նկարիչ ընկերներիս հետ գնացել էի Թայ լեռ բնապատկեր նկարելու, մի դեպք պատահեց։ Լեռան ստորոտում ճանապարհին օգտագործվող բամբուկե ձեռնափայտեր գնելիս հանդիպեցինք մի բեռնակրի․ ցածրահասակ էր, դեմքն արևից սևացած, հաստ հոնքերով, մոտ քառասուն տարեկան, հագել էր սպիտակ վերարկու, որի մեջտեղի բաց հատվածից երևում էր վառ կարմիր բաճկոնակը։ Նրա փայտե ձողի մի կողմում կապված էին մի քանի փայտե աթոռներ, մյուս կողմում՝ հինգ-վեց ձմերուկ։ Մենք շատ արագ նրանից առաջ անցանք։ Հասնելով Խուեյմալինի զառիթափ արահետին, հոգնեցինք, որպեսզի շունչ քաշենք, փռվեցինք մի քարի վրա, որտեղ քամին մաքուր օդ էր փչում։ Տեսանք, որ բեռնակիրը դիմացի խոտերին նստած ծխում էր։ Հետո համարյա միաժամանակ ընկանք ճանապարհ, շուտով նրան թողեցինք այնքան հեռվում, որ անհնար էր տեսնել։ Բարձրանալով լեռան մեջտեղի հատվածում գտնվող Հինգ սոճիների (Ուսոն) տաղավարը տեսանք մի մարդու, որը հին սոճու տակ տարօրինակ կեցվածքով դասավորում էր իր բեռը։ Նա էր․ հանել էր վերարկուն, հագին միայն կարմիր բաճկոնակն էր, երևում էին նրա ջլապինդ, թխացած մկանները։ Զարմացել էի, մոտեցա նրան, որ զրուցենք. այս լեռնցին ազատ ու անկաշկանդ էր, պարզվեց նաև՝ չափազանց շատախոս։ Պատմեց, որ իր տունը գտնվում է լեռան ստորոտում, ամեն օր բեռ է բարձրացնում լեռ, արդեն 20 տարի՝ տարվա չորս եղանակներին օրը մեկ անգամ վեր ու վար է անում։ Ասաց․
— Տեսնու՞մ ես՝ ինչ ցածրահասակ եմ։ Մենք՝ բեռնակիրներս, կարճահասակ ու ամրակազմ ենք մեր աշխատանքի պատճառով։ Քեզ պես բարձրահասակներն էս գործն անել չեն կարողանում, քայլելիս ճոճվում են։
Բարձրացրեց խիտ հոնքերը, լայն բացեց բերանը ու ծիծաղեց՝ ի ցույց դնելով սպիտակ ատամները։ Լեռնցիներն աղբյուրի ջուր են խմում, ատամները ճեփ-ճերմակ են։
Զրույցն ավելի անկաշկանդ դարձավ, վերջապես բարձրաձայնեցի ինձ համար հանելուկ մնացած հարցը․
— Տեսնում եմ, որ քայլում եք շատ դանդաղ, բայց ինչպե՞ս է, որ հաճախ մեզանից առաջ եք անցնում։ Ինչ-որ կարճ ճանապարհ ունե՞ք։
Սա լսելով՝ թուխ դեմքին գոհ ժպիտ հայտնվեց։ Մի պահ մտածեց ու ասաց․
— Մեզ որտեղի՞ց կարճ ճանապարհ, նույն ճանապարհով ենք գնում, ինչ դուք։ Դուք արագ եք քայլում, բայց ճանապարհին աջ ու ձախ եք նայում, զվարճանում եք, աղմկում, ցանկացած պահի կանգ առնում։ Մենք ձեզ պես ազատ չենք։ Չենք կարող անել այն, ինչ ուզենք։ Մեկ քայլ անգամ անհաստատ դնել չի կարելի, անընդհատ կանգ առնել՝ առավել ևս։ Այդպես գնալու դեպքում երկու օրում էլ չենք հասնի լեռան գագաթ։ Պետք է անդադար առաջ գնալ։ Մի՛ նայիր, որ դանդաղ ենք շարժվում, երկար ճանապարհ հետո ձեզանից առաջ ենք։ Ահա թե ինչպես է։
Գլխով արեցի, լիովին համաձայն էի նրա հետ։ Զգացի, որ այս լեռնաբնակ մարդու պարզ խոսքերի մեջ խոր փիլիսոփայություն կար։ Դեռ չէի հասցրել գիտակցել խոսքերի նշանակությունը, երբ նա արդեն ուսին դրեց բեռն ու շարունակեց ճանապարհը։ Լեռնային ճանապարհի հաջորդ հատվածներում մենք մի քանի անգամ նորից անցանք նրա կողքով, բայց ամեն անգամ, երբ մենք կանգ էինք առնում վայելելու լեռների տեսարանը, նա աննկատ մեզանից առաջ էր անցնում։ Գագաթի փոքր խանութի դռների առաջ կրկին հանդիպեցինք, նա արդեն իր բեռն առաքել էր այդտեղ։ Մեզ գլխով արեց ու ժպտաց, կարծես ասեր․ «Տեսեք, ես կրկին ձեզնից առաջ ընկա»։
Թայ լեռից հեռանալուց հետո մի նկար նկարեցի․ զառիթափ ու անվերջ թվացող լեռնային ճանապարհի վրա կարմիր բաճկոնակ հագած մի բեռնակիր՝ ուսին դրված բեռի ծանրությունից կորացած մեջքով, քայլ առ քայլ բարձրանում էր վեր։ Այս նկարը տարիներ շարունակ կախված է իմ գրասեղանի դիմաց, և ես երբեք այն չեմ փոխել, որովհետև այն ինձ անհրաժեշտ է։
Չինարենից թարգմանեց Քրիստինե Հովսեփյանը
[1] Գտնվում է Շանտոն նահանգի Թայան քաղաքում
[2] Դրանք են արևելքում՝ Թայ լեռը, արևմուտքում՝ Խուա լեռը (նահանգ Շանսի), հարավում՝ Խըն լեռը (նահանգ Հունան), հյուսիսում՝ Խըն լեռը (նահանգ Շանսի), կենտրոնում՝ Սոն լեռը (նահանգ Խընան)
[3] Վերջին դարպասը Թայ լեռան գագաթ տանող ճանապարհին
[4] Լեռան ամենադժվարանցանելի հատվածը
- Hits: 510